ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Դեպի Չուկոտկա (մայիսյան տրագիֆարս)

Դեպի Չուկոտկա (մայիսյան տրագիֆարս)
08.05.2015 | 10:27

Հայաստանի Հանրապետության կառավարության պարտականությունն է` ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող համակարգային անարդարությունից և դադարեցնել բնակչության արտագաղթը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք և մեր պարտականությունն է ձեզ ասել այս ամենը և միաժամանակ ռոքի միջոցով ցնցել ձեզ։

Սերժ ԹԱՆԿՅԱՆ

«NISSAN SENTRA» ՏԵՍԼԱԿԱՆՈՎ

(առագաստները փքվել են)

Երկու շաբաթ չենք նավարկել մեր կապույտ կոհակ, բայց հաճախ ճահճացող լճերում։ Փառահեղ էին անցնող 14 օրերը, մոլորակի ուշադրության կենտրոնում Հայոց հարցն էր և Հուշաբլուրը։ Եվ շունչ կտրելու աստիճանի սքանչելի էր երկրիս աշխարհիկ-հոգևոր իշխանության և հայության միակամ խոնարհումը արդեն սրբադասված նահատակաց հուշի առջև։

Շանսոնի դարակազմիկ արքան, ազնվասիրտ հայն ու երևելի քաղաքացին, ասել է թե` Ազնավուրը` Շառլ, զարմացած էր. եղբայր իշխանություն և իշխանավորներ, երկիրն է դատարկվում, դուք ի՞նչ եք մտածում։

Նշանավոր պետայրուհի տիկին Հրանուշը հրովարտակ հղեց աշխարհասփյուռ հայությանը։ (Եվ հակադարձեց Շառլին, Սերժին և սփյուռքին)։

Իր հերթին հանրաճանաչ պետայր Բուռնաշ-Աշոտ Աղաբաբյանը հախուռն ընդվզեց-երկրաշինության ուխտին պատիվ բռնեց։ Այո՜, զարմանահրաշ եղելություններ ի պահ տրվեցին հայոց պատմության տարերքին, որը վաղո՜ւց, շա՜տ վաղուց մեր անկախության դատաստանագիրքն է։

«Մեր սրերը շողշողան, մեր ձիերը վրնջան», խմբերգեց ՀՈ-ՀԻ-ԴԱ-ն և իսկույն ևեթ թարմացրեց հարազատ խմբակցության խմբապետ Ռուստամյանի ծառայողական շարժակազմը` «Nissan Sentra» տեսլականով։

Դուք շարունակ հարցնում եք, թե ինչու է ամենուր այսպես անխռով ժպտում սոցհեղափոխության թշնամական բևեռի կայտառ ներկայացուցիչ Սամվելը Լֆիկ, որդին Լիմինդրի։ Տիար Ալեքսանյանը ցնցվելու աստիճանի յուրօրինակ է, հրաշալի համակցում է բիզնեսն ու քաղաքականությունը։ Տեսեք, հանրապետության աշխատաշուկան օր օրի փլուզվում է, արտագաղթի հեղեղն էլ իր հերթին հորդանում է։ Այսինքն` սպառողական բանակը նվազել-դարձել է վաշտ։ Բայց և այնպես, եռապատկվում են նրա եկամուտները, բազմապատկվում են հավակնությունները։ Եվ ահավասիկ պնդում են, որ նա ամենևին դեմ չի լինի կառավարելու հանրապետությունը` երկրի նախագահ ձեռնադրվելով։ Ներեցեք, այս մեղավոր աշխարհում կգտնվի՞ մեկը, ով լողում, չի խեղդվում բախտաբերանքի այս ահռելի տակառում, և մի՞թե նրա ախորժակը ուտելիս չպիտի բացվի։ Ազատ, անկախ, միացյալ երկիր, ուր հնարավոր է անհնարը։

ԱՆՄՈՌՈՒԿ ԵՎ ՄԵՌՈՒԿ

(նավամբարում ապստամբել են առնետները)

Մի խոսքով, հրաձգարան, շուկա, ներկրումներ, մենաշնորհներ, մանդատ, և արդեն մի բան է մնում սանձելու` գահաթոռը։ Հեղհեղուկ Երկիր Նաիրի, հարգարժան Գոհարը Ենոքյան կալանատանն է, մականունակիր «լուսավորիչները»` խորհրդարանում։

Այժմ հստակեցնենք իրավիճակը ապրիլի 25-ից հետո մեր լճերում, ճահիճներում և այլուր։ Փտախտը, գիտեք, գանգրենան է։ Իսկ արդյոք տեղյա՞կ եք, որ այն մի այլ անուն էլ ունի` մեռուկ։ Գուցե նոր անմոռուկներով նշանավորենք այս փաստը։

Մեռնում է երկրի տնտեսությունը, դառնալով էշ-նահատակ։ Այսօր արդեն ինքս հազա՜ր երանի եմ տալիս թեկուզ 2010-14 թթ. տնտեսաքաղաքական իրականությանը։ Ինչո՞ւ։ Զի 2010-14 թթ. «հանճարաբանջարանային» համաճարակը գաղտագողի էր գործում, մի քիչ ամաչկոտ էր և իսպառ դեռ չէր կորցրել վախի հայտնի զգացողությունը, որն այնքա՜ն անհրաժեշտ պայման է յուրաքանչյուր գանձագողի համար։ Ասենք` ճանապարհաշինությունը, ասֆալտաքերթում-պատումը, զանազան տենդերները, զարմանազան դրամաշնորհները ծառայում էին երկու նպատակի` գերնպատակի և դրա մնացորդի։ Գերնպատակը հարստացնում էր գանձագողերին։ Մնացորդը այս կամ այն կերպ ծառայում էր հանրությանն ու պետությանը։ Երանելի՜ ժամանակներ էին։ Այսօր «Քարֆուրը»` մի կողմից, «Տաշիր գրուպը»` մյուս կողմից` զորակցում են հայրենական օլիգարխիատ-փտախտին։ «Քարֆուրը» յուր գնային քաղաքականությամբ նպաստում է սուպերմարկետների վայրագությանը, «Տաշիր գրուպն» իր հերթին օրինականացնում է խաղի կանոնները, սրտաբաց կառուցում է զվարճանքի և խայտանքի մի նոր Բաբելոն։ Այսինքն` օլիգարխիկ իշխանությունից սահուն անցել ենք գերօլիգարխիայի գերիշխանությանը։ Ասացեք, խնդրեմ, այդ ինչո՞ւ խենթ-ցեղակրոն մտքեր ծագեցին Աշոտ Աղաբաբյանի սրտում, ինչո՞ւ նա հանկարծ հայտարարեց, որ երկրի ենթակառուցվածքների ճակատագրի (հետևապես նաև երկրի անվտանգության) տնօրինողը պիտի լինեն երկիրը և նրա ժողովուրդը։ Դուք, կասկած չունեմ, նրա մենախոսությունը լսելիս խիստ հուզվել եք։ Ես` առավել ևս։ Նա Ծառուկյանի հետ տոնավաճառային պատերազմում տանուլ տվեց, զի դեռևս 1990-ին «Բուռնաշ» մականունով ՀՀԿ-ի մարտական թևի կողմից մկրտված և քաղաքական հածանավ Գալուստ Գրիգորիչի զորակցությունը վայելող այս արիասիրտ ասպետը ոչ օլիգարխ է, ոչ էլ գերօլիգարխ, պարզապես օլիգարխիկ է։ Է՜հ, դեռ քանի՜-քանի օլիգարխիկներ կհագնեն մատաղացու գառան սև հանդերձը։ Հավատացնում եմ` բազում... Պատրաստենք մատաղի կաթսաները և աղ տնտեսենք։

Վերջերս սեփական կամքիցս էլ անկախ սրճեցի մի պետայրուհի տիկնոջ հետ։ Բնականաբար, ներկայացրի իմ և ձեր տագնապները. արգո տիկին, աղաչում եմ, վերջապես սթափվեք, երկիրը դարձրել եք անտեր մի երիվար, որին հեծնում-կառավարում է առաջին պատահած ստահակը։ Պետական սույն տիկինը չափուձևեց նվաստիս ոտից գլուխ և հրովարտակեց սա. «ՈՒղղակի ապշում եմ տղայական կարճամտությանդ վրա։ Ի՞նչ է մեզ պատգամել պատմահայր Մովսեսը Խորենացի, մենք, այո, փոքր ածու ենք։ ՈՒ ինչպե՞ս պիտի մեր այս փոքր ածուն, ասենք, մեր անուշ Զանգուն բարենբար ոտք գցի Ենիսեյի կամ Միսսուրիի հետ։ Հարկավ մնում է կցորդվել նրանց»։ Պապանձվեցի։ Ինձ ուրիշ ի՞նչ էր մնում անել։

«Հանճարաբանջարանային» համախտանիշը բուն նորհայկական երևույթ չէ, բայց մեր իրականությունում բարգավաճում է ինչպես «ուշունցը» սոխակալեզու հայտնի երեսփոխանի բառաշխարհում։ «Հանճարաբանջարանային» համախտանիշով վարակվում են միայն ընտրյալները։ Այս պարագայում` ՀՀ վարչական վերնակույտը։ Սրանց ջերմոցներին ամենևին չեն պատուհասում ոչ գազի տխմար սակագինը, ոչ հարկային մարմինների անգութ հարվածները ստոծանուց վար։ Սրանց ջերմոցներում վարունգը մշտադալար կանաչ է, լոլիկն ու բողկն էլ` ալ կարմիր։ Իսկ հողեղեն-արարած ջերմոցատերերը կամ օտար ափերում են լոլիկ և վարդ աճեցնում, կամ էլ ծառայում են նրանց որպես պահակ կամ ջրվոր։ Սա փաստեցինք, հիմա ևս մեկ հիշեցում։ Երբ «հանճարաբանջարականները» վարկային գողոնը ներդրեցին զանգվածային շինարարության մեջ, և երբ մայրաքաղաքի էլիտար բնակարանները վերածվեցին տանը մնացած անհույս կույսերի, այսինքն` գնորդ չունեին, մեր պետբյուջեն լիաթոք հորանջեց և որձկաց ահա այս հանճարեղ աճպարարությունը` բնակարանները պետբյուջեի հաշվին նվիրաբերել փտախտ-օլիգարխիստի և «հանճարաբանջարանականներին» երդվյալ սպասավորացը, դատավորներին, դատախազներին և այլոց։ Ոչ քյաբաբը այրվեց, ոչ էլ շիշը ծռվեց։ Կեցցե՛ք։

Տեր իմ Երկնավոր, այս ո՞ւր ենք հասել։ Ահա հնչեց մեծապատիվ Հրանուշի կոչը ի սփյուռս աշխարհի։ Վատ միտք չէ, պետտիկինը կամավոր-պարտադիր ձևաչափում ակնկալում է, որ 1 մլն սփյուռքահայ մեկհազարական դոլար կներդնի ՀՀ բանկային համակարգում, որն էապես կխոչընդոտի արտագաղթին, կխթանի մեծապես ծնելությունը բնակչության շրջանում։ Սակայն արգո տիկին, մի՞թե Շառլն ու Սերժը սփյուռքահայոց միասնական կամքը չհաղորդեցին Ձեզ։ Սակայն, քանի որ ի ծնե շատ բարեսիրտ եմ, փորձեմ եռագույն մի փրկօղակով շտկել դրությունը։ Այսպես, թող օլիգարխները, նրանց մերձավորները, սրանց սեղանակիցները, վերջիններիս նազիր-վեզիրները, նմանապես «հանճարաբանջարանային» ողջ մշակաբույսերը մի պատկառելի վարկ ձևակերպեն, իրենք տեղակայվեն բոլոր սփյուռքահայ գաղթօջախներում և յուրաքանչյուրը ՀՀ կառավարության հաշվեհամարին փոխանցի ազգապետափրկչական մեկ հազար դոլարը։

ԷՐԻՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

(նավահանգստում հանրաքվե է հայտարարված)

Իսկ վաղը Հաղթանակի օրն է։ Մենք ուս ուսի և շունչ շնչի կներդաշնակվենք «դարչնագույն ժանտախտը» ծնկի բերած ժողովուրդներին, նաև, անշուշտ, ռուս ուղղափառ ազգին։ Վլադիմիրը, որդին Վլադիմիրի, Ռուսիո ներկա Պյոտր Մեծը պատերազմում է համաշխարհային տիրակալության դեմ և կարծես թե հաղթում է այդ պատերազմում։ Սակայն ինչո՞ւ պիտի ՌԴ-ն ՀՀ-ին յուր աջ կողմում նստեցնի, երբ մենք, մեր անփառունակ վարքով նրա անառակ որդին ենք։ Այսպիսով և շատ շուտով ՀՀ-ն կուծացվի այն աստիճանի, որ ազգովին փրկությունը կտեսնենք համապետական հանրահավաքում, ուր կլինի մեկ հարց. «Արդյոք կամենո՞ւմ եք դառնալ Ռուսաստանի Դաշնության լիիրավ անդամ` համահավասար Թաթարստանին, Բաշկիրստանին և Չուկոտկային»։ Ըստ իս, սույն հանրաքվեում ՌԴ շարքերը համալրելուն քվե կտա հասարակության 99 %-ը։ Ես նույնպես։ Զի եթե սա է անկախ պետականությունը, ես, երդվյալ անկախականս, պարան եմ փնտրում կախվելու համար։ Քանզի մենք, ըստ էության, ապրում ենք Էրիվանի խանությունում, որը խիստ պայմանականորեն կոչվում է Հայաստանի Հանրապետություն։

Իսկ այժմ ականջ դնենք հրեղեն Եղիշեին և փորձենք այս հրաշունչ տողերի արանքում մեր այսօրվա անելիքը ճշտել.

Որպես բախտիս մութ քամահրանքը կամ որպես

Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի-

Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ

Կանգնել են սեգ ու սպասում են կախվողի։

(Եղիշե ՉԱՐԵՆՑ, «Մահվան տեսիլ»)։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ