ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սիգաճեմ ընթացքի հերթական կանգառը

Սիգաճեմ ընթացքի հերթական կանգառը
05.09.2015 | 10:47

Փառավոր ճակատագիր ունի Հովհաննես Մանուկյանը, գուցե ինքը այս պահին չհամաձայնի, բայց փաստ է: Վրաստանի դեսպան էր, հետ կանչեցին, դեսպան նշանակեցին Յուրի Վարդանյանին՝ ծանրամարտի չեմպիոնի, որ նույնքան նախարար էր, որքան՝ դեսպան: Արդարադատության նախարար էր, հրաժարեցրին, նշանակեցին Արփինե Հովհաննիսյանին, որ նույնպես չեմպիոն է, բայց ուրիշ մարտերի: Իշխանական բարձրագույն միջանցքներում 2007-ից սկսած սիգաճեմ ընթացքը վերջապես հասավ տրամաբանական ավարտին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց նախարար, երբ արդեն խորհրդարանական կարիերան չէր համապատասխանում քաղաքական, պետական ու աշխարհաքաղաքական գործչի իր մակարդակին: Իրենից փորձառու գործընկերները կանխատեսում են, որ հետո էլ ԱԺ նախագահ է նշանակվելու: Գուցե: Բայց դա ոչ թե նրա գեղեցիկ, խելացի, խորագետ լինելու արդյունքն է, այլ՝ համակարգի խաթարվածության, որտեղ ոլորտը կարգավորող օրենքների փոխարեն գործում են «ինքնակարգավորման» այլ կարգեր՝ կարևոր չէ՝ ով ես ու ինչ գիտես, կարևոր է՝ ում «մարդն ես» ու ինչքան է զորեղ քո «տերը»: Այդ առանցքով է գործում ոչ միայն իշխանական համակարգը: Մինչև ՀՀԿ ԳՄ նիստը ու նիստից հետո իշխանական ու իրեն ընդդիմադիր անվանող մամուլը սազը ձեռքին փառաբանում էր պայծառափայլ օրիորդի արժանիքներն ու հմայքը: Փաստորեն՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն ունեցավ արդարադատության արժանավոր նախարար: Չափանիշ ու արժեհամակարգ ոտնահարելը ավանդույթ է, որից հրաժարվել Հայաստանում ոչ ոք չի հանդգնում: Ի վերջո, լավ էլ վճարում են, ինչո՞ւ հրաժարվեն, երբեմն էլ կարելի է ձրի գործ անել՝ լավություն արա, գցի ջուրը, մի տեղից դուրս կգա: Մանավանդ՝ կա վարչապետի աչալուրջ աչքը, որ դեռ ԱԺ նախագահ եղած օրերից հորդորում էր՝ մի նեղացրեք քնքուշ օրիորդին, նա այնքան արժանիքներ ունի: Արժանիքներ Արփինե Հովհաննիսյանն իրոք ունի: Ճիշտ է, արտասահմանյան հանրահայտ համալսարաններում չի ուսանել, ընդամենն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ու մագիստրատուրան, նաև՝ ասպիրանտուրան, բայց իրավաբանական գիտությունների թեկնածու է, դասավանդում է համալսարանում: Ի տարբերություն հազարավոր նույնքան ու ավելի կրթված ու խելացի անձանց՝ կարողանում է օգտագործել գիտելիքներն ու ունակությունները ցանկացած իրավիճակ իր օգտին շրջելու համար: Դա անուրանալի տաղանդ է, որ Արփինե Հովհաննիսյանին մրցակցությունից դուրս է դնում: Հովիկ Աբրահամյանի հետ հայտնվելով խորհրդարանում՝ պայծառափայլ օրիորդը շատ արագ իրենով փոխարինեց ոչ միայն աշխատակազմն ու աշխատակազմի ղեկավարին, այլև նույնքան արագ ազատվեց իր հետ, իբրև նոր նախագահի աշխատակազմ, խորհրդարանում հայտնվածներից, որ հայտարարում էին, թե իրենք մի թիմ են: Թիմ էին, թիմ չէին, վերադարձան՝ որտեղից եկել էին, իսկ նա մնաց: Իրական ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանի ժամանակներում նրա խորհրդական Արփինե Հովհաննիսյանն էր՝ առանց նրա հետ համաձայնեցնելու որևէ հարց չէր կարող լուծվել ու չէր լուծվում: Հետո ի զարմանս տասնյակ ՀՀԿ-ականների՝ Արփինե Հովհաննիսյանը հայտնվեց ՀՀԿ ընտրացուցակում իրենցից առաջ ու նույնքան սիգաճեմ վերադարձավ Ազգային ժողով: ԱԺ-ում իսկապես տոնական տրամադրություն է նրա շուրջբոլորը, որովհետև հեռանում է, հույսեր կան, որ անվտանգ կդառնա իրենց համար: Նույնքան ծափ ու ծնծղա, քծնանք, շողոքորթություն նրան շրջապատելու է արդարադատության նախարարությունում, նրա տիեզերական գեղեցկությունը գնահատելու բուռն ցանկություն ունեցողների պակաս չի լինելու՝ մարդիկ վախենում են աշխատանք կորցնել: Կորցնողներ, սակայն, հաստատ լինելու են: Դա ևս ավանդույթ է, որ համակարգում չի կարելի խախտել: Համակարգը պիտի հասկանա, որ նոր ղեկավար ունի, իսկ նոր ղեկավարը՝ նոր կարգեր ու օրենքներ է հաստատում իր բանջարանոցում, որտեղ վարունգը (հայերեն՝ խիարը), գիտեք, թարս աճելու սովորություն ունի: Ի վերջո՝ արդարադատության նախարարությունը Արփինե Հովհաննիսյանի համար նախագահի ու խորհրդարանի աշխատակազմերից ավելի հարազատ է՝ 2003-ին նա նախարարությունից է սկսել իր աշխատանքային կյանքը՝ աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետից 2006-ին առաջատար մասնագետ դառնալով՝ ամբողջ երեք տարվա «կորուստը» նրան լավ բացատրել է՝ ինչպես կարիերա կառուցել, և 2007-ին նա արդեն նշանակվել է իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ:

Ի՞նչ է շահում նրա նշանակումից Հովիկ Աբրահամյանը, որ հայտարարում է՝ կառավարությունում ոչ ոք չի կարող վարչապետին հակառակ տեսակետ ունենալ: Արդարադատության նոր նախարարը նրան, իհարկե, չի հակառակվի, կկատարի բոլոր հրամաններն ու հրահանգները: Համակարգում կսկսեն խնդիրներ, որոնք փաստի առաջ են կանգնեցնելու հենց վարչապետին: Մուտիլովկան որպես ուղիղ ճանապարհ ի վերջո փակուղի է տանում: Արդարադատության նախարարության գործառնություններն այսօր այնքան ընդարձակ ու տպավորիչ չեն, որ համարժեք լինեն Արփինե Հովհաննիսյանի օրեցօր բազմացող հավակնություններին ու հնարավորություններին: Համակա՞րգը կսկսի բարեփոխվել, թե՞ նախարարը կփոխվի: Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում ոչ մեկը, ոչ մյուսը, կլինեն տեղական նշանակության սկանդալներ, որոնց մամուլը համարյա չի անդրադառնա՝ կառավարության ամենապայծառ նախարարը, ամենահմայիչը, ամենախելացին, ու ինչ-որ խնդիրնե՞ր: Ինչպե՞ս կարելի է: Նախ 100 օրվա «անձեռնմխելիության» չգրված օրենքը կա, էլի չգրված օրենքներ կան, որոնք ոտնահարելը շահեկան չէ: Ի՞նչ կկատարվի համակարգում, ի՞նչ կարևոր է: Կադրերի հոսունությունը, համակարգ քանդել-չհավաքելը կոչվում է բարեփոխում, նոր քաղաքականություն, նոր սերունդ, նոր մտածողություն, նոր թիմ՝ տասնյակ պատրվակներ կան, առավել ևս, որ բացատրություն պահանջող չի լինելու: Այդպես է՝ համակարգը յուրայիններին տալիս է միայն իրավունքներ, իսկ հետևանքները կրում են նրանք, ովքեր համակարգի մաս չեն: Դա է «հիմնական» օրենքը, որ գերակայում է բոլոր օրենքներին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ առաջարկում եմ համատեղության կարգով նրան նշանակել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչքա՞ն պիտի թափուր մնա մի պաշտոն, որը հրաշալիորեն կլրացնի Արփինե Հովհաննիսյանի բազմաշնորհ ու բազմազան գիտելիքները արդարադատության նախարարության նեղ ասպարեզում դրսևորման անհնարինության բացը:

Դիտվել է՝ 1345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ