ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մոսկվան ինքն է բացում «Պանդորայի արկղը»

Մոսկվան ինքն է բացում «Պանդորայի արկղը»
03.07.2015 | 00:29

Եթե հրապարակայնորեն ընդունվում է Ղրիմի փոխանցման անօրինականությունը, ժամանակն է ընդունելու Արցախի, Նախիջևանի, Կարսի ու Սուրմալուի անօրինական անեքսիան 1921-ին:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հայաստանի կառավարության որոշման վերաբերյալ բուռն վեճերի պատճառով հասարակության ուշադրությունից վրիպում է, որ մեր երկրի շուրջ տեղի են ունենում կարևոր, թեպետ ոչ միանշանակ իրադարձություններ: Հունիսի 27-ին ՌԴ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց պատասխանել ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Արդարացի Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովի հայցին, որ խնդրում էր ստուգել 1954-ին ՌՍՖՍՀ-ի կազմից ՈՒկրաինական ԽՍՀ-ի կազմ Ղրիմի փոխանցման օրինականությունը: Մոտավորապես մեկ տարի ստուգելուց ու մտմտալուց հետո ՌԴ գլխավոր ստուգիչ ատյանը, այնուամենայնիվ, հայտարարեց իր որոշումը՝ ամեն ինչ անօրինական է եղել: «Ոչ ՌՍՖՍՀ-ի, ոչ ԽՍՀՄ սահմանադրությունները չէին նախատեսում լիազորություններ ՌՍՖՍՀ-ի ու ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդների նախագահությանը՝ քննարկելու միութենական հանրապետությունների կազմի մեջ մտնող խորհրդային սոցիալիստական անկախ հանրապետությունների սահմանադրական-իրավական կարգավիճակի փոփոխություններ»,- նշված է ՌԴ գլխավոր դատախազության պատասխանի մեջ: Գլխավոր դատախազությունը նշել է, որ ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն՝ միութենական հանրապետությունների սահմանների փոփոխության հարցերը գտնվում էին պետական իշխանության ու պետական կառավարման բարձրագույն մարմինների ենթակայության տակ, ոչ թե ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության:
Անցյալ տարի համաղրիմյան հանրաքվեի արդյունքներով և Ռուսաստանին Ղրիմի վերամիացումով ես քանիցս Հայաստանի հասարակության ուշադրությունը հրավիրել եմ այն փաստի վրա, որ Ղրիմը, ըստ էության, ռուսական Արցախն է, որովհետև ֆաբուլան ու խնդրի էությունը նույնն են: Այդ պատճառով նորից եմ հիշեցնում՝ Ղրիմը երբեք ու ոչ մի կերպ «չի վերաբերել» ոչ «ՈՒկրաինա», ոչ «ՈՒկրաինական ԽՍՀ» հասկացությանը, որ գտնվում էր ՌՍՖՍՀ-ի՝ Ռուսական կայսրության կազմում, և 1954-ին ՈՒկրաինական ԽՍՀ-ի մաս էր դարձել ուկրաինացի Նիկիտա Խրուշչովի ոչ լեգիտիմ, կամային որոշումով: Դա կատարվեց 1954-ի փետրվարի 5-ի ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության փետրվարի 19-ի որոշումով և ապրիլի 26-ի ԽՍՀՄ օրենքով: ՌՍՖՍՀ Սահմանադրության 33 հոդվածով՝ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը իրավասու չէր քննարկել միութենական հանրապետության տարածքային կազմի փոփոխության խնդիր: Նման որոշում կարող էր ընդունել միայն ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը: Այդպիսով, ՌՍՖՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների նախագահության որոշումները Ղրիմի մարզը փոխանցելու մասին չէին համապատասխանում ՌՍՖՍՀ-ի ու ԽՍՀՄ-ի հիմնական օրենքներին՝ նշում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը: Ավաղ` 2015-ին: Ընդ որում, Սևաստոպոլ քաղաքը 1948 թ. հոկտեմբերի 29-ի ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով առանձնացված էր իբրև ինքնուրույն վարչական-տնտեսական կենտրոն և համարվում էր հանրապետական ենթակայության քաղաք: Ինչպես նշում է դատախազությունը՝ Սևաստոպոլը հատուկ վարչական կարգավիճակի ուժով մնացել էր ՌՍՖՍՀ-ի ենթակայության տակ, չնայած 1954-ին Ղրիմի շրջանի փոխանցմանը ՈՒԽՍՀ-ի կազմ: 1977-ի ԽՍՀՄ Սահմանադրությամբ Սևաստոպոլ քաղաքը դարձավ միութենական ենթակայութան քաղաք: 1993-ի հուլիսի 9-ին ՌԴ Գերագույն խորհուրդը որոշեց Սևաստոպոլի ռուսաստանյան դաշնային կարգավիճակը՝ 1991-ի դեկտեմբերի վիճակով քաղաքային շրջանի սահմաններում: Այսինքն՝ «ռուս նավաստիների հպարտությունը» երբեք չի եղել անգամ ՈՒկրաինական ԽՍՀ-ի ենթակայության տակ, առավել ևս՝ անկախ ՈՒկրաինայի:
Այս բոլոր հանգամանքները, իբրև «անպետք մանրամասներ», մի կողմ են նետել Ռուսաստանի ամերիկամետ խամաճիկները` հարբեցող Բորիս Ելցինի գլխավորությամբ 90-ական թթ., երբ, ըստ էության, պետական դավաճանների եռյակը 1991-ին Բելովեժյան թավուտում կործանեց և՛ նախկին ԽՍՀՄ-ը, և՛ Ռուսաստանը որպես այդպիսին: Շատ խորհրդանշական է, որ 2015-ին ՌԴ գլխավոր դատախազության որոշման մասին Ռուսաստանին, ՈՒկրաինային ու մնացյալ աշխարհին հայտարարում է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ, լեզգի Սաբիր Կեխլերովը: 90-ական թթ. նա օգնում էր լեզգիների ժողովրդաազատագրական «Սադվալ»՝ «Միասնություն» շարժմանը: Հիշեցնեմ, որ այդ շարժումը սկսել էր Արցախի հայերի պայքարին շատ նման պայքար և հանդես էր գալիս լեզգիների՝ իբրև բաժանված ժողովրդի վիճակի հաղթահարման օգտին, բողոքում էր (լեզգիների կարծիքով) Հարավային Լեզգիստանի անօրինական փոխանցման դեմ, այսպես կոչված, «Ադրբեջանական ԽՍՀ»-ի կազմ (նույնպիսի հետհեղափոխական պետական նորակազմություն, ինչպես «ՈՒկրաինական ԽՍՀ»-ն), ուզում էր, որ ստեղծվի միասնական լեզգիական պետություն կամ վարչական միավոր (Լեզգիստանի Հանրապետություն): Սակայն 1996-ին հարբեցող Ելցինը Հեյդար Ալիևի հատուկ խնդրանքով լեզգիական շարժումներն ու կազմակերպությունները (և՛ «Սադվալը», և՛ «Ազադվալը»՝ «Ազատությունը») ճանաչեց իբրև հանցավոր ու ցրեց: Հիմա խաղի մեջ է մտնում սիմվոլիզմը՝ հենց «Սադվալի» հետ կապված Կեխլերովն է հայտարարում, որ Ղրիմի փոխանցումը ՈՒկրաինական ԽՍՀ-ի կազմ ոչ սահմանադրական էր, նշանակում է՝ անօրինական: Ես չեմ ուզում հիմա երևակայել ու ենթադրել, որ նկարագրված փաստերը նորից ոգևորելու են լեզգիներին Սամուր գետի երկու ափերին, և Կովկասի այս հինավուրց ժողովուրդը հանկարծ արթնանալու է: Այո, «Սադվալը» անլեգալ շարունակեց իր գործունեությունը, վերջին տարիներին՝ կարծես նաև լեգալ, բայց ոչ լրիվ: Բոլոր դեպքերում, լեզգիները դարձել են շատ ավելի զգույշ: Նրանք լոյալ են «անկախ Ադրբեջանի» նկատմամբ և 2012-ի մարտին «Սադվալ» շարժման համանախագահ Նիյազ Պրիմովը Բաքվի «Зеркало» ինտերնետային կայքին հայտարարեց, որ «լեզգիական անկախ պետական կազմավորման ստեղծումը ռեալ չէ»: Սակայն ո՞վ գիտի՝ ի՞նչ կլինի, երբ Պանդորայի արկղը բացի (թեկուզ ՌԴ գլխավոր դատախազի լեզգի տեղակալի ձեռքով) հենց Մոսկվան:
Հիմա վայ-հայրենասերները կամ կեղծ հայրենասերները կարող են դեմագոգիա սկսել, թե էլեկտրաէներգիայի հարցը թողած՝ Շաքարյանցը չգիտես ինչու առաջարկում է Ղրիմի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, լեզգիների հարցերը: Պատասխանեմ: Առաջին՝ ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին, ընթերցողները կարող են նայել հունիսի 25-ի «Բարձրաձայն» հաղորդումը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով, ես ասել եմ ամենը, ինչ այդ թեմայով մտածում եմ: Իմ նախորդ հորդվածում էլ բացահայտ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ դա ճանապարհ է Հայաստանում ամեն ինչի գնաճի, ոչ միայն էլեկտրաէներգիայի վճարի: Երկրորդ պատասխանը՝ մի՞թե մեր կենցաղային հարցերը և մեր դժգոհությունը իշխանության խորամանկությունից, որ հերթական անգամ ցանկանում է շարքային քաղաքացիների հաշվին ինչ-որ հարցեր «լուծել», պետք է ստվերեն հարցերը, որ կապ ունեն երկրի ու ժողովրդի ապագայի հետ: Համոզված եմ՝ ոչ: Մեր «քաղաքացիական ակտիվիստները» այդքան հայրենասե՞ր են: ՈՒրեմն կոչ եմ անում նորից ակտիվանալ՝ հարցերը պակաս կենսական չեն: Փորձեմ հակիրճ բացատրել: 2015-ի հունիսի 27-ի ՌԴ գլխավոր դատախազության որոշումը վերջապես ճանապարհ է բացում անօրինական ճանաչելու նախկին ԽՍՀՄ-ի օրենքներն ու օրենսդրական ակտերը մեկ պետական միավորից մյուսի կազմ ներառելու կամ փոխանցելու մասին բոլոր տարածքները, որոնց շուրջ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո զինված կոնֆլիկտներ են ծավալվել: Դա նախ և առաջ վերաբերում է մեր բազմաչարչար Արցախին: Ոչ պակաս չափով վերաբերում է և Աբխազիայի Հանրապետությանը, որ մինչև 1930-ը փաստացի միութենական էր, այլ ոչ ինքնավար հանրապետություն: Վերաբերում է Հարավային Օսիային, Մերձդնեստրին, հիմա՝ Նովոռոսիային: Բայց վերադառնանք հայկական հողերին:
Մենք բոլորս գիտենք՝ հակաօրինական էր ոչ միայն ինչ-որ «ՌԿ(բ¤Պ Կավբյուրոյի 1921-ի 05.07-ի» անձնիշխան որոշումը, այլև այն, որ միայն մեկ քաղաքական կուսակցության կուսակցական օրգանի անպետք թղթի կտորը, ըստ էության, երրորդ երկրները հետին թվով օրինականացրին ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո` 1922-ի վերջերին: Ի՞նչ, Արցախում գոնե հանրաքվե՞ անցկացրին, գոնե նրանց հայրենադարձումով, ովքեր փախել էին պատերազմի պատճառով: Այն ժամանակ՝ ոչ միայն ինչ-որ քաղաքացիական պատերազմի նախկին Ռուսական կայսրության սահմաններում, այլ Թուրքիայի ու նորակազմ «Ադրբեջանի» միանգամայն կոնկրետ ագրեսիայի, որին բացահայտ օգնում էր (հայերի դեմ) ժողովրդավար, քաղաքակիրթ Անգլիան՝ «Ադրբեջանի»՛ ստեղծման գլխավոր հովանավորը: Եթե չեք հավատում, կարդացեք սպիտակ գեներալ Անտոն Դենիկինի հուշերը, վերջին հաշվով՝ նա սովետական չէ, հրեա բոլշևիկ չէ, նրա վկայությունները լիովին հավաստի ու ուշադրության արժանի են: Օգտվելով ընթացիկ բարենպաստ ռազմավարական իրավիճակից, մենք պետք է, ինչպես Ռուսաստանը, որոշում ընդունենք բոլշևիկյան Ռուսաստանի կուսակցական օրգանների ընդունած որոշումների բացարձակ անօրինականության մասին (նկատեք՝ նույնիսկ ոչ անգլիական «մատից ծծած» ինչ-որ «Ադրբեջանի», որ այսօր էլ հարևան Իրանում պաշտոնապես համարում են մտացածին և արհեստական կազմավորում` ի վնաս Իրանի շահերի) ամբողջ Արցախի տարածքը «Ադր. ԽՍՀ»-ի կազմում ընդգրկելու մասին: Սերտ համագործակցությունը ժամանակակից Ռուսաստանի մեր գործընկերների հետ առաջին ու անհրաժեշտ պահանջն է, չէ՞ որ հետո «հետադարձ թվով» օրինականացումը կատարվել է ԽՍՀՄ բոլոր սահմանադրություններում (1924, 1936 ու 1977): Այնուհանդերձ, սկզբում պետք է լինեն համապատասխան որոշումներ Հայաստանի ու Արցախի դատախազություններում ու Ազգային ժողովներում: Ես դժվարանում եմ հիմա ճշգրիտ ասել՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը իրավունք ունի՞ որոշում ընդունել Հայաստանի տարածքային հարցերի շուրջ անցյալում կայացված օրինական կամ անօրինական որոշումների վերաբերյալ, որ ընդունել են Ռուսաստանի պետական ու կուսակցական օրգանները մինչև 1921-22 թթ. ու հետո: Սակայն, կարծում եմ, Հայաստանի նախագահը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը Անվտանգության խորհրդի փակ նիստում կարող են քննարկել այս հարցը առաջնահերթ:
Արցախը դեռ վերջը չէ: Երբ գրում էի, որ Մոսկվան ինքն է բացում «Պանդորայի արկղը», չէի սխալվում: Ով գիտի՝ հատկապես ի՞նչ տարածքներ են անօրինական խլվել 20-ական թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունից և ինչո՞ւ: ՌԴ գլխավոր դատախազության 2015-ի հունիսի 27-ի Ղրիմին վերաբերող որոշումը հրավեր է ամբողջ աշխարհի հայերին` հասնելու 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրի անօրինական ճանաչմանը, ինչպես նաև պետական սահմանների վերաբերյալ հետագա խորհրդա-թուրքական համաձայնագրերի: Այո, այդ քայլով Հայաստանի իշխանությունները աշխարհին կհասկացնեն, որ իրականում հիմա անտարբեր են Հայաստանն ու Թուրքիան հաշտեցնելու ԱՄՆ-ի ծրագրերին ու Վաշինգտոնն այլևս Երևանին չի պարտադրի ինչ-որ նոր «թուրքական արձանագրություններ»: Անձամբ ես ողբերգական ոչինչ չեմ տեսնում: Ի վերջո, անարդյունք «ֆուտբոլային դիվանագիտությունը» վաղուց մոռացված է, և այս տարեսկզբին անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը չարաբաստիկ «թուրքական արձանագրությունները» հետ կանչեց ԱԺ-ից: Այդ որոշումից առաջ Հայաստանի նախագահը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ամբիոնից հայտարարեց. «Հայտնի է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը հասավ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Այդ արձանագրությունները արդեն մի քանի տարի դարակում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հայտարարում է, որ արձանագրությունները կվավերացնի, եթե հայերը Ադրբեջանին հանձնեն Լեռնային Ղարաբաղը՝ ազատ Արցախը: Հայաստանում ու Արցախում նման նախապայմաններին հասարակ մարդիկ հաճախ արձագանքում են շատ պարզ՝ «ջհանդամը վավերացնեք»: Ժողովրդի լեզվով արտահայտված այդ բառերում ամբողջ ժողովրդի դարավոր պայքարն է, որ ուրիշի հայրենիքի վաճառքով զբաղվողներին անվիճելի բացատրում է՝ հայրենիքը սուրբ է, ձեր առևտուրը մեզնից հեռու տարեք: Ահա այս պայմաներում պաշտոնական Երևանն այսօր լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:
Ժամանակն է անելու ևս մեկ, ոչ պակաս վճռական քայլ առաջ, պրոբլեմ չկա, եթե ԱՄՆ-ն ու Թուրքիան «նեղանան»՝ մի՞թե նրանք չէին երազում 2009-ի Ցյուրիխյան «թուրքական արձանագրությունների» վավերացումով հետին թվով օրինականացնել Հայաստանից Կարսի շրջանի անջատումը և Հայաստանի ու Թուրքիայի սահմանների հավերժացումը Արաքս գետով: Բայց խոսքը միայն Կարսի ու Սուրմալուի մասին չէ, խոսքը նաև Մոսկվայի ու Կարսի 1921 թ. պայմանագրերի մասին է, նաև ԽՍՀՄ-ի ու Թուրքիայի մակարդակով առաջին պաշտոնական երկկողմ համաձայնագրի, որ հայտարարում էր՝ կողմերը տարածքային փոխադարձ պահանջներ չունեն՝ 1978-ի օգոստոսի 22-ին Թուրքիայի վարչապետ Բյուլենտ Էջևիթի Մոսկվա պաշտոնական այցի ժամանակ ստորագրված: Պայմանագիրը խորհրդային կողմից ստորագրել է Ալեքսեյ Կոսիգինը: Փոխադարձ տարածքային պահանջների բացակայության պարբերությունը երկրորդն է: Այն ժամանակվա թուրքական մամուլի բացահայտ հրճվալից արձագանքները մատնանշում են 1921-ի պայմանագիրը: Ինչի՞ց էին թուրքերն այդքան ուրախացել: Խնդիրն այն է, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը ստորագրվել էին 1921-ին միայն 25 տարով, ու 1946-ին Թուրքիան, ծայրահեղ դեպքում, պարտավոր էր հայերին վերադարձնել Կարսն ու Սուրմալուն: Ավելին՝ հայտնի է, որ 1925-ին Թուրքիայում ՌՍՖՍՀ դեսպան Վինոգրադովը պաշտոնական նոտայով պահանջել է անվավեր համարել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը՝ միջազգային պրակտիկայում այդքան ոչ ավանդական վարքը ուղեկցելով հայտարարությամբ, որ Ռուսաստանը պատրաստ է միակողմանի դադարեցնել պայմանագրի գործողությունը: Դեսպան Վինոգրադովը ԱԳՆ-ում բանավոր զրույցում բացատրել է. «Մենք չենք կարող 25 տարի սպասել, այն ժամանակ պայմանագիրը ստորագրել էինք, որովհետև թույլ էինք, իսկ հիմա մենք ուժեղ ենք ու պահանջում ենք Հայաստանի սահմանների վերականգնում»: Հայտարարությանն անհապաղ արձագանքել է այն ժամանակ Թուրքիայի հանրահայտ պետական գործիչներից Իսմեթ Ինոնյուն՝ Աթաթուրքի ժառանգորդը նախագահի պաշտոնում. «Նոր պետությունը պետք է պահի իր միջազգային պարտավորությունները, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»: Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին անջատված նահանգների պատկանելությունը 1946-ի մարտի 16-ի առումով պատմական նոնսենս է: 1978-ին Կոսիգինը, ըստ էության, իրավունք չուներ Էջևիթի հետ համաձայնագիր կնքել, ծայրահեղ դեպքում, Հայկական ԽՍՀ-ի ներկայացուցչի բացակայությամբ, եթե 1978-ին խոսքը հայկական տարածքների մասին էր:
Հասկանալի է՝ ինչպես Արցախը բռնի նախկին «Ադր. ԽՍՀ»-ի կազմ «խցկելու» իրավական գործընթացն անօրինական ճանաչելու, այնպես էլ 1921-ի Մոսկվայի ու Կարսի խորհրդաթուրքական համաձայնագիրն ու 1978-ինը անօրինական ճանաչելու հիմնավորված պահանջների դեպքում Հայաստանի պետական կառույցները պետք է սերտ համագործակցեն Ռուսաստանի գործընկերների ու դաշնակիցների հետ: Թեկուզ այն պատճառով, որ Կարսի պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը միջնորդ ու երաշխավոր է հանդես եկել, որ պայմանավորվածությունները թուրքերի հետ կկատարվեն: Հետևաբար Ռուսաստանը (ինչպես և նախկին կոմունիստական իշխանությունները նախկին Հայկական ԽՍՀ-ի) այս կամ այն չափով պատասխանատու են, որ 1946-ին անեքսիայի ենթարկված հայկական տարածքները չվերադարձվեցին Հայաստանի կազմ, ընդ որում՝ հենց ժամանակակից Ռուսաստանը, քանի որ նա է աշխարհում ճանաչվում իբրև Ռուսական կայսրության ու նախկին ԽՍՀՄ-ի իրավահաջորդ: Հայաստանի իշխանություններ, քաղաքական կուսակցություններ երկրում ու սփյուռքում (անկախ գաղափարական պլատֆորմներից ու կուսակցական ծրագրերից), հասել է X ժամը, պետք է գործել, ոչ թե խաղալ այս կամ այն գերտերության խաղերը: Ազգային շահերը պաշտպանելու և ապագայի մասին հոգ տանելու ավելի լավ հնարավորություն այլևս կարող է չլինել:

Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ