ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վլադիմիր Պուտինի իրական նպատակը (ձեր մտածածը չէ)

Վլադիմիր Պուտինի իրական նպատակը (ձեր մտածածը չէ)
16.10.2015 | 11:54

Ռուս դիկտատորը ուզում է վերահսկել նավթային ռեսուրսներն ամբողջ աշխարհում


«Մի հիմարացեք, նավթն է խնդիրը: Նավթ է պետք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սիրիայում»՝ The Washington Times-ում գրում է Մոնիկա Կրոուլին:
«1970-ականների սկզբին նախագահ Ռիչարդ Նիքսոնին հաջողվեց ռուսներին դուրս մղել Մերձավոր Արևելքից: Հիմա նրանք վերադարձել են և պատրաստվում են վրեժ լուծել՝ շնորհիվ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականության, որ ենթադրում է վախվորած հեռացում տարածաշրջանից և Ամերիկայի ազդեցության ընդհանուր նվազում»,-գրում է Կրոուլին: Նա կարծում է, որ Պուտինը սառնասիրտ պաշտպանում է Ռուսաստանի ազգային շահերը, իսկ այս պահին նրա գլխավոր շահը տնտեսության վերականգնումն է, որ խարխլվել է տնտեսական պատժամիջոցներով և էժան նավթով:
«Էժան նավթն ամենից շատ է նյարդայնացնում Պուտինին, այդ պատճառով նրա սիրիական արկածախնդրության նպատակն է ուղղակի վախեցնել այն երկրին, որը Մոսկվային ամենից շատ է վնասում՝ Սաուդյան Արաբիային՝ նրան օղակի մեջ վերցնելով՝ Իրան, Իրաք, Սիրիա ալյանսով՝ Ռուսաստանի գլխավորությամբ և վերահսկողություն հաստատելով գազատարի վրա, որ Իրանից դուրս գալով՝ անցնում է այդ երեք պետությունների տարածքով»՝ ենթադրում է Կրոուլին: Պուտինը վաղուց էր եվրոպական գազային շուկան պատանդ պահում՝ նպատակ ունենալով՝ թույլ չտալ, որ Իրանով, Իրաքով, Սիրիայով անցնող գազատարը թուլացնի իր ազդեցությունը, նա մտադիր է գազատարը փաստական վերահսկողության տակ վերցնել՝ դուրս մղելով սաուդյան նավթային շահերը և ավելի ուժեղ աքցանելով եվրոպական էներգետիկ շուկան՝ պնդում է լրագրողը:
Կրոուլին վստահ է, որ Կասպից ծովի նավերից արձակված ռուսական թևավոր հրթիռները «նախազգուշական կրակոց» էին Էր Ռիադի համար: «Ռուսաստանը օղակում է Սաուդյան Արաբիային զենքով, զորքով և ալյանսներով՝ այդ թվում Եգիպտոսի ու Իսրայելի հետ՝ նպատակ ունենալով Էր Ռիադին այնպիսի առաջարկ անել, որից նա չի կարող հրաժարվել՝ նվազեցնել նավթի արդյունահանումը, որպեսզի գները բարձրանան, թե չե վատ կլինի»՝ գրում է Մոնիկա Կրոուլին:
«Սաուդցիները գիտեն, որ Օբամայի վրա չեն կարող հույս դնել: Նրանք տեսան՝ ինչպես Օբաման դավաճանեց ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին և կարծում են, որ Օբաման արդեն դավաճանել է իրենց՝ օրինականացնելով Իրանի կարգավիճակը ինչպես համարյա միջուկային պետության»՝ կարծում է հեղինակը: Ռուսական ուժի ցուցադրությունը աշխատում է՝ նավթի գները վերջերս բարձրացել են:
«Վերահսկում ես նավթը՝ վերահսկում ես համաշխարհային տնտեսությունը: Այս պահին Ռուսաստանը մտադիր է թե մեկը, թե մյուսն անել»՝ համոզմունք է հայտնում Կրոուլին:
The Washington Times
Հ.Գ.
Ամեն ինչ գուցե հենց այսպես է, բայց Իրանն ինչո՞ւ է խաղում այս խաղը, լավ իմանալով, որ նավթի հարցում Ռուսաստանի հետ ոչ թե դաշնակից, այլ մրցակից է: Եթե ոչ այսօր, վաղը՝ հաստատ: Թեպետ այս տեսակետը բնավ էլ արտառոց չէ՝ իսկ ինչի՞ համար էր ծրագրված ամբողջ «արաբական գարունը», եթե քարտեզ լիներ ձեր դիմաց, կտեսնեիք, որ ընդամենը նավթի ճանապարհն էր բացվում ու նաև փոխվում՝ ավելի կարճ ու հարմար դառնալով: Իսկ եթե հընթացս կփրկվի Ասադը, ինչո՞ւ ոչ: Պետք կգա: «Ի՞նչ է Պուտինն ուզում իրականում» հարցը, որ բարեխիղճ իրեն ամեն օր տալիս է արևմտյան մամուլը սեպտեմբերի վերջին օրից, ունի պատասխանների գլխապտույտ ամբողջություն, որտեղ գործում է պատճառահետևանքային կայուն համակարգ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ