Մեր տերակոտե բանակը միս ու արյուն չի առնում: Չի գիտակցում իր բանակ լինելը: Մեր տերակոտե զանգվածն իրեն համարում է գործիք՝ մեկ հարց լուծելու համար: Դա կարգավիճակի, հետևաբար հասարակական նշանակության նվազում է: Մեր տերակոտե բանակը խորհրդանիշ է ընտրել աղբամանը, ու, որքան էլ զավեշտալի, դա իրավիճակի ախտորոշում է:
Սովորաբար գործընթացը չավարտված՝ արդյունքներն ամփոփելը կամ գնահատելը սխալ է, բայց այս դեպքում հնարավոր է թե ամփոփել, թե գնահատել: Հունիսի 17-ից հուլիսի 7՝ սոցիալական բողոքի շարժումը անցավ երեք փուլ ու բախվեց սեփական պատին: Առաջին փուլում «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը գլխավորում էր շարժումը և ուներ խնդիր՝ չեղարկել էլէներգիայի սակագնի բարձրացումը: Հունիսի 27-ին նախագահականում հրավիրված խորհրդակցությունը պիտի դառնար «Ո՛չ թալանին» նախաձեռնության հաղթական ավարտը՝ իշխանությունը սպառողների համար որոշումը կասեցրեց ու հայտարարեց աուդիտ: Կախարդական «աուդիտ» բառը պիտի Բաղրամյան պողոտայում հոմանիշվեր հաղթական տունդարձին, բայց շարժումը հաշվարկողները հաշվի չէին առել հասարակական էներգիան, որի հորձանքը խանգարեց տուն գնալուն: Հասարակական գիտակցությունը հաշվարկվածից անթույլատրելի քայլ առաջ էր արել: Գուցե երիտասարդական մաքսիմալիզմն էր պատճառը, որ Բաղրամյան պողոտան կիսվեց, մի մասը գնաց վաստակած հանգստի, մի մասը հայտարարեց, որ որոշումը չի չեղարկվել ու հասարակական գրպանը նույնպես անձնական գրպան է: Հայտարարեց ու մնաց Բաղրամյան պողոտայում՝ հակառակ հունիսի 28-ին ուժի ցուցադրության և կիրառման պատրաստակամության, ինչպես հունիսի 23-ի լուսաբացին: Բայց նրանք արդեն դադարել էին վտանգավոր լինել, և Բաղրամյան 26-ում կայացվեց իրավիճակը ժամանակի մեջ տարրալուծելու որոշում: Նրանք ավելի արագ հաշվարկեցին, քան Բաղրամյան պողոտան՝ կորոշի ինչ անել: Երկրորդ փուլն արագ վերաճեց երրորդի, ու անանուն նախաձեռնության ներկայացուցիչները որոնում էին իրավիճակից դուրս գալու տարբերակ՝ ինչպես հարցը լուծել ու գնալ տուն՝ պահպանելով դեմքը: Քաղտեխնոլոգիան այս կետում փոքրիկ հաղթանակ է պահանջում՝ նրանք հուլիսի 4-ին ժամը 21-ին հայտարարեցին, որ իշխանությանը ժամանակ են տալիս մինչև հուլիսի 6-ը ժամը 21-ը իրենց երեք պահանջներից գոնե մեկը կատարելու: «Գոնե մեկը» ձևակերպումը վկայում էր, որ երազում են ժամ առաջ տուն գնալ և հույս ունեն, որ իշխանությունն իրենց համար ճանապարհ կհարթի: Պահանջներն անփոփոխ էին: Երեկ առավոտյան ոստիկանությունը կատարեց նրանց ցանկությունը՝ համարյա առանց դիմադրության: Պատգամավորների ու լրագրողների ներկայությամբ ոստիկաններն անցան «բարիկադները» ու Բաղրամյան պողոտայից հեռանալ չցանկացողներին տարան ոստիկանական բաժանմունքներ՝ խոստանալով երեք ժամից ազատ արձակել: «Սանիտեկը» եկավ իր աղբամանների հետևից, և Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվեց:
Ինչո՞ւ այսպես եղավ: Հասարակական էներգիան հայտնվել էր տեղապտույտի մեջ, նոր գաղափարներ չեղան՝ սա էր երրորդ փուլը, որ իր խորհրդանիշ հայտարարեց «Սանիտեկի» աղբամանները: Գործնականում սոցիալական բողոքն ավարտվել է: Կողմերից յուրաքանչյուրը լուծեց իր հարցերը՝ այս կամ այն չափով, եթե եղան ծրագրից շեղումներ, բնական են՝ որևէ նախագիծ կենսագործվելիս միշտ ունի մինուս-պլյուս տոկոսներ: Մենք սովորաբար գնահատում ենք որևէ ակցիայի, ծրագրի, գործողության հրապարակված նպատակները, դա չի նշանակում, որ բուն ակցիան, ծրագիրը, գործողությունը միայն հրապարակված նպատակներն ունեն և մասը չեն շատ ավելի մեծ ծրագրի ու նպատակի, որ ոչ միայն չեն հայտարարվում, այլև հայտարարվելու դեպքում իմաստազրկվում են ու ունեն հեռագնա խնդիրներ:
Շարժման առաջին փուլում իշխանությունը իր պարտիան խաղաց փայլուն, մի ջրոցի, մեկօրյա լարվածություն ձերբակալվածների մասով, և հասարակությունն էլեկտրականացավ ու նետվեց Բաղրամյան պողոտա՝ սա խաղի մասն էր, որ խաղացողներն իրենք էլ չզգացին: Հետո անվտանգության երաշխիքներ ստացած «կենդանի պատերն» ու շոու բիզնեսմենները հայտնվեցին բարիկադներում՝ ներկայացումը պիտի դիտարժան ու նյարդերը խտղտող լիներ: Լարումը պետք էր ձգել՝ մինչև ՀՀ նախագահը գնար Բրյուսել-գար, խորհրդակցություն աներ: Իրականում այդ ժամանակը տրված էր ոչ թե Բաղրամյան պողոտային, այլ Մոսկվային, որ խաղի մեջ մտավ հընթացս ու միանգամից՝ առանց տեղում իրավիճակ պարզելու, շաբլոն սցենարով՝ կարաուլ՝ Մայդան: Սա ևս մեկ կախարդական բառ էր, որ նորից չաշխատեց Բաղրամյան պողոտայում: Մայդանի սցենարը Մոսկվային այնքան «հոգեհարազատ է», որ զուգահեռ կոմունիստները Դումայում պահանջեցին Հայաստանից ԱՄՆ-ի դեսպանին վտարել, որովհետև Կիևում Մայդանի ղեկավարությունը ԱՄՆ դեսպանին էր «վստահված»: ԻՆՏԵՌ ՌԱՕ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ խնդիրները ծագել են համակարգային սխալների պատճառով, իսկ այդ սխալները Հայաստանի իշխանությունն է գործել: Ժամանակ էր պետք, որ Մոսկվան ոչ միայն լրատվական դաշտով գա Հայաստան ու համոզվի, որ չկա Մայդան, բայց կա ավելի վտանգավորը, որին հայտնի ու սովոր մեթոդներով հնարավոր չէ դիմակայել, ու արդեն քաղաքական մակարդակով կայացվեն որոշումներ, որոնք ուշացվում էին կամ կասկածի տակ էին: Մոսկվան ևս իր պարտիան խաղաց ըստ արժանվույն: Հրապարակումներում աստիճանաբար Մայդանը նահանջեց, ԱՄՆ-ի ու Արևմուտքի ստվերը շարժման կեսօրից անհետացավ ու տեղը զիջեց լրատվական դաշտի երկրորդ ջոկատին, որ փոխարինեց առաջինին, ավելի հավասարակշիռ ու ոչ թե ախտորոշող ու մերկացնող, այլ նկարագրական պատումներով: Նույնիսկ հնչեցին տեսակետներ, որ մեղավորը ՀԷՑ-ի ղեկավարությունն է, որ թալանով է զբաղվել՝ ինչպես վկայում են հայկական լրատվամիջոցները: Սա նահանջ չէր, այլ ռազմավարական զորախաղ՝ Մոսկվան խնդիրը չի փոխել՝ կոշտ ուժի փոխարեն նույն արդյունքը կլինի փափուկ ուժով:
Առաջին պահ սենսացիա էր Ավետիսյանների սպանության գործի հետաքննությունը հայկական կողմին հանձնելու որոշումը, անհավատալի էր, որ վեց ամսից ՌԴ գլխավոր դատախազը փոստը բացել էր: Իրականում ի՞նչ ստացավ հայկական կողմը: Նախ՝ տեղնուտեղը Գյումրիի ռուսական ռազմաբազան իր տարածքները քաղաքի հաշվին ընդլայնելու պայմանագիր ստացավ, երկրորդ՝ ռազմաբազայի ժամկետը նորից երկարացնելու հարց բարձրացվեց, փաստորեն՝ մինչև դարավերջ, և երրորդ՝ Պերմյակովը չհանձնվեց հայկական կողմին, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը: Առավել ևս, որ հազիվ թե հայկական կողմը ռուսական ուղեգծից դուրս դատավճիռ կայացնի: Այս ընթացքում անմեղսունակ, աղանդավոր ու չգիտես էլ ինչ հայտարարված Պերմյակովը կդատապարտվի ցմահ բանտարկության, իսկ N թվով տարիներ անց ազատ կարձակվի, սպանության պատճառը կմնա բանահյուսության հույսին:
Հայաստանին հատկացվեց 200 միլիոն դոլարի վարկ՝ նոր սպառազինություններ գնելու համար: ՌԴ-ն, որ գերակատարել է Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի պլանը, հարկադրված է ինքն իրեն ֆինանսավորել, որ Հայաստանը ևս պլանը կատարի, այդ ընթացքում նաև շահ ստանալով՝ վարկի տոկոսների տեսքով: Միանշանակ Հայաստանի զինված ուժերին պետք է ժամանակակից հզոր զենք, որը կանխարգելիչ նշանակություն ունի Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Եթե Հայաստանին տրվում է «Իսկանդեր Մ» հակահրթիռային համալիր, որը չկա տարածաշրջանում, նույնն է, թե Հայաստանը միջուկային զենք է գնում: Բայց՝ քանի դեռ այդ զենքը չունի Բաքուն: Իսկ դա ժամանակի հարց է: Հետո արդեն սպառազինությունների մրցավազքը դառնում է ոչ թե անվտանգության երաշխիք, այլ պայթյունավտանգ է դարձնում տարածաշրջանը: Մենք ավելի ենք խրվում խաղի մեջ, որի արդյունքները մերը չեն լինելու, որի ընթացքում ունեցածն էլ վտանգելու ենք: Սա ավելի տեսանելի է, երբ դիտարկում ես ոչ թե առանձին ոլորտները՝ անվտանգություն, էներգետիկ խնդիրներ ու էներգակիրներ, տնտեսություն, Լեռնային Ղարաբաղ, արտագաղթ, այլ Հայաստանի Հանրապետությունն ամբողջության մեջ՝ ի՞նչ է կորցնում ու ի՞նչ է երկիրը ձեռք բերում տեղական նշանակության «հաղթանակներից» ու «հաշտություններից» հետո:
Ինչո՞ւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմալուծումից հետո համարժեք ուժ չհայտնվեց: Որովհետև անկախության սերունդը այնքան չի հասունացել, որ «Մենք ենք տերը մեր երկրի» հայտարարելուց հետո ինքնուրույն որոշում ընդունի ու իրագործի: Բաղրամյան պողոտան հանձն չառավ քայլ առաջ անել: Անեկդոտիկ էր հայտարարված «քայլ առաջը»՝ այդ ընթացքով տարեվերջին գուցե հասնեին նախագահական, ու ի՞նչ: Նախագահի նոր տարի՞ն էին շնորհավորելու: Թե՞ միասին դիտելու էին «Մաշան ու արջը» ներկայացումը, հետո տուն էին գնալու՝ համտեսելու, թե ինչ կա տարեմուտի նվեր տոպրակներում:
Ոստիկանության հետ տունտունիկի փորձերի փոխարեն նրանք պիտի հիմա՝ արդեն առանց Բաղրամյան պողոտայի, շարունակեն պայքարը ու պահանջեն ՀԷՑ-ի պետականացում՝ կանխելու էլէներգիայի սակագնի հետագա բարձրացումները: Հարցը պետք է լուծել ոչ թե հետևանքների դեմ պայքարելով, այլ՝ պատճառը վերացնելով: Միայն այդ պահանջը իշխանությանը լրացուցիչ խաղաթուղթ կտա Մոսկվայի հետ խաղում: Միայն այդ պահանջը բովանդակային կդարձնի աուդիտը և այդ պահանջի բավարարումը կդառնա հաղթական ավարտ սոցիալական բողոքի, որի ընթացքում ինչ հարց ասես լուծվեց՝ բուն խնդրից բացի: Խնդիրը էներգետիկ համակարգի գործառնության մեջ է, ոչ միայն ՀԷՑ-ի, ու դա պետք է հասկանալ, պետք է այդ խնդիրը բարձրացնել: Պետք չէ իշխանության հետ քաղաքացիական շախմատ խաղալ, երբ իշխանությունը սկսել ու շարունակում է քաղաքական պարտիա: Պետք չէ քաղաքականանալ, բայց պետք է գնահատել ու նպատակին հասնելու ռեալ ճանապարհ ընտրել: Տերակոտե բանակը միայն կավակույտ չէ, բանականությունն է այդ բանակի հաղթական զենքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հուսանք, որ երեկ պայքարը չավարտվեց: Այս փուլում այլևս Բաղրամյանում անելիք չկար, բայց կա չլուծված խնդիր և կա Բաղրամյանի դպրոցն անցած հասարակական շարժում, որ այդ դպրոցում սովորեց թե ինչ անել, թե ինչ չանել:
Փաստացի իշխանությունը այս ամառ երկու շաբաթ ժողովրդի հետ հարաբերվելու փորձ արեց՝ ոստիկանության միջոցով: Ամբողջ պետությունը ոստիկանությանը մենակ էր թողել Բաղրամյան պողոտայում, և դա նման էր «դասալքության», երբ աշխատասենյակներից դուրս չեկան նրանք, ովքեր իրավիճակի պատճառն էին, ու դա ևս համակարգի ախտորոշում է: Ստացվում է, որ ոչ միայն քաղաքացիական շարժումը վերաիմաստավորման ու գնահատականներ տալու կարիք ունի, այլև իշխանությունը, որ ունի պատասխանատվություն, որ, ի տարբերություն ակտիվիստների՝ գիտակցում է` սոցիալական հարցերը այսբերգի երևացող մասն են, որ հետևանք են քաղաքական չլուծված հարցերի: Բացի այդ՝ նաև գիտակցում է, որ քաղաքացիական շարժումները ձևով կարող են սոցիալական լինել, բայց բովանդակությամբ եղել ու մնում են քաղաքական՝ նույնիսկ եթե քաղաքական պահանջներ չեն առաջադրում: Ի վերջո՝ միջպետական հարաբերությունների հարցերը արդեն իսկ քաղաքական են: Մեր տերակոտե բանակը զորացրվեց, բայց հուսանք, որ ոչ ընդմիշտ: