ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ոտքի՛, Հայաստան», ՀԷՑ-ը ծնկել է («Թալանտորգի» չեղարկման անատոմիան)

«Ոտքի՛, Հայաստան», ՀԷՑ-ը ծնկել է («Թալանտորգի» չեղարկման անատոմիան)
24.07.2015 | 00:05

Անտերն անտերին դարձավ տեր,
Դարձավ անտերը կրկնատեր.
Երկինք ի բաց մի ճամփա կար`
Պիտի Աստծուն Աստծով գտնել։
«ՈՒղիղ ճանապարհ»,
Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ԿՈՒՅՐ ԱՂԻՔԻ ՎԱՅՆԱՍՈՒՆԸ

(ֆելիետոնն այս այգաբացին է գրվել)

ՀՀ իշխանակառավարական ատյանների անբուժելի մանկամտությունը ինձ լուրջ ահաբեկել է։ Քանի որ բյուջեի սնանկությանը զուգընթաց նրանք շարունակ գործուղվում են և բնավ չեն ամաչում։ Եվ ահա մտորում եմ` թե արդյո՞ք գալիք սահմանադրական փոփոխությունները մեր պետական մարմնի գլուխը կդնեն ուսերի կենտրոնում, իսկ գլխի տեղում դիրքավորված կույր աղիքը կիջեցնեն վար։ Եթե այո՛, ապա բոլորս դեպի նոր խորհրդարանական հանրապետություն։ 3-րդ հանրապետության չարագուշակ բանադրանքից ձերբազատվելու նպատակով հարկավ պիտի փոխվեն` ա) երկրի զինանշանը, բ) օրհներգը և գ) կառավարիչները։

Կույր աղիքը, ըստ հնագույն ավանդազրույցների, անպիտան բան է։ Այնուամենայնիվ, ինչ-որ համեստ ու աննշան գործառույթ նա ունի։ Եվ ունի կատաղելու անպետք մի հատկանիշ. կատաղում է, բորբոքվում է, ի վերջո, ինքնաթունավորվում է, և նրան հեռացնում են վիրահատությամբ, կույր աղիքը շատ համառն է և ինքնակամ չի լքում դիրքը։ Այժմ էլ է նա բորբոքվել, ինքնաթունավորվել է, և նրան գահընկեց անելու ճիշտ ժամանակն է, նախ` նրան վար ենք իջեցնում ուսերի կենտրոնից, այնուհետև խցկում ենք փորոտիքի խորքը։ Հավե՜րժ հիշատակ։ Այժմ մեր իշխանակառավարական վերնադասը, հարկավ, յուր կամքից անկախ, վերածվել է աղբյուրի կենարար ջրի հոսքը վերահսկող (ականջներդ թող զի՜լ կանչեն և անո՜ւշ կարկաչեն, երկրի վերահսկիչ ծառայություններ ու պալատներ) յոթգլխանի մի վիշապի։ Զի սնվում է ահարկու ախորժակով, սակայն ջուր է բաց թողնում աննշան չափով, բայց եթե փորձես նրան դարձի բերել, իսկույն ևեթ վայնասուն է բարձրացնում և օգնության է կանչում իր ամենակարող քեռիներին։ Ի դեպ, տեղին է հիշել, որ ՀՀ կույր աղիք-վիշապը ծագումով Արևմուտքից է, այսինքն` բուծվել է այնտեղ, մի երկնագույն և թունոտ փորձակայանում։

ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ՀԻՎԱՆԴԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

(պամֆլետը թխվեց ճաշի ժամին)

Դուք երբևէ տեսե՞լ եք մի քաղցկեղակրի, որը հիվանդության խորացմանը զուգընթաց ժպտում-զվարճանում է, երբեմն էլ երջանկությունից հևիհև շնչահեղձ է լինում։ (Հետո սույն գործընթացը կրկնվում է)։ Չե՞ք տեսել, հրավիրում եմ «Հանրապետության» հրապարակ և Բաղրամյան-13։ Որքան մեծանում են համերկրային աղետները (արտագաղթ+վարկակորզում+հեքիաթ` բարեփոխումների մասին) նույնքան ինքնագոհանում են երկրի կառավար-հանճարները... ինչպես բանջարանոցի ահաբեկիչ-խրտվիլակն է ինքնագոհանում, քշելով անպիտան ճնճղուկների երամը։ Օ՜ֆ, երանի ձեզ, հայոց հնադարյան այգիների և առաքինի բանջարանոցների խրտվիլակ-ահաբեկիչներ, դուք գոնե ձեր հացն հանապազօր արդար էիք վաստակում։ Այսօր ինչե՜ր են կատարվում։ Մի խոսքով, մեր վերնադասը («վերնակույտ» եզրույթից առժամանակ հրաժարվենք, մեր կառավարիչներին դա նվաստացնում է, բողոքում են, թե նման որակումներից հետո վարկատու կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց ծաղրում են` քնքշանվաղ քաշելով ականջները, գործուղումներում է անթվարկելի, գործընթացներում կախարդիչ, հայոց նախարարներն ու այլք շաբաթը մեկ լայնաբերան հորանջում են և որոշում են երկրին ծառայել։ Դրա իրականացման համար ի՞նչ է անհրաժեշտ. ընդամենը պետք է գործուղվել դեպի քաղաքակիրթ աշխարհ և առնվազն հինգաստղանի հյուրանոցում նվազագույնը 1 շաբաթ ապրելով հայտնաբերել հանրապետության տնտեսության փրկության բանալիները։ Ընդ որում, գործուղման գերությունը նրանք տանում են հայկազյան տոկունությամբ, ապահովելով սույն պայմանները.

ա) գործուղվել դեպի մեծ աշխարհ, անպատճառ պատշաճ ձևով ներկայացնելով ՀՀ-ն, այսինքն` բազմադեմ շքախմբով, մի 30 անձով,

բ) գործուղման ընթացքում ակնթարթ անգամ չանտեսել գլխավորը` հերթական վարկի մուրումը, չէ՞ որ մեզ վարկ են տրամադրում, եթե մենք պահպանում ենք վարկատուների դիվախաղի կանոնակարգը` երկրի կառավարության և իշխանությունների նյութաբարոյական գերուռճացմանը պիտի հակադարձ համեմատական լինի ժողովրդական լայն զանգվածների տնտեսա-հոգեբանական նվաստացումը։

Անշուշտ, ՀՀ-ի իրական վերելքի ջատագով գերտերությունները գնահատում են ՀՀ վերնադասի ջանքերը և հանրապետությունը պատվավոր մի ցանկում են տեղակայել։ Ահավասիկ, «The Guardian» հեղինակավոր պարբերականը ՀՀ-ն դասել է ոչ ավելի, սակայն, գրողը (զորօրինակ, Օտյան հանճարեղ Երվանդը) տանի, ոչ էլ պակաս, փաստացի պարտքային ճգնաժամ ունեցող 22 երկրների շարքում։ (Զարմանում եմ` ինչո՞ւ ՀՀ տոնացույցում չամրագրել հետևյալ տոները, դրանք հայտարարելով ոչ աշխատանքային օրեր, իսկ դրանց հաջորդ օրերը համարելով մասամբ աշխատանքային, չէ՞ որ տոնական խանդավառությունից գրեթե ուժասպառ ժողովուրդը պետք է սահուն անցում կատարի դեպի իր գարշելի առօրյան։

Նշագրում եմ գալիք տոնացույցի օրերը` ըստ բովանդակության։

1. ՀՀ փաստացի պարտքային ճգնաժամի հավերժության օր։

2. Երկրի վերջնական գրավման օր` օտարի և սեփական վերնախավի ջանքերով։

3. Քաղաքական հացկատակության լուսաբանման օր։

Եվ այլն։

Ի դեպ, ՀՀ փաստացի պարտքային ճգնաժամի օրը պետական տոն դարձնելուն ուղղված վերջերս դարացունց մի խնջույք էր Երևանի Մյասնիկյան պողոտայում, կենդանաբանական այգու հարևանությամբ, «Վենետիկյան պալատ» հյուրանոցում։ (Սույն դեպքը տեղի է ունեցել 2015-ի հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը)։ Եվ ահա պատմում են, որ սույն խնջույքում նշվում էր գալիք սահմանադրության սահմաններում «ՀՀ փաստացի պարտքի ճգնաժամը» պետական տոն հռչակելու հնարավորությունը։ Հնարավո՜ր էր և սա նշվեց դղրդուն հրավառությամբ։ Արթնացան և փողոց դուրս ելան շրջակա տների բնակիչները, շատերը կիսամերկ, շատերն էլ` մանկահասակ երեխաները գրկներին։ Արթնացան և աղեկտուր ոռնում, ծլվլում-բառաչում էին գազաններն ու թռչունները։ Քանզի հրավառվել էր շրջակայքը և հրդեհ էր բռնկել։ Ի պատիվ խնջույքավորների, նրանք շարունակեցին երգն ու պարը մինչև լուսաբաց։ Անշուշտ, ԱԻՆ-ի մարտական 13 հաշվարկին հաջողվեց մարել կրակը։ (Այս ամենը հագեցած լուսանկարչական ռեպորտաժով տեղակայված է aravot.am կայքում)։ Մի խոսքով, գալիք պետական տոները նշվելու են միայն այսպես, «ՀՀ պարտքային փաստացի ճգնաժամի օրը» հասարակությունը մոխրախառն ջուր է լցնելու գլխին, ի նշան այն բանի, որ ևս 1 մլն դոլարով ծանրացավ պարտքային թուջե բեռը գալիք սերունդների բարալիկ պարանոցին։ Հետո կհետևեն գործուղումները անվարան, վերնադասը կվերադառնա և համապետական մի շքեղացոլք տոնահանդես կկազմակերպի, կհրավառի արդեն ողջ հանրապետությունը և նոր վարկ կորսա երկրի ահաբեկված բնակչության և ապականված բնաշխարհի վերականգնման նպատակով։

Այո՜, պետական գանձարանը` գանձարան վերահսկիչների կամքով ու ձեռքերով կողոպտվում է կատաղի հնարամտությամբ։ Եվ ահա հայտնի է դարձել, որ վերնադասի գերակա խնդիրը` խորհրդարանական հանրապետությունում հետևյալն է` առաջընթացային վարկավորմամբ դառնալ թիվ 1 երկիրը Երկրագնդում, պետական պարտքը հասցնել 100 տոկոսի ու հանրապետությունը հայտարարել սնանկ և տնանկ։ Մի խոսքով, կույր աղիք-վիշապը բացել է երախն ու ժայթքում է ներքոնշյալը` ի գիտություն հայոց պատմության և ի հեճուկս ներկա պետականության։

ա) Ներկա գործուղավոր-տիարք և տիկնայք իրեց հայտարարագրած միլիոնները «վաստակել» են հենց այն տարիներին, երբ հասունանում էր երկրի տնտեսական ճգնաժամը, հետևապես նրանց վաստակը չակերտվում է և նրանց գործերի մանրակրկիտ քննությունը դառնում է համաժողովրդական արժանապատվության խնդիր։

բ) Քանի որ այսօր (երեկ-մեկել օրն էլ վրադիր) զանգվածային գործուղումների օգտավետությունը զրոյական է, առաջարկում եմ ոմանց համար 1 գերգործուղում կազմակերպել մեկ տարի ժամկետով` դեպի Կոշի գաղութ։

«ՈՏՔԻ՛, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ն Է ԳԱԼԻՍ

(իրիկնահացից առաջ թխված սարկազմ)

Պատվարժան Բագրատ, սիրելի Ալեքյան, ահա և ալիքվում են սահմանադրական փոփոխությունների տագնապից մեր լճերը` լուրթ-երազկոտ։ Վախենանք, որ հայոց երեսփոխանները երկակի ձևաչափով դարձյալ պղտոր ջրի երեսին կմնան և եռակի կաճեն նրանց հակահանրային հանդգնությունն ու պետականամերժ պրտկերեսությունը։ ՈՒրեմն Հայաստանը ոտքի վրա պետք է դիմակայի այս ամենին։ Եվ նրանցից պահանջի 1 լումայի ճշգրտությամբ վերադարձնել գործուղումների վրա մսխված գումարները։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Տարեկան անհեթեթ գործուղումների վրա մոտավոր հաշվարկով մսխվում է պետական բյուջեի, այլ կերպ բնութագրած` համաժողովրդական հարստության շուրջ 30 տոկոսը։ Այսպիսով` գողոն-գործուղումները ևս մի ՀԷՑ են` կանգնած մեր առջև։

Դիտվել է՝ 2041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ