ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Իրանը ոչ ոքի չի զիջի Սիրիան

Իրանը ոչ ոքի չի զիջի Սիրիան
03.11.2015 | 00:21

«Սիրիական քառյակի» երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան, վերստին հավաքվել էին Վիեննայում։ Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, մոտ ժամանակներս մենք կարող է և չիմանանք, թե Ավստրիայում ինչ են քննարկել այդ պետությունների արտգործնախարարները, բայց այն, որ Սիրիայի իրադրության կարգավորման կոնսուլտացիաներին միանում է Իրանը (նաև Լիբանանը, Իրաքը և Եգիպտոսը, ինչպես հայտարարել է ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան), շուռ է տալիս Արևմուտքի և Մերձավոր Արևելքում նրա խամաճիկների համար սովորական կենսաձևն ու ռազմավարական բնույթի պլանները։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քերին առաջարկել է մասնակիցների շարքում ընդգրկել նաև Ֆրանսիան, Կատարը և Եվրամիությունը, հասկանալով, որ Սիրիայի առնչությամբ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումները ծանրակշիռ են և անվիճարկելի։ Միացյալ Նահանգներին պետք է գոնե քանակական առավելություն ունենալ Թեհրանի և Մոսկվայի նկատմամբ։ Ավաղ, նման քանակը ամերիկացիների համար չի ապահովի աջակցության որակ։
Դեռ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան քաջություն ցուցաբերեցին ու որոշեցին իբր «կանխատեսել» Իրանի մասնակցությամբ Վիեննայի հանդիպման արդյունքները։ Պետքարտուղար Ջոն Քերին առաջարկեց արևմտյան անմիտ «երգը», թե իբր ոչինչ «այնպես չի օգնի «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, ինչպես իշխանափոխությունն ու Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի պաշտոնաթողությունը, ինչը կնպաստեր երկրի միավորմանը ծայրահեղականության դեմ մղվող պայքարում»։ Այստեղ է, որ բերանդ են գալիս հայտնի իմաստի իդիոմատիկ արտահայտությունները. ինչքան պիտի կարճամիտ քաղգործիչ լինի մարդը, որ չտեսնի, որ «առանց Ասադի» նշանակում է նաև առանց ալավիների։ Այդ դեպքում երկրի ի՞նչ միավորման մասին կարող է խոսք լինել։ Բազմամիլիոն ալավիների (ուրեմն և շիաների) դեմ զինված գործողությա՞ն։ Թեև, իհարկե, եթե դատելու լինենք անուղղակի հանգամանքներով, ապա հենց այդպիսի «քաղաքական գործընթաց» էլ պետք է Վաշինգտոնին։ Ասենք, Սիրիայի քրիստոնյաներն էլ չեն համագործակցի Արևմուտքի օգտին աշխատող ահաբեկիչների արշավներին և Սիրիայի բոլոր քրիստոնեական համայնքների դեմ նրանց հանցագործություններին աջակցող տականքների հետ։ Այսօրվա Սիրիայի մասին պատմող բոլոր տեսակադրերը կասկած չեն թողնում. բնակչության այն մասը, որը բռունցքվել է նախագահ Ասադի և ալավիների շուրջը, միարժեքորեն ատում է նրանց, ովքեր կամովին Արևմուտքի, Թուրքիայի և այլոց ձեռքին գործիք են դարձել։ «Ծայրահեղականության դեմ այդ ի՞նչ միավորում է» պարոն Քերին տեսել առանց Ասադի։ Նոր քաղաքացիական պատերազմո՞վ։ Երևի հենց դա էլ Սիրիայի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականության նպատակն է, համենայն դեպս, այլ բան տրված չէ, չէ՞ որ դա Մերձավոր Արևելքն է և ոչ թե նուրբ ու կամազուրկ, ամերիկացիների «տակ պառկած» Եվրոպան։
ԱՄՆ-ի պետքարտուղարին կրկնում է նաև սաուդցիների արտգործնախարար, արքայազն շեյխ Ադել ալ-Ջուբեյրը. իբր, «սիրիական հարցի կարգավորման շուրջ Վիեննայում կայանալիք բանակցությունները փորձաքար կդառնան Ռուսաստանի և Իրանի համար` պարզելու, թե նրանք որքան լրջորեն են տրամադրված Սիրիայում քաղաքական լուծումներ գտնելու հարցում»։ Սաուդցիներն այդպես էլ չհասկացան, որ Սիրիայի վերաբերյալ բանակցություններին Իրանի միանալը փորձաքար է Արևմուտքի, Թուրքիայի և հենց Սաուդյան Արաբիայի համար և ոչ թե Ռուսաստանի և Իրանի։ Մոսկվան ու Թեհրանը 2011 թվականից անփոփոխ կերպով հայտարարել են իրենց դիրքորոշման մասին, և այն չի փոխվել նաև 2015-ին։ Ալ-Ջուբեյրի ասելով, անհրաժեշտ է որոշակիության հասնել Ասադի հեռանալու հարցում։ «Եթե նրանք (Ռուսաստանն ու Իրանը) լուրջ են խոսում, մենք դա կիմանանք, եթե ոչ, դարձյալ կիմանանք և այլևս նրանց հետ ժամանակ չենք վատնի»,- հայտարարել է ալ-Ջուբեյրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում։ Իսկ Ռուսաստանի և Իրանի փոխարեն ի՞նչ կպատասխանեինք մենք Հայաստանից։ Կոչ կանեինք Արևմուտքին ու սաուդցիներին լավ հիշել, որ դեռ 2014 թ. ամռանից, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի որոշումներով, Իրանի իշխանության մարմինները Սիրիան համարում են «Թեհրանի մերձակայք» և որ 2015 թ. հոկտեմբերի 10-ին Իրանի արտգործնախարարությունն ընդգծել է` Թեհրանը չի համաձայնի սիրիական ճգնաժամի որևէ կարգավորման, եթե դրան չմասնակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։ Այնուհետև իրանցիներն ընդգծեցին, որ կարող են միանալ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածներին և «պատրաստ են հրթիռային ուժ գործադրելու»։ Հոկտեմբերի 12-ին Իրանի նպատակահարմարության խորհրդի քարտուղար գեներալ Մոհսեն Ռեզային (ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար) խոստացել է թաղել Սիրիայի և Իրաքի տակֆիրիստական ահաբեկիչներին։ Իսկ դրանից առաջ` հոկտեմբերի 7-ին, այաթոլլահ Խամենեին իր որոշմամբ արգելեց ամեն տեսակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ` դրանք անօգուտ համարելով Թեհրանի համար։ Այաթոլլահի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին հոկտեմբերի 8-ին զարգացրեց այս գաղափարը. «Իրանը ԱՄՆ-ի կարիքը չի զգում»։ Միաժամանակ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի գծով Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը ասաց, որ Իրանը պատրաստ է մասնակցելու տարածաշրջանային երկխոսությանը, եթե այն լինի առարկայական և արտատարածաշրջանային ուժերի ազդեցությունից զերծ։ Հասկանալի է, որ խոսքն այն ազդեցության մասին էր, որ արաբական միապետությունների վրա ունեն ԱՄՆ-ը և Իսրայելը։
Այսպիսով, Իրանը Սիրիայի հարցով ոչ մի «զիջման» չի գնա Վիեննայում կամ առանց Վիեննայի։ Կարծես Ռուսաստանն էլ է մտադիր մինչև վերջ պաշտպանել իր դիրքորոշումը, նախ, Սիրիան մաքրել արևմտամետ ահաբեկիչներից և միայն հետո` քաղաքական կարգավորում։ Սիրիական կարգավորմանը նվիրված Վիեննայի հանդիպման ժամանակ անհրաժեշտ է գործի դնել բոլոր արտաքին ուժերի կարողությունները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են և կարող են դրական ավանդ մուծել։ Վիեննայում Սիրիայի հարցով հանդիպման գլխավոր խնդիրն է երկրում գործի դնել քաղաքական գործընթաց։ Բազմակողմանի, ոչ թե միակողմանի ձևաչափի գործընթացը կարող է արդյունք տալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մոսկվան այդ դիրքերում է Սիրիան «հեղափոխականացնելու» փորձերի հենց սկզբից, Սիրիայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները խոսում են այն մասին, որ ռուսական ղեկավարությունը ոչ մի քայլ չի ընկրկել իր դիրքերից։ Այնպես որ, աշխարհը կտեսնի, թե Սիրիայի վերաբերյալ «Վիեննական թեստը» ինչպես կանցնեն կամ չեն անցնի ԱՄՆ-ը, Եվրոպան, Սաուդյան Արաբիան և Թուրքիան։ Ի դեպ, Եվրոպայում «նշմարվել է» նաև առաջին իրատեսական մոտեցումը Սիրիայի հարցին և, առհասարակ, ամբողջ իրադրությանը։ Իհարկե, գերմանացիների կողմից, չէ՞ որ Գերմանիան կարողանում է հաշվել իր փողերը, որոնք հիմա «հօդս ցնդելու» մեծ վտանգի տակ են։ Սիրիայի վերաբերյալ որոշում չի կարող ընդունվել, քանի դեռ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայմանավորվածություն ձեռք չեն բերել, և քանի դեռ բանակցությունների սեղանի շուրջ չեն նստել Իրանը, Թուրքիան ու Սաուդյան Արաբիան` հոկտեմբերի 29-ին հայտարարեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ «Առաջին անգամ հույս է արթնացել, որ Վիեննայի հանդիպմանը կհավաքվեն ոչ միայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպայի երկրները, այլև գոնե Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Իրանը։ Իհարկե, դա դեռ ճեղքում չէ և ոչ էլ քաղաքական լուծում, բայց սա առաջին անհրաժեշտ քայլն է»,- նշել է նախարարը։ Ինչ վերաբերում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրին, Շտանմայերն ընդգծեց, որ այն, իհարկե, չի կարող Վիեննայում որոշվել։
Գերմանացիներն ավելի իրատես են, քան ամերիկացիներն ու սաուդցիները. երևի պատմական փորձն է պաշտոնական Բեռլինին ստիպում ավելի ուշադիր վերաբերմունք ունենալ Սիրիայի և արևմտամետ ջիհադականների վերաբերյալ Իրանի բոլոր հայտարարությունների նկատմամբ, որ հնչել են 2011-15 թթ. ընթացքում։ Իսկ չէ՞ր ձևացնում, արդյոք, ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին, երբ հոկտեմբերի 29-ին նորից «գեղգեղում» էր Ասադի հեռանալու մասին։ Չէ՞ որ հենց նույն օրը նրա խորհրդական Թոմաս Շենոնը հայտարարեց. «Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը փոխել է Սիրիայի իրադրությունը, ստեղծել է նոր դինամիկա»։ Ոչ, հետագա խոսքերում Շենոնն էլ թութակի նման կրկնեց` «պատրա՞ստ են, արդյոք, նրանք (Ռուսաստանն ու Իրանը) միջազգային ընկերակցության հետ աշխատելու և համոզելու Ասադին հեռանալ»։ Պատրաստ չեն, պարոն Շենոն և պարոն Քերի, և չեն էլ լինի, վերևում կարդացեք իրանցի պետական գործիչների ծրագրային հայտարարությունները, սկսած այաթոլլահ Խամենեիից, իսկ Ռուսաստանն այսօր իրանցիների դաշնակիցն ու օգնականն է Սիրիայի հարցում։ Կարդացեք նաև Վ. Պուտինի հայտարարությունների սղագրությունները. Ռուսաստանն առարկայնորեն աջակցում է նրանց, ովքեր «մարտադաշտում» կռվում են ահաբեկիչների դեմ, այսինքն` Սիրիայի զինված ուժերին, քրդական և այլազգի աշխարհազորերին։
Իսկ ահա Թուրքիա՜ն... Թուրքիան բավական անհաճո անակնկալ է պատրաստում և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի ու Իրանի համար, եթե մենք վերլուծենք այդ երկրի նախագահ Էրդողանի հոկտեմբերի 29-ի հայտարարությունը, ուր նա բացահայտորեն սպառնացել է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի քրդերի նկատմամբ, որոնց աջակցում է Վաշինգտոնը։ Նրբությունն այն է, որ ԱՄՆ-ը հիմա հապշտապ նոր «սիրիական չափավոր ընդդիմություն» է թխում` բաղկացած երկու արաբական և մեկ քրդական խամաճիկ խմբավորումներից։ ՈՒրեմն այս քրդերը երևի որոշել են, որ «իրենց ամեն ինչ կարելի է», եթե ռազմավարական մրցակցության մեջ են մտել ԱՄՆ-ն ու Ռուսաստանը. վերցրել ու իրենց ինքնավարությունն են հռչակել Թել-Աբյադ (Սիրիա) փոքր քաղաքի շրջակայքում։ Էրդողանի վախը հասկանալի է. Թել-Աբյադից ոչ հեռու, թուրքական տարածքում, ամռանը քրդերը «Շիրնաքի ինքնավարություն» էին հռչակել, ինչը կոպտորեն ճնշվեց թուրքական իշխանությունների կողմից։ Այնպես որ, համարձակվենք ենթադրել, որ Վիեննայում Սիրիայի հարցի քննարկման ժամանակ հանդիպման մասնակիցները ստիպված կլինեն շոշափելու նաև քրդական թեման։ Իսկ թե ուր կտանեն հնարավոր վիճաբանությունները, առայժմ դժվար է կանխատեսել։
Մինչդեռ Իրանը ևս դիվանագիտորեն «հակահարձակվում է»։ Հոկտեմբերի 29-ին Իրաքի անգլիամետ վարչապետ Հեյդար Աբադին (շիա) ընդգծեց, որ «Սիրիայի ճգնաժամը անհնար է կարգավորել առանց Իրանի ու Ռուսաստանի»։ Հասկանալի է, որ Իրաքի շիա վարչապետը իր դերն էր կատարում. նա, ըստ էության, Արևմուտքին և մյուսներին փոխանցեց «Իրանի ուղերձը»։ Իսկ դրանից հետո Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին հայտարարեց, որ «Սաուդյան Արաբիայի մասնակցությունը Սիրիային նվիրված բազմակողմանի բանակցություններին հանցավոր և անօրինական է»։ Դա սոսկ նախազգուշացում չէ ինչպես սաուդցիներին, այնպես էլ Արևմուտքին ու Թուրքիային։ Ֆիրուզաբադին վայելում է այաթոլլահ Խամենեիի առանձնակի վստահությունը, նա գլխավորում է թե՛ Իրանի սահմանադրական զինված ուժերը, թե՛ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Հետևաբար, Թեհրանում առավելագույնս համախմբված են հանուն Սիրիայի ճակատամարտ տալու համար. զիջումներ չեն լինի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1822

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ