1992-ը սովորական տարի էր՝ տարիների ընթացքի մեջ: Երբ մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին և 1200, թիկունքներին սպիտակ խաչեր կրող, զինվորներ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանեցին հայոց եռագույնը, տարին դարձավ հաղթական: Մի քանի ժամում զինապահեստից մաքրված ու սրբագործված եկեղեցում հնչած «Հայր մերը» ամենակարճ ճանապարհով հասավ Աստծուն: ՈՒ՝ պատերազմն էլ դարձավ հաղթական: Արցախյան պատերազմում շրջադարձային ռազմական գործողության ծրագիրը օրհնել էր Արցախի թեմի առաջնորդ, զինվոր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Միաժամանակ 4 ուղղություններով՝ մայիսի 8-ի գիշերը ժամը 2։30-ից գրավվեցին Քիրսի ռազմական դիրքերը և Լաչին-Շուշի ճանապարհը: Շուշիի ազատագրումից հետո սկսեց ապրել Ստեփանակերտը՝ շրջափակված ցամաքային և օդային ճանապարհները, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասը, Շուշիից անընդհատ հրթիռակոծությունները Ստեփանակերտն ու շրջակայքը մարտական գործողությունների վայր էին դարձրել: 1991-ի նոյեմբերից 1992-ի մայիս Շուշիից Ստեփանակերտի վրա արձակվել է 4740 արկ, 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Շուշին ադրբեջանցիները համարում էին անառիկ՝ բարձունքի վրա գտնվող հինավուրց մայրաքաղաքը ոչ միայն բնական ռազմական առավելություն էր տալիս, այլև՝ զինված էր մինչև ատամները: Բայց՝ գրավվեց: Ռազմական փայլուն մշակված ծրագիրը ոչինչ էր, եթե գոնե մեկ ուղղությամբ խաչակիր զինվորները ձախողվեին: Արցախյան պատերազմում բեկում բերած ռազմական օպերացիան միայն հայկական զինուժի առավելության հաստատումը չէր: Գուցե հարյուր, գուցե հազար տարին մեկ լինում է մեկ օր, երբ զինվորագրվում է պատմությունը, երբ զենքը ձեռքին մեկ զինվորի կողքին կռվում են պատմության բոլոր ճակատամարտերում երբևէ կռված բոլոր զինվորները: Այդ բանակի առաջ անառիկ բերդեր, ձորեր, բարձունքներ, դիրքեր չկան: Նրանք գնում են նպատակակետ, որովհետև հետդարձի ճանապարհ չունեն: Այդ օրը կոնկրետ թշնամին դառնում է ընդհանրական, կռիվը դառնում է ընդհանրական, հաղթանակը՝ պարտադիր: Ավերված Ղազանչեցոց եկեղեցին կռվից մի քանի ժամ հետո արդեն սրբագործված ու մաքրված էր, արդեն խորհրդանիշ
էր հաղթանակի ու այդ օրից հետո արդեն անկասելի էր Շուշիով անցած հայ զինվորի ճանապարհը դեպի հաղթանակ:
Պատմական միֆերին մեր օրերում ավելանում են կենցաղային ու քաղաքական միֆեր: Ինչպես բոլոր միֆերը՝ կիսաճշմարտությունների ու կիսահնարանքի հիմքով: Շուշիի ռազմական հաղթանակը հետո դարձավ տարբեր խրամատներում հայտնված ուժերի իրարամերժ մեկնաբանությունների հարթակ: Իբր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել, տեղյակ չի եղել, իբր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դեմ է եղել, իբր ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը տեղյակ չի եղել: ՈՒ էլի մի տասնյակ «իբր»-ներ, որ կարող են հավատ ներշնչել միայն նրանց, ովքեր ուզում են հավատալ՝ առանց տրամաբանությանը դիմելու: Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այցով Թեհրանում էր, ու դա նախապես ծրագրված էր: Այո, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը այդ օրերին Երևանում չէր, ու դա նույնպես պետք էր: Երևանում էր ու ամեն ինչի պատասխանատուն էր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Ոչ ոք չէր կարող ասել՝ ինչով կավարտվի Շուշիի գրոհը: Առավել ևս, որ հայրենասեր-ընդդիմադիր լրատվամիջոցները իրենց պարտքն էին համարել նախօրեին հայտարարել, որ համաձայն չեն Շուշիի գրավմանը, որ դա խելահեղություն է, ինքնասպանություն, որ դատապարտված է ձախողումի, հաջողության համար պետք է լավ պատրաստվել, հետո գրոհել: Թիկունքից հարվածի Վազգեն Սարգսյանը չէր սպասում, բայց 1992-ի մայիսի իննի առավոտը նրա կյանքի ամենալուսավոր լուսաբացն էր: Արկադի Տեր-Թադևոսյանին, Գուրգեն Դալիբալթայանին ու մյուսներին նույնիսկ խոստացել էր ամուսնանալ Շուշիի ազատագրումից հետո: «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիան սկիզբն էր 1994-ին Ադրբեջանին պարտադրված հրադադարի ու խաղաղության, որի մեջ, սակայն, դեռ չի ավարտվել պատերազմը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. 1999-ի օգոստոսին վարչապետ Վազգեն Սարգսյանը արձանագրում էր, որ բանակն ամենակայացած արժեքն է ու ինքը պաշտպանության նախարարությունից անցավ վարչապետի պաշտոնի, որովհետև տնտեսությունը հետ է մնում բանակից, տնտեսությունը պիտի զարգանա, որ մարտունակ բանակ պահի: Ողջ հասակով քաղաքականության մեջ իբրև վճռական մենակ մտնելու նրա որոշումը հարկադիր էր ու մտածված՝ Շուշիի հաղթանակից զինադադար և խաղաղության վերջնական համաձայնագիր կնքելու համար: Իբրև մահապարտ երկրապահ: Ճանապարհը պիտի շարունակվի: