ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ե՞րբ է պետությունը փայ մտնելու օլիգարխների եկամուտներում

Ե՞րբ է պետությունը փայ մտնելու օլիգարխների եկամուտներում
11.05.2015 | 13:44

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումները ավարտվեցին: Արդյունքների հակիրճ ամփոփումը առանձնապես հեռանկարներ չի խոստանում: Եթե, իհարկե, խնդիր ենք դրել ոչ թե սոսկ ցեղասպանության ճանաչումը, այլ՝ արդարության վերականգնումը կամ փոխհատուցումը՝ ինչպես կուզեք անվանեք: Քանի դեռ սահմանված չէ «Թղթածրարը», մեծ չափազանցություն է «պահանջատիրություն» ձևակերպումը: Ի վերջո, միջազգային հանրության որոշակի մասն ընդամենը հաստատեց, որ ցեղասպանությունը ճանաչում ու դատապարտում է: Ոչ ավելին: Դա միայն առաջին աստիճանն է, շատ մեծ հարց է՝ ովքե՞ր ու ե՞րբ կմտածեն երկրորդ աստիճանի մասին: Կա հարցի մյուս կողմը ևս: Մենք սովորել ենք Թուրքիա համարել միայն Ստամբուլը, որտեղ այլևս բարձրաձայն ասում են «ցեղասպանություն» ու կանգ են առնում՝ տրամաբանական որևէ հաջորդող գործողություն չընդունելով: Այն էլ՝ քչերը, իսկ Ստամբուլից դուրս սկսվող Թուրքիան ոչ միայն այդ բառը չի ուզում լսել, այլև շարունակում է մնալ անցյալ դարասկզբի տրամաբանության ու տրամադրության մեջ, երբ հայերը օսմանցիներին խանգարում էին հարուստ ու երջանիկ ապրել: Անգամ ՄԱԿ-ը, որ բանաձևել է գենոցիդը, ընդամենը նկարագրել է հասկացության բովանդակությունը և կոչ արել ցեղասպանություն չիրագործել, բայց չունի որևէ հստակ հակաքայլ, պատժիչ մեխանիզմ նրանց դեմ, ովքեր ցեղասպանություն գործել ու գործում են: Ի՞նչ արեց ՄԱԿ-ը Ռուանդայի ու Դարֆուրի դեպքում՝ մարդասիրական ակցիաներից զատ: Ի՞նչ է անում հիմա՝ պաշտպանելու քրիստոնյաներին կամ քրդերին «Իսլամական պետության» ահաբեկիչներից, որ սպանում ու ավերում են ճիշտ նույն մեթոդոլոգիայով, ի՞նչ է անում սիրիացիների համար: Այնպես որ՝ երբ պաշտոնապես զինվորագրվում ենք ցեղասպանության դեմ համամարդկային պայքարին, նախ պետք է իրավական մեխանիզմները կատարելագործելուց սկսենք ՄԱԿ-ի մակարդակով, այլապես զուտ կոչերով ու հոգեցունց ելույթներով քայլ առաջ չի արվում, հակառակը՝ գրգռում ես նրանց, ովքեր խոսքին պատասխանում են կրակոցով:

Երբ ցեղասպանության 100-ամյակից հետո անդրադառնում ենք մեր կյանքի մնացած ոլորտներին՝ արձանագրում ենք, որ աշխարհի ուշադրության կենտրոնում մի քանի օր գտնվելուց հետո նորից մենակ ենք մնացել մեր խնդիրների հետ:
Մայիսի 7-ին Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր։ Ընդամենը խոստումների համաձայնագիր: Ներդրումների խոստումներ, որ կիրականան, եթե Հայաստանում լինեն անհրաժեշտ պայմաններ: ԱՄՆ-ը մտադիր է ներդրումներ անել և ապրանքաշրջանառությունն ավելացնել, առևտուրը խրախուսել, եթե չկան խոչընդոտներ: Իսկ Հայաստանի տնտեսավարման ձևը ոտքից գլուխ խոչընդոտ է: Վաշինգտոնում դա լավ գիտեն ու չեն շտապելու, կձևավորեն Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, մանրամասն կբացահայտեն երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտների զարգացման արգելակները և մինչև չվերացվեն՝ մի ցենտ էլ չեն տա: Նույնը՝ ԵՄ-ն, որ առավել ևս այդ առումով՝ «պաշտպանված է» Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությամբ ու բոլոր մակարդակներում արձանագրում է, որ պատրաստ է Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները այն ոլորտներում, որոնք չեն հակասում ԵԱՏՄ-ին անդամակցությանը: Իսկ ԵԱՏՄ-ն, դեռ խոստումների ու հեռանկարների տարածք է, որտեղ պետություններից յուրաքանչյուրի ղեկավարը իր քաղաքական ու տնտեսական հավակնությունները առաջ տանելով է զբաղված, իսկ Ռուսաստանին մնում է դիմադրել՝ նախ պատժամիջոցներին, հետո միության գործընկերների չափազանց մեծ պահանջներին: Հայաստանն ամբիցիաներ համարյա չունի, բայց դա ոչնչով չի փոխում վիճակը՝ փող չկա: Եկան-խոսեցին-գնացին, ոչ ոք հենց այնպես փող չի տալիս, բոլորն ասում են՝ բարեփոխումներ արեք: Փող տալու համար պահանջում են ընդունել համաշխարհային խաղի կանոնները, որոնց Հայաստանը պատրաստ չէ: Պատրաստ չէ ոչ թե տնտեսապես՝ իբր մեր ապրանքները մրցունակ չեն, իբր Փարիզում կոնյակ վաճառել չենք կարող (ԵՄ-ում Ֆրանսիայից բացի 27 երկիր կա, հետո էլ՝ ֆրանսիացիք սկսել են օղի խմել), իբր սպառման պրոբլեմը չենք կարող լուծել մի քսան ու ավելի տարիներ: Ոչ, Հայաստանը պատրաստ չէ պետական կառավարման համակարգով: Օրենսդրությունը չի խանգարում, այլ կառավարման մեթոդները: Իշխանությունը բացահայտորեն հայտնվել է ինքն իրեն ֆինանսավորելու անհրաժեշտության առաջ: Այլևս վարկերով բյուջե չի լցվում, տրանսֆերտներով ժողովուրդ չի պահվում: Բյուջեն հավաքելը դարձել է ներպետական խնդիր, պաշտոնական տվյալներով՝ խոշոր հարկատուները եռամսյակում 150 միլիարդ դրամ պակաս են փոխանցել: Ովքե՞ր են խոշոր հարկատուները: Հարցը հռետորական է: Հայաստանի իշխանությունը բախվել է ինքնասպասարկման անհրաժեշտությանը, այլևս ուրիշի հաշվին ապրելու տարբերակ չկա: Բայց փող կա: Երկրի ներսում: Ոչ թե վիրտուալ փող, որ սփյուռքի նախարարությունը փորձում էր հավաքել 1000-դոլարանոց հաշիվներով բանկերում, բայց չստացավ հայրենասիրական տուրքը, այլ՝ ռեալ փող: Կա, բայց շրջանցում է պետական գանձարանը և ապահովում գերշահույթ մի քանի տասնյակ մարդու համար: Պետությունը նրանց պետք է իբրև մեծ գրպան, որտեղ կարող են մի քանի լումա գցել, բայց ցանկացած պահի դատարկել: ԵԱՏՄ-ն իր մի քանի միլիոնանոց շուկայով նույնքան անհասանելի է, որքան ԵՄ շուկան, ու հիմա իշխանությունը հարկադրված է իսկապես «բարեփոխումներ» անել, բայց ակներևաբար ոչ այն բարեփոխումները, որոնք առաջարկում են ԱՄՆ-ը և ԵՄ-ը, որոնց արդյունքում տնտեսությունը կպոկվի տեղապտույտից, որոնց դեպքում հնարավոր է դիվերսիֆիկացիա և, ով սարսափ, նույնիսկ աշխատատեղերի ստեղծում, այլ ներքին վերահաշվարկ՝ քավության նոխազների որոնում յուրայինների մեջ, ովքեր նշանակվելու են «մեղավոր» ու վճարող: Գոնե այս փուլում:


Անահիտ ԱԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Անցյալ հունիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր նոր քաղաքականությունը ազդարարեց, բայց հետո ինքն էլ մոռացավ, հիմա նրա հիշողությունը «վերականգնում է» բյուջեն: Սուբյեկտիվություն չկա, կա երկիր պահելու օբյեկտիվ անհրաժեշտություն: Եթե չգործեն ներքին լծակները, իսկ նրանք արդեն համարյա մեկ տարի է՝ չեն գործում, տնտեսության կառավարման փոխպայմանավորվածությունների մեթոդներն ու ստվերային վճարումները անխուսափելի պիտի կրճատվեն ու վերջապես պետությունը պիտի փայ մտնի օլիգարխիայի եկամուտներում: Այլապես՝ փլուզվելու են երկուստեք:

Դիտվել է՝ 1370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

մ: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am