ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այնքան կատաղի են պաշտպանում խաղաղությունը, որ քարուքանդ են անում աշխարհը

Այնքան կատաղի են պաշտպանում խաղաղությունը, որ քարուքանդ են անում աշխարհը
11.12.2015 | 12:27

Ռուսական պետականության նավը բախվեց սառցալեռանը


Ռուսական սև անեկդոտ կա՝ խփված ռմբակոծիչի անձնակազմի բանակցությունների մասին թուրքական ՀՕՊ-ի հետ, գրում է Frankfurter Allgemeine-ի սյունակագիր Կերստին Հոլմը. «Մենք կարո՞ղ ենք այստեղ մի քիչ թռչել ու ռումբեր նետել»,-հարցնում են ռուսները: Թուրքերն ասում են՝ ոչ: «Оյ, դե լավ, մենք կասենք, որ մենք չէինք, ուրիշն էր»,- շարունակում են օդաչուները: Թուրքերը զգուշացնում են, որ կխփեն: «Վերջ տվեք: ՈՒրեմն՝ պայմանավորվեցի՞նք»: «Ոչ»: «Ոնց թե, մեզ խփեցի՞ք»»: «Բայց մենք ձեզ զգուշացրինք»: «Դա հարված է թիկունքից»:
Ռուսաստանի իշխանությունը՝ կարծում է ռուս քաղտեխնոլոգ և անկախ վերլուծաբան Գլեբ Պավլովսկին, «ձգտում է լիակատար ազատության՝ գործողությունների ազատության իր համար՝ առանց հաշվի առնելու ուրիշների արժեքները, որ պայմանագրերում նշվում են մանր տառերով»: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով «Պավլովսկին սիրիական կոնֆլիկտում տեսնում է պոկեր բազում անհայտներով, որի ժամանակ բլեֆը կարող է կտրուկ փոխել խաղը և բացահայտել մրցակցի «խոհանոցը»»: Այդ մերձավորարևելյան ռազմական պոկերում «Էրդողանն առայժմ վստահորեն գերազանցում է նորկայսերական ոգով իր ռուս եղբորը»՝ վստահ է վերլուծաբանը, կարծելով, որ երկու նախագահներն էլ սեփական թուլության պատճառով հիբրիդային խաղ են վարում՝ նրանք ակտիվացրել են ուրիշների, իրենց ոչ ենթակա խաղաքարտերը, այն էլ՝ հնարված թշնամիների դեմ:
«Խփելով ռուսական ինքնաթիռը՝ սուլթանը հմտորեն խաղարկեց ՆԱՏՕ-ին իր անդամության խաղաքարտը, որպեսզի խաչ դնի շախմատի իր դաշտում ցարի ռազմական հարձակման վրա»՝ Գլեբ Պավլովսկու խոսքերն է մեջբերում Հոլմը: Իսկ Կրեմլի տերը ինքնակործանիչ պատժամիջոցներով, որ պատասխան պիտի դառնան, հնարել է Ռուսաստանի ոչնչացման դեղագիրը՝ պետք է ստեղծել իրավիճակ, երբ պետության ղեկավարը կորցնում է դեմքը, և մի հարվածով փոշիացնել հայրենական տնտեսության վերջին մնացորդները:
Հոլմը կարծում է, որ Ռուսաստանը «տրոլ պետություն է՝ վարչակարգ, որը իր կառուցողական գործունեությունը փոխարինում է տեղեկատվական-տեխնոլոգիական իմունային պաշտպանությամբ»: Ռուսաստանը նշանակալից միջոցներ է ներդնում մեդիական զուգահեռ աշխարհների ստեղծման գործում՝ անհաշիվ հեռուստաքարոզիչները, ինտերնետ տրոլների վարձու վիթխարի բանակը ամեն օր մերկացնում են արևմտյան հասարակության երեսպաշտությունը, հայհոյում ռուսական իշխանության քննադատներին և նվազեցնում Ռուսաստանի նյութական ու բարոյական դեֆիցիտը»: Հասարակության հետ լուռ համաձայնությամբ Կրեմլը պեղում է հերթական արդիական սպառնալիքը ու այնտեղ է ուղղում մշտական ժողովրդական դժգոհությունը՝ ներկայանալով իբրև պաշտպան: Ազգին իր վերջին ուղերձում Պուտինը խոսում էր հինգերորդ շարասյան ու Ռուսաստանի ներքին թշնամիների մասին, ինչպես անցյալ տարի, ահաբեկչության մասին, որից օգուտներ է քաղում Թուրքիայի իշխանությունը: Նույնիսկ եթե ընդունենք, ինչպես գրում է ռուս լրագրող Վլադիմիր Վարֆոլոմեևը, որ ՌԴ ՊՆ մեղադրանքները ճիշտ են և Էրդողանը ԻՊ-ից նավթ է գնում, ինչո՞ւ ահաբեկիչների գործընկերոջը մեկ ամիս առաջ այդքան գրկաբաց ընդունում էին Մոսկվայում նոր մզկիթի բացման ժամանակ ու մաղթում էին, որ վերընտրվի: Իրականում իր ռեալ թշնամուն համակարգը, ինչպես կարծում է Պավլովսկին, «տեսնում է իր երկրում, ընդ որում՝ ոչ թե լիբերալներին, այլ Ռուսաստանի ամբողջ բնակչությանը՝ քաոտիկ ամբոխին անտաշ նիհիլիստներից ու երկար ուղերթների ապստամբ վարորդներից, հանցագործ երիտասարդներից ու խելագար թոշակառուներից կազմված, որ միայն առիթի են սպասում, որ ոչնչացնեն պետությունը»: Բայց պետականության նավը՝ վատ անձնակազմ հավաքած և ամբողջ ճանապարհին վատ մատակարարումից ուշադրությունը շեղել փորձող նավապետի պատճառով բախվել է սառցալեռանը՝ արձանագրում է գրող Դմիտրի Բիկովը, որ ինչպես Պավլովսկին, համոզված է, որ ներկա դարաշրջանը արագ շարժվում է դեպի իր վախճանը: Նավի անձնակազմի հիստերիկան ցույց է տալիս, որ իրենք էլ դա գիտեն՝ հավելում է Բիկովը: «Բայց «Տիտանիկի» ուղևորների վարքագիծը որևէ կերպ չի ազդում նրանց ճակատագրի վրա՝ հետաքրքիր է միայն պատմության համար»,-եզրակացնում է հեղինակը:
Կերստին ՀՈԼՄ, Frankfurter Allgemeine

Ի՞նչ են անում թուրքական զորքերը Հյուսիսային Իրաքում


«Անցած շաբաթ մի քանի հարյուր թուրք զինծառայողներ տանկերի ու հրանոթների աջակցությամբ անցան Իրաքի սահմանը և դիրքեր գրավեցին Մոսուլի մոտ, որ անցած տարվանից ԻՊ-ի վերահսկողության տակ է: Հետո թուրքերը գումարտակին իբրև օգնություն ուղարկեցին ինքնաթիռներ ու հետախույզներ», գրում է The New Yorker-ում Դեքստեր Ֆիլկինսը: Միևնույն ժամանակ Հյուսիսային Իրաքի օդային տարածքը տասը օր փակ էր, որովհետև այդ տարածքով անցնում էին ռուսական թևավոր հրթիռները՝ արձակված Սև ծովից: Հասկանալի չէ՝ ինչո՞ւ և ո՞ւմ թույլտվությամբ թուրքերը հրամայեցին իրենց զինվորներին անցնել սահմանը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին բացահայտ ընդվզեց: Նույնն արեց ԱՄՆ-ը: Ի՞նչ է կատարվում: Ինչո՞ւ են թուրքերը զորք ուղարկում այդ անկայուն շրջանը: Իրաք ներխուժումը Թուրքիայի իմպուլսիվ և պարծենկոտության հակումներ ունեցող նախագահ Ռեջեփ Էրդողանի աշխարհաքաղաքական զիգզագներից վերջինն է, որ հիմնականում կապված են Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետ: Նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությանը հասնելու համար Թուրքիայի կառավարությունն աջակցում էր ամենաէքստրեմիստակա խմբավորումներին, այդ թվում՝ ԻՊ-ին: Եթե Թուրքիայի օգնությունը չլիներ, ԻՊ-ը չէր կարող այդքան ագրեսիվ տարածվել: Անցած ամիս Թուրքիան խփեց ռուսական ռմբակոծիչը և Էրդողանը, չնայած սիրիական քաղաքականության ձախողմանը, առճակատման գնաց իր շատ ավելի հզոր հարևանի հետ: Պուտինը, գործելով իբրև կշռադատված նախկին հետախույզ, հրապարակեց հետախուզական տվյալներ, որ բացահայտում էին Անկարայի և ԻՊ-ի նավթի անօրինական առևտրում պաշտոնական համագործակցության մասշտաբները: Հենց դա մոտեցնում է մեզ թուրքական զորքերին Իրաքում: Մոսուլը ռազմավարական կարևոր նշանակություն ունի ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքը բավարար զինված ուժեր չունի, որ կարողանա Մոսուլից վռնդել ԻՊ-ը և գրավել քաղաքը և, գուցե, երկար ժամանակ չունենա: Ակնհայտ է՝ Թուրքիան, որ ինքն իր առաջ փակել է սիրիական ճգնաժամի լուծման ճանապարհը, ցանկանում է մասնակցել Հյուսիսային Իրաքում ցանկացած իրադարձության: Արդյունք կտա՞: Գուցե: Բայց ավելի ու ավելի վտանգավոր է դառնում, որ Սիրիայում ու Իրաքում իրենց ազդեցությունն ունենալու համար այդքան շատ երկրներ են մրցակցում՝ իրադարձությունները կարող են վերահսկողությունից դուրս գալ:
Դեքստեր ՖԻԼԿԻՆՍ, The New Yorker

Պուտինի շրջադարձը դեպի Արևելք չաշխատեց


Մեկ տարի առաջ, երբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ՈՒկրաինայի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանեցին, նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ էր որ կգտնի մեկին, ում հետ կարող է բիզնես անել՝ հիշեցնում է BloombergView-ն: Այսօր Ռուսաստանը վիճել է ևս մի քանի բարեկամների հետ, բայց շատ քիչ է առաջ շարժվել այն ուղղությամբ, որտեղ ցանկանում էր փոխարինել ԵՄ-ի հետ առևտրական հարաբերությունները և ԵՄ-ից ստացվող ներդրումները, մուտքը վարկային շուկաներ, որտեղ գերակայում է ԱՄՆ-ի ազդեցությունը: Չի կարելի ասել, որ Պուտինն ընդհանրապես բարեկամներ չունի: Օրինակ, նա համառ հետամտում է
Չինաստանին: Սակայն Չինաստանի հետ գազատարի կառուցման ռուսական համաձայնագիրը, որի մասին այդքան ամպագոռգոռ հայտարարում էին 2014-ի մայիսին, նույնքան հեռու է կատարումից, որքան մեկ տարի առաջ: Յուանի պարտատոմսերի թողարկման համաձայնագիրը շատ ավելի համեստ է, քան ուզում էր Մոսկվան: Թեպետ Չինաստանի հետ առևտուրն աճել է 3,4 %-վ 2014-ի առաջին կեսի համեմատ, այդ ձեռքբերումը շատ քիչ է փոխհատուցելու համար ԵՄ-ի և մյուս գործընկերների հետ առևտրի անկումը, արդեն չհիշենք նավթի գնանկումը: ՈՒկրաինայի պատճառով վիճելով Բուլղարիայի հետ՝ Ռուսաստանը դիմեց Թուրքիային, բայց այս հարաբերություններն էլ սառեցվեցին, երբ Ռուսաստանը Սիրիայում ռմբակոծեց Թուրքիայի դաշնակիցներին, իսկ Թուրքիան խփեց ռուսական ինքնաթիռը: «Գազպրոմի» ձեռքին մնացին 2 միլիարդ դոլարի խողովակները, որ նախատեսված էին «Թուրքական հոսքի» համար (դրանք հնարավոր է տեղակայել միայն Սև ծովի հատակին): Ներդրումների միլիարդավոր դոլարներ քամուն տրվեցին: Ռուսական տնտեսությունը գոյատևում է, Պուտինի վարկանիշն առաջվա պես բարձր է: Սակայն երկար ժամանակով հնարավոր չէ այս պամանները պահել, եթե Ռուսաստանը չհաշտվի իր հիմնական առևտրական գործընկերների հետ: Նրանց, հավանաբար, Պուտինը երբեք էլ հաճելի չի եղել, բայց Ռուսաստանի կարիքն ունեն:
BloombergView


Հ.Գ. Ի՞նչ է կատարվում աշխարհում: Ոչինչ: Այնքան կատաղի են պաշտպանում խաղաղությունը, որ քարուքանդ են անում աշխարհը: Իրականում՝ խաղաղության անվան տակ, Սիրիայում ու Իրաքում գործող բոլոր պետությունները հետապնդում են միայն սեփական շահը: Թուրքիան ի սկզբանե ուզում էր մասնատել Սիրիան և թուլացնել Իրաքի քրդերին: ԱՄՆ-ը և արևմտյան կոալիցիան արաբական հեղափոխությունների ալիքից հետո փորձում էին արաբական ժողովրդավարություն կառուցել, ստացվեց արաբների պատերազմ՝ բոլորը բոլորի դեմ, հանուն նավթի ու գազի: Մերձավոր Արևելքն այլևս երբեք չի ունենա նախկին սահմաններն ու նախկին աշխարհակարգը: Ռուսաստանը որոշեց վերադառնալ մի տարածաշրջան, որտեղից դուրս էր եկել ԽՍՀՄ-ի փլուզումով: Մագնիսի պես ձգող նավթը, պատերազմի ավերածություններից հետո տարածաշրջանի վերականգնման մեջ սեփական մասնաբաժինն ու շահույթը, հետագա իշխանությունների վրա քաղաքական ներգործություն ունենալու ձգտումը Մերձավոր Արևելք են տանում ոչ միայն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, այլև Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային, քիչ-քիչ նաև Իտալիային: Հաշվի առեք՝ Թուրքիայի ու Իրանի շահերի բախումը և կստանաք այն կաթսան, որտեղ քլթքլթում է ներմուսուլմանական, մուսուլմանական ու քրիստոնեական արժեքների բախումից բացի քաղաքակրթական առճակատումը: Պարզապես գերտերությունները ձեռնամուխ են եղել բաժանված աշխարհի վերաբաժանմանը՝ շրջանցելով երրորդ համաշխարհային պատերազմը, որը այլևս տանկերով ու հետևակով, ինքնաթիռներով չի լինելու, այլ՝ միջուկային զենքով: Իսկ ԻՊ-ը միջոց է՝ աշխարհում նոր աշխարհակարգ հաստատելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ