ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չեղարկումը չեղարկվեց

Չեղարկումը չեղարկվեց
10.07.2015 | 00:57

Հուլիսը հասնում է հասարակածին, իսկ «Բաղրամյան պողոտա» պայմանական անվանումով գործընթացը շարունակվում է՝ արդեն Ազատության հրապարակում: Ակտիվիստները «մի վայրկյանի» հարց են համարում Բաղրամյան պողոտայում վերահաստատվելը: ՈՒ՝ ի՞նչ:

Ցանկացած հասարակական ու քաղաքական շարժում ունենում է վերելքի ու վայրէջքի պահեր: Վերելքն ու վայրէջքը զուգահեռներ են, որ նպատակին հասնելուն քիչ են կապված, թեպետ տրամաբանորեն նպատակին հասնելը պիտի պայմանավորեր վար կամ վեր ընթացքը: Մենք ապրում ենք տարօրինակ սոցիալական ամառ, երբ ակնհայտը շրջանցվում է, իսկ անհայտը՝ իդեալականացվում: Արդեն համարյա մեկ ամիս՝ մի քիչ պակաս, ով չի ալարում փառաբանում է Բաղրամյան պողոտայում հայտնված երիտասարդներին՝ իրենց կամայական ու խիզախ, համառ պայքարի համար: Անգամ ռուսական լրատվամիջոցները իրենց կարծիքով կարևոր հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ Հայաստանում երիտասարդին պիտի հետաքրքրի տարիքային բոլոր խմբերի դրամապանակի հարցը, պատասխանը, պարզ է, որովհետև նրանց ուղղորդում են: Ո՞վ, նույնպես պարզ է՝ միանշանակ Արևմուտքը: Ինչո՞ւ: Ռուսաստանի դեմ: Դուք նկատեցի՞ք, որ որքան քաղաքական ու հասարակական շրջանակները շատ են երիտասարդներով հիանում, այնքան համընդհանուր խնդիրը գցում են միայն նրանց ուսերին: Կուսակցությունների ու քաղաքական գործիչների պարագան քիչ-շատ՝ հասկանալի է, հասարակության ռենեգատությունը՝ աններելի: Ստացվեց, որ մի քանի հարյուր երիտասարդ չեն ուզում յոթ դրամ ավելի վճարել, իսկ բնակչության հիմնական մասը երազո՞ւմ է շահել-պահել ռուսական ընկերությանը, որը վնասով է աշխատում և ի պատասխան աուդիտի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քայլերի՝ հակաքայլեր է ձեռնարկում՝ դատական հայցեր հարուցելով ՀԷՑ-ին պարտքեր ունեցող ձեռնարկությունների նկատմամբ, պահանջելով նրանց սնանկ ճանաչել, գույքը վաճառել ու իր պարտքերը մարել: Որ կովալչուկաբիբինյան պաշտպանությունը դա պիտի անի, տարօրինակ չէ, տարօրինակը հասարակության հիմնական մասի ապատիան է: Այսինքն՝ եթե ոստիկանները ցուցարարներին չեն ջրում, բռնություն չեն գործադրում, ծեծուջարդ չկա, ուրեմն՝ «ամառային խաղերն» ավարտվեցին, գնում ենք տուն: Պատեր-մատեր, աստղեր-մաստղեր՝ ո՞ւր են: Խաղն ավարտվա՞ծ է: Հավսար, զգաստ, ու՝ ազա՞տ: Բաղրամյան պողոտան երթևեկության առաջ բացվեց, բայց կարող էին, չէ՞, էլէներգիա սպառող վարորդները, ինչպես երկու շաբաթ, շրջանցել Բաղրամյանի այդ հատվածը և սիմվոլիկ փակ պահել պողոտան՝ դա կլիներ ավելի հզոր ու հետևանքներ ունեցող ակցիա, քան ինչ-որ մեկի բերան կարելը կամ մյուսի հացադուլը Ազատության հրապարակում: Դա իսկապես դիմադրության շարժում ի հայտ կբերեր, որին մասնակից է հասարակությունը, որը գիտակցում է իր պատասխանատվությունը: Հացադուլով խնդիր չես լուծի, ոչ էլ նստացույցով: Հիմա ստեղծվել է բացահայտ արձակուրդային վիճակ՝ խորհրդարանը փակեց նստաշրջանը ու անցավ հանգստի: Վարչապետը շարունակում է «Շաբաթը՝ մեկ գործուղում» ակցիան, կարևոր չէ՝ ո՞ւր, կարևոր չէ՝ ինչո՞ւ, կառավարությունն ամբողջ ամառ կաշխատի՝ համարյա նույն սկզբունքով: Նախագահը հայտարարեց աուդիտ ու գործնականում «Կիրակոսյան Կիրակոսի» անհայտ աղբյուրի վրա դրեց յոթ դրամը փակելը: ՀԷՑ-ը համաձայնեց աուդիտին, ու իբր միջազգային մրցույթ է հայտարարելու: Իշխանական կողմը հնարավորն անում է հարցի արդիականությունը թուլացնելու ու հասարակական նշանակությունը նվազեցնելու համար: ԻՆՏԵՌ ՌԱՕ-ն ընկերության տնօրեն Բորիս Կովալչուկի միջոցով ժամկետ է հրապարակում՝ ինչքան կտևի միջանկյալ վիճակը, ու սցենար՝ ինչով կավարտվի պատմությունը. «Այժմ տենդեր կհայտարարվի և միջազգայնորեն ճանաչված մեծ քառյակից կընտրվեն ընկերությունները։ Որոշումը կկայացնենք մենք Հայաստանի իշխանությունների հետ միասին»:

Աուդիտը կարող է տևել 3 ամիս, որից հետո ընկերությունը չի բացառում ակտիվի վաճառքը։ Երեք ամսում կգտնվի փոխշահավետ գնորդը, նրա հետ կհամաձայնեցվեն վաճառքի պայմանները, ու հարցը կփակվի՝ մինչև հաջորդ թանկացո՞ւմ:
Սա է պատկերը: Իշխանությունն իր քայլերն արել է ու սպասում է արդյունքների: Իսկ Բաղրամյան պողոտան հրապարակում է, որ քայլ առաջ է անելու ու չի անում: Ֆիզիկական «քայլ առաջը» ոչինչ չի նշանակում: Ճիշտ է՝ պետությունը համառորեն շարժման դեմ է կանգնեցնում ոստիկանությանը՝ ոստիկանությամբ պատսպարվելով ու պաշտպանվելով, բայց սա ոստիկանության լուծելիք խնդիրը չէ: Գործնականում իշխանությունն օգտագործում է ոստիկանությանը՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար՝ օրակարգի առաջին հարց դարձնելով ոստիկան-ցուցարար փոխհարաբերությունները ու հետին պլան մղելով էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ սոցիալական բողոքի հարցը: Իսկ լրատվամիջոցները լուսաբանում են ամեն խոսքն ու ամեն շարժումը՝ այս ու այն կողմից, գեներացնելով շինծու խնդիրը, անտեսելով բուն խնդիրը: Ցուցարարներն իրենք էլ երկար ժամանակով մտան այդ խաղի մեջ՝ թերևս անգիտակցաբար, բայց արդեն ժամանակն է այդ խաղից դուրս գալու: «Ոստիկանները մերն են», քանի դեռ հրաման չեն ստացել, որը չեն կարող չկատարել՝ իրավաչափ կամ ոչ իրավաչափ: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին նյուզմեյքեր կամ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սոցցանցերի գլխավոր կերպար դարձնելու փոխարեն պետք է գլխավոր թեմա դարձնել հարցի լուծումը: Սոցիալական բողոքը հետևանք է չլուծված տնտեսական հարցերի: Տնտեսական հարցերը չեն լուծվում, որովհետև քաղաքական որոշումներ չեն ընդունվում: Իշխանությունն օգտագործեց սոցիալական բողոքը իր օրակարգի հարցերը լուծելու համար: Լա՞վ էր, թե՞ վատ: Լավ էր, եթե պետության համար էր: Բայց չի կարելի շարժումը օգտագործել ռուսական հակահայկական քարոզչության դեմ: Պարզ էր, որ ԵՄ դրոշով Բաղրամյան պողոտա մտած Պարույր Հայրիկյանն ազգային ինքնորոշման հետ արդեն հույսեր չի կապում ու իր կարծիքով` ճիշտ քայլ էր անում: Պարզ էր, որ ցուցարարների համար ԵՄ դրոշը կար, թե չկար, ոչինչ չէր փոխվում, բայց Բաղրամյան պողոտայում պարտադիր պետք էր ԵՄ դրոշը ոտնատակ տալ, որ Մոսկվայում համոզվեն՝ «Հայաստանն իրենցն է»: Կարևոր չէ, որ ցուցարարները կապ չունեին ոչ Հայրիկյանի, ոչ Հայրիկյանից խլված ու գետնին նետված դրոշի ճակատագրի հետ, կարևորը փաստն էր, որովհետև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ մնում է հայտարարված ու ավանդական շրիշակային մակարդակին՝ նրան պետք են ապրիորի մեղադրանքները հերքող իրադարձային ապացույցներ: Փոխվե՞ց ՌԴ հռետորաբանությունը: Բնավ: Նրանք արձանագրում են, որ Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված տասը երկրներից հինգերորդն է, հիմք են ընդունում մի քանի հրապարակումների վերնագրեր ու չեն խորանում բովանդակության մեջ, նրանց չի հետաքրքրում, որ դա պատասխանն է ռուսական ագրեսիվ հրապարակումների, որտեղ մոդելավորվում էր հայկական իրականության հետ կապ չունեցող սցենար, որը պիտի պարտադիր փոխադրվեր Հայաստան, որպեսզի Մոսկվան աշխարհին ևս մեկ «փաստով» ապացուցեր, որ Արևմուտքը հետխորհրդային տարածքում շարունակում է «հակառուսական ագրեսիան»: Դա տրենդ է, բոլորովին կարևոր չէ՝ որ երկրում, ինչու, ինչպես, հիմքեր կան, թե չկան, Մոսկվան ամեն տեղ տեսնում է «Մայդան», որի դեմ պայքարն իր «սրբազան պատերազմն է»: «Հայկական ագրեսիայի» պատճառը եղել և մնում են ռուսական քաղաքական ու հասարակական գործիչները, փորձագիտական շրջանակներն ու ռուսական ԶԼՄ-ները, որոնք ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում կատարվող իրադարձությունները լուսաբանում են մեկ տեսակետով՝ ծառայեցնել ռուսական այսօրվա քաղաքական ու քարոզչական խնդիրներին: Աղավաղման ու ստի այդ կոնգլոմերատը լրագրողների ու նրանց մասնագիտական վարպետության հետ կապ չունի՝ նրանք կատարում են հանձնարարական: Եթե չեն կատարում, նրանց փոխարեն եթեր ու թերթեր են գալիս «ճիշտ քաղպատրաստություն» ունեցողները: Լրատվամիջոցների ազատության խնդիրը Կրեմլը ինքնատիպ է լուծել՝ նրանք ազատ են ու անկախ են իր քաղաքականության ներկայացման ձևերի մեջ, բովանդակությունը մեկն է ու պատրաստի կա բոլոր հարցերի վերաբերյալ:
Ազատության հրապարակում ցերեկող ու գիշերող ակտիվիստները դեռ շարժման երկրորդ փուլի ժամանակ պիտի ընկալեին, որ 7 դրամը վերջնանպատակ չէ: 7 դրամի հարցն այս կամ այն կերպ կարճ ժամանակով լուծած իշխանությանը պետք է ներկայացվի համակարգային փոփոխության պահանջ՝ էներգետիկ համակարգը Հայաստանում պետք է կառուցվածքային փոփոխության ենթարկվի: Նրանք դեռ հունիսի 28-ից պետք է պահանջեին ՀԷՑ-ի պետականացում: Աուդիտը Բաղրամյան պողոտան բացելու «կախարդական» բառն էր: Եթե Բաղրամյան պողոտան կարողացավ արագ կողմնորոշվել ու չցրվելու որոշում ընդունել, հաջորդ քայլը պետք է լիներ ու պետք է լինի հարցի արմատական լուծումը, ոչ թե 7 դրամի դեմ պայքարը, այլ պայքարն այն պատճառների դեմ, որ 7 կամ 17 դրամով էլէներգիան բարձրացնելու պահանջ են դնում: Լավ, հետևանքը հաղթահարվեց մեկ անգամ (եթե հաղթահարվի), բայց նորից է, չէ՞, խնդիրը ծագելու: ՀԷՑ-ը պետք է պետականացվի, ու աուդիտի արդյունքը դա պիտի լինի, իսկ պետականացումից հետո պիտի պետական մասնաբաժին պահելով՝ սեփականաշնորհվեն միջազգային աճուրդով: Հարցը չպիտի լուծվի հայ-ռուսական պայմանավորվածությունների դաշտում, դա բերելու է ոչ միայն նույն տնտեսական ու սոցիալական, այլև նույն քաղաքական հետևանքները: «Մենք ենք տերը մեր երկրի» տրամաբանությունը պահանջում է, որ երկիրն իր էներգետիկ անկախությունը ինքնուրույն տնօրինի, ոչ թե «հանձնարարված ազատության» շրջանակներում: Ինչո՞ւ ջրի սակագինը չբարձրացավ նույնիսկ էլէներգիայի սակագնի բարձրացման դեպքում՝ հարց է, չէ՞: Ատոմակայան ունեցող երկիրը այսպիսի խայտառակ էներգետիկ տնտեսություն ունենալ չի կարող սկզբունքորեն, եթե էներգետիկայի միջոցով քաղաքական հարցեր չեն լուծվում: Եթե էներգետիկայի միջոցով դրսից քաղաքականություն չի պարտադրվում: Վերջապես ժամանակն է հասկանալ, որ շարժումը որքան էլ ապաքաղաքական է, իր բարձրացրած հարցը քաղաքական լուծում է պահանջում՝ չի կարող միջպետական հարաբերությունների ոլորտում գտնված հարցը ապաքաղաքական լինել: Մոսկվան դա ապացուցում է ամեն օր, մենք մինչև հիմա ջայլամ-ջայլամ ենք խաղում: Անձնավորում ենք՝ սա այս ասաց, նա այն ասաց, սա դավաճանեց, նա իշխանության հետ կապ ունի, սա չի հասկանում, նա վախենում է, մի ուրիշն իր խնդիրն է լուծում: Վերջ, խաղերի ժամանակը սպառված է՝ սա համաժողովրդական խնդիր է՝ ով, ում, ինչու, երբ, ինչ նպատակով ինչ ասաց, օգտագործեց, դավաճանեց, եկավ-գնաց, չեկավ-հրահրեց՝ ընթացիկ կրքեր են: Խնդիրը վերաբերում է ժողովրդին, ուրեմն և իշխանությանը, և քաղաքական կուսակցություններին, և քաղաքացիական հասարակությանը, և մեզնից յուրաքանչյուրին: Բաղրամյան պողոտան ոստիկանները չբացեցին, Բաղրամյան պողոտան բացվեց այն պահին, երբ հասարակությունը «մենք» ու «նրանք» դրեց իր և ցուցարարների միջև: Համապետական ու միջպետական խնդիրները լոկալ լուծումներ չեն ունենում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Չեղարկումը չեղարկվեց, բայց կյանքը շարունակվում է: Ցանկացած պահի, ցանկացած տեղում նոր Բաղրամյան պողոտա կարող է սկսվել: Իշխանությունը շրջանցման ու հետաձգման խաղ է սկսել, բայց ցանկացած խաղ ավարտվում է: ՈՒ ի՞նչ: Աշնանը ո՞ր հասցեում ու ո՞ր հարցով է սկսվելու հայկական իսկական Մայդանը՝ բնապահպանական, սոցիալական, իրավական, էներգետիկ, գազային, իսկ հիմքում՝ քաղաքական: Մայդան, որ հնարովի չէ: Կարող է, չէ՞, նաև այդպես լինել: Թեկուզ այն պատճառով, որ Կրեմլն ու Լավրովը ճիշտ դուրս գան:

Դիտվել է՝ 1257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ