ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Աստված նրանց դրեց մեր ափսեի մեջ

Աստված նրանց դրեց մեր ափսեի մեջ
21.10.2015 | 12:21

Երկու խոչընդոտ միգրանտների ճգնաժամի հաղթահարման ճանապարհին


Եվրոպան բախվել է արտակարգ իրավիճակի, իսկ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը խանգարում են կարգավորմանը՝ գրել է Ժան Մարի Կոլոմբանին Slate-ում: Միգրանտների հոսքի կառավարումը, որի պատճառը նախ և առաջ սիրիական քաոսն է, դարձել է եվրոպական պետությունների ղեկավարների գլխավոր պրոբլեմներից մեկը: Բայց ինչպես միշտ՝ Եվրոպան գործում է չափազանց դանդաղ: Բացի մշտական պրոբլեմից՝ հայտնվել են լրացուցիչ երկուսը ևս՝ Թուրքիան ու Ռուսաստանը, կամ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը: Հիմա Թուրքիայի տարածքում կան 2,5 միլիոն սիրիացի փախստականներ: Թուրքիայի կամքից է կախված հնարավոր վերահսկողությունը սիրիական սահմանը խախտողների նկատմամբ նախ Հունաստանի, ապա մայր ցամաքի ուղղությամբ: Եվրոպացիներն Անկարային առաջարկել են գործողությունների ծրագիր, որ նախատեսում է 3 միլիարդ դոլար՝ փախստականների ճամբարի բարեկարգման համար և նրանց հայրենիք վերադարձը, ովքեր ապաստանի իրավունք ստանալու հիմքեր չունեն: Փոխարենը Թուրքիան ցանկանում է, որ բավարարվեն իր երկու հիմնական պահանջները՝ վիզային ռեժիմի պարզեցում և «հուսալի երկրի» ճանաչում՝ այլ խոսքով իրավական պետություն: Այդ առնչությամբ ծագում է առաջին պրոբլեմը՝ Էրդողանը դառնում է ավելի ու ավելի ավտորիտար ղեկավար, որ վարում է կասկածելի արտաքին քաղաքականություն (օրինակ, երկակի դիրքորոշում ունի ԻՊ-ի նկատմամբ): Բայց եվրոպացիները հարկադրված են նորից Թուրքիային դաշնակից դարձնել: Երկրորդ պրոբլեմը Էրդողանի երկրի ներսում վարած քաղաքականությունն է: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նա անցկացնում է միայն մեկ նպատակով՝ մեծամասնություն ապահովել իր կուսակցության համար: Նա անխնա պատերազմ է սկսել քրդերի դեմ, որ Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի գլխավոր ուժն են: Ոչինչ չի վկայում, որ Էրդողանն ի զորու է վերահսկել իրավիճակը, որ դառնում է ավելի անկայուն ու վտանգավոր:
Եվրոպացիների երկրորդ մեծ պրոբլեմը մարմնավորում է Պուտինը, որ աշխարհը կատարված փաստի առաջ դրեց՝ Սիրիայում կոնֆլիկտի մեջ մտնելով, որպեսզի օգնի Բաշար Ասադին: Այս փաստն ունի երկու հետևանք՝ ռուսական կողմը ռմբակոծում է Ասադին ընդդիմադիր ուժերի դիրքերը, բայց ոչ ԻՊ-ի դիրքերը, որ հանգեցնում է փախստականների նոր ալիքի: Երկրորդ՝ ռուսական գործողությունները արգելակում են Սիրիայի հյուսիսում երկրից հեռանալ ցանկացող սիրիացիներին ընդունելու համար բուֆերային գոտի ստեղծելու եվրոպական ծրագիրը:
Slate.fr


Մերկելի թանկարժեք ալտրուիզմը
«Մոտավորապես մեկ ամիս առաջ, երբ Անգելա Մերկելին համարում էին խաղաղության Նոբելյան մրցանակի օրինակելի թեկնածու, նրան հարցրին՝ ինչպես որոշեց, որ Գերմանիան կարող է անսահմանափակ թվով փախստականներ ընդունել: Կանխատեսվում է, որ այդ տարի մեկ միլիոնի չափ փախստականներ կլինեն, որ ճողոպրում են Բաշար Ասադից, «Իսլամական պետությունից» և ռուսական պատերազմներից Սիրիայում ու Իրաքում: Նա պատասխանեց՝ հղում անելով Մյունխենի արքեպիսկոպոս Ռեյնհարդ Մարքսին՝ «Ես կարդինալ Մարքսի պես եմ տրամադրված, որ ասաց. «Աստված նրանց դրեց մեր ափսեի մեջ»: Մերկելը (ում Der Spiegel-ի կամ Frankfurter Allgemeine Zeitung-ի խմբագիրները նաև Մայր Թերեզա կամ Սուրբ ժաննա՝ փախստականների հովանավոր են անվանում) գիտի՝ ինչ է սնափառությունը: Նա իրեն այնպես է պահում, ասես իր քաղաքականությունը կապ չունի, որ մերձավորարևելյան առճակատումը հեղեղեց Եվրոպայի առօրյան»,- գրում է Ջոն Վինոկուրը The Wall Street Journal-ում:
«Ընդհանրապես Գերմանիան, որ առանցքային դեր ուներ Եվրոպայում Մերկելի տասնամյա կանցլերության ընթացքում, չկարողացավ կասեցնել Սիրիայի տրոհումը և փախստականների ճգնաժամը: Բեռլինը թիկունք էր դարձնում այն ամենին, ինչ հիշեցնում էր ռազմական միջամտություն: Երբեմն Մերկելը երկիմաստ հայտնվում էր Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև կամ պնդում էր, որ եթե Մոսկվայի հետ խոսվի ճիշտ ու հարգալից տոնով, Սիրիան լինի, թե ՈՒկրաինան, Մոսկվան կքրթմնջա ու զենքը տեղը կդնի»,- հիշեցրել է հեղինակը:
«Մերկելի թույլատրած՝ փախստականների անսահմանափակ հոսքը վկայեց, որ շարքային գերմանացիները հասկացան՝ իրենց երկիրն ապրում է տխրության հարևանութամբ: Մերկելի ելակետը, որ կարող է Գերմանիայի հոգեկան աշխարհը մեկուսացնել մերձակայքում դղրդացող արտաքին քաղաքական իրադարձություններից՝ քարուքանդվող Մերձավոր Արևելքից, ռուսական ագրեսիայից ՈՒկրաինայում ու Սիրիայում, կարող է փլուզվել»՝ եզրակացնում է Ջոն Վինոկուրը:
The Wall Street Journal
Հ.Գ.
Իսկ կիրակի օրը Անկարայում, հանդիպելով նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, Գերմանիայի կանցլերը հանգիստ բանակցում էր՝ թուրքական սուլթանների գահավորակին նստած: Ճիշտ է՝ որևէ սուլթան երբևէ այդ գահավորակներին չի բազմել, Թուրքիայի նախագահն ընդամենը պատճենել է նրանց պերճանքը, և հյուրը չի որոշում տանտերը իրեն ինչի վրա նստեցնի, բայց կար ինչ-որ մռայլ խորհրդանիշ անցյալի սուլթանների, գերմանացի կանցլերի և գահավորակի «հանդիպման» մեջ: Փախստականների հոսքը Թուրքիայում կասեցնելու համար Գերմանիայի կանցլերը Էրդողանին խոստանում էր դյուրացնել Անկարայի մուտքը Եվրամիություն ու ֆինանսավորել փախստականների ճամբարները: Ֆինանսավորելը կստացվի, իսկ Եվրամիությո՞ւնը: Իսկ Անկարայի չկատարած պարտավորություննե՞րը: Բրյուսելը պիտի աչքերը փակի ամեն ինչի առաջ ու սիրաշահի Թուրքիային, որ փախստականները մոռանա՞ն Եվրոպան: Պատկերացնո՞ւմ եք՝ Ֆրանսիայի նախագահն էլ ընդունի Էրդողանին ու նստեցնի Նապոլեոնի գահավորակին: Առաջին հայացքից սենսացիա է, բայց ոչ մի համեմատություն սուլթանի գահի պատճենի հետ՝ կայսեր գահը հասարակ կաղնեփայտ է՝ նստատեղը մաշված մուգ բալագույն թավիշով: Բայց այդ գահին նստած մարդը ժամանակին որոշել է Եվրոպայի ճակատագիրը, նաև՝ Ռուսաստանի, նաև՝ Աֆրիկայի: ՈՒ իրականում դա է խորհրդանիշը թե Եվրոպայի, թե Ասիայի: Եվրոպան գնահատում էր բովանդակությունը, Ասիան՝ ձևը: Պատճենումների մեր ժամանակներում ամեն ինչ խառնվել է իրար՝ կենցաղավարությունից՝ քաղաքականություն: Սուլթանից՝ կանցլեր: Իսլամական պետությունից՝ Բաշար Ասադ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ