(սկիզբը` այստեղ)
Բայց չէ՞ որ Իրանն իրականացնում է նաև իր սեփական գազային նախագծերը։ Առաջինը Հնդկաստանի ուղղությամբ (Աֆղանստանի և Պակիստանի ընդգրկմամբ), ունենալով Չինաստան մտնելու հեռանկարը։ Երկրորդը` Իրաքով Սիրիա` դեպի Միջերկրական ծովի առափ։ Առաջին նախագծով ակտիվ աշխատանքներ են ընթանում արդեն երրորդ տարին, երկրորդը ձախողվեց Սիրիայի դեմ Արևմուտքի ագրեսիայի և Հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման պատճառով։ Այդուամենայնիվ, հունվարին Իրանը հայտարարեց այդ գազամուղի նորացված տարբերակը սկսելու մասին, որն անցնելու է Իրաքի հարավային, շիական շրջաններով։ Թեհրանը միշտ խույս է տվել իր գազը Թուրքիայով Եվրոպա մատակարարելու ուղիներից։ Այնպես որ, բանը ոչ միայն գազի ու գազամուղների շուրջ իրանա-ռուսական հնարավոր պայմանավորվածություններն են, այլև այն, որ Իրանը միշտ ցանկացել է բնական գազի համաշխարհային շուկայում խաղալ բացարձակապես ինքնուրույն դեր, առանց որևէ մեկի հսկողության, առավել ևս Արևմուտքի։ Դրա համար էլ դժվար է հավատալ, որ հիմա Թեհրանը կարող էր կուլ գնալ Nabucco-ն վերածնելու Բուլղարիայի բզբզոցներին և TANAP-ին միանալու թուրքերի հրավերին։
Ժամանակի զուգադիպությունը, երբ ՌԴ-ն ուզում է սկսել գազի մատակարարումը «Թուրքական հոսքով» և երբ ԵՄ-ն հույս ունի Թուրքմենստանից «Գազի հարավային միջանցքով» գազ ստանալու 2019-20 թթ., հենց գլխավոր ապացույցն է այն բանի, որ երկու նախագծերի շուրջ էլ ստորջրյա քաղաքական հոսանքների մեջ տեղ ունեն թե՛ ՈՒկրաինան, թե՛ ՌԴ-ի որոշումը` 2019 թվականից դադարեցնելու գազի տարանցումը ՈՒկրաինայով դեպի Արևմուտք, ինչպես և, նշենք, իր գազով Հնդկաստան և Միջերկրական ծովի առափնյա գոտի դուրս գալու Իրանի ծրագրերը։ Բայց չի լքում նաև այն զգացողությունը, որ, ինչպես Nabucco-ն, «Գազի հարավային միջանցքը» սոսկ խուսավարություն է, որը նպատակ ունի շեղելու ուշադրությունը Ռուսաստանի և Իրանի պաշարներից, ինչպես նաև միտված է ԵՄ-ի տնտեսության և էներգետիկ անվտանգության դանդաղ քայքայմանը։ Չէ՞ որ Անդրկասպյան «խողովակի» պաշտպանության մասին ամերիկացի նախարար Է. Մորիցի հայտարարության պարագայում միաժամանակ, օրինակ, կա նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Տալլինի պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի ապրիլի 15-ի հայտարարությունը, որտեղ նա խոսում է նաև Ադրբեջանին ու Թուրքիային ֆինանսական օգնությունը կրճատելու Վաշինգտոնի որոշման մասին։ Իլհամ Ալիևի հապշտապ այցը Սաուդյան Արաբիա և ապրիլի 6-ի հայտարարությունն այն մասին, որ Բաքուն և «Զարգացման իսլամական բանկը» մտադիր են «երկկողմ համգործակցության մեջ ներգրավել այլ գործընկերների», Մ. Բրայզայի հայտարարության համադրությամբ խոսում է այն մասին, որ... միջոցներ ու ներդրողներ չկան Անդրկասպյան խողովակաշարի կառուցման համար, իսկ ԱՄՆ-ը մտադիր չէ ֆինանսապես օգնել առհասարակ։
ԱՄՆ-ին անհետևողականության մեջ կասկածելն ավելի քան անհեռատեսություն կլիներ։ Այդ դեպքում մենք պարտավոր ենք հաշվի նստել այն բանի հետ, որ ԱՄՆ-ն է տարփողում TAPI (Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան) գազամուղի շինարարությունը։ ԱՄՆ-ի պետքարտուղարի` Հարավային և Կենտրոնական Ասիայի գործերի գծով օգնականի տեղակալ Ռիչարդ Հոգլանդը մարտին հայտարարեց տարածաշրջանում ԱՄՆ-ի հայեցակարգի փոփոխման մասին. «Մեր երկարաժամկետ ռազմավարությունը Կենտրոնական Ասիան, ներառյալ Աֆղանստանը, վերստին առևտրական խաչմերուկ դարձնելն է»։ Պետդեպարտամենտը ձգտում է Աֆղանստանից իր հեռանալը փոխհատուցել զինամատակարարումներով։ 2014 թ. Թուրքմենստանը ստացել է 13 մլն դոլարի ռազմահանդերձանք։ Զենքը պետք է օգնի աֆղանա-թուրքմենական սահմանի պահպանությանը և այլն։ Իսկ 2011 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի եվրասիական էներգետիկ հարցերի հատուկ հանձնակատարի պաշտոնը զբաղեցրած Ռիչարդ Մոռնինգսթարը հայտարարել է. «Իրանի առնչությամբ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. «Մենք իրանական գազի համար Հարավային միջանցքում տեղ չենք տեսնում այդ երկրի ներկայիս ղեկավարության օրոք և իրանական միջուկային ծրագրի վրա ներգործելու միջազգային ընկերակցության փորձերի ձախողումների պայմաններում»։ Հայտնի է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարի Կենտրոնական Ասիայի գծով օգնականի տեղակալ Դենիել Ռոզենբլյումի հայտարարությունը. «ԱՄՆ-ի շահերին ավելի շուտ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի (TAPI) իրագործումն է համապատասխանում, քան TANAP-ը»։ Հիմա արդեն Ռիլսոնի կենտրոնում կայացած խորհրդաժողովում Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը հայտարարել է, որ, նախ, «TANAP-ը չի հաջողվի իրագործել առանց Կասպից ծովի սահմանազատման և Մոսկվայի ու Թեհրանի հետ համաձայնության ձեռքբերման` մի կողմից, մյուս կողմից էլ` առանց Բաքվի, Աշգաբադի ու Աստանայի միջև համաձայնության, և երկրորդ, առանց առկա և հնարավոր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, որոնք սաստկացնում են անկայունության սպառնալիքը տարածաշրջանում և կարող են խանգարել գազատարի շինարարությանը»։
Ակամա հանգում ես այն վարկածին, որ «Գազի հարավային միջանցք» ծրագիրը, որի մեջ պլանավորում են ներառել Անդրկասպյան գազատարի նախագիծը, պարզապես «ՈՒկրաինան» է, այսինքն, ուշադրություն ու միջոցներ շեղելու նախագիծ։ Եվ այն նկատի ունի ոչ միայն ՌԴ-ն, այլև Իրանը։ Իսկ ԱՄՆ-ը միաժամանակ հերթական անգամ ԵՄ-ի ուշադրությունն է շեղում եվրոպացիների կենսական խնդիրներից։ Այդուամենայնիվ, փորձենք «գլուխ հանել» Իրանի «խաղից». չէ՞ որ բացի Բուլղարիայում ԻԻՀ դեսպան Ա. Նաուրոզիի տարօրինակ դատողություններից, արտասահմանում Իրանի ևս մեկ դեսպան` Հայաստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Մոհամմադ Ռեիսին, ժամանակ առ ժամանակ Հայաստանի (ու նաև տարածաշրջանի) հասարակայնությանը զարմացնում է իր «ուշագրավ պլաններով»։ Համենայն դեպս, նախ անդրադառնանք «նեղացած» Բուլղարիային, որը տեղի տվեց ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ճնշմանը։ Դեռ մինչև գազի մասին խոսակցություններում և Nabucco նախագծի վերածնմանը դեսպան Ա. Նաուրոզիի ներգրավումը, Բուլղարիան հրետակոծեց նաև մեր հարևան Ադրբեջանին։ Մարտի սկզբին Բուլղարիայի վարչապետ Բ. Բորիսովը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը Սոֆիայում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարեցին, որ ուզում են վերականգնել Nabucco նախագիծը, ավելի ճիշտ նրա այն մասը, որը պետք է անցնի Բուլղարիայի տարածքով։ Ալիևն ու Բորիսովը պայմանավորվեցին նախագիծը միասին ներկայացնել Եվրահանձնաժողով։ ՈՒ հիշում ենք, թե ինչպես Բուլղարիայի վարչապետը, ասես հատուկ Իրանի համար, հայտարարեց. «Nabucco նախագիծը ամբողջովին թե՛ նատոյական է, թե՛ եվրոպական, և երկար տարիներ շարունակ մենք քիչ միջոցներ չենք ծախսել նրա վրա»։ Նա հույս հայտնեց, որ Բուլղարիայի առաջարկությանը կանսան Բրյուսելում, քանի որ երկիրը «Եվրահանձնաժողովի բացարձակապես բարոյական անդամ է», «կատարում է օրենսդրության բոլոր պահանջները, այդ թվում` երրորդ էներգետիկ փաթեթը, ի տարբերություն ուրիշ շատ անդամ երկրների»։
Ըստ էության, Բուլղարիան, իբրև նվաստացված երկիր, Եվրահանձնաժողովից «հատուցում» է մուրում այն բանի համար, որ աջակցել է ռուսական «Հարավային հոսքի» ձախողմանը, իսկ «Թուրքական հոսքի» մեջ իրեն «չեն ուզում, կարծես, վերցնել», նկատի առնելով, որ Բալկաններում գազի հարցերին նվիրված հանդիպումներից մեկին մասնակցել են Թուրքիայի, Հունաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության և Հունգարիայի ներկայացուցիչները։ Բայց հայտնի է, որ ԵՄ-ն դեռ անցյալ տարի բոլոր «նեղացկոտներին» մերժեց որևէ բան հատուցել. մենք արդեն նշել ենք, որ «Հարավային հոսքը» չեղարկելու մասին Ռուսաստանի հայտարարություններից հետո Եվրահանձնաժողովը նետվեց «համոզելու» Մոսկվային և այլն։ Միևնույն ժամանակ ամենևին հարկ չկա, որ Բորիսովը հորդորի Ի. Ալիևին այն հարցում, թե իրականում ումն է Nabucco նախագիծը. Ադրբեջանի նախագահը հենց սկզբից էլ եղել է այդ նախագծի հեղինակների ուշադրության կենտրոնում, մինչև պարզվեց, որ Ադրբեջանը նախագիծն իրագործելու գազ չունի, իսկ Միջին Ասիայի հանրապետությունները նախընտրում են գազն արտահանել Չինաստան և Ռուսաստան։ Ի. Ալիևը հիանալի գիտի, որ այդպես էլ չկայացած Nabucco խողովակաշարի «տերեր» հայտարարված ֆիրմաների քողի ներքո իրականում հանդես էին գալիս ԱՄՆ-ը և նրա նավթագործներն ու գազագործները։ Հետևաբար, Բորիսովը պարզապես հող էր նախապատրաստում Իրանի հետագա «գայթակղության» համար. թեև դա էլ է անմտություն, ներեցեք, քանի որ իրանական հետախուզությունն աշխատում է և՛ Բալկաններում, և՛ նախատեսվող Nabucco-ի ուղեգծի ամբողջ երկայնքով։ Ինչևէ, դատելով երկու փաստերից, Թեհրանը որոշեց «խաղի մեջ մտնել»։ Առաջին փաստը` Բուլղարիայում Իրանի նույն դեսպան Ա. Նաուրոզին մայիսի 6-ին Bulgaria OnAir հեռուստաալիքի եթերում ասաց, որ Իրանը հնարավորություն ունի մեծացնելու բնական գազի մատակարարումը Եվրոպային, և Բուլղարիան կարող է դառնալ երկնագույն վառելիքի տարանցման երկիր։ Նրա ասելով, ներկայումս Իրանը Թուրքիային տարեկան մոտ 12 մլրդ խմ գազ է մատակարարում, այնինչ մատակարարումների ծավալը կարող է հասցնել մինչև 70 մլրդ խմ-ի։ «Իրանը Ռուսաստանից հետո երկրորդ տեղն է գրավում արդյունահանվող բնական գազի քանակով, իսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երկու երկրներն անգամ կարող են հավասարվել ցուցանիշներով»,- հայտարարեց իրանական դիվանագետը։ Իսկ արդեն մայիսի 12-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին Բուլղարիայի նոր դեսպան Քրիստո Պոլենդակովի հետ հանդիպման ժամանակ, որն իր հավատարմագրերն էր հանձնում, ինչպես հաղորդել է բուլղարական Novinite լրատվամիջոցը, նշեց. «Բուլղարիան հիանալի աշխարհագրական դիրք ունի Եվրոպայի հարավ-արևելքում, և կարող է կապ ապահովել Իրանի և եվրոպական պետությունների միջև` էներգամատակարարումների առումով»։
Մայիսի 6-ի և 12-ի միջակայքում «աչքի ընկավ» նաև Հայաստանում Իրանի դեսպան Մ. Ռեիսին. Հայաստանի նորությունների` NEWC.am-ի թղթակցի հետ զրուցելիս նա, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը տարանցիկ երկիր դառնալ իրանական միջուկային խնդրի վերջնական կարգավորումից հետո դեպի Եվրոպա իրանական էներգետիկ ռեսուրսների փոխադրման համար, խուսափողաբար պատասխանեց. «Հենց որ մենք միջնորդ երկրների «վեցյակի» հետ համաձայնության հասնենք, Իրանի տնտեսության մեջ լուրջ տեղաշարժ տեղի կունենա։ Եվ ես համոզված եմ, որ այդ ժամանակ Հայաստանի հետ հարաբերությունները, հատկապես տնտեսական ոլորտում, էլ ավելի կլավանան շատ բնագավառներում։ Եվ ոչ միայն մշակութային, այլև, ասենք, ճանապարհաշինության։ Մենք համաձայնագրեր ունենք, և այդ նախագծերի առնչությամբ քննարկումներ են տեղի ունենում»,- նշեց Մ. Ռեիսին։ Լավ է, որ այս անգամ, ի տարբերություն անցած տարվա, պարոն դեսպանը չասաց, թե Իրանը պատրաստ է Հայաստանին գազ վաճառելու աշխարհում ամենացածր գնով։ ՈՒ լավ է, որ, ըստ էության, մերժեց Թեհրանի կողմից մեր երկիրը որպես գազի խողովակային տարանցող դիտարկելու հնարավորությունը. խոսքը, ընդհանրապես, «ճանապարհաշինության» մասին է, որի վերաբերյալ կան երկկողմ պայմանագրեր։ Իսկ դա առավելագույնը Իրան-Հայաստան ավտոճանապարհներ են, երկաթուղի և, տա Աստված, նավթամթերքամուղ։ Բայց Մ. Ռեիսիի պատասխանի խուսափողականությունը համադրելով Իրանի նախագահ Հ. Ռոհանիի և Սոֆիայում Իրանի դեսպան Ա. Նաուրոզիի հայտարարությունների հետ` կարելի է հանգել այն վարկածին, որ, այնուամենայնիվ, Իրանը «միտք ունի» գազով դուրս գալու ուղիղ Բուլղարիա։ Ձգտելով այս կամ այն չափով միանալ, օրինակ, նույն Nabucco-ին, Իրանը չի համաձայնի Իրանից կամ նույնիսկ Միջին Ասիայից սկսվող գազամուղի նկատմամբ թուրքական վերահսկողությանը։ Եթե համաձայնող լիներ, վաղուց համաձայնած կլիներ, նույնիսկ Թուրքիայի համար կիջեցներ իր գազի գինը, այնինչ Իրանն այդպես էլ մեր հին Վանի կողմերով չի մատակարարում Անկարային։ Եվ մտքով չէր անցկացնի իր Իրան-Իրաք-Սիրիա-Միջերկրական ծովի ափ նախագիծը։ Բայց եթե Թեհրանը, այնուամենայնիվ, «մտածում է Բուլղարիայի մասին», ապա այնտեղ տանող Թուրքիան շրջանցող միակ ճանապարհը Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծովի ափ երթուղին է։ Ավաղ, առայժմ չարժե, որ պարապ փորձագետները այս թեմայով երևակայության գիրկն ընկնեն։ Խնդիրն այն է, որ անգամ եթե ուշանա էլ կամ չեղարկվի (հանկարծ...) «Թուրքական հոսքի» շինարարությունը, Սև ծովում արդեն իսկ գործում է ռուսական «Երկնագույն հոսք» խողովակամուղը, և այն գցված է վրացական առափնյա ջրատարածքից ոչ այնքան հեռու։ Եվ չի կարող պատահել, որ Իրանում չիմանան այդ բանը։
Այդուամենայնիվ, մենք տեսնում ենք նաև «եթե» վերապահությունը մինչև հունիսի 30-ը իրանական ատոմի վերաբերյալ «վեցյակի» հետ համաձայնության առնչությամբ։ Հավանաբար, ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին ՌԴ նախագահ Վ. Պուտինի և արտգործնախարար Ա. Լավրովի հետ նաև այդ մասին էր խոսում մայիսի 12-ին Սոչիի «Բոչարով ռուչեյ»-ում։ Բայց թե ի՞նչ կարողացան կամ չկարողացան պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, ընդ որում` Քերին կատարում էր հենց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կամքը, մնում է միայն գուշակել կամ պարզապես սպասել իրադարձությունների զարգացմանը։ Առավել ևս, որ Քերիին այնքան մտահոգություն պատճառող անկեղծ խոսակցությունն առնչվում էր և՛ Սիրիային, և՛ Իրաքին ու «Իսլամական պետություն» խմբավորմանը, և՛ ՈՒկրաինային։ Մինչդեռ ամերիկյան խամաճիկները` ի դեմս ալբան ծայրահեղականների, արդեն ցույց են տվել, թե հատկապես ինչպես է ԱՄՆ-ը մտադիր ձախողել «Թուրքական հոսք» նախագիծը. պատերազմի «ներդրմամբ» կամ Մակեդոնիայի ապաինտեգրմամբ։ Հիշում եմ, ռուսական շատ շրջանակներում (և ոչ միայն) երկյուղներ էին հայտնում, թե Արևմուտքը կամ Կիևում նրա դրածոները կփորձեն Մայիսի 9-ի տոնակատարությունը ձախողել Նովոռուսիայում, գուցե և ՌԴ-ի մեկ այլ տարածքում ինչ-որ սադրանքի հրահրմամբ։ Սխալվեցին. «հովանոցով ծակելու» փորձ ձեռնարկվեց ալբանացի մուսուլման ահաբեկիչների կողմից` մակեդոնական Կումանովո քաղաքավանում, հենց այնտեղ, որտեղով կարող են անցնել «Թուրքական հոսքի» խողովակները, եթե դրանք հասնեն Թուրքիայի եվրոպական մաս։ Մեծ քաղաքականության աշխարհը զգայուն է, և հասկանալի է, որ Մոսկվայում «ակնարկը հասկացել են», և որ Թեհրանում առնվազն գլխի են ընկել և նման բան սպասում էին։ Այստեղից էլ Բուլղարիայի «երասանը պինդ պահելու» Ռոհանիի որոշումը, այստեղից էլ Հայաստանում և Բուլղարիայում Իրանի դեսպանների առաջին հայացքից խուսափողական հայտարարությունները։
Ռուսաստանն ու Իրանը (Չինաստանն էլ «խորքում») խոշոր ռազմավարական «խաղի» եվրասիական մասն են, ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու Թուրքիան` նրանց հակառակորդները։ Ավա՜ղ, Հայաստանի, Բուլղարիայի ու Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության և այլոց համար դա մրցակցության դաշտ է, ոչ թե «իրավահավասար խաղացողների»։ ՈՒստի և ոչ ոք Հայաստանում չպետք է գայթակղվի ու տարվի խոստումներով. մենք այն աշխարհագրական դիրքում չենք և այն ռեսուրսների տերը չենք։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ