Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Հայոց ցեղասպանության 50-ամյակը

Հայոց ցեղասպանության 50-ամյակը
03.04.2015 | 00:59

Թվաբանության հետ մեծ խնդիրներ չունեմ, խնդիրս պատմության հետ է: Եթե անդրադառնանք ցեղասպանության մեր ընկալման պատմությանը, պիտի ընդունենք, որ Խորհրդային Հայաստանում միայն 1965-ից՝ 50 տարի հետո, հնարավոր դարձավ հրապարակավ քննարկել, բացահայտ խոսել ու գրել 50 տարի առաջ կատարված ցեղասպանության վերաբերյալ: Հիշել ու հուշարձան կառուցել: Իսկ մինչ այդ թեման արգելված էր՝ չկար, չէր եղել: Ոչ միայն արգելված էր, այլև վտանգավոր: Չեմ պատրաստվում թվարկել հայ քաղաքական գործիչների, մտավորականների անունները, ովքեր գնդակահարվեցին ու աքսորվեցին իբրև «նացիոնալիստ» ու «դաշնակցական», որովհետև կամ ծնվել էին Արևմտյան Հայաստանում, կամ չէին մոռանում Արևմտյան Հայաստանը: Երկար-երկար ցուցակ է ու առավել քան ողբերգական՝ ինչպես 1915-ի զոհերի ցուցակը: Իսկ եթե հավելենք սովորական հայերին, առավել ևս թվարկել հնարավոր չէ: 1915-ից միայն 50 տարի անց՝ ԽՍՀՄ-ում սկսված կիսաժողովրդավարացման շրջանակներում, հայ ժողովուրդը կարողացավ հիշել ու հիշեցնել իր պատմությունը, կարողացավ հաղթահարել տաբուները, որ խորհրդային իշխանությունը սահմանել էր: ՈՒ ստացվում է, որ մենք, նշելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նշում ենք պատմական հայրենիքի ու պատմական անցյալի վրա պետական տաբուների հաղթահարման 50-ամյակը: Սա շատ կարևոր մեկնակետ է՝ հասկանալու համար՝ ինչ է կատարվում Թուրքիայի Հանրապետությունում, որտեղ դեռ գործում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածը: Նրանք ընդամենը 10 տարի առաջ՝ 2005-ից են սկսել արտաբերել «ցեղասպանություն» բառը: Եթե 10 տարի առաջ այդ բառն արտաբերողներին դատում էին ու դատապարտում, արտաքսում, Լինչի դատաստանի ենթարկում, 2008-ին գտնվեցին թուրքեր, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո հրապարակ ելան «Ես հայ եմ» կարգախոսով: Սա կաղապարված մտածողության առաջին ցնցումն էր: Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆաքի վեպերը հավաքվում էին գրախանութներից ու այրվում՝ սա էր թուրք ազգայնականների պատասխանը փոքրամասնության հրապարակ նետած ճշմարտությանը՝ իրենց սպանում էին, գրքերն՝ այրում: Օրհան Փամուկն ու Էլիֆ Շաֆաքը, Թաներ Աքչամը ու նրանք, ովքեր առաջինն էին հայացք նետում պատմության ճշմարտության վրա, չէին կարող ապրել իրենց հայրենիքում: Եթե Թուրքիայի նախագահը դեռ առաջարկում է արխիվներ բացել, թող պատասխանի՝ ինչո՞ւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը Թուրքիայում չի ապրում, ինչո՞ւ է Եվրոպայում ապրում Էլիֆ Շաֆաքը, ինչո՞ւ են տարագրվել ցեղասպանության մասին գրող պատմաբանները: Որովհետև հայրենիքի դավաճա՞ն են: Դա պատասխան չէ, դա սեփական մեղքի ընդունում է: Երբ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին, մենք նրան չենք հավատում: Գերազանցապես չենք հավատում: ՈՒ ճիշտ ենք անում, որովհետև նրա գիրքը Հայոց ցեղասպանության մասին չէ, նրա գիրքը թուրքերի մասին է, որ սկսում են մտածել: Երկար, դժվար, մոլորվելով, դեգերելով: Ինքնարդարացման մեջ՝ մեղադրելով իրենցից դուրս ամեն ինչ: Ինքնարդարացման մեջ՝ մեղսագրելով իրենցից դուրս բոլորին: Ինքնարդարացման մեջ: ՈՒ դա արժանի է հարգանքի: Բայց մինչև հավատը կա երկար ճանապարհ: Դեռ 1992-ին էր Թաներ Աքչամը գրել «Թուրք ազգային ինքնությունն ու Հայկական հարցը»: ՈՒ բացատրել էր. «Այստեղ չի քննարկվում՝ եղե՞լ են հայկական ջարդեր, թե՞ ոչ: Ընդհակառակը՝ փորձ է արվում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ենք Թուրքիայում ժխտում ջարդերի եղելությունը, թե ինչո՞ւ ենք խուսափում քննարկել այդ հարցը: Մահվան դեպքերը, որոնց թվերը թուրքական աղբյուրներում անգամ հասնում են 300000-ի, իսկ ժամանակաշրջանի պաշտոնական օսմանյան աղբյուրներում՝ 800000-ի, Թուրքիայում հրատարակված գրեթե բոլոր գրքերում բացատրվում են «եղանակային պայմաններով, ծերությամբ, սովով» և արդարացվում են:

Սա ամոթ է մարդկության առջև: Ամոթ է, քանի որ այդ աշխատություններում անհնար է գտնել կարեկցանքի և վշտի անգամ մեկ նշույլ, որը պետք է առաջացներ մեկ տարում այդքան մարդկանց մահը, թեկուզ «ոչ դիտավորյալ»: Անգամ մեր հաշվարկներով 300000 մարդկանց մահվան մասին խոսելիս ամենայն հանգստությամբ բացատրում էին, որ «արժանի էին դրան»: Մտածելու փոխարեն, թե ինչ սարսափելի է, որ մեկ տարվա մեջ 300000 մարդ է մահացել (եթե բաժանենք օրերի, կնշանակի՝ օրը մոտավորապես 1000 մարդ է մահացել), և հրապարակավ քննարկելու փոխարեն, թե ինչ կարելի է անել նմանատիպ դեպքերը կանխելու համար, այդ բոլոր աշխատություններում գերիշխում է հետևյալ միտքը՝ «Թող նրանց դաս լինի, թե չէ նորից կանենք»: Անկախ պատճառներից, տեղի ունեցած բարբարոսությունը քննադատելու և ցավելու փոխարեն գերադասվում է արդարացնել և պաշտպանել այդ ամենը: Նման մոտեցումն ուղղակի մեկ հետևանք ունի, և ինձ սարսափեցնողը հենց դա է՝ եթե նույն պայմանները լինեն, նորից նույնը կանենք: Հենց այս հոգեվիճակն է, որից պետք է սարսափել: Գիտեմ, որ իմ գրածի դեմ առարկություններում առաջնայինը լինելու է հետևյալ թեզը՝ «Հայերն էլ թուրքերին են սպանել»: Հատկապես 1917-ից հետո վրեժխնդրության նպատակով սպանված թուրք գյուղացիների թիվը ենթադրաբար հասնում է 40000-ի: Կոտորածը մնում է կոտորած: Ոչ մեկն էլ չի կարող ունենալ «հասկանալի», «ընդունելի» կողմեր: Սակայն այս հարցում անհրաժեշտ է տարբերակում մտցնել: Ջարդի և զանգվածային կոտորածի (genocid) միջև շատ կարևոր տարբերություն կա, չնայած թուրքերենում առանձնապես մեծ ուշադրություն դեռևս չեն դարձնում: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, մի ազգի ոչնչացում էր, որ կազմակերպվել է իշխանության, հատկապես իշխող կուսակցության՝ «Միություն և առաջադիմություն», և իրականացվել պետական համակարգի կողմից: Իսկ ջարդն ունի ավելի շատ «տեղական», «տարածքային» բնույթ: Սխալ է օգտագործել ուրիշի կատարած հանցագործությունները մեր ամոթը կոծկելու համար: Եթե անիծում ենք ջարդերն ու զանգվածային կոտորածները, նախ պետք է սկսենք մեր արածներից»: Սա պատասխան է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, պատասխան է Թուրքիայի պետական-պաշտոնական պատմությանն ու մտածողությանը: Թուրքի պատասխանն է թուրքին, որից պետք չէ առանձնապես ոգևորվել, որովհետև այդ «հարց» ու «պատասխանը» իրենց համար է, իրենց է պետք: Տաբուների հաղթահարման մեր ճանապարհին մենք չենք ձերբազատվել սպանվածի, կողոպտվածի, բռնաբարվածի ու աքսորվածի սինդրոմից, որ մեզ գամում է զգայական հարթության մեջ ու քայլ առաջ անելը կանխում: Մենք նմանվում ենք սեփական տառապանքից կենսական էներգիա ստացող մարդու, որ չի զգում՝ տառապանքի էներգիան շարունակ դեպի հետ է տանում: Տաբուների հաղթահարման իրենց ճանապարհին թուրքերը դեռ հաղթահարում են մարդասպանի, կողոպտչի, բռնաբարողի սինդրոմը ու չեն կարողանում: Առավել հեշտ ճանապարհ է բացվում՝ մեղադրել զոհին սեփական հանցանքները նրան վերագրելով: Թուրքերը 100 տարի առաջ չէին թաքցնում, որ հայերին սպանելու որոշում են ընդունել, որովհետև հայերն ուզում էին բալկանյան ժողովուրդների օրինակով կամ անկախ պետություն ստեղծել, կամ ինքնավարություն, իսկ իրենք ուզում էին ստեղծել օսմանցու հայրենիք, թուրքական պետություն: 100 տարի հետո նրանք այդ մասին գերադասում են չխոսել: Նախ՝ հասել են իրենց նպատակին, հետո խանգարում է նույն սինդրոմը՝ մարդասպանի ու կողոպտչի ժառանգի: Նրանց ժամանակ է պետք: 1915-2015՝ նրանց դեպքում բնավ 100 տարի չէ, ինչպես մեր դեպքում ընդամենը 50 է: Առավել բարդ է հարցը հայկական սփյուռքի համար, սփյուռքահայերի երրորդ-չորրորդ սերունդն արդեն հեռանում է արմատներից ու ինքնությունից, լեզվից ու պատմությունից: Բարեբախտաբար՝ ոչ լրիվ, բարեբախտաբար՝ որքան հեռանում է, այնքան մոտենում է, անհավանական ու անհասկանալի մի ձգողականությամբ:
2015-ին՝ 100 տարի անց, մենք սկսում ենք կրկնել նույն սխալը՝ 1915-ին, առաջ ու հետո, հույսներս ռուսներն էին, ֆրանսիացիներն ու անգլիացիները՝ Անտանտի երկրները, եվրոպական կոնֆերանսները, որոնք ավարտվեցին, փաստորեն, Կարսի պայմանագրով, 2015-ին սկսել ենք գերխնդիր դարձնել համաշխարհային գնահատականը, դատապարտումը, կանխարգելումը, ժխտողականության ժխտումը: Կարևոր են, շատ կարևոր են այդ բոլոր հռչակագրերը, բանաձևերն ու հայտարարությունները: Կարևոր են՝ իբրև մթնոլորտ, ճնշում, քանակից որակի անցնելու հեռանկար: Բայց՝ միայն այդքանը: Մենք նորից հայտնվում ենք բարոյական հաղթանակներին գերակայություն տալու մարաթոնի մեջ, որից գործնական ոչինչ չի մնալու: Մեր մարաթոնի մեջ մենք չե՞նք մոռանում, որ խնդիրը բանաձևերի, հռչակագրերի, հայտարարությունների քանակը չէ, ազդեցիկությունն ու աշխարհագրությունը չէ, խնդիրն արդյունքն է՝ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխությունը, որին փաստորեն ոչ միայն Թուրքիան պատրաստ չէ, այլև մենք: Մենք պատրա՞ստ ենք բացի ցեղասպանության դատապարտումից ու կանխարգելումից, ցեղասպանության ժխտողականության դատապարտումից քայլ առաջ անել: Ֆրանսախոս երկրները, օրինակ, իրենց ԽՎ հայտարարության մեջ կոչ են անում Թուրքիային` «առերեսվել սեփական պատմությանը, և, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը», և հույս են հայտնում, որ «ճանաչումը հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»: Մենք այդ մեկնակետին պատրա՞ստ ենք, ու ո՞րն է մեզ համար այդ մեկնակետի բովանդակությունը: Այն, ինչ չենք անում մենք, անում է Անկարան: ՈՒ մենք դեռ երկար պտտվելու ենք այդ խորհրդավոր «մեկնակետում»՝ նախ հերքելով Անկարայի «տեսակետները», հետո փորձելով մերը գտնել, ներկայացնել ու ևս մի 50, գուցե 100 տարի հիմնավորել: Ժամանակը կանգ չի առնում, երբ մարդու միտքը տեղապտույտի մեջ է: Մենք տեղապտույտի մեր ժամանակը սպառել ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի 24-ին ի՞նչ ենք ասելու աշխարհին: Միացեք մեզ, մեզ հետ հարգեք միլիոնուկես զոհերի հիշատա՞կը: Պատրա՞ստ ենք այդ օրվա հնարավորությունն օգտագործել ամբողջությամբ՝ ստանալու ոչ միայն անցյալի ողբերգության գնահատական, այլև ներկայի ու առավել ևս ապագայի՝ Հայաստանին աջակցելու երաշխիքներ քաղաքական ու տնտեսական օրակարգի բոլոր հարցերով:
Ի վերջո՝ միլիոնուկես զոհերը հանուն անկախ պետականության ստեղծման էին, Արաքսի այն ափին նրանց չներեցին այն, ինչ մենք արեցինք Արաքսի այս ափին: ՈՒ հիմա կա միայն մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զարգացումը, տարածաշրջանի խաղաղությունն ու տնտեսական առաջընթացը: Մենք սպասում ենք, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը ու մեզ թվում է, որ դա միայն Անկարայի խնդիրն է: Ոչ, դա նաև Երևանի միջազգային կշռի ու ազդեցիկության խնդիրն է: Քաղաքականության մեջ ու պատմության մեջ կամավոր քայլեր չեն լինում, լինում են ազդեցություններ ու հակազդեցություններ: Զգայական-պատմական հարթությունից դուրս գալը և ապագայի մասին մտածելը պիտի պարտադրեն մեր բոլոր քայլերից առաջ հաշվարկել, թե ինչ ենք ունենալու արդյունքում: Ապրիլի 24-ից առաջ ու հետո ով էլ գա Հայաստան ու Ծիծեռնակաբերդում մեզ հետ գլուխ խոնարհի ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ, վերադառնալու է իր երկիրը, իսկ մենք մնալու ենք: Մենք՝ Արաքսի այս ափին, թուրքերը՝ Արաքսի այն ափին: Բացի ցեղասպանությունից ու պատմությունից Անկարան տասնյակ այլ հարցեր ունի օրակարգում, որոնցով կարող է աշխարհի հետ խոսել հավասարը հավասարի պես, իսկ ի՞նչ ենք մենք ասում աշխարհին բացի ցեղասպանությունից, Ղարաբաղից ու ԵՄ-ԵԱՏՄ և/և-ից: Սա է գլխավոր հարցը՝ ի՞նչ ունենք մենք աշխարհին առաջարկելու իբրև անկախ պետություն, ի՞նչ ունենք պատմելու մեր մասին: Ի՞նչ դրական պատմություն, որի մեջ նրանք տեսնեն նաև իրենց ներկայությունը մեր կյանքում, մեր անհրաժեշտությունը իրենց կյանքում: Անմոռուկներ բաժանելուց բացի, ի՞նչ ենք առաջարկելու: Ո՞րն է մեր real politik-ը:

Դիտվել է՝ 2857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ