Գերմանական լրատվամիջոցները մեկնաբանել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը Bild-ին: Der Spiegel-ը գրել է, որ Պուտինը կրկնել է 2007-ին Մյունխենում ելույթի ժամանակ առաջադրած մեղադրանքները. ՆԱՏՕ-ն, նրա կարծիքով, խախտել է դեպի արևելք չընդլայնվելու խոստումը: Պուտինը չի ընդունել փաստարկը, որ Լեհաստանը և մյուս երկրները ցանկացան ՆԱՏՕ-ին անդամակցել՝ ալյանսը նրանց չպիտի ընդուներ՝ Պուտինի կարծիքով: ՈՒկրաինայի կոնֆլիկտին անդրադառնալով՝ նա ասել է. «Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ արդար որոշում էր»՝ մեջբերում է Der Spiegel-ը: Ամսագիրն առանձնացրել է արևմտյան պատժամիջոցներին և նավթի գնանկմանը վերաբերող հատվածները: Նավթի էժանացումը, Պուտինի կարծիքով, ավելի մեծ ներգործություն ունի Ռուսաստանի տնտեսության վրա, քան արևմտյան պատժամիջոցները:
Bild-ը առանձին հրապարակումով պատմել է և հարցազրույցի կայացման մասին. «Երկար ժամանակ պարզ չէր՝ որտեղ և ժամը քանիսին է հարցազրույցը լինելու»՝ գրել են հեղինակները: Հունվարի 4-ին նրանք մեկնել են Կրասնայա Պոլյանա, հաջորդ օրը Պուտինը հրավիրել է Գազպրոմի հանգստյան տանը կից ռեստորան: Լրագրողները երկու ժամ սպասել են Պուտինին, որ «սովորական է նրա դեպքում», առաջին թեյը վաղուց սառել է, ինչ-որ պահի նրանք նկատել են, որ նախագահի արարողակարգի աշխատակիցները անհանգիստ ներսուդուրս են անում, վերջապես ասել են՝ «Նախագահը գալիս է»: Մի քանի րոպեից ներս է մտել սիրալիր ժպտացող, ազատ հագուկապով Վլադիմիր Պուտինը և Bild-ի խմբագիրների հետ ձեռքսեղմումից հետո գերմաներեն հարցրել է «Wie geht's? («Գործերը ո՞նց են»): Հարցազրույցի ժամանակ Պուտինը խոսել է ցածրաձայն, բայց շեշտված ու շատ կենտրոնացած, իսկ հետո գնացել է ընկերների հետ հոկեյ խաղալու՝ զարմացած արձանագրել են Bild-ի խմբագիրները:
Հ.Գ. Bild-ին տված հունվարի 5-ի հարցազրույցում ՌԴ նախագահը նաև ասել է, որ ցանկացած ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի: Բնականաբար՝ «ժողովուրդ» ասելիս նա նկատի է ունեցել միայն Ղրիմի բնակիչներին և կարևորել է նրանց ինքնորոշման իրավունքը: Թեպետ հիշեցրել է մեկ այլ օրինակ՝ «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի»,- ասել է նա և համեմատել Կոսովոյի հետ՝ «Եթե Կոսովոյի բնակչությունը ինքնորոշման իրավունք ուներ, որ ժամանակին բարձրաձայնում էին արևմտյան լիդերները, ինչո՞ւ նման իրավունք չունի Ղրիմի բնակչությունը»: Իսկ հետո ՌԴ նախագահը ավելի ցնցող հայտարարություն է արել՝ «Ինձ համար Ղրիմը տարածք չէ, այլ՝ երկուսուկես միլիոն մարդկանց ճակատագիր, որ վախեցած էին ՈՒկրաինայում պետական հեղաշրջումից»: «Ի՞նչ ենք մենք արել, չենք պատերազմել Ղրիմում, կրակոցներ չեն եղել, ոչ մի մարդ չի զոհվել՝ ոչ մի զոհ: Մենք օգտագործել ենք մեր ռազմական ուժերը, որ զսպենք Ղրիմում գտնվող ՈՒկրաինայի շուրջ 20 հազար զինվորներին, որպեսզի նրանք չմիջամտեին, և բնակչությունը հանրաքվեին ազատ մասնակցելու իրավունք ունենար: Ղրիմի բնակչությունը որոշել էր միանալ Ռուսաստանին»: Ինչո՞ւ Զորի Բալայանը նամակ չի գրում ՌԴ նախագահին, որ ասի՝ մեզ համար Ղարաբաղը տարածք չէ, այլ երկուսուկես միլիոն չէ, շատ ավելի քիչ, բայց՝ մարդկանց ճակատագիր, որ վախեցած չեն, բայց Սումգայիթ են տեսել, պատերազմ են անցել, հաղթել են ու ուզում են անկախ լինել: Ինչո՞ւ ՌԴ նախագահը ազգերի ինքնորոշման իրավունք վերապահում է միայն Ղրիմին, բայց ոչ Ղարաբաղին: Որովհետև կոնֆլիկտի մյուս կողմում Ադրբեջա՞նն է, որի տարածքային ամբողջականությունը ոչ մի համեմատություն չի կարող ունենալ ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության հետ: Թեպետ բոլորն էլ գիտեն՝ ինչպես ու երբ Ղրիմը հայտնվեց ՈՒկրաինայի կազմում, իսկ ավելի շուտ՝ Ղարաբաղը՝ Ադրբեջանի:
Բայց դա կարևոր չէ, կարևորը միշտ և ամենուր Կրեմլի համար իր շահերն են՝ դարասկզբին, դարակեսին, դարավերջին: Բոլորովին էլ զուգադիպություն չէ, որ երբ ՌԴ նախագահը հարցազրույց էր տալիս գերմանացիներին, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն էր հեռուստահարցազրույց տալիս՝ ուղղված իրականում Անկարային: Սկանդալային իր հարցազրույցում Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի իրադարձությունները Մերձավոր Արևելքում անվանել էր ցեղասպանություն՝ հակադրելով անցյալի հետ ու օրինակ էր բերել Օսմանյան կայսրությունը՝ բառացի ասելով. «Այո, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»: Համայն Ռուսիո պատրիարքը տեղյակ չէ՞ հայոց ցեղասպանությունից: Լավ, տեղյակ չէ, բայց չի՞ հետևում իր երկրի Պետական դումայի քննարկումներին, որտեղ Թուրքիայի հետ հարաբերությունների սրմանը զուգահեռ պահանջում են Հայոց ցեղասպանությունը ճանաչել: Ինչպե՞ս է Ռուս ուղղափառ եկեղեցին դեմ գնում ռուսական պաշտոնական քաղաքականությանը: Հակասությո՞ւն չէ: Ոչ: Շատ պարզ քաղաքական պասիանս է՝ եթե Թուրքիան հաշտության համար Ռուսաստանին դիմում է նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակով, իսկ Ռուսաստանը նույն այդ մակարդակներով կամ լռում է, կամ մերժում, Իսլամական պետությանն ուղղված հաշտության առաջարկը ռուսները հնչեցնում են իրենց ուղղափառ պատրիարքի շուրթերով ու նույնիսկ գին են առաջարկում՝ «Այո, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել», այսինքն՝ Պուտինը, որ Մոսկվայում իր ուղերձում նշեց, իսկ Երևանում 2015-ի ապրիլի 24-ին այդպես էլ չասաց ցեղասպանություն, համաձայն է այլևս, որ քրիստոնեական փոքրամասնություններին ոչ ոք չի ոչնչացրել՝ հայերն ինքնասպան են եղել, զանգվածաբար: Հընթացս էլ՝ մյուս քրիստոնյա տեղաբնակները:
Իրավիճակը բոլորովին չի փոխում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար տեր Վահրամ Մելիքյանի փոխանցած պարզաբանումը Մոսկվայից, առ այն, որ Ռուս եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է:
««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այդ կոնտեքստում պատրիարքը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են շրջաններ, երբ ներմուծվող կարգն ապահովում էր համեմատական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում: Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, բերում է դեպքերի ողբերգական զարգացման: Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն»,- պարզաբանել է պատրիարքի մամլո քարտուղարը:
«Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ օրինակ է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին. Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, նախորդ տարի Երևան ռուսական եկեղեցու պատվիրակության այցը` մասնակցելու հիշատակման միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին: Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում»: Նկատեցի՞ք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Ռուս ուղղափառ եկեղեցու համար փաստ չէ, համենայն դեպս՝ այս պարզաբանման մեջ հիշատակվում է միայն անուղղակի՝ մեր եկեղեցու դիրքորոշումը բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում, մենք մասնակցել ենք հիշատակի միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին, մենք հրապարակային պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում: Այսինքն՝ նկարագրվում է, հիշատակվում է, բայց չի անվանվում, իսկ դա նշանակում է, որ թե պատրիարքը, թե Ռուս ուղղափառ եկեղեցին իրենց ազատ են համարում պատեհ պահին ընդունել ցեղասպանությունը, անպատեհ պահին՝ հերքել: Շատ «քրիստոնեավայել» կեցվածք է, հատկապես Սուրբ Զատիկից հետո:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ