ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Երևանը՝ Վաշինգտոն- Մոսկվա չվերթից

Երևանը՝ Վաշինգտոն- Մոսկվա չվերթից
12.05.2015 | 00:32

Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին մի քանի ամիսներին կենտրոնացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքում, պատճառը բնավ ցեղասպանության մեկդարյա տարելիցը չէ: Կառավարման համակարգն է: Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած պետության համար սա կարևոր խնդիր է: Ո՞վ է լինելու արտաքին քաղաքականության պատասխանատուն խորհրդարանական կառավարման պարագայում՝ սա կարևորագույն հարց է, որի պատասխանը պարտադիր պիտի տրվի: Նույնքան կարևոր հարց, որքան՝ ո՞վ է լինելու գերագույն գլխավոր հրամանատարը:

Մայիսի 7-10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում երկու աշխատանքային այցեր էին՝ ԱՄՆ և ՌԴ: Համադրումն արդեն իրարամերժ է՝ երկու պետությունների միմյանց նկատմամբ վերաբերմունքից դատելով: Համենայն դեպս՝ հրապարակային: Իհարկե, միջուկային երկու գերտերությունները կարմիր գիծը հատելու ցանկություն չունեն, միմյանց ազդեցության գոտիների նկատմամբ ոտնձգությունները սեփական կենսական շահերի պաշտպանություն են որակում: Հռետորաբանությունը, պատժամիջոցները, աշխարհի տարբեր տարածքներում միմյանց դեմ լոկալ պատերազմները դա են հաստատում: Ի վերջո, մեծ քաղաքականությունը մեծ է այնքանով, որ տրամաբանության չի տրվում, մենք տեսնում ենք այսօրը, բայց ոչ երբեք՝ ինչ է ծրագրվում վաղվա մեջ: Վաշինգտոնում ՀՀ նախագահը Սենատում հանդիպեց սենատորներ Ջոն Մաքքեյնին, Հարրի Ռիդին, Ռոբերտ Մենենդեսին, Միթչ Մաքքոնելին: Թեմաներն ավանդական էին՝ միջխորհրդարանական փոխգործակցություն, երկկողմ հարաբերություններ, ԱՄՆ-ի դերակատարում տարածաշրջանում, անվտանգություն ու կայունություն, ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածություն ԼՂ հիմնախնդրի կարգավորման մեջ, Ցեղասպանության 100-րդ տարելից, երախտագիտություն՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակության հարցերում առանձնահատուկ հոգածություն ցուցաբերելու համար, ու՝ այդպես: Հանդիպման աղը, իհարկե, Ջոն Մաքքեյնի ներկայությունն էր, ում Ռուսաստանում համարում են թշնամի, նա էլ ռուսներին ջերմ սիրով չի սիրում: Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ, տեղեկատվության ակնկալիք չունենաք: Եղան արարողակարգային այցեր՝ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան, գրառում թանգարանի պատվավոր հյուրերի գրքում: Սերժ Սարգսյանը, իհարկե, ցանկություն չհայտնեց, որ Վաշինգտոնում լինի Հայոց ցեղասպանության թանգարան, բայց հիշատակեց Ծիծեռնակաբերդի թանգարանը, Կոնգրեսի գրադարանում ծանոթացավ հայերեն և Հայաստանի մասին նյութերին, տնօրեն Ջեյմս Բիլինգտոնին: ԱՄՆ այցն ուներ երեք նպատակ: Քաղաքական բարձրակետը Վաշինգտոնի ազգային տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքն էր, որին ներկա էին փոխնախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը: Տնտեսական բարձրակետը՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրն էր: ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ նման համաձայնագիր կնքելը, հատկապես ՌԴ-ի դեմ պատժամիջոցների համապատկերում, քաղաքական նշանակություն ունի, բացի ներդրումների բարենպաստ պայմանների ստեղծումը, ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսումը, համաձայնագիրը վկայում է, որ ԱՄՆ-ի համար Երևանը կարգավիճակ չի փոխել և մնում է երկիր, որի հետ շարունակվում են հարաբերությունները՝ հակառակ Հայաստանում Բարաք Օբամայի բուռն քարկոծմանն ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների: Այցի երրորդ բարձրակետը հանդիպումն էր հայ համայնքի հետ, որի ազգային-հայրենասիրական շեշտադրումների նպատակը մեկն էր՝ ներդրումներ, ներդրումներ, ներդրումներ:

Վաշինգտոնում ելույթներ ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, իսկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մամուլի ազգային ակումբում ամերիկյան և արտերկրյա լրատվամիջոցների համար ասուլիս տվեց: Եթե Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում լսել եք Էդուարդ Նալբանդյանի ելույթները, միքս արեք ու կստանաք նրա խոսքը Վաշինգտոնում: Որևէ արտգործնախարար չի կարող իրեն թույլ տալ նույն թեմայի տարբեր մեկնաբանություններ, պարզապես հավելեք զուտ ամերիկյան թեմատիկա: Վաշինգտոնում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի մակարդակով հայկական ներկայությունն արձանագրելով ¥ԵԱՏՄ անդամ երկրի նախագահին ԱՄՆ նախագահը, բնականաբար, չէր ընդունի¤, Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա՝ մայիսի 8-ին նա արդեն մասնակցում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ելույթով: Հիմնականում՝ «պետք է» և «վստահ եմ» բայերով:
Ի՞նչ էին ասում ԵԱՏՄ մյուս նախագահները:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վստահ էր, որ հավասարության և շահերի վրա հիմնված միությունը ի վիճակի է ամրապնդել պետություններն ու տնտեսությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նա կողմ էր, որ ԵԱՏՄ-ն համալրեն Վիետնամը և Չինաստանը, հետո՝ Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Մոնղոլիան, Ադրբեջանը: Քանի որ պայմանավորվածությունների փուլային կատարման ժամկետները որոշակիացված են, Ղազախստանի նախագահը վստահ է, որ ԵԱՏՄ-ը ձեռք է բերում առավելագույն արդյունավետություն: Վստահ է, որ կառույցը մեծ ներուժ ունի, ապրանքաշրջանառության անկումը պայմանավորում է համաշխարհային ճգնաժամով և Արևմուտքի պատժամիջոցներով: Նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր խոսքերը գործով հաստատելու համար Մոսկվայում հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՌԴ-ի, Եգիպտոսի, Վիետնամի, Վենեսուելայի, Մոնղոլիայի, Կուբայի, Սերբիայի, Չեխիայի, ՀԱՀ-ի և, իհարկե, Ադրբեջանի նախագահների հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն ամուր ինտեգրացիոն կառույց է, չնայած մեկնարկային բարդ պայմաններին: Տնտեսական ճգնաժամը, սակայն, նրա կարծիքով` խթանել է ինտեգրումը և բարձրացրել արդյունավետությունը: Նա հույս ունի, որ ապրանքաշրջանառության աճը հեռու չէ: Գոհ էր, որ եռյակը քառյակ դարձավ, հետո էլ՝ հնգյակ՝ Ղրղզստանով: Ավելի քան գոհ էր, որ ԵԱՏՄ-ը Պեկինի հետ բանակցություններ է սկսում առևտրատնտեսական փոխգործակցության վերաբերյալ, իսկ ՉԺՀ նախագահը պետական այցով ժամանելու է Բելառուս: Մայիսի 8-ին Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում հանդիպեց Վենեսուելայի, Վիետնամի, Կիպրոսի, Սերբիայի, Չինաստանի նախագահների, Սլովակիայի վարչապետի հետ ու վերադարձավ տուն, որ արդեն 10-ին պաշտոնական այցով ընդունի ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին տարված էր ՉԺՀ նախագահ Սի Ձինպինով և ռուս-չինական բանակցություններով՝ Պեկինը նրա պատասխանն էր Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակը առաջին դեմքերի մակարդակով բոյկոտած Արևմուտքին, առավել ևս, որ ստորագրվեցին համագործակցության համաձայնագրեր: ՌԴ նախագահը, այնուհանդերձ, հասցրեց հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Զիմբաբվեի, ՀԱՀ-ի, Չեխիայի, Վիետնամի նախագահների հետ, Կուբայի նախագահի հետ արդեն հանդիպել էր: Իսկ մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինն արդեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նվիրեց իր օրը ու մի կողմ դրած Պեկինի հետ համաձայնագրերը, առաջարկեց ազատվել պատժամիջոցներից ու վերականգնել նախկին կապերը: Մերկելն էլ ՈՒկրաինայի հարցը մեջտեղ բերեց, Ղրիմի անեքսիան ու Արևելքում չկարգավորվող իրավիճակը: Մայիսի 10-ին Ջոն Քերին զանգահարեց Սերգեյ Լավրովին՝ շնորհավորելու ու ընդհանրապես միջպետական հարաբերություններ քննարկելու:
ԵԱՏՄ-ի գծով՝ պետությունների ղեկավարները ստորագրեցին Ղրղզստանի անդամակցության փաստաթղթերը, հաստատեցին ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի հայեցակարգը, որ պիտի գործի 2019-ից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին էլ հանձնարարեցին աշխատել Չինաստանի հետ համագործակցության ընդգրկուն պայմանագրի վրա:
Իսկ ի՞նչ էր ասում ՀՀ նախագահը: Ինչո՞ւ նա միայն Եգիպտոսի նախագահին հանդիպեց Մոսկվայում: Որովհետև գալիս էր ԱՄՆ-ից: Նա ԵԱՏՄ-ն համարում էր «առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա» և անհրաժեշտ էր համարում ընդլայնել աշխարհագրական արեալը հարավային ուղղությամբ՝ մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով: Համեմատեք Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումների ցանկի հետ՝ Վիետնամ, Չինաստան, Թուրքիա, Իրան, Հնդկաստան, Մոնղոլիա, Ադրբեջան, Բելառուսի նախագահի՝ Վենեսուելայի, Վիետնամի, Կիպրոսի, Սերբիայի, Չինաստանի նախագահներ, Սլովակիայի վարչապետ: Պատկերացնո՞ւմ եք՝ շահերի բախման ի՞նչ կիզակետում ենք հայտնվելու, եթե համընկնեն Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նպատակները: ԵԱՏՄ հիմնադիր նախագահների կայքերից վերցրած ելույթներից ու հանդիպումների տեղեկատվությունից դատելով՝ նրանք առայժմ միայն «հույս ունեն», «վստահ են», «կարևորում են», այսինքն՝ ծրագրում են: ԵԱՏՄ-ը դեռ վիրտուալ կառույց է, որ Ռուսաստանին պետք է իբրև քաղաքական միավոր, Նազարբաևին՝ տնտեսական, Լուկաշենկոյին՝ քաղաքատնտեսական: Հայաստանը շարունակելու է լողալ հոսանքով և հոսանքին հակառակ՝ միաժամանակ: ՈՒ այնքան ժամանակ՝ քանի դեռ Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց մեջ քաղաքական ու տնտեսական գործընկերոջ փոխարեն տեսնում են ռազմական վտանգ ու աշխարհաքաղաքական մարտահրավեր: Բայց մենք կմնանք ալիքի վրա՝ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը չեն ուզում մեզ կորցնել: Մնում է, որ մենք էլ իրականության զգացումը չկորցնենք: Պետականության: Ժամանակի: Այլապես՝ վաղ թե ուշ հայտնվելու ենք Արևմուտքի ու Ռուսաստանի հակասությունների կիզակետում, հակառակ նրան, որ հայտարարում ենք, թե պատրաստ ենք կամուրջ լինել: Հայ-չինական համագործակցությունը, եթե կայանա, այս շրջապտույտում հավասարակշռությունը պահելուն չի բավարարի: Թեհրանը ԵԱՏՄ-ի հետ կարող է համագործակցել ազատ առևտրի կամ էներգետիկ ծրագրերում, բայց անդամակցել կառույցին՝ հազիվ թե: Իրանը Արևմուտքի հետ կիսակարգավորվող հարաբերությունները չի վտանգի ստանալու մի լուծում, որը հասու է երկկողմանի համաձայնագրերով: Քաղաքական անկախություն է պետք Հայաստանին՝ օգտագործելու Իրանի հետ տնտեսական համագործակցության հնարավորությունները, դիմակայելու ԵԱՏՄ-ին Թուրքիայի ու Ադրբեջանի անդամակցությանը, պահպանելու հարաբերությունները Արևմուտքի հետ: Վատ մատուցվող խայծ է, որ անդամակցության պարագայում Թուրքիայի հետ սահմանը կբացվի ¥եթե բացվի էլ, կլինի ոչ Հայաստան-Թուրքիա, այլ ԵԱՏՄ սահման¤, որ Ղարաբաղի հարցի լուծումը ավելի դյուրին կդառնա: Հակառակը՝ Բաքուն գին է պահանջելու, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը չեն վճարելու: Հայաստանի վետոյի իրավունքը օգտագործելու համար իրավական հիմքերը քիչ են, քաղաքական անկախություն է պետք՝ նորից ու նորից: Մի կողմից՝ ԵԱՏՄ-ն ընդամենը «հուսով եմ» ու «վստահ եմ»-ի միջակայքում է, մյուս կողմից՝ ավելի շատ մարտահրավերներ ունի, քան հնարավորություններ: Իսկ փողը հիմա է պետք: Ի՞նչ անի Հովիկ Աբրահամյանը: Ինչքա՞ն հոսանքը թանկացնի: Քանի՞ օրենք փոխի, որ երկիր պահի: Թե՞ թողնի, գնա դեսպան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Արևմուտքից ԵԱՏՄ-ն անխախտ առավելություն ունի՝ կայունությունը: Պուտինը, Լուկաշենկոն, Նազարբաևը հավիտենական նախագահներ են: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝ փոխե՞լ, թե՞ չփոխել կառավարման համակարգը:

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

մ: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am