ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Զվարճալի» դրվագներ նվիրառուի կյանքից

«Զվարճալի» դրվագներ նվիրառուի կյանքից
17.07.2015 | 02:24

Տեսնես ինչու հենց խնձորն է ամուսնական առաջին գիշերվա խորհրդանիշը։ Դե, պարզ է, ժողովուրդն է ընտրել, բայց ինչու հենց կարմիր խնձոր և ոչ թե ասենք՝ կարմիր ձմերուկ կամ պոմիդոր։
Հավանաբար աստվածաշնչյան պատմությունից է խնձորը ձեռք բերել իր հեգեմոն նշանակությունը։
«Սպիտակ թուղթ, կարմիր խնձոր»,


Արմենուհի ՍԻՍՅԱՆ

ԿԱՐՄԻՐ ԽՆՁՈՐԻՑ՝ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՊՈՄԻԴՈՐ

(ֆելիետոնն այս գրվեց այգաբացին)

Այգաբացի կիսաքաղցր սուրճը հրաշալի է ընկերակցում մեկ գավաթ սառնորակ ջրին։ Փորձեք։ (Վեհ բառ է, չէ՞, ընկերը, այսինքն՝ միասին հաց ուտողներ, հացի սրբազան խորհուրդը գնահատողներ, ընկեր - հացն ընդ կեր, սքանչելի է)։ Մեր իշխանական վերնադասում ընկերությունը հասել է իր բարձրակետին։ Բառերս պետք է հիմնավորվե՞ն։ Անշուշտ։ Դիցուք, Իշխան Զաքարյանը։ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը համակարգված կաշառակերության և զանգվածային գանձագողության դեմ պայքարի սեփական մեթոդն է մշակել, մինչ այս անհայտ հայոց պատմությանը։ Նա հանդարտ դղյակավորվում է, նա մեղմանուշ օլիգարխիկացվում է, նա նորանկախ Հայաստանի ամենապերճաշուք սեղաններից անմասն չէ, նա, անկասկած, սեքընդհենդային հագուստ չի հագնում, մի խոսքով՝ նա վարչական օլիգոպոլիայի խիստ բնութագրական ներկայացուցիչ է, բայց մի տարբերությամբ. նա երևելի նվիրառու է, նրա ձգողական ուժը համահավասար է Լուսնին ձգող Երկիր մոլորակի ուժին, քանի որ նրա անունը, անցած ճանապարհը, նկարագիրն ու հրովարտակները կախարդական ազդեցություն են գործում ոմանց վրա, ովքեր երանավետ ժպտում և բացում են իրենց պարարտ քսակների բերանները։ Այսպես է վարվել, զորօրինակ, հայ գործարար, բարերար և ազգային գործիչ Ալբեր Բոյաջյանը։ Պատվական մարդ է տիար Ալբերը, ի մասնավորի հիմնադրել է ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան հատվածի առաջին հայկական սկաուտական ասոցիացիան։ Տիար Բոյաջյանը նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն ԱՄՆ դոլար։ Նա ֆինանսավորում է ՀՀ նախագահի մրցանակները և այլն։ Սակայն Ալբեր Բոյաջյանը, միաժամանակ, ըստ Իշխան Զ.-ի, նրա առանձնատունն է կառուցել։ Կներեք, ինչո՞ւ, Իշխան Զ.-ն ՀՀ գլխավոր սկաո՞ւտն է, ինչի պատճառով սկուտեղի վրա նրան դղյակ-առանձնատուն է մատուցվում, կամ էլ գուցե ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը համահավասարեցված է «Հայաստան» համահայկական հիմնադրամով իրականացվող պետականաշեն ձեռնարկների՞ն։ Իսկ գուցե Իշխան Սերժիկի Զաքարյանը, ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմի նախկին քարտուղարն ու «Վաչագան Բարեպաշտ» մեդալի ասպետը, համահավասարեցված է Ստեփանակերտ-Երևան կառուցվելիք ճոպանուղու հե՞տ, կամ էլ գուցե մատենադարանային մասո՞ւնք է, ասենք՝ 7-րդ դարի մագաղաթյա մատյան է, և այս հիմքերով նրան ֆինանսավորում են։ Միգուցե։

Սակայն «գուցե-միգուցե»-ներից վերադառնանք առինքնող բարոյականության և պարզսիրտ բանականության ծառուղիներն ու փորձենք կռահել, այնուամենայնիվ, ինչո՞ւ է Իշխան Զ.-ն առանձնատուն և այլ «նվերներ» ստանում հենց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում։ Չէ՞ որ նա մինչ այդ բավականին լուրջ պետական պաշտոններ է զբաղեցրել։ Ընդ որում, նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի աթոռը՝ 2007-ի հունիսից մինչև նոյեմբեր։ Հասկանալի է, նրա խիստ երկրային ցանկություններն ի կատար են ածվում, որպեսզի նա նվիրատուների, այսինքն՝ պետբյուջեից անհագուրդ սնվողների գործունեությունը վերահսկի ոչ թե վերից վար, այլ նրանց մի թեթև կսմթի, նրանց զանցանքների առջև աչք փակի և ականջ գոցի։

ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՄԲ

(պամֆլետ՝ ճաշից րոպեներ անց)

Պատվարժան վիպասքագետ-դրամատուրգներ (Ադալյան Նորայր, Խանջյան Գուրգեն և այլք), պաղատում եմ, բաց մի՛ թողեք եզակի հնարավորությունը. տրագիֆարսը անհոգ շրջում է Մասսյաց հայացքի ներքո, որսացեք և արդի հայ գրականությունը հարստացրեք այս նոր կատակերգությամբ, կոռուպցիան այսօր նվիրաբերումն է, նվիրաբերումն ու նվերն այս պարագայում արդյո՞ք կաշառասնուցում չեն կամ ինքնասնուցում։ Հարկա՛վ։

Գրպանահատի ատելությունն անկիզելի պահարաններ հատող բանկային գողի նկատմամբ կենսաբանական երևույթ է։ Սա նշում եմ հենց այնպես, արժե մի փոքր թարմ աղբյուրի ջուր ըմպել, ամառային տապը դրան է մղում։

Վաղուց վարչական վերնադասի որոշ առաջամարտիկներ թաքցնում են զանգվածային գողոնը և հայտարարագրում են իրենց ունեցվածքը որպես նվիրատվություն։ Ինչից ելնելով էլ 2003-ին ի հայտ է գալիս վեհաշունչ մի կառույց, ՀՀ վերահսկիչ պալատը, որը պիտի որ վերահսկի պետական միջոցները շարունակ գրպանող, խաչագողերի, գանձագողերի և այլ հակապետական տականքի ճանապարհային քարտեզն ու նրանց սև գործերը հանի ջրի երես։ «Սև գործերը» բացահայտող ՎՊ-ն տեղակայված է շքեղաշուք մի պալատում։ Պալատի խան-նախագահը զտարյուն պետծառայող է, երբևէ գործարարությամբ չի զբաղվել (բազմազբաղ այս այրն անգամ քնի մեջ է ծառայում երկրին և ժողովրդին, սա հանրահայտ է), սակայն նրա դղյակն առկա է, նա իրական տերն է ծաղկաձորյան օլիգարխիկ կենտրոնի, և այս ամենը նրա ընկերախմբի բողբոջուն սիրո առհավատչյան է։

Այսպիսով, Իշխան Զաքարյանն է ՀՀ գլխավոր նվիրառուն։ Իշխան Զ.-ն բավականին «պերճախոս» է, նրա «թևավոր» խոսքն այսօր էլ ցնցում է բոլոր նրանց, ովքեր բախտ են ունենում իրավական հարթությունում բախվելու նրա բացահայտումներին. «Թող ոչ ոք չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու»։ «Չի լինելու, ո՛չ թալանին, չեղարկում և վե՛րջ» բաղրամյանական կարգախոսները տիար Զաքարյանի դեպքում մի հավելում ունեն, լինելու է, եթե դա «ընկերոջս նվերն» է, թալանվելու է, եթե ընկերախմբիս «նվիրաբերումն» է, և չեղարկվելու է, եթե միայն արտասահմանյան բարերարի «ընծան» է։ Սուբյեկտիվ այս օբյեկտը, այսպիսով, փարիսեցիության անձեռակերտ կոթող է։ Քանզի հանրային սպասումներն այդպես էլ մնում են ձայն բարբառո հանապատի։ Քանզի ե՞րբ է վերջապես տիար Իշխանը ստուգելու ՀՀ կառավարության անսկիզբ-անվերջ, անթիվ-անհամար և գերշքեղ գործուղումների օրինականությունն ու բարոյականությունը։ Սակայն նման բան իրեն կարող է թույլ տալ միայն մաքրաբարո այն գործիչը, ով ապրում է համեստ մի բնակարանում և ում երբեք որևէ բան չեն նվիրում։

Առհասարակ զարմանահրաշ ստահակներով է լի մեր իրականությունը։ Մահկանացու քաղաքացիների ընկերները նրանց որևէ ծանրակշիռ բան չեն նվիրում։ (Շարքային քաղաքացին նվերի է սպասում միայն իր ծննդյան տոնին)։ Ինքս բավականին բազմաբեղուն շրջապատ ունեմ, ուր նկարիչներ կան, գրողներ, լրագրողներ և իմ մանկության ընկերները։ ՈՒնեմ մեծահարուստ մի ընկեր, ով ինձ այս տարի ծննդյանս օրը նվիրեց 50 դոլար արժողությամբ մի բջջային հեռախոս, նա ինձ առագաստանավ կամ հյուրանոց չի նվիրել, դա նախ՝ անբարո գործարքի կվերածվեր և երկրորդ՝ կխախտեր մեր ընկերության ներքին հավասարակշռությունը։ Ի դեպ, իսկ ի՞նչ է նվիրում Իշխան Զ.-ն իրեն դղյակ նվիրաբերողին։ Ինձ հայտնի է դարձել, որ տիար Զաքարյանը հատուկ դրոշմակնիք է պահում գզրոցում, որով կնքում է ահա այս ոսկերիզ հրովարտակը. «Դուք նվիրաբերելով ինձ այս դղյակը, մինչև Ձեր յոթ պորտը կրում եք «Իշխանի գլխավոր նվիրատու» պատվավոր տիտղոսը։ Եվ մեկօրյա անվճար հանգստի իրավունք նվիրաբերումների հաշվին ազնվորեն սեփականաշնորհած Ծաղկաձորի հռչակավոր մարզաբազայում»։ Մի խոսքով, վաղուց է հասունացել Իշխան Զ.-ի չեղարկման հարցը։ Գերկոռումպացված և շփոթահարված մեր օրերում ՀՀ ՎՊ-ի նախագահը, վստահաբար, ուրիշը պիտի լինի։ ՈՒղղակի ազնիվ և պատվավոր մեկը։

ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿ ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ Է

(սարկաստիկ նոթեր իրիկնահացից հետո)

Զմայլելի տիկին Արմենուհի Սիսյան, եթե երկիրն ապականող վերոնշյալ և շատ այլ երևույթներ չլքեն նրա սահմանները, երևի թե ճարահատյալ հայ ժողովուրդը փոխի իր հազարամյա ընտրությունը՝ կարմիր խնձորից անցնելով խակ ձմերուկին կամ երկնագույն պոմիդորին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ