Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի համար հնարավոր զարգացումների, աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական շահերի շուրջ վերջին մի քանի ամիսներին միայն ծույլը, թերևս, չէր խոսում։ Տարբեր քննարկումներ են ընթանում, տարբեր կանխատեսումներ արվում՝ սկսած ծայրահեղ լավատեսականից մինչև նույնչափ հոռետեսական։
Սակայն ակնկալվող լավատեսությունը վերջին 1-2 ամիսներին կարծես թե զիջեց դիրքերը՝ պայմանավորված տարածաշրջանային բուռն զարգացումներով, որոնցում ներգրավված էր նաև Իրանը։ Մասնավորապես, Իրանի և Սաուդյան Արաբիայի հակամարտության հետ կապված՝ կանխատեսվում են հերթական պատերազմական գործողությունները։
Սա է պատճառը, որ որոշակիորեն ստվերվեց դեկտեմբերի վերջին Երևանում կայացած բավականին հետաքրքիր մի իրադարձություն. տեղի ունեցավ Հայաստանի, Վրաստանի, Իրանի էներգետիկայի նախարարների և Ռուսաստանի «Ռուսաստանյան ցանցեր» ընկերության ղեկավարի մասնակցությամբ համատեղ նիստը` նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին, որի շրջանակում չորս երկրների միջև ստորագրվեց էներգետիկ համակարգերում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու համակարգող խումբ՝ չորս երկրները կապող էներգետիկ միջանցք ստեղծելու համար։
Այս իրադարձությունը եթե մեկ այլ աշխարհաքաղաքական իրավիճակում լիներ, բավականին լուրջ ուշադրության կարժանանար, եթե չասենք՝ սենսացիոն բնույթ կկրեր, քանի որ այս ծրագրում ընդգրկված են և համատեղ պայմանավորվածություն են ձեռք բերում աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններ ներկայացնող երկրներ։ Այս խմբի հիմնական նպատակը (համենայն դեպս, հայկական կողմի հաղորդմամբ) էլեկտրաէներգիայի մեծածավալ փոխանակումն ապահովելն է։
ՈՒ թեպետ պայմանավորվածության բուն նպատակների շուրջ հարցականները ավելի շատ են, քան որոշակիությունները, այնուհանդերձ, հասկանալի է, որ այս նախագիծը տարածաշրջանային մեծ ու բեկումնային գործընթացի ընդամենը սկիզբն է։ Դրա ապացույցն է այն փաստը, որ ըստ վրացական աղբյուրների, Վրաստանի իշխանությունը զուգահեռաբար ոչ հրապարակային բանակցություններ է վարել ռուսական «Գազպրոմի» հետ։ Ավելին, այդ նույն Վրաստանը գազի մատակարարման վերաբերյալ Իրանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Եվ որպես տարանցիկ գոտի ընտրվել են Հայաստանը և Իրանից Հայաստան ձգվող գազամուղը։ Բոլորովին վերջերս Իրանի նավթի նախարարության ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարեց, որ Իրանը և Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում։ Ըստ իրանական նախարարության կայքի՝ նշված պաշտոնյան ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խմ գազ։ Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է։ Բայց մինչ օրս էլ հայտնի չէ, թե ինչ սակագնով է Վրաստանը ձեռք բերելու այդ գազը։
Այս լուրը շատ իրարամերժ և սուր քննարկումներ առաջացրեց Վրաստանում, քանի որ Վրաստանը, ունենալով գազ ստանալու երեք ուղի՝ Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, մինչ օրս ներմուծվող գազի շուրջ 80 տոկոսը ստանում է Ադրբեջանից՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով, որի տարեկան թողունակության հզորությունը 3 միլիարդ խմ է։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ավելացնել Վրաստան գազի մատակարարման ծավալները։ Ընդ որում, համարվում է, որ ադրբեջանական գազի սակագինը բավականին մատչելի է, մրցունակ, առավել ևս որ այդ սակագինը դիվերսիֆիկացված էր՝ սոցիալապես անապահով խավերի համար առանձին սակագին էր նախատեսված և այլն։ Եվ մինչ այժմ որևէ հարց չէր ծագում, թե ինչու պետք է Վրաստանը որոշի դիվերսիֆիկացնել նաև գազի ներմուծումը։ Իսկ նկատի ունենալով այն փաստը, որ վրացական կողմը միաժամանակ փորձում է գազի ներմուծում ապահովել թե Իրանից, թե Ռուսաստանից, դժվար չէ արձանագրել, որ այսպիսով Վրաստանը կտրուկ փոխում է իր գազային քաղաքականությունը՝ ազատականացնելով այն։ Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կբացահայտվի նաև, թե կողմերն ինչ են պայմանավորվել ռուսական գազի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ ադրբեջանական գազի սակագինը բավականին մատչելի էր, կարելի է ենթադրել, որ Վրաստանի որոշման մեջ կա ոչ այնքան կամ ոչ միայն սոցիալ-տնտեսական, որքան աշխարհաքաղաքական և քաղաքական բաղադրիչ։ Փաստորեն, Վրաստանը, օգտվելով Իրանի պատժամիջոցների վերացումից և չունենալով աշխարհաքաղաքական զսպող գործոններ, դրսևորում է պրագմատիկ քաղաքականություն և փոխում է տարածաշրջանային վեկտորները՝ առայժմ բավականին կտրուկ դիվերսիֆիկացնելով կարևորագույն էներգետիկ ոլորտը։ ՈՒշադրություն չդարձնելով ընդդիմության սուր քննադատություններին՝ Վրաստանի կառավարությունը համարում է, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններում իր համար տարածաշրջանում լուրջ խաղացող դառնալու լավ հնարավորություններ են բացվում։
Ի սկզբանե երբ պարզ դարձավ, որ Իրանն ազատվելու է պատժամիջոցներից, ինչից կարող է օգտվել նաև Հայաստանը, թիվ մեկ հարցն այն էր, թե արդյոք Հայաստանով իրանական էներգակիրների տարանցման դեպքում Ռուսաստանը խոչընդոտ չի՞ հանդիսանա։ Հայաստանում արմատավորված է այն կարծիքը, թե Ռուսաստանը՝ որպես գազի մատակարարման մոնոպոլիստ, վերջին փոխհարաբերությունների ընթացքում փորձելու է ամեն ինչ անել՝ մենաշնորհը չկորցնելու համար։ Դրանով են շատերը պայմանավորում նաև այն, որ ժամանակին Իրանից դեպի Հայաստան կառուցվեց ոչ թե մեծ թողունակությամբ՝ 1200 մմ տրամաչափի գազամուղ, այլ ընդամենը 700 մմ՝ ապահովելով տարեկան միայն 2 միլիարդ խմ գազի թողունակություն՝ ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ է Հայաստանին։
Պատահական չէ, որ գրեթե բոլոր փորձագետներն այն կարծիքին են, որ այս թեմայի շուրջ պետք է նաև ռուսների հետ պայմանավորվածություն ձեռք բերել։ Պարզ է, որ երբ նույն Վրաստանը բանակցություններ էր վարում «Գազպրոմի» հետ, ՌԴ-ի հետ համաձայնեցրել է նաև իրանական գազը ՀՀ տարածքով ստանալու հարցը։ Ռուսաստանը, հասկանալով, որ պատժամիջոցների վերացումից հետո Իրանն այսպես թե այնպես իր գազն արտահանելու է արտաքին շուկաներ, մասնավորապես՝ դեպի Եվրոպա, որտեղ դրան այդքան սպասում են, որոշում է կայացրել չխոչընդոտել իրանական գազի արտահանմանը՝ անկախ նրանից, որ այս նախագիծը մրցակցելու է ռուսական գազի հետ։ Ըստ էության, Իրանն ունի վառելիքի արտահանման մի քանի ճանապարհ, և ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն ընդունել է պրագմատիկ որոշում. ավելի լավ է ունենալ վերահսկելի ճանապարհով, տվյալ դեպքում՝ Հայաստանով անցնող գազամուղ, առավել ևս, որ 2015 թ. շատերի համար բավականին անսպասելի պարզվեց, որ Իրանից Հայաստան եկող գազատարը նույնպես վաճառվել է «Գազպրոմին»՝ դառնալով ռուսական սեփականություն։
Ակնհայտ է, որ այս ծրագիրն Իրանի տնտեսական ամբիցիաների ընդամենը սկիզբն է։ Վրաստանն էլ իր հերթին ապագայում կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ ինչպես Հայաստանը։ Առայժմ խոսքն ընդամենը 500 միլիոն խմ գազի մասին է, սակայն ցանկության դեպքում Իրանը կարող է մեծացնել ծավալները մինչև 2 միլիարդ խմ-ի։ Փաստորեն, այս նախագծի կյանքի կոչվելու դեպքում Հայաստանի տնտեսական շրջափակումը կարող է որոշ չափով ճեղքվել։
Այս նախագիծը, ըստ էության, բավականին իրատեսական է։ Հաշվի առնելով Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ կարելի է ենթադրել, որ այս երկրի իշխանությունները, էներգետիկ ոլորտում Ռուսաստանի և Իրանի հետ լայնածավալ դիվերսիֆիկացիոն քաղաքականություն սկսելով, համաձայնեցրել են իրենց քայլերն աշխարհաքաղաքական հիմնական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ։ Այսինքն՝ Իրանի և Վրաստանի միջև այս նախագիծը պետք է դիտարկել ոչ թե երկու երկրների միջև, այլև քառակողմ պայմանավորվածություն՝ ի դեմս Վրաստանի, որի թիկունքում կանգնած է Միացյալ Նահանգները, և Հայաստանի, որի թիկունքում Ռուսաստանն է։ Կարելի է ասել, որ սա պատժամիջոցները հանելուց հետո էներգակիրներն արտահանելու շուրջ Իրանին տրված երաշխիքների փաթեթի բաղկացուցիչ մասն է։
Պետք է նկատի ունենալ նաև, որ Իրանն էլ առանձնապես մեծ ընտրություն չունի։ Հաշվի առնելով ռուս-թուրքական բավականին բարդ հարաբերությունները, Թուրքիայում տիրող անկայունությունը, տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի ավանդական մրցակցությունը՝ Իրանի համար ամենից նախապատվելի ուղղությունը թերևս մնում է Հայաստանը։
Տարածաշրջանում էներգետիկ ցանկացած նախագծի համար միշտ կենաց-մահու պայքար է մղում Ադրբեջանը։ Վերջինս, սակայն, դիտարկվելով որպես Թուրքիայի ռազմավարական դաշնակից և տարածաշրջանում էներգետիկական լուրջ գործոն և իրանական էներգակիրների մրցակից, առայժմ դուրս է մղվել այս գործընթացից։ Բացի այդ, Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին տասնամյակներում միշտ էլ բավականին սառն են եղել, և Իրանն այս առումով առանձնապես շահագրգիռ չէ տարածաշրջանում Ադրբեջանի դերի էլ ավելի բարձրացմամբ։
Հայաստանն այս նախագծի կյանքի կոչվելու դեպքում, բնականաբար, ստանալու է որոշակի դիվիդենդներ։ Որպես տարանցիկ երկիր՝ այն ունենալու է տնտեսական օգուտներ։ Սակայն ամենակարևորն այս դեպքում երևի թե աշխարհաքաղաքական գործոնն է. Հայաստանը ներգրավվում է տարածաշրջանային նախագծերում։ Այս առումով պատահական չէ, որ միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ շտապեցին հայտարարել, որ Հայաստանը փաստացի ճեղքում է շրջափակումը:
Այս համատեքստում ուշագրավ է Ռուսաստանի վերջին հայտարարությունն այն մասին, թե շահագրգռված է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմամբ։ Չմոռանանք, որ ընդամենը կես տարի առաջ ռուսական կողմը պնդում էր, թե այն տնտեսական տեսակետից անիմաստ նախագիծ է։ Իհարկե, շատ դժվար է այսօր ասել, թե երկաթգծի նախագիծը որքանով տեղից կշարժվի՝ հաշվի առնելով Ռուսաստանի ֆինանսական ծանր վիճակը, բավականին արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը և մանավանդ ՀՀ իշխանությունների արդյունավետությունը, սակայն սա աշխարհաքաղաքական ուղղություն է, որն արձանագրվել է և կարող է զարգանալ։ Կարելի է ասել՝ սկսվում են աշխարհաքաղաքական նոր դասավորումներ, որտեղ կարող է իր մասնակցությունն ունենալ նաև Հայաստանը՝ դառնալով տարածաշրջանային որոշակի գործոն։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ