ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այն, ինչ չենք անում մենք, անում է Անկարան

Այն, ինչ չենք անում մենք, անում է Անկարան
01.04.2015 | 11:13

Հունվարի 29-ին ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Արդեն փետրվարի կեսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, որ Հռչակագիրը վտանգավոր փաստաթուղթ է, վտանգներից մեկը անվանված էր մտավախությունը, որ այդ փաստաթուղթը կկանխի ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը աշխարհում: Փաստորեն՝ չկանխեց, Եվրախորհրդարանի բանաձևը, Եվրանեստի ԽՎ բանաձևը, ՀՀ-ԵՄ համագործակցության հանձնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, Ֆրանկոֆոնիայի ԽՎ բանաձևը: Դժվար է պնդել, որ բանաձևերն ու հայտարարությունները ավելի շատ կլինեին, եթե չլիներ Հռչակագիրը:

Մենք, իհարկե, հայտնվել ենք ինքնատիպ մարաթոնի մեջ՝ ամեն ինչ հասցնել մինչև ապրիլի 24-ը՝ կարծես 100-ամյակից հետո 101-րդ տարեդարձ չի լինելու: Իհարկե, 100-ի խորհրդանշական դերն ու ազդեցությունը 101-ի հետ չես համեմատի: Մարդիկ սիրում են խորհրդանիշներով մտածել և ամեն տեղ կապ ու առնչություն որոնել: Բայց չմոռանանք, որ 100-ը մեզ համար իրականում 50 է՝ 1965-ից հետո միայն մենք կարողացանք մեր պատմության այդ էջը գտնել, իսկ մինչ այդ Հայկական հարցը Խորհրդային Հայաստանում նույնքան փակ թեմա էր, որքան մինչև 2005-ը Թուրքիայում: 1937-ին Արևմտյան Հայաստանի որևէ հիշատակում կյանքում, գրականության, պատմագրության մեջ ոչ միայն արգելված էր պետականորեն, այլև պատժվում էր ու մահապատժվում: «Ծիրանի փողի» ու «Լառ Մարգարի» համար նաև գնդակահարվեց Ակսել Բակունցը: ՈՒ նա միակը չէր: Հիսուն տարի մենք ևս տաբու ունեինք 1915-ի վրա:
Մեր մարաթոնի մեջ մենք չե՞նք մոռանում, որ խնդիրը բանաձևերի, հռչակագրերի, հայտարարությունների քանակը չէ, ազդեցիկությունն ու աշխարհագրությունը չէ, խնդիրն արդյունքն է՝ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխությունը, որին փաստորեն ոչ միայն Թուրքիան պատրաստ չէ, այլև՝ մենք:
Մենք պատրա՞ստ ենք, բացի ցեղասպանության դատապարտումից ու կանխարգելումից, ցեղասպանության ժխտողականության դատապարտումից, քայլ առաջ անել: Ֆրանսախոս երկրները, օրինակ, իրենց ԽՎ հայտարարության մեջ կոչ են անում «Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, և, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը», և հույս են հայտնում, որ «ճանաչումը հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»: Մենք այդ մեկնակետին պատրա՞ստ ենք, ու ո՞րն է մեզ համար այդ մեկնակետի բովանդակությունը: Համահայկական հռչակագիրը խոստանում էր ավելի ուշ մշակել ու հրապարակել պահանջատիրության բովանդակության վերաբերյալ «թղթածրար»: Մինչդեռ այդ «թղթածրարը» արդեն պիտի մեր սեղանին լիներ ու այս օրերին հենց այդ «թղթածրարը» պիտի ներկայացվեր Հայաստան եկողներին ու ավելի շատ՝ չեկողներին: Որովհետև այն, ինչ չենք անում մենք, անում է Անկարան: ՈՒ մենք դեռ երկար պտտվելու ենք այդ խորհրդավոր «մեկնակետում»՝ նախ հերքելով Անկարայի «տեսակետները», հետո փորձելով մերը գտնել, ներկայացնել ու ևս մի հիսուն, գուցե հարյուր տարի հիմնավորել: Ժամանակը կանգ չի առնում, երբ մարդու միտքը տեղապտույտի մեջ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նորից կարդացեք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին» և Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանը»: Մեր խնդիրների լուծումները մեր տանն են, ոչ թե օտարների դռներին:

Դիտվել է՝ 1788

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ