ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սկանդալ հարթ ասֆալտին

Սկանդալ հարթ ասֆալտին
11.09.2015 | 00:40

Սերժ Սարգսյանի այս այցը Մոսկվա որքան «անհետաքրքիր» էր պաշտոնական տեղեկատվության տեսակետից, բազմակի հետաքրքիր է դառնում այցին հաջորդած տեղեկությունների տեսակետից: Հենց հաջորդ օրը ՌԴ վարչապետը հայտարարեց, որ Մոսկվան չի բացառում հետխորհրդային տարածքում նոր ավիաբազաների տեղակայում, իսկ ՀՀ վարչապետը Գրոդնոյում առաջարկեց ԵԱՏՄ տարածքում վճարումները ռուբլով կատարել, անակնկալ ակտիվացան ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները ու սկսեցին հավաստիացնել, որ ՀԱՊԿ-ն անպայման կարձագանքի Ադրբեջանի գործողություններին: Թվարկումը շարունակելի է: Հետո հայտնի դարձավ, որ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն է Հայաստան գալու՝ մասնակցելու դեռ անանուն ֆորումի, որին հրավիրված են ՌԴ այն ռեգիոնների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի մարզերի հետ ունեն համագործակցության համաձայնագրեր: Ղրիմի հետ համագործակցության համաձայնագիր ՀՀ որևէ մարզ չունի: Սովորաբար՝ Հայաստանում ինչ է լինելու ու ինչ չի լինելու՝ տեղեկատվությունը տարածվում է Մոսկվայից: Այս անգամ էլ պարզվեց, որ այցը նախապատրաստում է ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովի գրասենյակը: Ո՞Ւմ հրավերով է Սերգեյ Ակսյոնովը Հայաստան գալու՝ հայտնի չէ: Արտաքին գործերի նախարարությունը ո՛չ հերքում է լուրը, ո՛չ հաստատում: Հայաստանը, իհարկե, ո՛չ ԱՄՆ է, ո՛չ ԵՄ, ո՛չ էլ միացել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, իրավական առումով Սերգեյ Ակսյոնովը կարող է սրտի ուզածի չափ գալ-գնալ Հայաստան: Նույնիսկ ոչ որպես զբոսաշրջիկ, այլ հենց Ղրիմի Հանրապետության ղեկավար: Հիշում եք, չէ՞, ովքեր են կանգնած Հայաստանի սահմանին: Այնուհանդերձ, ի՞նչ կենսական կարևորություն ունի նրա այցը և մասնակցությունը մի ֆորումի, որը գործնականում Ղրիմին վերաբերվել չի կարող, եթե, իհարկե, հենց այդ ֆորումի շրջանակներում չի պատրաստվում համագործակցության համաձայնագրի ստորագրում: Իսկ դա արդեն սկանդալ է՝ որ կողմից էլ նայես: Ստացվում է, որ Ակսյոնովի Հայաստան գալը քաղաքական ակցիա է, որը ունի ինչ-որ նպատակ: Գուցե Ղրիմի ճանաչումը: Բայց դա էլ շատ մեծ նորություն չէ, եթե հիշենք ՄԱԿ-ում մեր քվեարկությունը: Համենայն դեպս, նորություն չէ ո՛չ Ռուսաստանի համար, ո՛չ Արևմուտքի, որ Սերգեյ Ակսյոնովին ներառել է իր «սև ցուցակում»: Դա նորություն է մեզ համար։ Խնդիրը բնավ Սերգեյ Ակսյոնովի անձը կամ այցը չէ, խնդիրը միջպետական հարաբերություններն են, որոնց մակարդակը քայլ առ քայլ հավասարեցվում է միջնահանգային հարաբերությունների` մեկ պետության մեջ: ԵԱՏՄ-ի անդամ լինելն էլ դա չի բացատրում: Գուցե հենց բացատրության որոնումներում է ԱԳՆ-ն լռում և միայն անանուն աղբյուրների մակարդակով լուրեր տարածում, որ պաշտոնապես Ակսյոնովը Հայաստան հրավիրված չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ երբ Սերգեյ Ակսյոնովը Երևանում անհայտ ֆորումի աշխատանքներից ազատ ժամին գնա ու որոշի բարևել Գալուստ Սահակյանին, ի՞նչ է անելու ԱԺ նախագահը: Այս անգամ ասելու է, թե բարևը քաղաքական կատեգորիա է, ինքն իրավասու չէ՞ բարևել իր դուռը եկած մարդուն պաշտոնապես, թե՞ դուռը լայն բացելու է ու սրտաբաց բարևելու է՝ այդ ընթացքում մտածելով՝ հիմա ինչպե՞ս բարևի տակից դուրս գա:

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ