ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հաշիշի լոգանք (շուրջպար ցախավելի շուրջը)

Հաշիշի լոգանք (շուրջպար ցախավելի շուրջը)
09.10.2015 | 08:46

Այնտեղ, ուր ի հեճուկս իր կարճատև գոյության, Հայաստանի Հանրապետությունը, այնուամենայնիվ, հնարավորություն էր ունեցել ընդգրկվելու աշխարհի քարտեզներում, փոքրիկ երկիրը վաղուց էր ջնջվել, տարագիր կառավարությունները դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ ներառյալ իրենց փքուն հռչակագրերը...
«Շշուկների մատյան»,
Վարուժան ՈՍԿԱՆՅԱՆ

ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԿԱՐՄՐՈՒԿԸ
(այգաբաց է, պահն է ֆելիետոնի)
Ահազանգ. «Լճից լիճ Հայաստանը 5 տարեկան է»։
Բյուրեղապակյա բաժակում խորհրդահայ 5-աստղանի ոսկեխունկ կոնյակն է հուրհրում, գավաթները վեր ենք պարզում Աժդահակ լեռան գագաթին և թռչնի թռիչքի բարձրությունից քննախույզ տեղազննում ենք հայոց լճերում և կիրճերում, դարավանդներում ու առվակներում ծավալվող իրադարձությունները։ Մենք խմում ենք որդան կարմիր հեղուկն ումպ առ ումպ։ Մենք խմում-ցնծում ենք, որոտացե՛ք, հավերժ կույս քաղդհոլներ, շուրջպա՛ր բռնեք, աղանդավորական կավատ-բեղլուներ, ձեզ սպասում են բազում քնարական բացահայտումներ, «Լճից լիճ Հայաստանը» 5 տարեկան է, ասել կուզե՝ բացել է մանկապարտեզի դուռը և ճանապարհ է բռնում դեպի դպրոց։ Մի խոսքով տոն է, և կեցցեք դուք, իմ պատվական ընթերցողներ, թող բազմակի կեցցե «Իրատեսի» խմբագրակազմը՝ խմբագրի գլխադասությամբ, և վերջապես կեցցեմ ինքս, որոշակի վերապահումով, զի շատ բան չասվեց այն խորությամբ, որով պետք է ասվեր։ Սակայն չէ՞ որ թունդ սիրահարված գիմնազիստի պես անկեղծ եմ եղել ձեզ հետ։ Այսպիսով, այս տոնական թողարկման մեջ մաղթում եմ ձեզ ծովածավալ կորով և ալիքվող լավատեսություն, քանզի 4-րդ հանրապետության հիմնարկեքն առջևում է, լինենք պատրաստ՝ հոգով կայտառ և բազկով ահեղ։

Այո՜, կարմրուկն է ճարակել մեր վերնադասի կարմիր գիրքը, ինչ¬որ բարեպաշտ դեմքով պատգամավոր է հանկարծ սնանկանում, այլ մեկն էլ տառապում է ընդդիմադիր դողէրոցքով և, ահավասիկ, դարչնագույն և դեղնաբիծ ծիածանը կամարվում է «Հարսնաքար» սպայասպան հյուրատնից մինչև Սդղի գյոլ ժողովրդավարական արոտավայրը։
Մի խոսքով, մեր երկրի որկորն ու նրա երկրակործան հորանջը հանդիսացող օլիգարխիկ համակարգում նոր օրհներգեր են հնչում, գերօլիգարխը գնեց ՀԷՑ-ը` օրհնաբանելով դրա անիծյալ անցյալը։

ՆԵՐԴԱՇՆԱԿ ՊՈՐՏԱՊԱՐ
(կեսօր է, ժամն է պամֆլետի)
Ինչպիսի զուլալ ներդաշնակություն է հայոց լեռնաշխարհում, այս դեղնացոլք և կարմրախայտուն աշնանը։ Աշուն է՝ խոհուն, կրակոտ և մի քիչ էլ դավադիր։
Սակայն բավ է, որոտացե՛ք, քամելեոնակերպ քաղդհոլներ, և թող որ փչի փոթորկահույզ քամին և թող որ շուրջպար բռնեն կավատ-բեղլուները, երկրում հաղթանակել է տկարամտության տոտեմը, և երիցս կեցցե՛ ազատ-ական, միացյալ-անցյալ և անկախ-կախաղան Հայաստանը, մենք տոնում ենք «Էրեբունի-Երևանի» քանիհազարերորդ տարեդարձը։ (Հուռռա՜, երեխաները բոկոտն են և քաղցած, այնինչ հայրիկը հավերժ հարբած է, մայրիկն էլ, ինչ խոսք, անուշ քնած է)։

«Էրեբունի-Երևան» տոնահանդեսը կմեկնարկի մի քանի ժամ անց, զինվեք համբերությամբ։ Սակայն դադար առնենք և մարտաշունչ շնչենք-արտաշնչենք՝ տոնե՞լ, թե՞, այնուամենայնիվ, անտեսել մայրաքաղաքային այս բորբ հանդեսը։ Հանրային կարծիքը երկպառակված է, կամուրջներն այրված են։ Ի՞նչ անել, փորձենք լինել թե՛ փաստաբան, թե՛ դատավոր այս մայրաքաղաքային հավերժ-անվերջ խաղերում։ Բայց ինչե՜ր են կատարվում Հայաստանում։ Սահմանամերձ գյուղերում հարկավ խաղաղ շինականն է զոհվում, և պապենական օջախներն են փլուզվում, բայց չէ՞ որ մենք պատերազմող պետություն ենք, և չէ՞ որ պատերազմը, այն էլ ազգային-ազատագրական, բազում անմեղ զոհեր է պահանջում։ Սակայն չէ՞ որ մենք հնագույն-ազնվարյուն տոհմ ենք, նրանք՝ ընդամենը եռանդուն զեռուններ։ ՈՒ մի՞թե ազերբայջանական կեսգիշերային հրթիռակոծությունների արժանավայել պատասխանը չեն մեր մայրաքաղաքային խոլական խնջույքները՝ կեսգիշերից մինչև լուսաբաց, և հրավառությունները, որոնց դղրդոցը սասանում է թշնամու դիրքերն ու նահանջի և բարոյազրկման փոթորիկ առաջացնում ոսոխի զինվորի և սպայի հոգում, ամորձատում է նրա ոգին։ Այսպե՛ս է, հարկավ։
Այնինչ երկրի խորքում երկպառակության դևն է շրջում, ձեռքին հսկա մի վահանակ, ճերմակ պաստառին էլ ձյութե տառերով գրված՝ «Տոնե՞լ, թե՞ անտեսել «Էրեբունի-Երևան» տոնահանդեսը»։ Ըստ իս, պիտի տոնել անհապաղ։ Չէ՞ որ մայրաքաղաքային յուրաքանչյուր հանդեսը նաև բարեգործական շքեղ շնորհանդես է, քանի՜-քանի սովալլուկ երևանաբնակ ընտանիք է նվիրատվության ենթարկվում ջեռոցների և ավելների, ավելուկի հորդ հյուսքերի և հիգիենայի պարագաների տեսքով։ Բայց ահավասիկ ոմանք, ընդդիմադիր գումարտակներ կազմած, պահանջում են չեղարկել հանդեսն ու խնայված գումարներով ամրապինդ պարիսպներ կառուցել ՀՀ սահմանամերձ գոտիներում։ Ինքներդ մեկնեք սահման, տիարք և տիկնայք չեղարկիչներ, իսկ մեզ մի՛ խանգարեք զվարճանալ լիաթոք և դրանով ոսոխի աչքը հանել։ Ըստ իս, այսուհետև «Էրեբունի-Երևանը» պիտի նշվի էլ ավելի զորեղ ու աչքածակային, ամեն մի բակում և յուրաքանչյուր պատշգամբում։ (Թող փքվեն անզոր նախանձից ազերիների լյարդն ու թոքը և թող որ պայթեն նրանց ականջաթաղանթները մեր երջանկության ճիչերից)։ Եղա՞վ, հարկա՛վ։

Եվ ահավասիկ նման քաղաքում է պատրաստվում յուր նստավայրը կառուցելու Իսլամական պետության մուֆտիներից մեկը։ ԻՊ-ն մոլորվել է, այլ կերպ ասած, տեղը չի բերում և ՀՀ-ն շփոթել է Բուրկինա Ֆասոյի հետ։ Շփոթել է և ՀՀ-ն հայտարարել է իսլամական տարածք, տարածքում էլ նշանակել է իր տեղապահ-առաջնորդին, այսինքն՝ հայաստանյան մուֆտիին, որը հոգևոր առաջնորդ է և աշխարհիկ դատավոր։ Ողբա՜մ զձեզ, մոլորյալներ, զի դուք հավակնում եք սանձելու և կառավարելու անկառավարելին։ ՀՀ-ն այսօր ունի վարկային ահռելի բեռ, այո՛, սակայն գողություն, առավել ևս գանձագողություն այստեղ չի՛ք, զի մեր օսլայաօձիք և ոսկեորկոր պետծառայողներն առաջին ձյան նման անարատ են օրենքի առջև, այո, նրանք յուրյանց հայտարարագրերում միլիոնատերեր են, բայց և այնպես անմեղ-հրեշտակաթև են հոգեբուժարանի մշտայցելու անմեղսունակների պես։ Ինչպե՞ս, ահավասիկ այսպես, անհայտ մի սակարանում նրանց գողոնը վերածվել է (կներեք, բայց իրերն անկարող եմ չանվանակոչել յուրյանց բուն անուններով) բոզոնի։ Եվ վերածվել է նվիրատվության։ Այո, բարձրաստիճան պետծառայողը գանձագող չէ, խաչագողությամբ չի տառապում, հետևաբար։ Նա երանավետ ննջում է, առավոտյան զբաղեցնում է պետական սեղանն ու աթոռը և գլուխն առած ափերի մեջ՝ տառապում է վասն ազգի և ի պետս պետության։ ՈՒ մեկ էլ արծաթաղողանջ մի զանգ է հնչում գրանիտակերտ մի բանկից, ահա այս հաղորդագրությամբ. «Հարգարժան տիարք և պատվարժան տիկնայք, տեղեկացնում ենք, որ Ձեր անձնական հաշվի վրա հայտավորված է ևս 1 մլն եվրո գումար։ Շնորհավորում ենք և մաղթում նորանոր, լույսի պես արդար նվիրատվություններ»։ Մի՞թե այս նվիրաբերված պետծառայողները անհնարինը հնարավոր չեն դարձնի և վստահաբար չեն ապահովի 0,000000000013 տոկոս տնտեսական աճ։ Հարկավ այո։
Էհ, խեղճուկրակ մուֆտի, ի՞նչ պիտի անես Հայաստանի 3-րդ Հանրապետությունում։ Թերևս դառնաս դռնապան կառավարական տանը։
Եվ օրը մեկ անգամ հաշիշի լոգանք ընդունես։ Այլ կերպ անհնար է ըմբռնել մեր իրականությունը։


ՆԱՀԱՊԵՏԻ ՎԵՐՔԸ
(շարունակություն)
Իմ հավատի թանկ ուխտավոր հայ ժողովուրդ, բավ չէ՞ որքան կուլ ես տալիս մանկուրտացմանդ թունահաբերը։
Հիշո՞ւմ ես 2006-ի համազգային շուրջպարն Արագած լեռան շուրջը։ Նպատակն էր կայանալ, երկրաշենվել և արդեն շուրջպար բռնել լյառն Արարատի շուրջբոլորը։ Անցել է 9 տարի. «Մեր արիական» շուրջպարը վերածվել է սեմական պորտապարի, զի հաշիշային լոգանքներն իրենց պտուղներն են տալիս։ Սա արդյո՞ք հարսանիք չէ առանց քահանայի օրհնության և խաչքավորի խաչի և գաթայի։ Մի խոսքով՝ այսօր մի բան է մնում անել, հորդորել օվալաձևի մունետիկներին, վերնադասային պետծառայողներին և երկրի մսեղիքը պատառոտող օլիգարխիատին մի օր գլուխ գլխի տալ և գոնե գիրկապել մոգական ռեալիզմի համաշխարհային կնքահայր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»։ Վստահ եղեք, դարձի կգաք։ Ի դեպ, Մարկեսից 100 տարի առաջ է քարագրվել մոգական ռեալիզմի անդրանիկ վիպասքը, քանաքեռաբնակ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին»։ Սա էլ գիրկապեք։

ՇՇՈՒԿՆԵՐ՝ Ի ՓԱՌՍ ՀՌՉԱԿԱԳՐԻ
(սարկաստիկ իրիկնահաց)
Սքանչելի է «Շշուկների մատյան» ասք-վեպդ, պատվարժան Վարուժան, վեհահոգի Ոսկանյան։ Սակայն ի՞նչ անել, մեր երկիրը, անշուշտ, աշխարհի քարտեզներում ընդգրկվել և Արցախն է գիրկն առել։ Սա մենք հռչակագրում ենք ամենուր և պատեհ-անպատեհ։ Բայց մոռանում ենք պատվիրանները և փքվել ենք ու պետությունն ենք հանձնել մասնավորին՝ ի մասնատում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Հորդորս ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին և այլոց. պարզեք և հանրությանը ներկայացրեք ոչ միայն պետծառայողների նվիրատվությունների չափը, այլև դրանց աղբյուրները։

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ