ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան քաղում է իր անմաքրաբարո և մարդատյաց քաղաքականության պտուղները

Թուրքիան քաղում է իր անմաքրաբարո և մարդատյաց քաղաքականության պտուղները
16.10.2015 | 00:49

Հոկտեմբերի 7-ը բավական չարագույժ ամսաթիվ է դառնում շատ երկրների համար, այդ թվում` մեր տարածաշրջանի։ Քաղաքականության համաշխարհային կենտրոնները և լրատվամիջոցները շարունակում են քննության առնել Սիրիայում գործող ահաբեկչական տարբեր խմբավորումների դիրքերին «Կալիբր-HK» թևավոր հրթիռներով Ռուսաստանի հասցրած հարվածները, սկսած տխրահռչակ «Իսլամական պետությունից» (ԻՊ)։ Ինչպես նաև այդ օրը սկսված և շարունակվող` Սիրիայի բանակի և նախագահ Բաշար Ասադի նկատմամբ բարեհաճ, առանց բացառության բոլոր աշխարհազորայինների հակահարձակումը։ Արդեն ինքնըստինքյան Ռուսաստանի այդ զուգակցված ռազմածովային և հրթիռային գործողության մանրամասներն ու Սիրիայում սրընթաց փոխվող ռազմավարական իրադրությանը տարբեր պետությունների արձագանքն արդեն խոսակցության ու վերլուծության առանձին թեմա են։ Սակայն բանն այն է, որ հենց հոկտեմբերի 7-ին ինչ-որ ուժեր, որոնք իրենց մասին դեռ չեն հայտարարել, հրեշավոր ահաբեկչական ակտեր իրականացրին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Շուրջ 100 մարդ է զոհվել, մոտ 300-ն էլ ծանր վիրավորվել է և, շատ գնահատականների համաձայն, զոհերի քանակն աննախադեպ է։

Թուրքիայի կառավարությունն այնքան էլ չի փոխել իր վերաբերմունքը հանցագործությունների նկատմամբ, մինչդեռ Անկարայում 3-5 վայրկյան տարբերությամբ երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հետևել են նույն սովորական դարձած մեղադրանքները, հիմնականում մատնացույց անելով քրդերին, միայն այս անգամ իբրև առաջին կասկածյալ հիշատակված է ԻՊ-ն, իսկ քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) երկրորդն է. սովորաբար վարչապետ Դավութօղլուն կամ այլ բարձրաստիճան թուրքեր միշտ առաջին տեղում նշում են PKK-ի քրդերին։ ՈՒ երևի «տարակերպության համար» այս անգամ թուրքական իշխանությունները հիշատակել են նաև երկու ձախ երիտասարդական կազմակերպություններ։ Բայց մեկ անգամ ևս ընդգծենք. իրականում Անկարայի ահաբեկչական ակտերի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։ Ինչն է հետաքրքիր. Թուրքիայի նախագահին համարյա ամենաառաջինը ցավակցել են Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը։ Հարցն այն չէ, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին ամենից շատ էր ցավ պատճառել Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցածը, և ոչ էլ այն, որ Պուտինն ու Սարգսյանը որպես երկար տարիներ պետական մակարդակով միջազգային ահաբեկչության դրսևորումներին բախվող երկրների առաջնորդներ, ամենից լավ են հասկանում, թե ինչի է բախվել Թուրքիան 2015 թ. հոկտեմբերի 7-ին։ Ի վերջո, Թուրքիայում տասնամյակներ ի վեր չեն հանդարտվում ո՛չ ահաբեկչական ակտերը, ո՛չ թուրք-քրդական պատերազմը։ Դե ուրեմն էլ չենք խորանա, ընդունենք, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներն ուղղակի իբրև հարևաններ շտապել են ցավակցություն հայտնել Անկարային։ Թեև նշենք, որ այդ Թուրքիան էր մինչև հոկտեմբերի 7-ը, թեկուզ բանավոր, սուր ճոճում և տարբեր կարգի սպառնալիքներ տեղում Մոսկվայի և Երևանի հասցեին։
Թուրքական MIT հատուկ ծառայությունը հոկտեմբերի 12-ին նախազգուշացրեց, որ հնարավոր է ահաբեկչական ակտերի նոր շարք։ Ինչպես MIT-ի աղբյուրներից հայտնի է դարձել թուրքական «Milliyet» թերթին, մոտ 20 մահապարտ ահաբեկիչներ հարձակումների են պատրաստվում Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Բրիտանական «Reuters» գործակալության թղթակցի հետ զրուցելիս թուրքական հատուկ ծառայությունների երկու աղբյուրներ մատնանշել են, որ Անկարայում տեղի ունեցած պայթյունների ձեռագիրը հար և նման է երկրի հարավում հուլիսի 20-ին կատարված ահաբեկչական ակտին։ Թուրքիայի «Anadolu» լրատվական գործակալությունը հաղորդել է 43 կալանավորների մասին, որոնք կասկածվում են Անկարայի պայթյուններին մասնակցության մեջ։ Ձերբակալություններ են կատարվել ամբողջ երկրում` Իզմիրից մինչև հարավ-արևելքում գտնվող ՈՒրֆա քաղաք։ Թուրքական «Haberturk»-ի տվյալներով, ահաբեկչական ակտերը կարող էին կատարել ԻՊ-ի «Adiyaman» կոչվող տեղական բջջի զինյալները (Թուրքիայի հարավարևելյան համանուն նահանգի անունով)։ Այսպես թե այնպես, հոկտեմբերի 8-ից իշխանությունները եռօրյա սուգ հայտարարեցին երկրում և այդ օրերին դադարեցրին ընտրարշավը։ Էրդողանը հստակորեն հասկանալ տվեց, որ մտադիր չէ չեղարկել նոյեմբերի 1-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Այստեղից էլ, մեր կարծիքով, սկսվում է հոկտեմբերի 7-ին Անկարայում տեղի ունեցած երկու ահաբեկչական ակտերի գաղտնիքների խորությունը։ Ի՞նչ և ո՞վ է պայթեցվել, ուրեմն` ահաբեկվել։ Թուրքիայի իշխանություննե՞րը։ ՈՒժայիննե՞րը։ Առաջատար լրատվամիջոցների ինչ-որ խմբագրություննե՞ր։ Կառավարական հիմնարկնե՞ր և այլն, և այլն։ Ո՛չ։ Հակապատերազմական հանրահավաքի նախապատրաստական աշխատանքներ էին կատարվում, որից անմիջապես հետո պետք է տեղի ունենար քրդամետ «Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախընտրական հանրահավաքը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ ապագա ողբերգության վայրում հավաքվածների ճնշող մեծամասնությունը հենց քրդեր էին և հասկանալի է նաև, թե ինչու էին նրանք հավաքվել բողոքելու, ինչպես նաև աջակցելու HDP-ի անդամներին և նրա առաջնորդ Սելահետտին Դեմիրթաշին։ Չէ՞ որ թուրքական իշխանությունները, փաստորեն, փակել են քաղգործիչների, լրատվամիջոցների, օտարերկրացիների մուտքը հարավարևելյան Հաքյարիի, Շիրնաքի, Սիիրթի, Մարդինի, Իգդիրի և այլ վիլայեթներ։ Եվ եթե Ջիզրե և Յուքսեկովա քաղաքների ողբերգության մասին սոցցանցերի և «Youtube»-ի շնորհիվ գոնե ինչ-որ բան հայտնի է, ապա բացարձակապես ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե Թուրքիայի բանակն ու ժանդարմերիան ինչեր են անում Իգդիրում։ Ինչը, ի դեպ, խիստ կարևոր է ոչ միայն քրդերի, այլև հարևան Հայաստանի և Իրանի համար (Իգդիրը այդ երկրների անմիջական սահմանակիցն է)։ Բայց այդ ով է հանկարծ որոշել, մի կողմից, ահաբեկել HDP-ի ակտիվիստներին ու համակիրներին, մյուս կողմից, ըստ էության, անշրջելի դարձնել կոշտացման գործընթացը թուրքական իշխանությունների ու կոնկրետ քրդերի միջև։
Դիտորդների կարծիքով, Էրդողանի վարչախումբը քաղում է իր ցանածի պտուղները, երբ քրդական հարցը փորձեց լուծել սիրիական հակամարտությանը միջամտելով։ Ահաբեկչական ակտը, անտարակույս, կազդի նաև նոյեմբերյան ընտրությունների վրա։ Այս կարծիքին է նաև Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP)։ «Դա մեծ սադրանք էր ընտրություններից առաջ իրադրությունը սրելու համար»,- հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։ Այդ հայտարարությամբ AKP-ի ղեկավարությունը, երևի, շտապեց չեզոքացնել Ս. Դեմիրթաշի հակաիշխանական արտահայտությունները, որ հնչել էին Անկարայի ահաբեկչություններից հետո։ Հայտնի է, որ նա մտադիր էր իր հանրահավաքում ոչ թե սոսկ կոչ անել դադարեցնելու թուրք-քրդական պատերազմը և վերսկսելու հաշտության բանակցությունները Թուրքիայի և PKK-ի քրդերի միջև, այլև պահանջելու Ջիզրե և Յուքսեկովա քաղաքների քուրդ քաղաքացիական բնակչության դեմ կատարված հանցագործությունների թափանցիկ հետաքննություն, պատրաստվում էր իշխանություններից տեղեկություն պահանջելու «փակ» վիլայեթներում ու քաղաքներում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Դեմիրթաշն ամեն ինչում բացահայտորեն մեղադրում էր հենց Էրդողանին և կառավարող կուսակցությանը։ «Գրոհի հիմնական նպատակակետը HDP-ն էր։ Ականատեսների ասելով, պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Այսօր առավոտյան 6-ին մեկ մարդ հարձակվել է Անկարայի մեր շտաբի վրա։ Կարծում ենք, որ այդ իրադարձությունները իրարից անկախ չեն»,- ասվում է կուսակցության ղեկավարության հաղորդագրության մեջ։ HDP-ի մամուլի ծառայությունը նշում է, որ իրավապահները չեն կարողացել պատշաճորեն ապահովել հանրահավաքի անվտանգությունը։ «Հարկ է նշել, որ պայթյունների ժամանակ այդ շրջաններում ոստիկաններ չեն եղել։ Նրանք եկել են 15 րոպե հետո միայն։ Բայց օգնելու փոխարեն նրանք սկսել են արտասվաբեր գազով ցրել այն մարդկանց, որոնք օգնում էին տուժածներին»։
Հարկ է հիշեցնել, որ հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները քիչ սպասելի հանգուցալուծման էին հանգեցրել։ Ըստ էության, հենց քրդամետ HDP կուսակցությունից էր կախված կառավարության նոր կազմի լինել-չլինելու հարցի լուծումը։ Եվ կառավարող AKP-ի բոլոր փորձերը` քրդերից և մյուս ընդդիմադիր կուսակցություններից զիջումներ կորզելու և համաձայնելու Էրդողան-Դավութօղլու զույգի պայմաններով կառավարության ձևավորմանը, ապարդյուն անցան, հենց դրա համար էլ Անկարան հարկադրված էր որոշում ընդունել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Սակայն ընդդիմադիր կուսակցությունների, այդ թվում` HDP-ի հետ բանակցությունների և կոնսուլտացիաների ընթացքում հենց, ինչպես հայտնի է, Էրդողանը հայտարարեց PKK-ի հետ բանակցությունների դադարեցման և պատերազմի վերսկսման մասին, և սպառնաց, որ քրդամետ HDP-ի բոլոր անդամները պետք է զրկվեն պատգամավորական մանդատներից և նույնիսկ պատասխանատվության ենթարկվեն «ահաբեկչական» PKK-ին աջակցելու համար։
Սգո օրերից հետո (թեև այդ ահաբեկչության զոհերի թաղման ժամանակ էլ) բուն Թուրքիայում, փաստորեն ամբողջ երկրում, տեղի են ունենում քրդերի հանրահավաքներ և բողոքի այլ գործողություններ։ ՈՒ նորից մեղադրանքներ են հնչում Էրդողանի և կառավարող AKP-ի հասցեին։ Ավելին, բողոքի ակտերն ընդգրկում են նաև Արևմուտքի այն քաղաքները, որտեղ քրդական խոշոր համայնքներ կան։ Նշենք, որ Արևմուտքում ապրող քրդերն էլ են հակված ողբերգության մեջ մեղադրելու այդ «հասցեատերերին». ի դեպ, տեղին են հնչում հիշատակումներն այն մասին, որ Արևմուտքում հենց կուսակցությանն են վերագրում ինչ-որ «չափավոր իսլամիստների» համբավը և նրա վարչակարգը որպես օրինակ են ներկայացնում մնացած մուսուլմանական աշխարհին։ Սակայն թե՛ Ռուսաստանի, թե՛ Սիրիայի կողմից հետզհետե սաստկացող այն մեղադրանքների ֆոնին, թե այդ Թուրքիայի «չափավոր իսլամիստներն» են հենց Սիրիայում տարբեր ջիհադիստական խմբավորումների գլխավոր աջակիցները, սկսած տխրահամբավ ԻՊ-ից, թուրք իսլամիստների այդ իբր աշխարհիկ հռչակը խիստ մթագնում է։ Առավել ևս, որ Հաքյարիի և Շիրնաքի վիլայեթների նույն թուրք պետական պաշտոնյաները, թեկուզ և լինեն ազգությամբ քուրդ (օրինակ, Լոքման Օզդեմիրը և այլք), դեռ 2014 թվականից պաշտոնական Անկարային մեղադրում են այն բանում, որ օժանդակելով ԻՊ-ի ահաբեկիչներին, թուրքական իշխանությունները անուղղակիորեն քրդերի ցեղասպանություն են իրականացնում և՛ Իրաքում, և՛ Սիրիայում։ Իսկ Թուրքիայում քրդերն ավելի շատ են, քան Սիրիայում ու Իրաքում. ակնհայտ է, որ միայն ցեղասպանական գործողություններով թուրքական քրդերի հարցը լուծել չի լինի։ Հարկավոր է այլ գործիքակազմ. պարտություն քաղաքական իրավունքների հարթությունում (օրինակ, ասենք, HDP-ի որակազրկում ընտրություններին մասնակցելու հարցում կամ նույնիսկ մտացածին պատրվակով կուսակցության ցրում) և... ահաբեկչական ակտերով քաղաքացիական բնակչության ահաբեկում։
Թերևս դեռ քննարկման շատ բաներ կան Անկարայի այդ երկու ահաբեկչական ակտերի փոխադարձ կապի և ընդհանուր առմամբ հոկտեմբերի 7-ի ամսաթվի առնչությամբ։ Զուր չէր, որ Թուրքիայի դաշնակից Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի երկու գահաժառանգ արքայազնները բառացիորեն նետվեցին Սոչի, հուսալով տեսակցության հասնել Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինի հետ։ Եվ զուր չէր Էրդողանը սպառնում հրաժարվել գազի և ատոմակայան կառուցելու վերաբերյալ Մոսկվայի հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունից։ Իսկ առայժմ պետք է ուշադրությամբ հետևել Թուրքիայում իրադարձությունների զարգացմանը։ Եվ այն, որ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ավիացիան սկսել է ռմբակոծել և հրթիռակոծել քրդերին թե՛ Իրաքում, թե՛... Սիրիայում, և նույնիսկ Թուրքիայի արևմուտքում (այսինքն` Արևմտյան Հայաստանում), միանգամայն խորհրդանշական է։ Ինչպես հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը, դրանք «պատասխան են Անկարայի ահաբեկչական ակտերին»։ Իսկ ինչպես եղավ, որ Դավութօղլուն որպես առաջին կասկածյալի նշեց ԻՊ-ին։ Եվ ինչպես հասկանալ, որ նույնիսկ PKK-ի պարտիզանները չէին սպանի Անկարայի իրենց ցեղակիցներին, իմանալով, որ նրանք հավաքվել են հակապատերազմական ցույցի։ Եվ ինչպես բացատրել, որ սիրիական բանակի հետ Հալեպի և Իդլեբի նահանգներում հակահարձակումների մասնակցող քրդերը նորից մեղադրում են ՆԱՏՕ-ին այն բանում, որ «ՆԱՏՕ-ի ինքնաթիռները ԻՊ-ի դիրքերի փոխարեն ռմբակոծում են իրենց թիկունքը և քարուքանդ անում բազմաչարչար Հալեպի նահանգի քաղաքացիական ենթակառուցվածքները»։ Ինչպես երգի բառերն են ասում` «Երեկոներն արդեն այնքան էլ մութ չեն»։ Սակայն քրդական հարցում նկատվող նոր հովերին մենք կանդրադառնանք առանձին հոդվածով։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ