ՈՒժե՞ղ է նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՞ թույլ: Ի՞նչ է Ռուսաստանը՝ թղթե վա՞գր, թե՞ կարող է մռնչալ: Թեման անսպասելի հրատապ դարձավ Ռուսաստանի փորձագետների համար: Այդ քննարկումներին հետևելը բավականաչափ հետաքրքիր է: Գլազգոյի համալսարանի պրոֆեսոր Բրենդոն Վալերիանոն և Հյուսիս-արևելյան համալսարանի պրոֆեսոր Ռայան Մեյնեսը ապրիլի 30-ին Foreign Affairs-ի էջերում սկսեցին բանավեճ: Պնդելով, որ «Պուտինն այնքան ուժեղ չէ, ինչքան թվում է կամ (որ ավելի կարևոր է) հույս ունի», նրանք հայտարարում էին, որ Ռուսաստանն առանձնապես ոչնչի չի հասել՝ խառնվելով ՈՒկրաինայի գործերին, զենք վաճառելով Իրանին, էներգակիրների արտահանումը Արևելյան Եվրոպայի երկրներ օգտագործելով իբրև նրանց վրա ճնշման միջոց կամ կիբեռպատերազմներ մղելով իր համաշխարհային մրցակիցների դեմ:.
«Այն, որ Ռուսաստանին հնարավորություն տրվեց իր տարածաշրջանային շահերը պաշտպանել, նրա սեփական շահերին հակասող արդյունքների հանգեցրեց,- գրում էին Վալերիանոն և Մեյնեսը:- Այդ պատճառով խելամիտ չէ շտապել ինչ-որ քայլեր ձեռնարկելու ռուսական թվացյալ սպառնալիքը հակադարձելու համար: Միջազգային ասպարեզում հաստատուն կայունություն հնարավոր էր ապահովել, չնայած ուժի օգտագործմանը Ռուսաստանի կողմից, արևմտյան դաշնակիցներին հետագա աջակցությամբ և էներգիայի այլընտրանքային աղբյուրներում ու կիբեռպաշտպանության մեջ ներդրումներով (այլ ոչ թե հարձակողական ներուժով կիբեռտարածքում գործողություններ ձեռնարկելու մեջ): Նրանք առաջարկում էին Պուտինի նկատմամբ գործել ձյուդոյի հնարքով՝ նրա դեմ օգտագործել այն, ինչ ինքը համարում է իր առավելությունը, ու կպարզվի, որ նա թույլ է: Սա հարուցեց Սերգեյ Ալեքսաշենկոյի զայրույթը՝ ՌԴ Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահի, ում չես անվանի Պուտինի կողմնակից: Նա զգուշացրեց, որ չի կարելի թերագնահատել Կրեմլի տիրոջը: «Թվում է՝ Պուտինը համոզված է, որ Ռուսաստանը շատ ավելի քիչ փափուկ ուժ ունի, քան Արևմուտքը ու կարող է օգտագործել կոշտ ուժը ժամանակակից աշխարհում իր ցանկացածին հասնելու համար,- գրեց Ալեքսաշենկոն:- Սխալ է հուսալ, որ նա Եվրոպայում կամ Ասիայում այլ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն չի անի կամ չի խանգարի Արևմուտքին Իրանի, Սիրիայի կամ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում»: Եթե Պուտինն ու Ռուսաստանը թույլ են, թող ԱՄՆ-ի ու Եվրոպայի ղեկավարները «դա ցույց տան ամբողջ աշխարհին ու Ռուսաստանի նախագահին անձամբ»: Հետո բանավեճի մեջ ներգրավվեց Օսլոյի խաղաղության խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի գիտաշխատող Պավել Բաևը՝ ռուսական տնտեսությունը շարունակում է անկումը, բայց մինչև հատակը դեռ հեռու է, իսկ ռազմական հզորությունը նվազում է՝ գրեց նա:
«Պուտինը գիտի Կրեմլի բոլոր անվայել գաղտնիքները՝ մշտական գզվռտոցներով ու անազնիվ միջոցներով կուտակված կարողություններով, նա գիտի, որ Կրեմլին չի կարելի վստահել,- հայտարարեց Բաևը:- Այդ պատճառով Պուտինի բարձրագույն իշխանությունը շատ ավելի խոցելի է, քան կարող է թվալ»:
Նրա կարծիքով՝ Պուտինը փորձում է օգտագործել իր ռազմական գերազանցության մնացորդները՝ պահպանելու համար իշխանությունը: Թեպետ նա չհամաձայնեց Ալեքսաշենկոյի հետ Ռուսաստանի համեմատական ուժի հարցում, բայց նրա պես Արևմուտքին խորհուրդ տվեց Պուտինի հետ ավելի կոշտ պահել իրեն: Հետո բանավեճին միացան ևս երկու մասնակից: Ամանդա Տաուբը Vox-ի նորությունների պորտալում մեծ հոդված հրապարակեց Պուտինի քննադատների հետ զրույցների հիման վրա: Նա պնդում է, որ ՌԴ նախագահը վստահ չէ, որ կարող է իշխանությունը պահել: Իսկ Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ Մարիա Սնեգովայան գրեց, որ Պուտինը բնավ կոտրված չէ ու «հավանաբար՝ նորից կմռնչա»: «Ռուսաստանում այսօր գործող վարչակարգը, գուցե, երկար չձգի, բայց ինչպես Քեյնսն էր ասում՝ բոլորս ինչ-որ ժամանակ մեռնելու ենք»,- գրեց նա:
Իմ կարծիքով՝ բանավեճում երկու ցավալի պահ կար: Նախ՝ համարյա բոլորը Պուտինի հետ հիշատակում էին Ռուսաստանը: Դա վկայում է Պուտինի ուժը՝ նրան հաջողվել է իր նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց իրեն նույնացնել երկրի հետ, որի նախագահն է: Բացառված չէ, որ ընտրությունների ժամանակ նրա ընդդիմախոսները կկարողանան իջեցնել նրա թվացյալ վարկանիշը (որ արդեն հասնում է 90 %-ի), բայց փաստը մնում է փաստ՝ շատերն են հիմա կիսում նրա կպչուն սարսափը Ռուսաստանի դեմ համատիեզերական դավադրությունից, և նրան հաջողվում է կերտել երկրի լավագույն պաշտպանի կերպարը: Երկրորդ՝ բոլոր հոդվածներն ունեն մեկ ընդհանուր տհաճ առանձնահատկություն՝ Ռուսաստանը՝ թույլ կամ ուժեղ, Պուտինով կամ առանց նրա, համարում են թշնամի ու վտանգավոր: Կրեմլի դիկտատորը բոլոր դեպքերում վախ է հարուցում՝ անկյուն է քշված, թե պատրաստ է քաոս սերմանել ամբողջ մոլորակում: Պուտինի այս ընկալումը ևս մեկ ապացույց է, որ նա տիրապետում է հատուկ փափուկ ուժի՝ հարուցում է վտանգի ու անվստահության զգացողություն և օգտվում է դրանից:
Չորեքշաբթի օրը ռուսական ՈՒֆա քաղաքում սկսվեց БРИКС-ի սամմիթը՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հարավաֆրիկյան Հանրապետության, հետո՝ նաև Շանհայի համագործակցության կազմակերպության: Պուտինի հետ հանդիպման եկան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ձինպինը և այլ՝ Արևմուտքին չպատկանող, երկրների ղեկավարները:
«Դա փոխհատուցումն է մեկուկես տարվա դիվանագիտական բլոկադայի, բարեկամների ու ենթակաների Արևմուտքի երկրներ մուտքի արգելքի, Սոչիում G-8-ի անցկացումը մերժելու»,- գրեց Ալեքսանդր Գաբուևը Մոսկվայի Կարնեգիի կենտրոնից: Դա նաև վկայում է Ռուսաստանի վիթխարի չափերը և աշխարհագրական նշանակությունը՝ Պուտինի հետ, թե առանց նրա՝ երկիրն ինքն իրեն պաշտպանում է մեկուսացման փորձերից ու ալարկոտ արձագանքում բոլոր ագրեսիվ հարձակումներին: Արևմուտքի և այս, և այն մարտավարությունը Պուտինին ավելի է ուժեղացնում, քանի որ երկրի բնակչության աչքում նա դառնում է ճիշտ: Նույնիսկ Եվրոպայում կան մարդիիկ, որ նրան համարում են մոլորակի մեծ մասի առաջնորդ՝ բացի Ամերիկայից: Ավելի հավասարակշռված դիրքորոշում է պետք ունենալ: Արևմուտքը պետք է Ռուսաստանում գտնի մարդկանց, որ կարող են Պուտինից հետո կառավարել երկիրը: Հավանաբար, նրանք չեն լինի իրեն վարկաբեկած ընդդիմությունից, և դժվար է նրանց հետ խոսել: Բայց նրանց հետ պետք է կապեր հաստատել ու շփման կետեր գտնել: Արևմուտքը պետք է կարողանա ռուսներին համոզել, որ չի պատրաստվում իրենց երկիրը ոչնչացնել: Կարող է թվալ, որ անցագրային ռեժիմի հեշտացումը և առևտրի ակտիվացումը ի պատասխան պուտինյան ագրեսիայի հակասում են ողջամտությանը, բայց Պուտինն ուժեղ է, քանի դեռ ժողովուրդը հավատում է թշնամական Արևմուտքի մասին նրա խոսքերին: Դժվար խնդիր է քաղաքականություն մշակել, որը կծառայի ռուսներին, այլ ոչ թե Պուտինի իշխանությանը: Բայց հեշտ որոշումները միայն նպաստում են կոնֆլիկտի սառեցմանը և ամրապնում են իր էությամբ թույլ իշխանությանը, որին դիմակայելու համար պետք են արտաքին թշնամիներ:
Լեոնիդ Բերշիդսկի , «Bloomberg», ԱՄՆ
Հ.Գ.
Հետաքրքիր եզրակացություն է, չէ՞, իսկ դուք փորձեք պրոյեկտել Հայաստանի վրա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ