ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արևմուտքն ի վիճակի չէ ճնշելու գլոբալ Եվրասիան` ոչ պատերազմով, ոչ տնտեսական պատժամիջոցներով

Արևմուտքն ի վիճակի չէ ճնշելու գլոբալ Եվրասիան` ոչ պատերազմով, ոչ տնտեսական պատժամիջոցներով
11.09.2015 | 00:04

Սեպտեմբերի սկզբին աշխարհի բոլոր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակը` տեղի աշխարհազորայինների հետ, հզոր հակահարձակում է իրականացրել սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Զաբադանի քաղաքի վրա։ Դա ջիհադականների վերջին պատվարն էր, որի մաքրումից հետո կարելի կլինի խոսել Սիրիայի կողմից Լիբանանի հետ սահմանի նկատմամբ լիակատար վերահսկողության վերականգնման և արևմտյան կողմից Դամասկոսի մերձատար ուղիների ապահովության մասին։ Մարտերն ընթանում են արդեն Զաբադանիի փողոցներում։ Իսլամականների մեկուկեսհազարանոց խմբավորումից մնացել է 300-ից ոչ ավելի։ Լիբանանի կողմից ևս ահաբեկիչները անկյուն են քշվել լիբանանյան բանակի և «Հըզբոլլահ»-ի ու դրուզների զորամիավորումների կողմից։ Դա մի տիպական «կաթսա» է, եթե ասելու լինենք ռազմական տերմինաբանությամբ։ Սակայն ի հայտ են եկել նաև նոր հանգամանքներ։

Պաշարված իսլամականներին (իսկ այստեղ հիմնականում «Ջեբհաթ-ան-Նուսրայի զինյալներն են և ոչ այնքան հայտնի արմատական կառույցների 2-3 փոքր խումբ) օգնության էին շտապում «Իսլամական պետության» (ԻՊ) ջոկատները։ Սակայն նրանց գլխովին ոչնչացրին, անգամ չթողնելով, որ մոտենան Զաբադանիին։ Հարց է ծագում. որտեղի՞ց էին այդ «խալիֆայականները» գալիս, չէ՞ որ նրանց հյուսիսային խմբավորումները զբաղված են Հալեպի, Իդլեբի մերձակա մարտերով, մեկ այլ խոշոր խումբ շրջափակված է Թադմորում (Պալմիրա)։ Ծովով նրանց չէին կարող դեսանտ իջեցնել. և ոչ միայն այն պատճառով, որ ծովը գտնվում է սիրիական բանակի և ալավիական «Շաբիհա» միլիցիայի շատ զգոն վերահսկողության տակ։ Լիբանանի հետ սահմանները մարտերի բոցերի մեջ են, դրուզների ջոկատներն ու բանակայինները կարծես վերահսկում են Էլ-Կունեյտրան և Գոլանի բարձունքների մերձատար ուղիները, մնում են Իրաքի սահմանը և Սիրիայի անապատային ու կիսանապատային տարածքները։ Բայց Իրաքում ԻՊ-ի զինյալները շարունակում են շրջափակված մնալ Էր-Ռամադայում և Էլ-Ֆալլուջայում, գրոհի մշտական սպառնալիքի տակ է Մոսուլը, Իրաքում մեծացել է շիական կամավորների հոսքը, կարելի է ասել` ամբողջ աշխարհից։ Ըստ էության, Սիրիայում ԻՊ-ի կազմավորումների վերահսկողության տակ է միայն մեկ խոշոր քաղաք` Ռաքքան։

Երևի Զաբադանիի և սիրիա-լիբանանյան սահմանի հարցը կլուծվի։ Դա սիրիական բանակի հնարավորությունները կմեծացնի, և կասկած չկա, որ զինվորականներն առաջին հերթին կաշխատեն հարվածել Հալեպի շրջանում իսլամականների կուտակումներին։ Սիրիայի արդյունաբերական մայրաքաղաքը խիստ կարևոր կետ է, ու նրա լիակատար անվտանգությունը պատերազմում բեկում մտցնելու գրավական կդառնա։ Եվ այդ ֆոնին խիստ տարօրինակ և ուշագրավ հայտարարություններ է անում ֆրանսիացի հեղինակ Թիերի Մեյսանը («Red Voltair»). «Լևանտում նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել. Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի մեջ է մտնում ռուսական բանակը», գրում է նա։ Մեյսանը շեշտադրում է այն փաստը, թե իբր ռուսական բանակը «հենց նոր ստեղծել է ռուս-սիրիական ռազմական հանձնաժողով» և որ «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեծ քանակությամբ ռազմական խորհրդականներ են Դամասկոս եկել» ՌԴ-ից։ Իսկ ներքոհիշյալ մեջբերումը, մեր կարծիքով, ինչ-որ չափով բացահայտում է ԻՊ-ի բանդիտների նախկին ռազմական հաջողությունների գաղտնիքը. «Առաջին անգամ ռուսական բանակը Սիրիային արբանյակային հետախուզական տվյալներ է տրամադրել։ Այդ վճիռը, որին սպասում էին հինգ տարի, արմատապես փոխում է պատերազմական իրադրությունը։ Չէ՞ որ ընդհուպ մինչ օրս ջիհադականները կարողանում էին խուսափել կառավարական զորքերի հետապնդումներից այն արբանյակային տեղեկությունների շնորհիվ, որ ՆԱՏՕ-ն նրանց տրամադրել է անհրաժեշտ պահին։ Վերջին ժամանակներս ՆԱՏՕ-ն կարծես այլևս իր հետախուզական տեղեկությունները չի տրամադրում «Իսլամական պետությանը», թեև շարունակում է դրանք տրամադրել Ջեբհաթ-ան-Նուսրային (Ալ-Քայիդա)։
Եթե նույնիսկ մի ինչ-որ ռուս-սիրիական ռազմական հանձնաժողով կա էլ, ապա այն հաստատ «հենց նոր» չի ստեղծվել. գործը սկսվել է այն բանից հետո, երբ Մոսկվան ու Դամասկոսը որոշեցին վերափոխել Տարտուսում գտնվող ռուսական ՌԾՈՒ հենակետը և այն վերածել լիարժեք ռազմածովային բազայի։ Հենց այն տարիներից էլ խոսակցություններ են տեղի ունենում այն մասին, թե Ռուսաստանը Սիրիայում ստեղծելու է ևս մեկ ռազմածովային բազա, ինչը կապված էր այն բանի հետ, որ երկարամյա «ընդմիջումից» հետո Մոսկվան քայլ է ձեռնարկել վերականգնելու իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում։ Այնպես որ պարոն Մեյսանը երևի այնքան էլ ճիշտ տվյալներ չունի կամ էլ կատարում է Ռուսաստանի ու Սիրիայի ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված իրավիճակի դիվայնացման մի ինչ-որ առաջադրանք. բարեբախտաբար, որպես «ապացույց» վկայակոչվում է հենց վեց (ութից) «ԾՌթ-31»-ի մատակարարման փաստը։ Ի դեպ, ֆրանսիացի հեղինակը վերապահություն է անում. թե իբր «այս ամենը այս կամ այն չափով կոորդինացվում է Վաշինգտոնի գործողությունների հետ», որը միաժամանակ նաև Թուրքիայից հանում է իր ՀՕՊ «Patriot» հրթիռային համալիրները։ Ընդ որում, «ռուսական բանակի մուտքը Սիրիա» Մեյսանը... ուղեկցում է թե՛ Սիրիայի, թե՛ Ղրիմի հարցում Թուրքիայի երկերեսանի քաղաքականությունից Ռուսաստանի դժգոհության պատճառների նկարագրությամբ։ Առավել ևս հետաքրքրական է տեղեկության նրա սարքած արտահոսքը. նախ, նա հռչակում է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն «չեղարկել են Սիրիայի երկնքի անթռիչք գոտին», ինչը պահանջում էր հատկապես Թուրքիան։ Երկրորդ, քարը քարին չի թողնում Դամասկոսին սիրիացի քրդերի ջոկատների հակադրության և Սիրիայից նրանց «անկախության» մասին առասպելից. «Սիրիայի Արաբական Հանրապետությունը նրանց (այսինքն` քրդերին) զենք էր մատակարարում և վճարում նրանց զինվորներին»։ Իսկ ինչ վերաբերում է քրդերին, ապա աշխարհն այդպես էլ է տեսել, որ սիրիացի քրդերը ոչ միայն կատաղի մարտնչում են ամեն տեսակի իսլամականների դեմ, սկսած ԻՊ-ից, այլև կտրականապես դեմ են Սիրիայի քրդաբնակ հյուսիսային շրջանների գործերին թուրքական մասնակցությանը։ Եվ որ նախագահ Բաշար Ասադը քուրդ առաջնորդների հետ կնքել է մի շարք համաձայնագրեր, որոնք ըստ էության նշանակում են, որ քրդերը շարունակում են մնալ Սիրիայի մաս, բայց ավելի լայն իրավունքներով ու լիազորություններով։ Իսկ ահա «անթռիչք գոտու չեղարկման» վերաբերյալ խոսքը շատ իմաստներ է պարունակում, և դրանցից մեկն էլ այն է, որ Սիրիայի պատճառով Թուրքիայից դժգոհ են թե՛ Ռուսաստանը, թե՛... Արևմուտքը։ Բայց սրանից հետևո՞ւմ է, արդյոք, որ հենց Սիրիայի առնչությամբ և Թուրքիայից եղած դժգոհության հողի վրա Արևմուտքի և Ռուսաստանի միջև Մերձավոր Արևելքում սերտ երկխոսություն է հնարավոր։ Ոչ, ըստ Մեյսանի, «Կրեմլի ու Սպիտակ տան համագործակցությունը սահմաններ ունի. Ռուսաստանն ուզում է ոչնչացնել բոլոր ջիհադականներին, քանի դեռ նրանք չեն հայտնվել իրենց տարածքում, այնինչ ԱՄՆ-ը հույս ունի, որ դրանց մի մասը կարող է օգտագործվել այլ հակամարտություններում, ինչպես դա եղել է նախկինում` Աֆղանստանում, Բոսնիա-Հերցեգովինայում, Չեչնիայում ու Կոսովոյում»։ Նրա տվյալներով, ԻՊ-ի որոշ զինյալներ արդեն գտնվում են Խերսոնում` «Ղրիմի թաթարների վտարանդի կառավարության թևի տակ»...
Սակայն ո՛չ Սիրիայի ձեռքին վեց «ԾՌթ»-ի հայտնվելը, ո՛չ ռուսական զինվորական հատուկջոկատայինների միանգամայն հավանական ժամանումը կապ չունեն սիրիական բանակի և շիական աշխարհազորայինների լրջագույն հաջողությունների հետ, մասնավորապես Իդլեբի և Զաբադանիի մարտերում։ Ինչպես որ Հասեկի և Էլ-Ղամըշլիի մարտերում սիրիացի քրդերի ու հայերի` մինչ այդ ունեցած հաջողությունների հետ։ Ի դեպ, Թ. Մեյսանի որոշ տվյալներ վերջին օրերին սկսել են հաստատել նաև իսրայելական լրատվամիջոցները։ Այսպես, «Ynetnews» հրատարակությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, նույնիսկ ասում է, թե «առաջիկա շաբաթների ընթացքում Սիրիայում ռուս զինծառայողների քանակը կարող է հասնել մի քանի հազարի. խորհրդականներ, հրահանգիչներ, թիկունքայիններ, զենիթայիններ ու մարտական ավիացիայի օդաչուներ»։ Ընդ որում, ընդգծվում է, որ «արևմտյան դիվանագետների ասելով, ռուսական էքսպեդիցիոն կորպուսը արդեն Սիրիայում է և տեղավորված է Դամասկոսի` կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող արվարձանի ավիաբազայում»։ Սակայն իսրայելական լրատվամիջոցները առանձնակի ընդգծում են, որ «Ռուսաստանը Իսրայելի կամ տարածաշրջանի որևէ այլ երկրի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, այլ սկսում է իսլամականներից Սիրիայի օդային մաքրումը», ինչը, չգիտես ինչու, «կբարդացնի իսրայելական ռազմաօդային ուժերի կյանքը», և այլն։ Միաժամանակ, իսրայելցիների հաղորդած տեղեկություններն ավելի ճշմարտանման են. նրանք չեն խոսում «Վաշինգտոնի հետ գործողությունների կոորդինացման» մասին, սակայն պնդում են, որ «օրերս Մոսկվայի ու Թեհրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել գործողությունների կոորդինացման վերաբերյալ, մասնավորապես սիրիական բանակի սպառազինումն ուժեղացնելու ասպարեզում»։ Եվ դա ճիշտ է. ցամաքում դրության տերը լիովին հենց իրանցի կամավորականներն ու հատուկջոկատայիններն են, և լավ է, որ ո՛չ Սիրիան, ո՛չ Իրանը չեն հերքում նրանց առկայությունը և մասնակցությունը ջիհադականների դեմ մղվող պատերազմին։
Չպարզված է մնում մեկ հարց. ո՞ւմ էին ուզում վախեցնել Թ. Մեյսանն ու իսրայելական լրատվամիջոցները «մի քանի հազար» ռուս զինծառայողներով։ Ինչպես որ Ռուսաստանի և Իրանի միջև «գործողությունների կոորդինացման» մասին լուրերով. ԱՄՆ-ի՞ն, թե՞ Թուրքիային, թե՞ երկուսին էլ։ Փոխարենը աշխարհի լրատվամիջոցները, առանց առանձնակի հաճույքի, սկսել են խոստովանել. նախագահ Ասադն ու Սիրիայի կառավարական զորքերը վերահսկում են մի տարածք, որտեղ ապրել և ապրում է երկրի բնակչության ավելի քան 80 %-ը։ Ահա, խնդրեմ, սա Արևմուտքի, Իսրայելի ու Թուրքիայի և նրանց արաբական սպասյակների ծրագրերի ձախողման վկայությունն է, որոնց նպատակն էր տապալել Սիրիայի օրինական կառավարությունը և այնտեղ նստեցնել իրենց հլու խամաճիկներին։ Այդ երկիր «արևմտյան ստանդարտի ժողովրդավարության արտահանման» փորձը ձախողում է կրում, չնայած Արևմուտքը և նրա «օգնականները» շարունակում են փրկել «Իսլամական պետությունը», շարունակում են օգնել, այսպես կոչված, «սիրիական ընդդիմությանը» և այլն։ Տարօրինակ ոչինչ չկա, որ Ռուսաստանն ու Իրանը արդեն չորս տարի սիրիական ճգնաժամի հարթման հարցում իրենց մոտեցումների ու դիրքորոշումների լիակատար զուգադիպություն են ցուցադրում։ Այդ երկրները միշտ հանդես են եկել հանուն խաղաղության և վիճելի հարցերի լուծման «ուժային տարբերակների» բացառման։ Եվ նրանց միշտ հավատարիմ աջակից է Չինաստանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ սեպտեմբերի 3-ին Պեկինում կայացած զորահանդեսով Արև
մուտքին (այս դեպքում նաև Ճապոնիային) հստակորեն հասկանալ տվեց, որ Արևելքը համախմբված է ինչպես երբեք։
Հայաստանի ցանկացած իշխանության համար խիստ օգտակար ու նպատակահարմար կլինի, որ մեր քաղաքական ուժերը կարողանան ճիշտ գնահատել ընթացիկ ռազմավարական պահը և հասկանան Եվրասիայում տեղի ունեցող զարգացման հիմնական միտումը։ Իսկ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը հենց գլոբալ Եվրասիան են, ու ներկա փուլում նրանց շահերը զուգադիպում են, փաստորեն, բոլոր հարցերում։ Արևմուտքն ի վիճակի չէ ճնշելու գլոբալ Եվրասիան` ոչ պատերազմով, ոչ տնտեսական պատժամիջոցներով...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ