Վլադիմիր Պուտինին քամահրանքով են վերաբերվում Արևմուտքում, նախ և առաջ ԱՄՆ-ում: Ռուսաստանի ժողովրդագրական ճգնաժամը և տնտեսության արխաիկությունը (ծավալով 12 անգամ չինականից փոքր) հանգեցրել են նրա դիվանագիտական ու ռազմավարական ուժեղացման թերագնահատման, որի դրսևորումը դարձավ Ղրիմի անեքսիան, անջատողական շարժման կազմակերպումը Դոնբասում և միջամտությունը Սիրիայում: ՈՒժային քաղաքականության վրա շեշտադրման պատճառով Պուտինին երբեմն համարում են սովետական անցյալի բրածո: Իրականում նա մարմնավորում է ավտոկրատիայի ժամանակակից ձևը, որն արմատականորեն տարբերվում է ХХ դարի տոտալիտարիզմից:
Ռուսաստանում մինչև 1999 բոլորին անհայտ Վլադիմիր Պուտինը կարողացավ ապահովել իր անբաժանելի ու անժամկետ իշխանությունը: Պուտինի նոր Ռուսաստանը առաջին հերթին կայսերական է և հենվում է սովետիզմի ու ցարիզմի սինթեզի վրա, դադարել է տոտալիտար լինել, որովհետև հրաժարվել է կոմունիստական գաղափարախոսությունից, միակուսակցական համակարգից, ուղիղ պետական վերահսկողությունից տնտեսության ու հասարակության վրա, զանգվածային ահաբեկչությունից, որի խորհրդանիշը դարձավ ԳՈՒԼԱԳ-ը: Նոր Ռուսաստանը բացեց հիբրիդային վարչակարգերի դարաշրջանը, որոնք ոգեշնչում են ստանում ոչ միայն ավտորիտարիզմից, այլև ժողովրդավարությունից՝ ընտրությունների կազմակերպմամբ ու հասարակական կարծիքի դերով:
Պուտինի Ռուսաստանն առաջարկեց XXI դարի ավտոկրատիայի նոր մոդել հինգ սկզբունքների հիման վրա: Լիդերի անձի պաշտամունք, ում հաջողությունը ընտրություններում ապահովվում է քարոզչության ուռճացված ապարատով, որն ընդգրկում է ամեն ինչ, այդ թվում՝ թվային ԶԼՄ-ները: Մարքսիստական դոգմաների փոխարինումը ազգայնականությամբ և ուղղափառ հավատով: Մասնավոր մոնոպոլիաների վերահսկողություն ընկեր-օլիգարխների հետ սերտ կապերով: Մշտական ռազմական համայնապատկեր՝ Չեչնիայից Վրաստան, ՈՒկրաինա, Սիրիա: Վերջապես՝ ընդվզում հետպատերազմյան միջազգային համակարգի դեմ (որը, ինչպես պնդում են, արտոնյալ վիճակ է ապահովում Արևմուտքին)՝ օգտագործելով ԱՄՆ-ի ու Օբամայի թողած դիվանագիտական ու ռազմավարական վակուումը և Եվրոպայի քրոնիկ անուժությունը: Ռուսաստանը հերթական անգամ հարկադրված է վճարել ավտոկրատիայի կրքի համար: Ռուսաստանի տնտեսությանը բնորոշ են ռեցեսիաները, հումքային ռենտայից անփոփոխ կախվածությունը, ֆինանսական համակարգի փլուզումն ու կապիտալի արտահոսքը, որը հասել է տարեկան 150 միլիարդ դոլարի: Հասարակությունը տուժում է ժողովրդագրական ճգնաժամից, նոր միջին դասի թուլությունից, ուղեղների արտահոսքից: Այնուհանդերձ, Վլադիմիր Պուտինն ամուր պահում է իշխանությունը, իսկ նրա ռազմական ու դիվանագիտական հաջողությունները Մերձավոր Արևելքում Իրանի հետ զույգ կազմած՝ հակադրություն են ԱՄՆ-ի անհաջողությունների ամբողջ շղթայի:
Չի կարելի չընդունել, որ Վլադիմիր Պուտինի ձևավորած ավտոկրատ մոդելները շատ հետևորդներ ունեն: Նախ և առաջ՝ Թուրքիան, որտեղ, երկար ժամանակ վարչապետի աթոռ ունեցած Ռեջեփ Թայիբ Էրդողանը պատրաստվում է նախագահի ձեռքում կուտակել ամբողջ իշխանությունը՝ փոփոխություններ անելով Սահմանադրության մեջ: Նա հենվում է նույն հենարանին՝ ինչ Պուտինը, անձի պաշտամունք, ազգայնականության ու կրոնականության վերելք, խոշոր ընկերություններում ու ԶԼՄ-ներում մերձավոր համախոհներ, հիստերիկ տրամադրությունների տարածում հասարակական կարծիքի մեջ, ցուցադրական քաղաքացիական պատերազմ քրդերի դեմ: Չինաստանում Սի Ձինպինը դարձել է կոմկուսի ամենաազդեցիկ լիդերը Մաոյի ժամանակների և ակնարկում է, որ կարող է չսահմանափակվել իր նախորդների սահմանած տասնամյա ժամկետով: Բազում հիբրիդային վարչակարգեր են ձևավորվում Ասիայում ու Աֆրիկայում, որտեղ Բուրունդիից Կոնգո, պետությունների ղեկավարները խարխլում են իրավական պետության հիմքերը, որպեսզի մնան իշխանության: Ավտոկրատ վարչակարգերը միասնական ճակատով չեն հանդես գալիս: Չինաստանի գլխապտույտ թռիչքը, որ դարձավ աշխարհի առաջին տնտեսությունը, հակադրվում է ռուսական արտադրության փլուզման հետ: Ազգայնականությունն անբաժանելի է Սի Ձինպինի կառուցվածքային բարեփոխումներից, բայց Պուտինի հակառակն է: Չինական իմպերիալիզմը զգուշավոր է և ջանում է խուսափել ԱՄՆ-ի ու Ասիայի հետ ուղիղ առճակատումից, մինչդեռ Ռուսաստանը բացահայտ նրանց դեմ է գնում Սիրիայում, թեպետ կարող է հարվածի տակ ընկնել ռազմավարական առումով: Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր հայացքներ ունեն Սիրիայի վարչակարգի ու Բաշար Ասադի ճակատագրի հարցում:
Բոլոր դեպքերում՝ հիբրիդային կայսրություններին միավորում է Արևմուտքի նկատմամբ ընդհանուր ատելությունը, որին նրանք համարում են միաժամանակ գլխավոր հակառակորդ և անկման տնկարան: Խնդիրն ունի տնտեսական (Չինաստանը ձգտում է ցույց տալ, որ կապիտալիզմի իր ընկալումն ավելի արդյունավետ է ամերիկյանից), ռազմավարական (Պեկինը յուրացնում է Հարավ-Չինական ծովը, Մոսկվան ապակայունացնում է եվրոպական անվտանգությունը) և մարդկային բնույթ (Թուրքիան շանտաժ է անում Եվրոպային փախստականներով): Նոր ավտոկրատները բավարար ժամանակ ունեն, որ նրանց թույլ է տալիս իրականացնել հետևողական ու երկարատև ռազմավարություններ՝ քաոսային ու ագրեսիվ աշխարհում: Այսպիսի պայմաններում ժողովրդավարությունները պետք է բարեփոխումներ անեն ու միավորվեն՝ պաշտպանելու համար ազատությունը և պատասխան գտնելու XXI դարի գլոբալ մարտահրավերների աղբյուրներին:
"Le Figaro", Նիկոլյա ԲԱՎԵՐԵ
Հ.Գ.
Եթե աշխարհում վաղուց իրականություն են հիբրիդային պատերազմները, հնարավոր են նաև հիբրիդային պետությունները: Ամբողջ խնդիրը նրանց հետագա զարգացումն է, որովհետև հիբրիդային պետությունները անցումային փուլ են և գլխավորը՝ դեպի ուր գնալն է: Հիբրիդային ցանկացած պետության հիմքում զարգացման ներհակ հնարավորություններ կան, միայն այդ դեպքում է հնարավոր կամային որոշումներով պետություն ղեկավարել և հասարակական աջակցություն ունենալ: Որ կողմը կհաղթի՝ այն կողմ էլ կշարժվի պետությունը: Հիբրիդային պետության ամենամեծ վտանգը, այնուամենայնիվ, մնում է ինքնափլուզումը՝ տնտեսությունը կարող է «չձգել» քաղաքական նպատակների իրականացմանը:
Եթե կողքից նայենք, նույնքան հիբրիդային պետություն է Հայաստանը, պակասում է միայն ազգայնականությունն ու կրոնականությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ