Փորձենք ամփոփել այն, ինչ կատարվեց մեզանում վերջին` «նարեկյան» տասնօրյակում, որն ընթանում էր «երկու ձեռքին` երկու գավաթ» չափաբանույթով: Եթե խիստ տիեզերականացնենք` Բաղրամյան պողոտան դարձավ հայոց հատակի այն մանրակերտը, որը վեր հանեց ներքին շերտում եղողը: Վերին շերտում՝ երիտասարդներ, որոնք կարող են տրանսֆորմացիա ապրել և դրանով վարակել բոլորին: Ավելի «հատակում»` չհաղթահարված քաղաքական ամբիցիաներ, որոնք մինչև վերջին պահը թաքնվում էին երիտասարդների պայքարի «տակ», բայց քանի որ չկա բան, որ չգա լույսի մեջ, այն ևս ցցվեց ու ակնառու դարձավ։
Իսկ հայրենի իշխանությունը շատ գրագետ բաժանեց ու «տիրեց» երկու «շերտերին» էլ: Այո, այս խաղում ամենագրագետը խաղում է հենց իշխանությունը` բոլոր խաղացողներին ծառայեցնելով իր շահերին։ Իշխանությունն ինչ-որ բան պոկեց նաև ձեռքը երբեք գրպանը չտանող Ռուսաստանից, բայց էլի ակնկալիքներ ունի, և Բաղրամյանում դեռ կհանդուրժի ոչ միայն շարունակվող պարն ու երգը, այլև քաղաքական «ճիչերն» ու չկայացած «սեքսը»:
Միակ բանը, որ իշխանությունը չէր հանդուրժի, անկառավարելի վիճակն էր, ինչին էլ երբեմն-երբեմն «հասնում» էր Բաղրամյանը` նյարդային պրկումի հասցնելով կողմերին, է՛լ առավել օրեր շարունակ Բաղրամյանում հերթապահող ոստիկաններին ու նրանց պետին, որոնց վրա էին պատասխանատվության ամբողջ բեռն ու ծանրությունը, ինչն էլ նրանք տանում էին, թող չափազանցություն չթվա, անչափ բարձր և պատվով, չնայած առաջին օրվա ջրցանմանը:
Իսկ հիմա ձգենք դադարը` ասելու. իսկ եթե այդ ջրցանումը ևս քաղտեխնոլոգիայի մա՞ս էր: Ի դեպ, նույն իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ` իրենց անսահման մեծ զարմանք է պատճառել լրագրողների տեսախցիկների ջարդուփշուրը, որովհետև ցույցը պետք է ցրվեր անչափ «ցիվիլ», առանց որևէ միտինգավորի դույզն-ինչ վնաս պատճառելու, էլ չենք խոսում լրագրողների մասին: Տեսակետ կա, որ ինչ-որ «մեկին» դա ուղղակի ձեռնտու է եղել և արվել է նույն ոստիկանությանը «հիմար» վիճակի մեջ դնելու համար:
Լինենք անկեղծ. Բաղրամյանը քաղաքականացնելու, իսկ առավել ստույգ` անկառավարելի դարձնելու մեջ շահագրգիռը միայն Ժիրայր Սէֆիլյանը, «սպանելու» մետր ու գուրու Չուքասզյանը, անվերջ բարդույթավորված ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չէին: Իշխանական թևերում էլ կային շահագրգիռներ, որոնք շատ էին ցանկանում, որ «մարտը» տանուլ տրվի, ոստիկանության և ոստիկանապետի մասին` Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ հնչած մտքերը հօդս ցնդեն, քանզի և իսկապես` իշխանական բուն խաղացողներին հաջողվել էր խաղը տանել ոչ միայն իրենց, այլև երկրին շահավետ հունով` ստեղծելով Հայաստանում եզակի հետաքրքիր, տրանսֆորմացիոն մթնոլորտ, ինչն ինքնաբերաբար իր միջից դուրս էր մղելու այն, ինչը կոչվում է «քյարթ» մտածողություն, ինտրիգների ահարկու «փաթեթ», քաղաքական դառը հաշվարկ:
ՈՒ մի պահ, իշխանական խորհրդակցությունից հետո, իրավիճակն իսկապես դարձավ անկառավարելի, սակայն բոլոր կարգի «կոնկուրենտներին» չհաջողվեց քաոսի «կառավարումը» վերցնել իրենց ձեռքը, իրավիճակը տանել պայթյունի, ինչու ոչ, հասցնել արյունի, ինչի փորձն ունեն, ինչը նրանց գերնպատակն էր նաև այս խաղում:
Ահա այդ «ձեռքի ու պայթյունի» առկայությունն էր, որ գոռգոռոցի էր վերածվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ, որովհետև կամ պետք էր «գոռալ», կամ քաղտեխնոլոգիա կիրառել` իրավիճակը փրկելու համար: Քաղտեխնոլոգիան ժամանակատար էր, իսկ իրավիճակը պահելու համար սպունգի նման պետք էր այն «զետեղել» սեփական խորքի մեջ` գուցե և ճիչերի վերածելով, գուցե մեկ այլ բանի և այն կանգնեցնել, մինչ տեխնոլոգիաները կաշխատեին, գործը գլուխ կբերեին, հակառակը բախումն էր լինելու` այդքան չքնաղ միտինգի ու երիտասարդների, օրեր շարունակ նրանց հետ հեռվից ընդհանրացած, նույնքան անքուն մնացած ոստիկանների միջև, լինելու էր արդեն ոչ թե նյարդերի պրկում, այլ կենաց-մահու պայքար: Օգտվողն էլ, հաստատ, երկիրն ու պետությունը չէին լինելու:
Աստված դա թույլ չտվեց:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ