Տարանցիկ երկիր. ի՞նչ է այն: Տեղեկատվության մատչելիության այսօրվա միջավայրում փորձեցի այս հասկացության իմաստը բացահայտել: Գտա «բանանային երկիր» արտահայտությունը, որը վերագրվում է համեմատաբար աղքատ երկրներին: Մի այլ տեղ հանդիպեցի «նավթային երկիր» բնորոշմանը, ուր խոսվում էր սև ոսկի համարվող վառելիքի մասին: Ոչ մեծ Սինգապուրն ու Շվեյցարիան որակվում էին որպես բանկային երկրներ, Շրի Լանկան՝ թեյի, Կիպրոսը՝ զբոսաշրջային: Տարօրինակ բան էր ստացվում. Երկիր մոլորակի շուրջ 230 պետություններից և ոչ մեկի վերաբերյալ «տարանցիկ» գնահատականը չէր նշվում, թեև դիտարկել էի այնպիսի երկրներ, ինչպիսիք էին մայր ցամաքների կենտրոններում գտնվող Ավստրիան ու Չեխիան, Ղազախստանը և ՈՒզբեկստանը, աֆրիկյան Չադն ու հարավամերիկյան Պարագվայը: Եվ հարցը, թե ինչու են ՀՀ իշխանավորները, այդ թվում՝ բարձրագույն այրերը, գրեթե ամեն առիթով ընդգծում Հայաստան երկիրը տարանցիկ դարձնելու մասին, հնչում է ինքնաբերաբար: «Զվարթնոց» օդանավակայանն են բացում, այն պետք է նպաստի տարանցիկությանը, ներդրողների են սպասում, նրանց գործունեության համար տարանցիկ միջավայր են խոստանում, մեկ էլ վերհիշում են մետաքսի տարանցիկ ճանապարհը, ապա իրանական գազատարի տարանցիկ հնարավորությունները, նույնը՝ երկաթուղու կառուցման առումով: Պարզվում է՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհը, որը, պարզ է, տարանցիկ է, արմատապես բարեփոխելու է երկրի կարգավիճակը, իսկ նոր ատոմակայանի կառուցմամբ տարանցիկ էլեկտրագծեր են անցկացվելու տարածաշրջանում, ինչի արդյունքում մեր հնամյա երկիրը դառնալու է գերգրավիչ նորոգ պետություն: Ի՜նչ խոստումներ ու ակնկալիքներ, սպասումներ ու հրաշագործություններ, որոնք իրողություն ու իրականություն են դառնալու Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու արդյունքում. մի փոքր էլ համբերություն ու հավատ, մի փոքր էլ դիմացեք ու տոկացեք, և ամեն ինչ լավ է լինելու: Այդ մի փոքրն արդեն 15 և ավելի տարիներ առաջ էլ էր ասվում, երբ հայտարարվում էր, որ Հայաստանում ինքնաթիռներ ու ավտոմեքենաներ են հավաքվելու, նավթի վերամշակման գործարան է կառուցվելու, անբուժելի համարվող հիվանդությունների բուժման համաշխարհային կենտրոն ենք դառնալու և անգամ, մեղա, մեղա, գյուղական զբոսաշրջության հարյուր հազարավոր սիրահարների ենք ընդունելու:
Այսօր արդեն պարզից էլ պարզ է՝ մեզանում գերիշխում է ցանկալին իրականություն ներկայացնելու անհեռանկար ձգտումը, որը կարճաժամկետ առումով ինչ-որ տպավորություն թողնում է, այնուհետև պատճառ դառնում խոր հիասթափության ու հուսալքումի, «սա երկիր չէ» մտայնության կազմավորման, ի վերջո՝ անվերադարձ արտագաղթի: 70-ս բոլորած ՀՀ քաղաքացիս փաստում եմ, որ հարազատ-բարեկամներիս, ծանոթ-ընկերներիս, երիտասարդության ու մերօրյա շրջապատիս 100-ավոր ներկայացուցիչներ իրենց ընտանիքներով հանգրվանել են աշխարհի չորս կողմերում, անգամ հայերիս հանդեպ ոչ բարյացակամ պետություններում: Ազգային աղետի վերածված այս գործընթացը որևէ ձևով կանխելու փորձ անգամ չի արվում, եթե նկատի չունենանք հանրահայտ նախարարուհու 1 միլիոն հայերի կողմից հայաստանյան բանկերում 1000-ական դոլար ներդրմամբ ՀՀ տնտեսությունը արմատապես բարելավելու առաջարկը: Արտերկրներում հանգրվանած մեր հայրենակիցների գործելաոճը շատ էլ չի տարբերվում հիշյալ ցանկությունից, քանզի նրանք վստահ լինելով, որ ՀՀ բանկերը ակնկալվող 1 մլրդ դոլարի պակասուրդի խնդիր պարզապես չունեն, այդ 1000-ականները մի բան ավելիով ուղարկում են իրենց դեռ չարտագաղթած հարազատներին, որն էլ ուղղվում է երկրի առևտրային համակարգ, նույնն է թե՝ ներմուծողների ու բանկերի հաշվեհամարներին: Այ այստեղ «տարանցիկ» որակումը լիարժեք կարելի է օգտագործել, քանզի արտերկրներից ներմուծված մսից ու կաթի փոշուց երշիկեղեն ու պանիր են պատրաստվում ու որոշ քանակներ արտահանվում, նույնը սուրճի ու տոմատի, տարբեր միջոցներով ստացված հյութերի, մի խումբ այլ ապրանքների պարագայում: Հետաքրքիր մի դիտարկում: ՀՀ բնակչության շաքարավազի տարեկան պահանջարկը մոտ 100 հազար տոննա է, Ախուրյանում կառուցված շաքարի գործարանի հզորությունը՝ 230 հազար տոննա: Յուրօրինակ տարանցիկ էինք դառնալու, տարածաշրջանին էինք գոհացնելու, նրանց մեր հանդեպ խոսքը շաքարով կտրելու, որն առայժմ արտահայտվում է հեռավոր երկրներից շաքարավազի արտադրության հումքի ներկրմամբ, երբ երկրում 100-հազարավոր հեկտար երբեմնի բարեբեր հողեր անմշակ են, դրանք արոտավայրերի ու խոտհարքերի են վերածվել: Լավ, մի պահ ենթադրենք, թե հավի ու խոզի միս արտադրելը մեզանում բարդ գործ է, դրանք պարտադրված ենք ներմուծել, ճակնդեղն ի՞նչ է, որ չենք կարողանում մշակել: 1985-ին ՀԽՍՀ-ում այն մշակվել է 4 հազար հեկտարի վրա, միջին բերքատվությունը՝ 35 տոննա, ասել է՝ 140 հազար տոննա ճակնդեղ է ստացվել, հիմա պարզ չէ՝ դրա որ տոկոսն ունենք: Փոխարենը ՀՀ գյուղոլորտում տարեկան մինչև 10 տոկոս կայուն աճ արձանագրվում է, որը, ցավոք, չի արտացոլվում ոչ մեր առևտրային ցանցի տեսականիում, ոչ էլ հայ տանտիրուհիների խոհանոցներում: Երբ մոտ օրերս գրեցի, որ անգամ ստեպղինը, ժողովրդական լեզվով ասած՝ գազարն ենք Իսրայելից ներկրում, ոմանք այն անհավանական համարեցին. կրկնակի հավաստում եմ, որ ասվածն իրողություն էր: Ինչի է նման, երբ ՀՀ-ում մսատեսակների արտադրությունն այնքան աննշան է, որ կարիք է առաջանում հավի մսի 30-35 հազար տոննա ներմուծում իրականացնելու, ներկրված խոզի միսը հազարավոր կիլոմետրեր հեռավորություններից Հայաստան հասնելով՝ տեղականի համեմատ կես գնից էլ պակասով է վաճառվում: Այս պայմաններում առավել տարօրինակ է ՀՀ-ից մսամթերքների արտահանումը, անգամ այն, որ մեր մանկական հաստատություններում արգելված է երշիկեղենի օգտագործումը: Թերևս պատճառը մսի գնով պայմանավորված երշիկեղենի անհասկանալի ցածր գինն է, որն սպառողները կապում են երշիկեղենի բաղադրության հետ: Աղքատության եզրին հայտնված հանրության որոշակի հատվածն այսուհանդերձ իրեն թույլ է տալիս երբեմն օգտվել այսօրինակ մսամթերքներից:
Ո՞Ւր մնացին զբոսաշրջության ծավալման շուրջ հավաստիացումները, երբ բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ նախատեսվեցին, ուղեցույցներ տպագրվեցին: Ոչ վաղ անցյալում այստեղ իրոք տարանցիկ էինք, մարդիկ օրերով Հայաստանում էին հանգստանում, ապա հարևան հանրապետություններ մեկնում: Ցավալիորեն մեր օրերում նման զարգացումներ չենք նկատում, քանզի այն տպավորությունը կա, որ Հայաստան այցելողները խնդիրներ են տեսնում թե հյուրանոցների գներում, թե այցելավայրերի սանիտարահիգիենիկ պայմաններում, թե մատուցվող սննդակարգում: Հիմա էլ, ասենք, գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրերի պակաս չկա, երբ իրողություն է, որ գյուղական համայնքներում ջուր չկա ոչ միայն լողավազաններ ունենալու, այլև տարրական սանհանգույցներից ու լոգարաններից օգտվելու առումով, չխոսելով խմելու ջուր չունենալու մասին: Հայտնի չէ, թե ինչով է ժամանակն ու ֆինանսական միջոցները ծախսելու եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկը երեկոյան ժամերին, երբ գյուղական համայնքներում իսպառ բացակայում են հանգստի ու զվարճանքի կետերը, բարերն ու սրճարանները, զբոսաշրջությանը հարիր այլ ծառայություններ: Պարզ ու հասարակ նման աշխատատեղերի ստեղծման մասին մերօրյա տնտեսավարական միտքը, ինչքանով այն կա, գերադասում է չխոսել: Աշխատանք հասկացության վրա մեզանում տաբու է դրված, այն ընկալվում է որպես երբեմնի ունեցած խոշոր արդյունաբերության վերականգնում: Իսկ ահա երբ դիտարկում ենք ժամանակակից զարգացած պետության մոդելը, պարզ է դառնում, որ արդյունաբերության ոլորտում զբաղված է աշխատունակ բնակչության 10-15 տոկոսը, գյուղոլորտում՝ 3-5 տոկոսը, սպասարկման ոլորտում՝ 70-75 տոկոսը: Փոքր Կիպրոսում, օրինակ, ցուցանիշները համապատասխանաբար 20, 8 և 72 տոկոս են, ոչ մեծ Ավստրիայում՝ 26, 5 և 69 տոկոս, գերհզոր Գերմանիայում՝ 24, 2 և 74 տոկոս: Ստացվում է, որ 4 աշխատողից 3-ը սպասարկող է, ինչը մեզանում ուղղակի հնարավոր չէ, քանզի ասենք առաջնահերթ պարենապահովության ոլորտում դաշտն ու այգին, թռչնաբուծությունն ու անասնապահությունը զավեշտալի բերք ու մթերատվություն են ապահովում, որի արդյունքում այստեղ զբաղված է յուրաքանչյուր 2-րդ աշխատողը: Երկրի գործադիր մարմնի որևէ ղեկավար, հատկապես գյուղական միջավայրի ներկայացուցիչներ, երբևէ այս վիճակը, որով պայմանավորված են ՀՀ պարենապահովությունն ու պարենանվտանգությունը, այն ոչ միայն գերխնդիր, անգամ խնդիր չի համարում, որի ապացույցն է հարցը չբարձրաձայնելը, ահազանգ չհնչեցնելը, ինչու ոչ՝ պատասխանատուներին չբամփելը: Այս վիճակի համար չեն իրենց գոյությունը մի կերպ պահպանող հարյուր հազարավոր մարդիկ հարկեր ու տուրքեր վճարում, դրական փոփոխությունների սպասում:
Աշխարհը վաղուց է ուրվագծել կայուն զարգացման ճանապարհը, որտեղ որոշիչ է համարվում բնակչության առաջնահերթ ապահովումը բավարար որակի ու գնի կենդանական ծագման սննդով՝ կաթ-կաթնամթերքով ու միս-մսամթերքով: Ընդամենը երեք տասնամյակ առաջ այս խնդիրն ունեցող Չինաստանը արգելեց անգամ ընտանիքի բնական աճը: Նայեք այսօրվա Չինաստանին: 1 բնակչի հաշվով հազիվ 1000 քառակուսի մետր վարելահող ունեցող այս երկիրը ոչ միայն արդեն ինքնաբավ է, այլև խոշոր ծավալներով պարենի արտահանում է իրականացնում. աշխարհում արտադրվող 100 մլն տոննա խոզի մսի 50 մլն տոննան չինական է, հավի մսի արտադրությունն անցել է 20 մլն տոննան, ցորենի յուրաքանչյուր 6-րդ կիլոգրամը չինական է, բրնձի՝ 3-րդ կգ-ը, եգիպտացորենի՝ 5-րդ կգ-ը: Ի դեպ վերջինը նաև չինական 220 մլն տոննա արտադրության շնորհիվ դարձել է Երկիր մոլորակի թիվ 1 մշակաբույսը, որի համաշխարհային արտադրության ծավալն անցել է 1 մլրդ տոննան: Այն առաջին հերթին օգտագործվում է որպես լիարժեք անասնակեր, ապահովում բարձր մթերատվություն և հավելյալ արժեք: Այս պարզ գործընթացը նույնպես հայաստանյան տնտեսավարական միտքը չտեսնելու է տալիս, որի արդյունքը հայ գյուղի, մեղմ ասենք, ողբալի վիճակն է: Չգիտես ինչ հիմնավորումներով մեզանում փորձ է արվում խթանելու ոչխարաբուծությունը, երբ ասենք Թուրքիայում այս անասնատեսակի գլխաքանակը երբեմնի 65 մլն-ից հիմա հազիվ 35 մլն է: Եվրոպայում ընդամենը մեկ երկիր կա, ուր այս ճյուղը զարգացում է ապրում և այդ երկիրը… Հունաստանն է: ԱՄՆ-ի գերհզոր գյուղոլորտում ընդամենը 5 մլն ոչխար է պահվում, Գերմանիայում՝ հազիվ 2 մլն, Լիտվայում՝ 90 հազար: ՀՀ-ում ձգտում են 1,5 մլն-ի, որն առավել քան տարօրինակ է, նկատի ունենալով այս անասնատեսակի էապես ցածր մթերատվությունն ու բնականաբար արտադրանքի բարձր գինը: Այս ճյուղի հանդեպ ոգևորությունը թերևս ոչ տեղին է, ոչ արդարացված, որը նկատում ենք անգամ Իրանի վիճակագրությանը ծանոթանալով. երկիրը 1 մանր եղջերավորի հաշվով հայաստանյանից առավել արոտավայրեր ունի, սակայն 2002-2014 թթ. մանր եղջերավորի գլխաքանակը 81 մլն-ից իջել է 72 մլն-ի: Ինչո՞ւ, պարոնայք, երբ համանման վիճակագրությունը վերլուծելն ու գործընթացները կանոնակարգելը ձեր մասնագիտական ու պաշտոնական պարտականությունն է, որը փորձում եք փոխարինել մեր արոտավայրերը այլոց անասնագլխաքանակների համար յուրօրինակ տարանցիկ տարածքների վերածելու գործելաոճով: Ասվածը եզակի օրինակ չէ: Բարձրագույն պաշտոնյաների բազմակի հայտարարությունները, թե պատրաստ են լսելու, քննարկելու, իրականացնելու հանրությունից եկող ողջամիտ առաջարկություններն ու ծրագրերը, որևէ ձևով չեն արտացոլվում ՀՀ կառավարության գործունեությունում, այդ կերպ հաստատելով, որ միակ ճիշտն իշխանավորն է, իրենք են և վերջ: Հավատացել ենք, սպասումի տրվել, սակայն ժամանակ անց հուսալքվել, ըմբոստացել, որի ապացույցը մերօրյա խառնակ Հայաստանն է և իշխանության «մերն ուրիշ է» ոչ մի տեղ չտանող գործելաոճը:
Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ