Սահմանադրական հանրաքվեի բավականին կանխատեսելի հանգուցալուծմամբ փաստացի տրվեց 2017 թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը, ընտրություններ, որոնք, ըստ նոր սահմանադրության, բավականին վճռորոշ նշանակություն են ստանում։ Իհարկե, ԱԺ ընտրությունների գործընթացը քողարկված կարգով իսկ սկսված էր հիմնական քաղաքական դերակատարների մասնակցությամբ արդեն հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։ Մասնավորապես, բացահայտ կամ քողարկված կերպով սկսվեց իշխանական վերաֆորմատացման գործընթացը, երբ դեյուրե առայժմ ընդդիմադիր համարվող կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, դեֆակտո սկսեցին իրենց տեղը զբաղեցնել ու ամրապնդել իշխանական արևի տակ։ Բայց ամեն դեպքում ակնհայտ է, որ իշխանական բուրգի և դաշտի վերաձևման գործընթացին հնարավոր չէ կանոնակարգված տեսք տալ, քանի դեռ նշմարված չէ վերաձևվող դաշտում գլխավոր ինտրիգի պատասխանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա անելիքների հարցը։
Վերջին երկու տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ գործող նախագահը նախաձեռնեց սահմանադրության էպոպեան, թե՛ անձամբ երկրի ղեկավարի, թե՛ կուսակիցների շուրթերով հայտարարվեց, որ նախագահը որևէ հավակնություն չունի խորհրդարանական համակարգով կառավարվող երկրում առաջնային պաշտոն զբաղեցնելու, տարբեր կարծիքներ հնչեցին Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ճակատագրի շուրջ։ Ի վերջո, հայրենական քաղաքական դաշտը, մամուլը, փորձագիտական շրջանակները կարծես թե որոշակի քաղաքական կոնսենսուսի եկան, որ գործող նախագահը կարծես թե փորձելու է «գենսեկի» կարգավիճակով Մելիք-Ադամյանի կուսակցական իր աշխատասենյակից, այսպես ասած, ոչ ֆորմալ կերպով շարունակել երկրի ղեկավարումը։
Ճիշտ է, երբեմն հնչում էին նաև կասկածներ, որ ներքաղաքական և ապարատային ինտրիգներում թրծված գերփորձառու Սերժ Սարգսյանը դժվար թե այնքան միամիտ գտնվի, որ հավատա, թե իր իսկ կառուցած իշխանական բուրգում հնարավոր է առանց իրական իշխանական ամուր լծակների փաստացի կառավարել: Կարծիք էր հնչում, թե ով ով, բայց Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտի՝ ինչ միջիշխանական, միջանձնային և այլ բարքեր են տիրում քաղաքական, տնտեսական և կլանային էլիտայում: Եվ ի վերջո՝ իրականում ինչ արժեք ունեն որոշ պայմանավորվածությունները: Սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքը, բնակչության շրջանում տիրող տրամաբանությունները և սեփական քաղաքական թիմի որոշակի իներտությունը հավանաբար ստիպեցին նախագահին գուցե նախատեսվածից շուտ փոքր-ինչ բացել խաղաքարտերը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ բուն հանրաքվեի անցկացման օրվա մոտենալուն պես ավելի հաճախակի սկսեց տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչել այն միտքը, որ եթե նոր սահմանադրությունը չանցնի, ապա այսօրվա նախագահը կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը: Առնվազն հայտարարվում էր, որ Սերժ Սարգսյանը ցանկացած տարբերակում շարունակելու է ազդեցիկ դերակատարում ունենալ երկրի քաղաքական և իշխանական կյանքում: Այսպիսով հանրությանը սկսեցին պատրաստել այն մտքին, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չի պատրաստվում միջնորդված ղեկավարել երկիրը, քանի որ եթե պետական բարձրաստիճան պաշտոնյան չի ձգտում դառնալ «թոշակառու», ապա այդ որոշումը ուժի մեջ է ցանկացած սահմանադրական կառավարման ռեժիմի օրոք, առավել ևս երբ այդ սահմանադրական ռեժիմի փոփոխման նախաձեռնողը հենց ինքն է` Սերժ Սարգսյանը:
Ինչևէ, վերոնշյալ թվացյալ կոնսենսուսը, որ ձևավորվել էր գործող նախագահի հետագա քաղաքական ճակատագրի շուրջ, շատերի համար անսպասելի «լղոզեց» (իր իսկ բնորոշմամբ) անձամբ Սերժ Սարգսյանը հանրաքվեից ընդամենը երեք օր առաջ հեռուստալրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: ՀՀ նախագահը ոչ միայն փաստացի չհաստատեց նախկինում արված հայտարարությունները, այլև գլխավոր քաղաքական ինտրիգի պատասխանը հետաձգեց մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ավարտը` այդ ընտրությունների արդյունքների հետ շաղկապելով իր հետագա քաղաքական գործունեությունը: Սա, իհարկե, շատ անսպասելի էր, քանի որ ՀՀ նախագահը փաստացի ջուր էր լցնում ընդդիմության ջրաղացին, որը միահամուռ կերպով քարոզարշավի ողջ ընթացքում և նրանից առաջ պնդում էր, որ այս սահմանադրական ոդիսականն ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար է նախաձեռնված: Բուն հանրաքվեից առաջ նման ռիսկային հայտարարություն անելը, բնականաբար, լուրջ պատճառներ պետք է ունենար:
Ամեն դեպքում տպավորությունն այնպիսին է, որ դեռևս 2014-ին հայտարարելով պետական բարձրագույն պաշտոններին չհավակնելու մասին՝ ՀՀ գործող նախագահն ակամա ինքն իրեն, այսպես կոչված, «կաղ բադիկի» կարգավիճակում դրեց, և դա բնական է, քանի որ եթե որևէ իշխանավոր, առավել ևս թիվ մեկ պաշտոնյան հայտարարում է քաղաքական հեռանկարում իրեն չտեսնելու մասին, վարչական ռեսուրսը և քաղաքական էլիտայի մեծ մասն անմիջապես սկսում են փախչել ու փնտրել նոր հովանավորների։ Սա քաղաքագիտական նորմ է, բոլոր երկրներում էլ նման իրավիճակի կարելի է հանդիպել, երբ ղեկավարները վերածվում են «կաղ բադիկի»։
Պետական պաշտոններ զբաղեցնելու մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, փաստի առաջ կանգնեց։ Առանց այդ էլ ոչ միատարր հանրապետական կուսակցությունում ձևավորվեցին մի քանի ազդեցության կենտրոններ, որոնցից ամեն մեկն ունի իր առաջնորդը, և սկսվեց քողարկված, իսկ որոշ դեպքերում՝ երևացող պայքար ապագա իշխանության՝ երկրի ղեկավարի ժառանգորդի դերի համար։ Եվ ինչ-որ պահի Սերժ Սարգսյանը հավանաբար զգացել է դա։ Հատկապես երբ օդում միշտ առկա է եղել Ռոբերտ Քոչարյանի ստվերը։ Եվ այս անգամ հանրաքվեում կարծես թե կազմակերպչական առումով որոշակի թերություններ կային։ Նույն եռանդը, ֆինանսական ներդրումներն ու աջակցությունն այլևս չկային։ ՈՒ գործող նախագահը ստիպված էր բառացիորեն ընտրություններից առաջ իր քաղաքական ուժին, գուցե նաև ներիշխանական հակառակորդներին հասկացնել՝ որոշումը վերջնական չէ, և ինքը շարունակում է մնալ թիմի ղեկավար։ Նաև ակնարկեց բոլոր թևերին, որ հանրաքվեի կոնկրետ արձագանքից է կախված լինելու յուրաքանչյուրի ապագան և ինչու չէ՝ ներկան:
Այս առումով ուշագրավ է, որ հանրաքվեն չի անցել վերջին 2-3 ընտրությունների սցենարով, երբ բոլոր հարցերը լուծվում էին ընտրատեղամասից դուրս՝ կիրառելով վարչական ռեսուրսը, ֆինանսական ազդեցության մեթոդները, իսկ ընտրատեղամասում ամեն ինչ գրեթե օրինակելի էր։ Այս անգամ նվիրվածության, կազմակերպվածության նման մակարդակ չկար։ Գուցե նաև այդ պատճառով վերջին պահին զգալով քվեարկության անկանխատեսելի հետևանքները, սկսեցին կիրառել նաև հին տեխնոլոգիաները` մասնավորապես, կրկնակի քվեարկություններ, լցոնումներ և այլն։ Կարելի է ասել՝ այս անգամ տեխնոլոգիաների որոշակի համատեղում կատարվեց։ Փաստորեն, հանրաքվեից անմիջապես առաջ Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ փորձեց դարձի բերել վարչական ռեսուրսը: ՈՒ եղավ այն, ինչ եղավ։ Հանրաքվեն բավականին կոշտ արձագանքներ ունեցավ՝ սկսած մի շարք միջազգային դիտորդական առաքելություններից, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատնից վերջացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակով:
Ի դեպ, ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, նրա դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացի ժամանակաշրջանում և մամլո խոսնակի միջոցով արտահայտված սուր քննադատությունը բուն հանրաքվեից հետո առանձնակի ուշադրության է արժանի, քանի որ քաղաքական շրջանակներում սահմանադրությունը փոխելու նախաձեռնության հիմքում հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանություն վերադարձը կանխելու նպատակն էին տեսնում: Այս առումով առանձնակի նրբերանգ է ստանում հեռուստալրագրողների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած այն միտքը, որ իրավիճակը Հայաստանում տասը կամ քսան տարի առաջվանը չէ, և որ այժմ կիսանախագահական համակարգի պահպանման դեպքում իրական վտանգ կա, որ ՀՀ ապագա նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը կարող են տարբեր քաղաքական ուժեր ներկայացնել: Ակնհայտ է նաև գրեթե կասկած չկար, որ ՀՀԿ-ն խորհրդարանում նորից մեծամասնություն էր կազմելու: Այսինքն՝ գործող նախագահը կասկածում էր, որ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետականների թիմի առաջադրած ցանկացած թեկնածու կարող է պարտվել ինչ-որ այլ մրցակցի: Հաշվի առնելով ներկայիս ընդդիմության բավականին անմխիթար վիճակը ու էլ ավելի մշուշոտ ապագան՝ կարելի է ենթադրել, որ կա՛մ հանրապետականները զգուշանում էին Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առաջադրումից, կա՛մ էլ կա մի որևէ այլ թեկնածուի կամ թեկնածուների տարբերակ, որոնք հայտնի չեն հանրությանը, բայց հայտնի են Սերժ Սարգսյանին: Չի բացառվում, որ այդ հնարավոր թեկնածուների մասին ժամանակին մեսիջներ են ստացվել աշխարհաքաղաքական կարևոր որոշ կենտրոններից։ Ինչևէ, նոր սահմանադրությամբ կառավարման համակարգի փոփոխմամբ Սերժ Սարգսյանը փաստացի կասեցրեց նման զարգացման հնարավորությունները:
Այս պարագայում, բնականաբար, որպես «դարի ինտրիգի» ամենահնարավոր զարգացում այժմ արդեն դիտարկվում է 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելու տարբերակը:
Իսկ վարչապետի պաշտոնի մյուս հավակնորդներից ոմանց համար է հենց նախատեսված հիմնականում արարողակարգային կարգավիճակ ունեցող ՀՀ նախագահի «մանկուց երազած» պաշտոնը։
Համենայն դեպս, անմիջապես հանրաքվեից հետո, երբ դեռ չէին հրապարակվել պաշտոնական արդյունքները, իր «պարտխոզ» ակտիվի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով թիմի հաղթանակը, նաև ավետեց. «Մյուս բոլոր քայլերն էլ ենք միասին անելու ու միասին ենք մեր սերունդներին թողնելու արդյունավետ պետություն»: Ամեն դեպքում այս խոսքերի հեղինակը ոչ մի պարագայում «թոշակի» գնալուն պատրաստվողի տպավորություն չի թողնում:
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ