ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գալիք օրն ինչ է խոստանում տարածաշրջանի քրդերին

Գալիք օրն ինչ է խոստանում տարածաշրջանի քրդերին
23.10.2015 | 00:05

Անդրկովկասի հարևան տարածաշրջաններում իրադրությունն օրեցօր ավելի ու ավելի է մոտենում ինչ-որ հանգուցալուծման, ընդ որում` ոչ վերջնական։ Որոշ բաներ հիշեցնենք մեր ընթերցողին. Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) օդահրթիռային գործողությունները նոր-նոր են թափ առնում, մինչդեռ ցամաքում վճռական հակահարձակման են անցել Սիրիայի զինված ուժերը, իրանցի կամավորները, այլ երկրների շիադավան կամավորները, ինչպես նաև սիրիացի քրդերից, հայերից, ասորիներից ու դրուզներից բաղկացած աշխարհազորը։ Հաճախացել են ջիհադական ահաբեկիչների փախուստի դեպքերը, նախ և առաջ Թուրքիա և Իրաքի` «Իսլամական պետություն» կոչեցյալ խմբավորման կողմից վերահսկվող տարածքներ։ Միաժամանակ ուժեղանում են Բաղդադի քառակողմ (Ռուսաստան-Իրան-Իրաք-Սիրիա) ռազմատեղեկատվական կենտրոնի աշխատանքն ու գործակցությունը։ Ընդ որում, Արևմուտքը, բնականաբար, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, կտրականապես հրաժարվում է մտնել «չորսի» կոալիցիա, հիանալի հասկանալով ու տեսնելով, որ նրանց «ստվերում» կանգնած է Չինաստանը։ Հիմարագույն հրաժարումը հայտնելու իմացածն այն մասին, թե ում «կարելի է» և ում «չի կարելի» ռմբակոծել Սիրիան, պատմության մեջ կմտնի որպես բացահայտ ապացույց այն բանի, որ ԱՄՆ-ը մասնակից է եղել նաև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների թե՛ կազմավորմանը, թե՛ զորեղացմանը։ Դե, իսկ հրաժարումը Պենտագոնի պատվիրակությանը Մոսկվա ուղարկելուց կամ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունելուց, այնուհետև Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարական պատվիրակությանն ընդունելուց, երևի, ժամանակ անց կարժանանա միջազգային հանրության բարձր գնահատականին։ Չէ՞ որ ԱՄՆ-ը բառացիորեն ստորագրում է այն բանի տակ, որ ԻՊ-ն Ամերիկայի դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, որովհետև այն խնդրանքին, որ խստիվ մատնացույց արվի, թե Սիրիայում որտեղ է տեղաբաշխված տխրահռչակ «սիրիական ընդդիմությունը» և որտեղ է առհասարակ գտնվում «Սիրիական ազատ բանակը», ամերիկյան կողմը լռությամբ պատասխանեց։
Մինչդեռ Թուրքիան, այնուամենայնիվ, չնայած երկրի ներսում կատարված մի շարք ահաբեկչական ակտերին, շարունակում է միանգամից մի քանի կարևոր «գործ»։ Նախ, շարունակում է մոտենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թեև հասկանալի է, որ թուրք-քրդական պատերազմի պայմաններում հազիվ թե այդ ընտրություններն անցնեն հանգիստ ու քաղաքակիրթ մթնոլորտում։ Երկրորդ, շարունակում է Ռուսաստանին և Իրանին հրահրել ինչ-որ գործողությունների, այս անգամ իբր խփված «ռուսական անօդաչու սարքի» մասին ապատեղեկատվությամբ։ Հետո թուրքերը «ուղղվեցին». պարզվեց, որ անօդաչու սարքն «անհայտ պատկանելության» է։ Երրորդ, շարունակում է, այս անգամ նաև ՆԱՏՕ-ի մասնակցությամբ, ռմբակոծել քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամ քրդերին։ Եվ ոչ միայն Իրաքի սարերում, այլև Արևմտյան Հայաստանում և Միջագետքում, այսինքն, իր հարավարևելյան տարածքներում։ Ավելին, հարվածներ են հասցվում նաև Սիրիայի քուրդ աշխարհազորայիններին, համենայն դեպս, նրանց թիկունքի օբյեկտներին, մասնավորապես` Հալեպից ոչ հեռու գտնվող։ Համեմատաբար «լուռ» է Իրաքում, ընդ որում, այդպես էլ կրկնական հաստատում չկա այն բանի, որ Հայդեր ալ-Աբադիի շիական կառավարությունը Ռուսաստանից խնդրել է ՌՏՈՒ հակաահաբեկչական գործողությունները տարածել նաև Իրաքի տարածքի վրա։ Այդուամենայնիվ, Իրանը հավաստել է, որ Սիրիան իսլամիստներից «մաքրելուց» հետո կգա նաև Իրաքում ցամաքային գործողությունների հերթը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանը առայժմ չեն խոսում այն մասին, որ Թուրքիան, «օգտվելով աղմուկից», ակտիվորեն և հույժ «թուրքական ձևով» լուծում է քրդական հարցը տարածաշրջանում։ Արևմուտքը առավել ևս «չի խոսում», մի տեսակ բոլորն էլ «քրդերի սիրտը չունեն»։
Բայց քրդերին, պարզվում է, հիշողներ կան այնուամենայնիվ։ Ինչպես և սպասվում էր` Արևմուտքում։ Հիմա արդեն կարելի է համոզված արձանագրել` քրդերի, մասնավորապես Սիրիայի քրդերի նկատմամբ Արևմուտքի հանկարծական հետաքրքրության առիթը դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ելույթի այն մասը, որտեղ նա հստակորեն մատնանշեց, որ ԻՊ-ի զինյալների դեմ իրապես կռվում են միայն Սիրիայի զինված ուժերն ու «քրդական աշխարհազորը»։ Իհարկե, Ռուսաստանի առաջնորդը շատ լավ գիտի, որ դա այնքան էլ այդպես չէ, նրա ձեռքի տակ հսկայական քանակությամբ տվյալներ կան այն մասին (ընդ որում` դեռ 2013-14 թթ. սկսած), որ Սիրիայի քրիստոնյաներն ու դրուզները պայքարի են ելել հանուն իրենց հայրենիքի և ակտիվորեն օգնում են սիրիական բանակին։ Պուտինը բավականին տվյալներ ունի այն մասին, որ սիրիացի արաբներն իրենք էլ են առանձնացնում թե՛ հայկական աշխարհազորը, թե՛ Սիրիայի կանոնավոր բանակի` հայերից բաղկացած ստորաբաժանումները։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հյուսիսային Սիրիային. չէ՞ որ այնտեղ շատ են հայերի ու քրդերի համատեղ բնակավայրերը (նույն Հալեպը, Էլ Ղամըշլին, Հասսեկը, Դեր Զորը և այլն)։ Միևնույն ժամանակ, հասկանալի է, թե ինչու Պուտինն ընդգծեց քրդական գործոնը, լռության մատնելով համաքրիստոնեականը, կոնկրետ պարագայում` հայկականը։ Սա էր Ռուսաստանի ռազմավարական խնդիրը. հասկանալ տալ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին, որ Մոսկվան ու նրա դաշնակիցները զգուշացնում են` սպառվում են վերջին ամիսները, երբ քրդական գործոնը լիովին և անվերապահորեն խաղալիք է Արևմուտքի ու Թուրքիայի ձեռքին։
Իրոք, Թուրքիայում և մի շարք արևմտյան երկրներում արգելված PKK-ն առնվազն նախկին խորհրդային հակահետախուզության «վաղեմի հաճախորդն» է։ Ոչ պակաս «վաղեմի հաճախորդ» է Մոսկվայի համար նաև Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին։ Դե, իսկ Սիրիայի քրդերի համահավաք բնակության տարածաշրջաններում մի ժամանակ քիչ չէին պատրաստության առաջավոր բազաները, վարժական ճամբարները, ենթակառուցվածքի օբյեկտները և այլն։ Հիմա սիրիացի քրդերը, հատկապես «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությունից (PYD) ու նրա ռազմական կազմավորումներից, ջիհադականների և Թուրքիայի ամենաոխերիմ հակառակորդներն են տարածաշրջանի բոլոր քրդերի մեջ։ Իսկ Քրդական հարցում իրավիճակը սրվում է։ Նախ, հոկտեմբերի 10-ին, այսինքն, Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր քրդեր, PKK-ի մարտական ջոկատները հանկարծակի հայտարարեցին ռազմական գործունեությունը դադարեցնելու մասին, իբր նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «չխոչընդոտելու համար»։ Անմիջապես երևում է, որ դա ընդամենը խորամանկ քայլ է, որովհետև, օրինակ, այն վիլայեթներում ու քաղաքներում, որոնք շրջափակված են թուրքական բանակի ու անվտանգության ուժերի կողմից, իրականում ոչ մի ընտրություն չի լինի։
Երկրորդ, ԱՄՆ-ը, այսպես կոչված «սիրիական ազատ բանակի» կազմից շտապ հանեց երկու խմբավորում, որոնց անվանումը քիչ բան է ասում ընթերցող հանրությանը, և նույնքան օպերատիվորեն այդ արաբ ծայրահեղականներին քրդական խմբավորման «պիտակ կպցրեց»։ Այդ խմբավորումը ևս ամերիկացիները հանել են Քրդական գերագույն կոմիտեի (DBK) կազմից, որը գլխավորում է ջիհադականների և Թուրքիայի դեմ քրդերի զինված պայքարը։ Ինքնըստինքյան պարզ է, որ DBK-ի գլխավոր դիրքերը PYD-ի և նրա զինված ջոկատների ձեռքին են։ Բայց, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ը քրդերի շրջանում ունեցել է և ունի իր «ջոկերները»։ Այդ երեք «ըստ հետաքրքրությունների ակումբները» հայտարարել են նոր ազգային ժողովրդավարական ընդդիմադիր կոալիցիա ստեղծելու մասին։ Եվ ահա օրերս Պենտագոնի մամուլի ծառայությունը, մեկնաբանելով Սիրիայում զինամթերքի ըստ էության անհասցե նետումները, հատկապես վերջին 50 տոննայի, խոստովանեց, որ «ամերիկյան ռազմական օգնության ինչ-որ մասն ընկնում է քրդերի ձեռքը»։
Երրորդ, դրանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայում իր պաշտոնակից Տիմո Սոյնիի հետ տված մամուլի ասուլիսում հանկարծ հավաստեց, որ Մոսկվան արդեն օգնություն է ցուցաբերում ոչ միայն Սիրիայի և Իրաքի կառավարություններին, այլև, «Բաղդադի հետ համաձայնեցված», «Իրաքի քրդերին»։ Դե, իսկ ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, ինչպես վերն ասացինք, հայտարարել էր Վ. Պուտինը, այն էլ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։ Եվ, ի միջի այլոց, միայն մեկ շաբաթ հետո հայտնի դարձավ, որ Թուրքիան դեռ հոկտեմբերի 13-ին իր արտգործնախարարություն էր հրավիրել Թուրքիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպաններ Անդրեյ Կառլովին և Ջոն Բասսին, առանձին-առանձին, և հայտարարել, որ անթույլատրելի է ռազմական օգնության ցուցաբերումը Սիրիայի քրդերին։ Հասկանալի բան է։ Անկարայում համարել և համարում են, որ սիրիացի քրդերի կազմակերպությունները քրդական աշխատավորական կուսակցության աջակիցներ են։ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոսքերով, սիրիացի քրդերը կարող են դրանք օգտագործել Թուրքիայի դեմ։ «Դա առնչվում է մեր ազգային անվտանգությանը։ Բոլորը հիանալի գիտեն, թե ինչ միջոցներ ենք մենք ձեռնարկում նման դեպքերում»,- ասել է նա։
Թե ինչու է ԱՄՆ-ը նոր կոալիցիա ստեղծում հանկարծ, նրանում ներառելով գոնե մեկ քրդական կազմակերպություն, հասկանալի է։ Նախ, չէ՞ որ ստիպված էր խոստովանել, որ Սիրիայում իշխանությունն իրապես պատկանում է միայն ու միայն Բաշար Ասադին, քանի որ Սիրիայի զինված ուժերը ահա արդեն չորս տարի հաջողությամբ պաշտպանվել են ջիհադականներից ու օտարերկրյա վարձկաններից, որոնք առատորեն ֆինանսավորվում են Արևմուտքի բոլոր առաջատար երկրների, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի կողմից։ Հիմա արդեն ամերիկացիների սիրած «չափավոր իսլամականներ» տերմինը շատ է խամրել, ու նաև ոչ մի տեղ չեն կարողանում գտնել ո՛չ «սիրիական չափավոր ընդդիմությունը», ո՛չ տխրահռչակ «սիրիական ազատ բանակը»։ Իսկ միանգամայն հավանական է, որ արդեն 2016 թ. կեսերին Ռուսաստանը, Իրանը, Իրաքը և Բաշար Ասադը կնախաձեռնեն նաև քաղաքական գործ։ Դատելով ըստ ամենայնի, ամերիկացիները որոշել են դեն նետել արաբա-քրդական խառնախումբը և այսուհետ այն կներկայացնեն իբրև «չափավոր իսլամականներ»։ Չի ստացվի։ Արաբական կառույցներից առաջինը «մերկացվեց» ԻՊ-ին ծառայելու մեղադրանքով, երկրորդը ոչ պակաս ծայրահեղական և հետադիմական «Ջեբհաթ ան-Նուսրան» է։ Երկրորդ, ԱՄՆ-ը պարզորոշ հասկացել է, որ Ռուսաստանի և Իրանի նպատակը տարածաշրջանի քրդերին Վաշինգտոնի ազդեցությունից ու վերահսկողությունից լիովին «կտրելն է»։ Եվ մոգոնելով ինչ-որ (թող որ սոսկ քարոզչական) արաբա-քրդական դաշինք, ԱՄՆ-ը ապագայի «հիմք է գցում», որպեսզի ռուսներին ու իրանցիներին ցույց տա, որ Վաշինգտոնը «ձեռք չի քաշի» Քրդական հարցից և ապագայում կփորձի արաբա-քրդական դաշինքի հիմքի վրա ստեղծել նոր ԻՊ-ի նման մի բան։ Հիշեցնենք, որ այդ խմբավորումն էլ էին ստեղծել ամերիկացիները` 2003 թ. Իրաքի տարածքում, և սկզբում այն հենց քրդական էր։
Եթե անկեղծ ասեմ, մեղք են քրդերը։ Նրանք արդեն ռազմավարական առումով տանուլ են տալիս, եթե անգամ Սիրիայի քրդերին ինչ-որ «ինքնավարություն» նետեն, իսկ Իրաքի քրդերին դաշնային կամ համադաշնային կարգավիճակ տան։ Այո, նախանձելի չէ օտար քաղաքականության ձեռքին գործիք լինելը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ