Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Ռուսաստանը Էրդողանին հիշեցրեց Թուրքիայում առկա Քրդական հարցի մասին

Ռուսաստանը Էրդողանին հիշեցրեց Թուրքիայում  առկա Քրդական հարցի մասին
15.01.2016 | 01:50

Թեև 2016 թ. հունվարի առաջին օրերին իմաստավորման ու վերլուծության ենթակա քիչ իրադարձություններ տեղի չունեցան, սակայն մենք կցանկանայինք, որ Հայաստանի հանրությունը, այնուամենայնիվ, այս անգամ վերադառնար նախընթաց տարի։ Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում սկիզբ առավ գերաշխարհաքաղաքական մի նոր գործընթաց, և դա տեղի ունեցավ թուրք ընդդիմադիր գործիչ, քրդամետ Թուրքիայի ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության (ծDՀ) առաջնորդ Սելահետտին Դեմիրթաշի հետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների ժամանակ։ Մի շարք քրդական աղբյուրներ պնդում են, թե Դեմիրթաշը պատրաստվում էր Մոսկվա մեկնելու դեռ հոկտեմբերին, սակայն այցը հետաձգեց, որովհետև այն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարը չէր կարող նրան անձամբ ընդունել։ Մոսկվայում, անշուշտ, իրազեկ են, թե Անկարան ինչ կոշտ է արձագանքում Թուրքիայի նախագահ Էրդողանի ընդդիմախոսների հետ ռուսական իշխանությունների շփումներին, առավել ևս, եթե խոսքը քրդերի մասին է։ Բացի այդ, հիշարժան է նաև այն «մութ» հանգամանքը, որ երկար տասնամյակներ Քրդական աշխատավորական կուսակցությունը (RKK), որը Թուրքիայում արգելված է իբրև ահաբեկչական ուժ, օգտվում էր նախկին ԽՍՀՄ-ի օգնությունից։ Բացի այդ, RKK-ի առաջնորդ Աբդուլա Օջալանի կալանավորումը ժամանակին հնարավոր էր դարձել այն բանի հետևանքով, որ Ռուսաստանի ղեկավարությունը երկրից արտաքսել էր այդ քուրդ գործչին։
Նոյեմբերին, ինչպես հայտնի է, Դեմիրթաշի վրա Թուրքիայում մահափորձ կատարվեց։ Ավելին, Սիրիայի հետ սահմանամերձ Սուրուչ քաղաքավանում և Անկարայում կատարված երկու ահաբեկչական ակտերը (հուլիսի 20-ին և հոկտեմբերի 10-ին) բացահայտորեն հակաքրդական էին. երկու դեպքում էլ հարյուրավոր զոհերը հիմնականում քրդեր էին։ Ասենք, ընդհանուր առմամբ, այդ ահաբեկչական ակտերը լիովին կարելի է գնահատել իբրև Դեմիրթաշի նկատմամբ մահափորձեր. Սուրուչում պետք է կայանար ծDՀ-ի հանրահավաքը՝ սիրիական սահմանամերձ Այն-էլ-Արաբ (կամ Քոբանի) քաղաք մարդասիրական օգնության առաքումից առաջ, իսկ Անկարայում այդ քրդամետ կուսակցության նախընտրական հանրահավաքն էր, և երկու դեպքում էլ հավաքվածներն սպասում էին հենց Դեմիրթաշին ու նրա զինակիցներին։ Սուրուչում ծDՀ-ի ղեկավարությունն ուղղակի փոքր-ինչ ուշացել էր, իսկ Անկարայում միայն հրաշքով փրկվեց հաշվեհարդարից, հետևեց նաև երկրորդ պայթյունը, և Դեմիրթաշը ստիպված էր հայտարարել, թե կուսակցությունն այլևս հանրահավաքներ չի անցկացնի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այնպես որ, հոկտեմբերին ծDՀ-ի ղեկավարի Մոսկվա չգնալու իրական պատճառն ամենևին էլ այն չէր, որ Լավրովը չէր կարող նրան ընդունել անձամբ, այլ կյանքի համար երկյուղը։ Եվ նոյեմբերին Դեմիրթաշի դեմ կատարված ահաբեկչությունը, ըստ էության, հաստատում է այդ վարկածը. քաղաքական այդ գործչին բացահայտորեն հետապնդում են։
Այդուամենայնիվ, եթե ճիշտ է, որ ծDՀ-ի առաջնորդը դեռ աշնանն էր մտադիր գալ Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման, ապա հարց է ծագում. ինչո՞ւ... Կարծում ենք՝ հաստատ ոչ արտահերթ խորհրդարանական ընտրություններում աջակցություն գտնելու։ Չենք հիշում որևէ դեպք, որ առհասարակ Ռուսաստանի կառավարության որևէ նախարար, էլ չենք խոսում Լավրովի մասին, հանդիպում ունեցած լինի, և այն էլ Մոսկվայում, այս կամ այն երկրի որևէ ընդդիմադիր քաղգործչի հետ։ Էլ չենք խոսում Թուրքիայի և քրդամետ ծDՀ կուսակցության մասին։ Կան առայժմ չհաստատված տեղեկություններ այն մասին, որ Դեմիրթաշը Մոսկվայում եղել է 2014-ին, բայց այն ժամանակ նա չէր տարփողել իր այցը. նախապատրաստությունը կատարվել էր թուրքական իշխանություններից գաղտնի, ինչը հետագայում առաջ էր բերել Էրդողանի զինակիցների բուռն արձագանքը։ Այն ժամանակ քաղգործիչը հայտնի էր իբրև 2014 թ. նախագահական ընտրություններում Էրդողանի մրցակից (հավաքել էր քվեների 10 %-ը) և իբրև Թուրքիայի քրդերի ու ազգային մյուս փոքրամասնությունների շահերը պաշտպանող ծDՀ-ի երիտասարդ առաջնորդ, ով հանդես էր գալիս նաև երկրում ժողովրդավարական բարեփոխումների օգտին։ Բայց եթե նույնիսկ Դեմիրթաշը 2014-ին հաստատ եղել է Մոսկվայում, ապա հայտնի չէ, որևէ մեկի հետ արդյո՞ք հանդիպել է, և եթե հանդիպել է, ինչի՞ շուրջ է բանակցություններ վարել։ Ի դեպ, ռուսական որոշ լրատվամիջոցներ գրել են, թե «ՌԴ արտգործնախարարությունը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է տեղեկությունը» 2014-ին Դեմիրթաշի այցի, ո՛չ էլ այն մասին, որ նա պատրաստվում էր Մոսկվա այցելել անցած տարվա հոկտեմբերին։ Իսկ Ռուսաստանում Թուրքիայի դեսպանությունը հրաժարվել է մեկնաբանել ընդդիմության ներկայացուցչի այցը։
Եթե դատելու լինենք պաշտոնական տեղեկատվությամբ, ապա Դեմիրթաշը, իբր, միայն դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողությունները՝ կապված Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծչի խոցման հետ, ինչպես նաև Մոսկվային կոչ է արել գտնել ճգնաժամի հաղթահարման դիվանագիտական ուղիներ՝ «որպեսզի վնաս չպատճառվի ժողովուրդներին, որոնք կարող են ամենից շատ տուժել»։ ծDՀ-ի առաջնորդը հայտարարել է. «Մենք, որպես գործող ընդդիմադիր կուսակցություն, առաջին իսկ օրերից հայտարարել ենք, որ ճիշտ չէ փչացնել հարաբերությունները հարևանների հետ։ Մենք բացահայտորեն քննադատել ենք թուրքական կառավարության գործողությունները, երբ նրանք խփեցին ռուսական ռազմական ինքնաթիռը։ Պետությունների միջև միշտ էլ խնդիրներ կարող են առաջանալ, բայց հարկավոր է միշտ դուռը բաց թողնել և փորձել դիվանագիտական եղանակներով հարթել այդ խնդիրները»։ Ի պատասխան, նախարար Լավրովը, ըստ էության, խոսակցությունը տեղափոխել է Սիրիայում տիրող իրավիճակի քննարկման հարթություն. «Սկզբունքորեն կարևոր է ի մի բերել բոլոր նրանց հնարավորությունները, ովքեր վճռականորեն պայքարում են ահաբեկչության դեմ։ Մենք գիտենք, որ նրանց շարքերում, ովքեր զենքը ձեռքներին ցամաքում պայքարում են «Իսլամական պետության» դեմ, կան Իրաքի և Սիրիայի քրդեր։ Նրանք Իրաքի բանակի, Սիրիայի բանակի հետ պաշտպանում են իրենց տները, պայքարում են իրենց հողում ապրելու իրավունքի համար։ Դա նրանց անկապտելի իրավունքն է, ինչպես քրիստոնյաների, եզդիների և մյուս ազգային փոքրամասնությունների իրավունքը՝ մնալու իրենց նախնիների հողում և չենթարկվելու ահաբեկիչների մահացու սպառնալիքներին»։ Բայց Դեմիրթաշը շարունակել է թեման. «Հիմա մենք ականատեսն ենք ռուս-թուրքական հարաբերությունների սրման, զուգահեռաբար սա մի ժամանակաշրջան է, երբ հարկ է Մերձավոր Արևելքում շատ կարևոր լուծումներ որոնել։ Մենք մի քաղաքական կուսակցություն ենք, որն իր երկրում պայքարում է բազմակարծության համար։ Ռուս-թուրքական հարաբերություններին մենք կարևոր նշանակություն ենք տալիս, և մեզ տխրեցնում է, որ տեղի է ունեցել մի միջադեպ, որի պատճառով երկրների հարաբերությունները փչացել են»։
Այսպիսով, աշխարհը վկա է դառնում ոչ միայն այն բանին, որ Ռուսաստանը պարզապես «վերադառնում» է Քրդական հարցին։ Ի վերջո, այդ քայլը ձեռնարկվել էր դեռ այն ժամանակ, երբ Մոսկվան առաջիններից մեկն աշխարհում Էրբիլի իր առևտրական ներկայացուցչությունը վերափոխեց Իրաքի Քրդստանի տարածաշրջանային ինքնավարությունում ՌԴ հյուպատոսության։ Եվ հետո գործը դանդաղ, բայց համառորեն առաջ էր ընթանում. 2013-ի փետրվարին Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին շատ ներկայացուցչական պատվիրակությամբ այցելեց ՌԴ և մնաց գրեթե մեկ շաբաթ, հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի իշխանության ճյուղերի տարբեր ներկայացուցիչների հետ։ Այնուհետև արդեն 2015 թ. Մոսկվան ուղղակի կապեր հաստատեց սիրիացի քրդերի ղեկավարների հետ, ինչպես նաև, առաջին անգամ, հոկտեմբերին նույն Լավրովը Ֆինլանդիայում այդ երկրի իր պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հաստատեց, որ Մոսկվան արդեն օգնություն է ցուցաբերում ոչ միայն Սիրիայի ու Իրաքի կառավարություններին, այլև, «Բաղդադի հետ համաձայնեցված կարգով՝ Իրաքի քրդերին»։ Եվ, հիշում եմ, հենց հոկտեմբերին Անկարան առանձին-առանձին հրավիրեց Թուրքիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպաններ Անդրեյ Կառլովին ու Ջոն Բասսին և հայտարարեց սիրիացի քրդերին ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության մասին։ Տեսնելով ու գնահատելով ՌԴ-ի թվարկված բոլոր քայլերը, կարելի է հասկանալ, որ Մոսկվայի համար Քրդական հարցը վաղուց արդեն վերադարձել է արտքաղաքական առաջնայնությունների ցանկ։ Սակայն, պաշտոնապես ընդունելով Դեմիրթաշին, Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը «վերադառնում է» հենց Թուրքիայի շրջանակներում առկա Քրդական հարցին և ոչ թե ինչ-որ տեղ Իրաքում կամ Սիրիայում։ Թեև իր դեմ կատարված մահափորձերից հետո Դեմիրթաշն այլ ելք չունի, բացի «Կրեմլին մոտենալուց»։ Որոշ աղբյուրներ հաղորդել են, որ Դեմիրթաշը մտադիր է Մոսկվայում բարձրացնելու իր կուսակցության ներկայացուցչության բացման հարցը։
Ասում են, որ Դեմիրթաշի հարազատ եղբայրը նույնիսկ կռվել է քրդերի օգտին Այն-էլ-Արաբում, և դա հայտնի է Թուրքիայում։ Լավրովը դեկտեմբերի 23-ին հավաստիացրեց իր հյուրին, թե Մոսկվան շահագրգռված է, որ «հաշվի առնվի ծDՀ-ի կարծիքը Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ»։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցելու նրանց հետ, ովքեր «ցամաքում զենքը ձեռքներին» դիմակայում են «Իսլամական պետության» զինյալներին։ Իսկ Դեմիրթաշը պայքարում էր հանուն այն բանի, որ սիրիացի քրդերի առաջատար կուսակցությունները ներառվեին ընդդիմության ցուցակի մեջ, որը ապագայում կմասնակցեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցություններին։ Այդուհանդերձ, թուրքական իշխանություններն արդեն դեկտեմբերի 24-ին Դեմիրթաշին մեղադրեցին «ամոթալի դավաճանության» մեջ։ Սակայն ծDՀ-ի առաջնորդն ինքն է արդեն քանիցս մեղադրել Անկարային, որ սա ռազմական ջանքերը կենտրոնացրել է Իրաքի ու Սիրիայի քրդական ռազմականացված կազմավորումների վրա և ընդունակ չէ իր վրա վերցնելու պայքարն ընդդեմ «Իսլամական պետության»։ Բայց Հաքյարիի վիլայեթից Դեմիրթաշի կուսակից Լոքման Օզդեմիրը դեռ 2014-ին Թուրքիային ու Ադրբեջանին մեղադրում էր տարածաշրջանում քրդերի ցեղասպանություն կատարելու գործում ջիհադականներին աջակցելու մեջ։ Օգոստոս-սեպտեմբերին Դեմիրթաշը փորձեց Թուրքիայի իշխանությունների և համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել քրդաբնակ Ջիզրե, Յուքսեկովա և այլ քաղաքներում ցեղասպանության ակտերի վրա։ Այնպես որ, իշխանությունների ու Դեմիրթաշի անհաշտությունը նոր չի ծնունդ առել և ոչ էլ Մոսկվա կատարած նրա այցից ու Լավրովի հետ բանակցելուց հետո։
Իսկ ծDՀ-ի առաջնորդն ասում է, որ ինքն ազգությամբ զազա է՝ նույնիսկ քուրդ էլ չէ որպես այդպիսին։ Դեմիրթաշի ծննդավայրը Դերսիմի մարզն է, որտեղ, չհաստատված տեղեկություններով, նոյեմբերին փորձեց «Դերսիմի ինքնավարություն» հռչակել։ Դեմիրթաշի հիմնական քաղաքական գիծը «Անատոլիայի համադաշնային հանրապետության» գաղափարի առաջադրումն է, որը բաժանված կլինի չորս հիմնական ինքնավարության՝ քրդական, հայկական, հունական և թուրքական։ Ընդ որում, իբր, «Համադաշնային Անատոլիայում» լինելու է երկու պետական կրոն՝ քրիստոնեություն և իսլամ, չորս պետական լեզու՝ հայերեն, հունարեն, քրդերեն և թուրքերեն։ Այդպես է, թե ոչ, ցույց կտա ժամանակը, սակայն հայտնի է, որ Դեմիրթաշը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հայերին իրենց ամբողջ ունեցվածքի ու հողերի վերադարձմանը, ինչպես նաև հայերի պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը, առնվազն՝ Դիարբեքիրում, որտեղ ինքը քաղաքապետ է եղել։ Ի միջի այլոց, հիմա հենց Դիարբեքիրն է աստիճանաբար դառնում քրդերի հետ թուրքական ուժայինների բախումների կենտրոն, ինչպես նաև մերձակա քաղաքավանները։ Բացի այդ քաղաքից, թուրքերը պաշարման մեջ են պահում նաև Ջիզրեն, Սիլոպին, Շիրնակը և Նուցայբինը։ 2010-ի սեպտեմբերին Դեմիրթաշը դատապարտվեց 10 ամսվա բանտարկության՝ RKK-ի հետ ենթադրյալ կապի համար, սակայն ժամկետի կարճմամբ ազատ արձակվեց։ Նա Էրդողանի կողմից Օջալանի մոտ՝ Իմրալի կղզի ուղարկվող «բանակցային պատվիրակության» ակտիվ անդամներից էր։ ՈՒ թեև Անկարայի իշխանություններն այդպես էլ չկարողացան ապացուցել, թե նա և նրա կուսակցությունը սերտ կապեր են ունեցել RKK-ի հետ, արդեն չի կարելի բացառել, որ կուսակիցներին Օջալանի ուղերձն այն մասին, որ «մոռանան իրեն» ու այլևս «չգան բանակցությունների», Դեմիրթաշն ու ծDՀ-ի նրա զինակիցներն ընդունել են որպես նաև իրենց ուղղված հրաման։
Հարավարևելյան Անատոլիայում, որն առնվազն մինչև Թուրքիայի քեմալականացումն աշխարհն ընկալում էր իբրև Արևմտյան Հայաստան, հիմա, բազմաթիվ գնահատականների համաձայն, ամենաիսկական «քրդական խռովություն» է։ Այդ շրջաններում թուրքական բանակը գործի է դրել 10-հազարանոց զորախումբ, բնականաբար, արդարանալով, թե իբր ճնշում է RKK-ի ահաբեկիչներին։ Իսկ «Ekurd Deili» կայքը, վկայակոչելով «Human Rights Watch» իրավապահ կազմակերպության տվյալները, հայտարարել է, թե վերջին վեց ամսում Թուրքիայի հարավ-արևելքում բանակի ու ոստիկանության գործողությունների պատճառով զոհվել է հարյուրից ավելի քուրդ կին ու երեխա։ Ընդ որում՝ իրավապահներն ընդգծում են, որ դա քաղաքացիական բնակչության առավել անպաշտպան մասի շրջանում եղած զոհերի մոտավոր թիվն է, որն արտացոլում է իրական կորուստների նվազագույն սահմանը։ Անգամ Թուրքիայի համար «սիրիական սցենարի» կանխատեսումներ են արվում, թեև, ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի «սցենարով» է զարգանում ներպետական հակամարտությունը, այսինքն՝ քաղաքացիական պատերազմը։ Հնարավոր է, որ Թուրքիայի զազերն ու քրդերն այլ ելք չունենան և օգնություն խնդրեն Ռուսաստանից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ