ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ջեյմս ՈՒոռլիքը հարկ չի համարում թաքցնել՝ ԱՄՆ-ը Արցախի հարցում Ադրբեջանի կողմից է

Ջեյմս ՈՒոռլիքը հարկ չի համարում թաքցնել՝  ԱՄՆ-ը Արցախի հարցում Ադրբեջանի կողմից է
24.07.2015 | 00:07

Հայկական աշխարհը չի դադարում քննարկել ու զայրանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի անհավասարակշիռ հայտարարությունից: Ղարաբաղի հարցի կարգավորումը, բացառված չէ, մեծ հարցականի տակ է դրված, թերևս, պատահական չէ, որ ժամանակի մեջ համընկան բազմամակարդակ փաստեր ու հանգամանքներ: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և Իգոր Պոպովի (ՌԴ), ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հուլիսի 13-ին, հազիվ թե վճռական ազդակ էր: Պաշտոնական տեղեկատվությունը ժլատ էր ու սեղմ՝ «քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցեր»: Ճիշտ է՝ համանախագահներն արդեն տեղեկացրել էին, որ առաջիկա շաբաթում տարածաշրջան են գալու ու բանակցությունների այս փուլի հիմնական խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպումն է: Իհարկե, դա հիշեցրեց ՈՒոռլիքի հունիսի վերջի հայտարարությունը, որ երկու նախագահները ցանկություն են հայտնել միմյանց հանդիպել և համաձայնել են ակտիվացնել երկխոսությունը: «Մենք պետք է նրանց օգնենք և այնպես անենք, որ ապագա հանդիպումն արդյունավետ լինի»,- նշել էր դիվանագետը: Սակայն արդեն հուլիսի 14-ին նա ծավալուն և առավել քան անկեղծ հարցազրույց է տալիս ռուսական «Ведомости» թերթին: Նախ՝ նա սպառնում է տարածաշրջանին (այսինքն՝ և տարածաշրջանին հարևանող պետություններին) «կոնֆլիկտի ընդլայնումով»: Մեջբերում եմ. «2014-ը շատ վտանգավոր տարի էր, քանի որ բախումների պատճառով երկու կողմերի զոհերի մեջ կային թե զինվորականներ, թե քաղաքացիական անձինք: 2015-ի հունվարն ընդհանրապես ամենավտանգավոր ժամանակներից էր կարգավորման վերջին տարիներին ու մեծաթիվ զոհեր բերեց: Այսինքն՝ հիմքեր կան զգուշանալու, որ այս կոնֆլիկտը կարող է ընդլայնվել: Դա կարող է լինել և սխալ հաշվարկի, և ցանկացած ռազմական բախման պատճառով»: Ափսոս, որ ՈՒոռլիքը չի կոնկրետացրել՝ ում հավանական սխալ հաշվարկի մասին է խոսքը: Դատելով ԱՄՆ-ի «զսպիչ» գործունեությունից աշխարհի այլ տարածաշրջաններում՝ հակամարտող կողմերը, մյուս միջնորդները՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան, հակամարտության գոտու հարևան երկրները նախ և առաջ պետք է զգուշանան հենց ամերիկյան սխալ հաշվարկից: Ստացվում է, որ ԱՄՆ-ի համանախագահը կարծես թե զգուշացնում է շահագրգիռ բոլոր կողմերին, որ կարգավորման նախկինում մի քանի անգամ անձամբ իր ներկայացրած «զուտ ամերիկյան նոր մոդելը» լիովին կարող է «սխալ հաշվարկ» լինել: Սխալվեցին, չէ՞, Վաշինգտոնում, երբ ստեղծում էին կամ օգնում էին ստեղծել «Թալիբան» շարժումը կամ «Իսլամական պետություն» խմբավորումը: Հետևանքը դարձավ Աֆղանստանում ու Իրաքում Սիրիայի հետ բռնկված այնպիսի հրդեհը, որի համեմատ աղոտանում է և իրանաիրաքյան բազմամյա պատերազմը:
Երկրորդ՝ ՈՒոռլիքի որոշ թեզիսներ աներկբա հիմքեր են տալիս պնդելու, որ ԱՄՆ-ն անցել է հակամարտող կողմերից մեկի՝ Ադրբեջանի պաշտպանության դիրքեր: Մեջբերումներ. 1) «Մենք փորձում ենք քննարկումը շարունակել հիմքերով, որ ձեռք են բերվել այն ժամանակ: Դա վերաբերում է մի շարք կարևոր հարցերի, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների իրավիճակը, անվտանգության երաշխիքները»: 2) «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը համալիր կարգավորման շրջանակներում: Կարևոր է չլռվել-մնալ կարգավորման մեկ տարրի կամ մեկ սկզբունքի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն»: ՈՒոռլիքը հիմնավորված հրաժարվում է խոսել «անվտանգության միջազգային երաշխիքների մասին», որ կլինեն «եթե կամ երբ տարածքները վերադարձվեն», «եթե կողմերը համաձայնեն» և այլն: Տարօրինակ է, որ ԱՄՆ-ի համանախագահը ձևացնում է, թե չգիտի, որ ինքը բառ առ բառ կրկնում է ադրբեջանական «մեկնաբանությունը» Մադրիդյան սկզբունքների, որոնց մասին խոսելիս ՈՒոռլիքն անպայման ընդգծում է. «Մենք չենք փորձում հայտնագործել նոր հարցեր ու նոր դիրքորոշումներ: Մենք փորձում ենք քննարկումը շարունակել այն հիմքերի վրա, որոնք արդեն ձեռք են բերվել»: Իսկ ՄԽ վերջին «ձեռքբերումը», իհարկե, «Մադրիդյան սկզբունքներն» էին: Սակայն էական տարբերություն կա այդ սկզբունքների և ՈՒոռլիքի պնդումների միջև, որ նրանից որոշ ժամանակ առաջ փորձում էր Հայաստանին ու դեֆակտո անկախ ԼՂՀ-ին պարտադրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, երբ արձագանքում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցին Մեծ Բրիտանիա և նրա ելույթին բրիտանական խորհրդարանում ու Միջազգային հարաբերությունների թագավորական «Chatham House» ինստիտուտում հուլիսի 8-ին: Ընդհանրապես՝ Մադրիդյան սկզբունքները բացարձակապես ձեռնտու չեն Լեռնային Ղարաբաղի իշխանությանն ու ժողովրդին: Թեկուզ այն պատճառով, որ դեֆակտո անկախ հանրապետությունն արդեն վաղուց ունի իր Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, որտեղ նախկին ԼՂԻՄ-ից դուրս տարածքների կարգավիճակը հստակ նշված է՝ հողերը ձևավորում են անվտանգության գոտի հանրապետության շուրջ և նրա կազմում են ընդհուպ մինչև կոնֆլիկտի վերջնական կարգավորումը: Արտասահմանյան զորքերի հնարավոր ներկայությանն էլ ԼՂՀ պաշտպանության բանակի սպայակույտը համաձայն չէ:
Հիմա պատասխանելով ՈՒոռլիքին՝ հայ ժողովուրդը կարող է չկասկածել, որ միաժամանակ պատասխանում է ԱՄՆ-ին ու Ադրբեջանին: Մամեդյարովը այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները» մեկնաբանելու արդեն ավանդական դարձած փորձից բացի որոշեց հետին թվով նաև «վերանայել» կոնֆլիկտի մասնակից կողմերի թիվը: Այսինքն՝ հարցականի տակ դրեց և Մադրիդյան սկզբունքները, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությունը, ըստ հաջորդականության՝ ԵԱՀԿ Մինսկի ապագա կոնֆերանսը, բուն ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի ԱԽ-ն, որ ժամանակին Ղարաբաղի հարցի կարգավորման մանդատ էր տվել ԵԱՀԿ-ին: Բանակցությունների ընթացիկ ձևաչափի այս բոլոր խախտումները Մամեդյարովը տեղավորեց հետևյալ նախադասության մեջ, երբ արձագանքում էր Բակո Սահակյանի Լոնդոն այցին. «Եթե Բակո Սահակյանը «Chatham House»-ում արտահայտում է հայկական համայնքի կարծիքը, ադրբեջանական կողմը պետք է իր կարծիքը ներկայացնի: Մենք արդեն ավարտել ենք բանակցությունները այդ խնդրով: Հիմա մենք ճշտում ենք այդ գործընթացի ժամանակը մեր դեսպանատան միջոցով: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները իրենց կարծիքը կհասցնեն այն անձանց, ում հետ Բակո Սահակյանը հանդիպել է Լոնդոնում»: Միայն առաջին հայացքից է ամեն ինչ տրամաբանական ու ճիշտ քաղաքացիական տեսակետով: Իրականում Ադրբեջանը, ինչպես միշտ (հիշենք, թեկուզ, ինչպես Բաքուն տապալեց համաձայնությունը 2011-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ձևաչափում) հերթական անգամ փորձում է հայկական կողմերին ու միջազգային ընկերակցությանը պարտադրել հակամարտության կարգավորման իր վարկածը: Որևէ փաստաթղթում չարաբաստիկ «ադրբեջանական համայնքը» որևէ որակով հանդես չի գալիս: Նույնիսկ Մադրիդյան սկզբունքներում: Մամեդյարովը, սակայն, դրանով չի բավարարվում ու շարունակում է պարտադրել ադրբեջանական «տեսլականը»՝ տարածելով արդեն Մադրիդյան սկզբունքների վրա: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի համար առաջին տեղում ԼՂՀ պաշտպանության բանակի զորախմբերի դուրսբերումն է, ու՝ վերջ. «Առաջին հերթին, զինծառայողները երկու կողմերից պետք է հետ քաշվեն, հարկադրյալ տեղահանվածները վերադառնան տուն, ճանապարհները բացվեն: Հետո պետք է վերականգնել բոլոր կապերը: Այս տեսակետից՝ հայ զինծառայողները պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբացի շրջակա յոթ օկուպացված տարածքներից: Դրանից հետո Ադրբեջանը թույլ կտա բացել բոլոր ճանապարհները և հաղորդակցուղիները: Կձգտենք տարածաշրջանում աստիճանաբար նորմալ հարաբերություններ հաստատել»:
Նախ՝ հինգ շրջանները ՈՒոռլիքը և Մամեդյարովը կամայականորեն հասցրել են յոթի: Մադրիդյան սկզբունքների 2-րդ կետում վաղուց սահմանված է, որ, նվազագույնը, երկու շրջանների ճակատագիրն առանձին խոսակցություն է. «Միջանցքի ապահովում, որ Հայաստանը կապում է Լեռնային Ղարաբաղին»: Երկրորդ՝ Մադրիդյան սկզբունքներով՝ սկզբում համաձայնեցվում ու հաստատվում է չարաբաստիկ «անցումային կարգավիճակը, որ ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքները»: Հենց այստեղից են սկսվում տարաձայնությունները, որովհետև (ելնելով ԵԱՀԿ ՄԽ հաստատված ձևաչափից) այդ հարցը չի կարող լուծվել ԼՂՀ-ի թիկունքում և անհրաժեշտ է համաձայնեցնել ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ուղիղ բանակցություններում, որից տարիներով խուսափում է պաշտոնական Բաքուն: Արդեն այս օրինակներից նկատելի է՝ ԱՄՆ-ը, ի դեմս ՈՒոռլիքի, Ադրբեջանի դիրքերում է և փաստացի աջակցում է Արցախի որևէ կարգավիճակից հրաժարվելու Ադրբեջանի ցանկությանը:
Երրորդ՝ ՈՒոռլիքին ու Մամեդյարովին այդքան սրտամոտ «հարկադրյալ տեղահանվածների վերադարձը տուն» Մադրիդյան սկզբունքների համաձայն հնարավոր է միայն 4-րդ կետի կատարումից հետո՝ «Ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամահայտնության ճանապարհով»: Այս կետը ևս անհաղթահարելի խոչընդոտ է, քանի որ հայկական կողմերը հիմնավորված ու տրամաբանված պահանջում են, որ այդ կամահայտնությունը ¥նկատենք՝ կրկնվող¤ անցնի հենց ինքնորոշվող տարածքում, իսկ Ադրբեջանը խոսում է իր ամբողջ տարածքի մասին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ոչ վաղ անցյալի պատմությունից շոտլանդական անկախության հանրաքվեի նախադեպը վկայում է, որ Բաքուն պարզապես հայերին ու միջազգային հանրությանը փորձում է մոլորեցնել՝ գործնականում ադրբեջանական կողմը մտադիր է ցանկացած գնով խուսափել Մադրիդյան սկզբունքների 4-րդ կետի կատարումից: Ճիշտ չէ ասել, որ կարգավիճակի, կամահայտնության, զորքերի դուրսբերման և տեղահանված անձանց վերադարձի վերաբերյալ հայկական կողմերը չունեն հակափաստարկներ, բայց բանակցություններում առաջ չգնալը միայն Ադրբեջանի մեղքով է, որովհետև, օրինակ, բանակցային գործընթացի տարիներին ԼՂՀ իշխանությունն ու ժողովուրդը հոգնել են ադրբեջանական կողմից կառուցողականություն սպասելուց: ԼՂՀ-ում 2006-ին հանրաքվեի միջոցով ընդունվել ու հաստատվել է սեփական Սահմանադրությունը, որտեղ ԼՂՀ շրջակա տարածքների կարգավիճակը օրենսդրորեն ամրագրած է՝ «անվտանգության գոտի», որը մինչև վերջնական կարգավորումը համարվում է ԼՂՀ տարածք: Բաքվի խուսափելը Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցություններից անհնար է դարձնում ԼՂՀ-ի շրջակա տարածքների հարցի լուծումը, ուրեմն և Մադրիդյան սկզբունքների 3-րդ կետի կատարումը, որովհետև ոչ ոք հենց այնպես չի հանձնի հողերը, որ հանրապետության անվտանգության ապահովման կարևորագույն տարր են: Հետևաբար, 3-րդ կետի կատարումը սերտ կապված է 6-րդ կետին. «Անվտանգության միջազգային երաշխիքներ և խաղաղարար օպերացիայի անցկացում»: Բայց այս հարցում, ցանկանում են Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՄԽ համանախագահ երկրները, թե ոչ, պետք է հաշվի նստեն հարևան Իրանի պահանջի հետ, որ անփոփոխ է 2001-ից՝ ոչ մի օտարերկրյա զորք իր հյուսիսային սահմանին, ոչ մի «օպերացիա»՝ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությամբ: Դեռ Քի Վեստում 2001-ի ապրիլին ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան համոզվեցին, որ առանց Իրանին տեղեկացնելու տարածաշրջանին վերաբերող առաջարկների ու հնարավոր փոփոխությունների մասին, առանց այդ փոփոխություններին Իրանի համաձայնության, տարածաշրջանում խաղաղություն հնարավոր չէ: Այո, 14 տարի ամեն ինչ ձախողեց Հեյդար Ալիևը, սակայն ոչ մի վերապահում չի եղել ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների կողմից, որ հրաժարվում են Իրանի առաջ իրենց պարտավորություններից: Եթե հիմա ԱՄՆ-ում որոշել են ձևացնել, որ իրենք ոչինչ «չեն խոստացել» Իրանին կամ «պարզապես մոռացել են», ոչ Հայաստանը, ոչ Արցախը, ոչ Ադրբեջանը նման շքեղություն իրենց չեն կարող թույլ տալ: Իր անմիջական հարևաններին Իրանը ամեն տարի այդ հիշեցումն անում է: Դատելով Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Հուսեին Համենեիի 2015-ի հուլիսի 13-18-ի հայտարարություններից՝ Թեհրանն իր ժողովրդին պատրաստում է «գլխավոր թշնամու հետ դիմակայության» շարունակմանը: Այսինքն՝ ԱՄՆ-ի: Հետևաբար և Իրանի շրջակա պետությունները պետք է հաշվի նստեն Իրանի պետության իրական ղեկավարի փաստացի հրամանի հետ:
Վերադառնանք Ադրբեջանի ցանկությանը՝ բանակցությունների ձևաչափ բերել գոյություն չունեցող «Ղարաբաղի ադրբեջանական համայնքին»: Դա Հայաստանին ու ԼՂՀ-ին իրավունք է տալիս օրակարգ բերել ևս մեկ «կողմ»՝ օրինակ՝ մնացած Ադրբեջանի ու Նախիջևանի հայկական համայնքին: Այդ պատճառով առավել քան տարօրինակ է, որ Ադրբեջանի հովանավորները՝ առաջին հերթին ԱՄՆ-ը և Թուրքիան, ապա Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, մինչև հիմա չեն սաստել պաշտոնական Բաքվին: Իրականում ԼՂՀ կարգավիճակը պետք է որոշի (ելնելով Մադրիդյան սկզբունքներից) բնավ էլ ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ոչ էլ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսը, այլ դա Ղարաբաղի ժողովրդի իրավունքն է՝ ամրագրված ՄԽ համանախագահների կողմից, ընդունված Հայաստանի ու Ադրբեջանի կողմից «պարտադիր իրավական ուժ ունեցող կամահայտնության ճանապարհով»: Մինսկի կոնֆերանսը, ինչպես և ԵԱՀԿ-ն, միայն պետք է հաստատի կամահայտնության արդյունքները և փոխանցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Ինչ վերաբերում է ԼՂՀ նախագահի հանդիպումներին ու ելույթներին Անգլիայում՝ թեպետ օգտակար է մեկնել վաղեմի հայատյաց ուժերի մոտ ու նրանց բացատրել սեփական դիրքորոշումն ու տեսակետները, այնուհանդերձ, ո՞վ է նման խորհուրդ տվել Բակո Սահակյանին: Մեծ Բրիտանիան ի սկզբանե եղել է ու մնում է ադրբեջանամետ դիրքերում, ինչը և արտացոլեց Բաքվում բրիտանական դեսպանատան հուլիսի 9-ի հայտարարությունը (եթե հավատանք ադրբեջանական աղբյուրներին). «Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք չենք ընդունում չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անկախությունը»: ԼՂՀ հայերի նման կեղծ բարեկամները բացահայտորեն օգտագործեցին պարոն Սահակյանի այցը ոչ միայն նրան ունկնդրելու համար, այլև ստիպեցին ԼՂՀ նախագահին լսել անգլիացիների կարգավորման «առաջարկը»՝ այսպես կոչված «Հյուսիսային Իռլանդիայի մոդելի մասին»: Լոնդոնի էմիսարները դեռ 90-ական թթ. այդ գաղափարով համակված շրջում էին Երևանում ու Ստեփանակերտում, որի էությունը պարզունակ է՝ «վերադարձնել» Արցախն Ադրբեջանի կազմ:
Այսպիսով՝ Ջեյմս ՈՒոռլիքի կոշտ տեղաշարժը դեպի կարգավորման Ադրբեջանի տեսակետը և առաջին պլան բերելը հենց ԼՂՀ շրջակա անվտանգության գոտու վերադարձի ու «փախստականների իրավիճակի» հարցերը հիմք են տալիս հայկական կողմերին անվստահության հարց բարձրացնել ԱՄՆ-ի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի նկատմամբ: Իհարկե, հետաքրքիր է, թե որքանով է ՈՒոռլիքը իր հայտարարությունները համաձայնեցրել Գրիգորի Կարասինի հետ, այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ի հետ փոխգործակցության արդյո՞ւնք է ամերիկյան համանախագահի դիրքորոշումը: Կամ՝ պատահակա՞ն է, որ ՈՒոռլիքի սադրիչ գնահատականներն ու կոչերը ժամանակի մեջ համընկան վեցյակի ու Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման հայտարարության հետ: Սակայն այս հարցի ցանկացած պատասխանի դեպքում պարզ է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը Արցախի հարցի կարգավորմանն այլևս չի համապատասխանում Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերին: ՈՒ պետք չէ պաշտպանվել արտահայտություններով, որ իբր ամերիկացիները «քննարկում են» Ստեփանակերտին օգնության հարցը: Ստրուկներին նույնպես կերակրում են, որ հետո ավելի թանկ վաճառեն: Զայրացնում է նաև Հայաստանի ու Արցախի արևմտամետ հատվածի լռությունը, որ կողմնորոշված է նախ և առաջ դեպի ԱՄՆ: Հնչակյան կուսակցության երիտասարդական թևի ակցիան համարժեք չէ այն հանցագործությանը, որ ուզում է իրականացնել ՈՒոռլիքը, ուրեմն՝ ԱՄՆ-ը: Ո՞Ւմ է պետք պիկետը ԵԱՀԿ գրասենյակի առաջ, մի՞թե ԵԱՀԿ-ն է ՈՒոռլիքին նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահ: Այստեղ պիտի ծավալվեին «հայրենասեր քաղաքացիական ակտիվիստները», նրանք պիտի ՄԽ բոլոր երեք համանախագահ երկրների դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ անեին, թե չէ ո՞ւմ է պետք Բաղրամյանը փակելը: Բայց ոչ: Արևմտամետ հայերը արագ են մոռանում ազգային շահերի մասին, երբ իրենց հայրենասիրությունը իրոք անհրաժեշտ է: Իմ մեղադրանքը վերաբերում է ամբողջ հասարակությանը՝ առանց բացառության: Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպություններն իրենց պահում են ջայլամի պես, որ ԱՄՆ-ից ունեցած ահից գլուխներն ավազի մեջ են թաքցնում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ