Պարույր Հայրիկյանը հիմա էլ որոշել է բևեռային աստղ դառնալ՝ նա բևեռ է ձևավորում: ԱԻՄ-ի, «Ժառանգության», ՀՀՇ-ի, «Ազատ դեմոկրատների», «Ժողովրդավարական հայրենիքի» և պահպանողական կուսակցության ղեկավարները հինգերորդ անգամ հանդիպել են: Ճիշտ է՝ հետո հերթով հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործակցությունը, իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարել է, որ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած ֆորմատով հանդիպումներին չի մասնակցել, եղել է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և Հայրիկյանի հանդիպումը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը յոթի ձևաչափով որևէ հանդիպման և քննարկման չի մասնակցել: Ի վերջո՝ յոթից մնացել են երկուսը՝ «Ժառանգությունը» և ԱԻՄ-ը, գործնականում Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանի դեպքում ամեն ինչ հասկանալի է՝ մարդը կարիք ունի ուշադրության, հայրենիքը՝ փրկության, ահա և մարդը փրկում է հայրենիքը: ՈՒրիշ ոչինչ: Հայրիկյանը հոգնել է մենակ փրկելուց ու որոշել է ձևաչափով փրկել, բայց փրկության ձևաչափը չի կայանում: Չափազանց քիչ է ձևաչափ ձևավորելու համար ԵԱՏՄ-ին անդամակցության դեմ լինելը: Դա երեկվա օրն էր ու երեկվա ձևաչափը, այս օրը և առավել ևս վաղվա օրը ուրիշ խնդիրներ ունի, բևեռային աստղ դառնալու Պարույր Հայրիկյանի ցանկությունը չի կատարվի, թեև նա խորապես համոզված է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում հնարավոր է, որ քաղաքական դաշտում ստեղծվի նոր բևեռ: Ավելին՝ «Պետք է կեղծ բևեռի փոխարեն իսկապես ստեղծել և ներկայացնել ժողովրդին բևեռ, որին կարելի է հավատալ ու ապավինել, չհուսահատվել: Կան այդպիսի մոտեցումներ, և մենք մեր հայտարարությունների նախագծերում, որոնք չենք շտապել ներկայացնել հանրությանը, խոսում ենք այն բանի մասին, որ հնարավոր է, որ այն դեպքերում, երբ այդպիսի համաձայնություն կկայանա, ուժերը հանդես գան արդեն նաև հրապարակավ, միասնաբար: Դա նշանակում է նաև դաշինքի ձևավորում»՝ խրոխտ հայտարարել է «Ազատությանը» Պարույր Հայրիկյանը:
Լավ է արել, դա կարող է նշանակել դաշինքի ձևավորում, կարող է չնշանակել: Դաշինքները հենց այնպես չեն ձևավորվում կուսակցական գրասենյակներում հանդիպումներով, դաշինքները ձևավորվում են՝ խնդիր լուծելու: Իսկ
Հայաստանի ինքնիշխանությունը, մարդու իրավունքների կայացումն ու ժողովրդավարությունը խնդիր չեն, այլ՝ նպատակ: Ո՞րն է տարբերությունը: Երբ տարբերությունը հասկացվի, դաշինք գուցե ձևավորվի:
Իսկ ի՞նչ է որոնում Րաֆֆի Հովհաննիսյանը: Լավ, հասկացանք՝ եռյակ չկա, չկա՝ չկա, պարտադի՞ր է տեղնուտեղը նոր արհեստական ձևաչափ հնարել ու հիմա էլ դա տարփողել, հետո էլ՝ քարկոծել: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզապես պարապ է մնացել, իսկ արժեր մի լավ մտածել՝ ի՞նչ կատարվեց եռյակի հետ ու ինչո՞ւ եռյակ չկա: ՈՒ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շա՞տ է հեռու Գագիկ Ծառուկյանից ժողովրդին խաբելու, հուսահատության մատնելու, խոստանալ՝ չկատարելու, ու այս շարքից այլ «հաճելի հիշողությունների» շրջանակում: Թե՞ Րաֆֆի Հովհնաննիսյանն անընդհատ բարևում էր, Գագիկ Ծառուկյանն անընդհատ ասում էր, որ մեր կողքին է: ՈՒ դա սկզբունքային քաղաքական տարբերություն է: Այնքան սկզբունքային, որ նախ Հովհաննիսյանը, հետո Ծառուկյանը գնացին Մոսկվա՝ հաղթանակ բերելու: Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկանապետի հետ աղոթում էր, Գագիկ Ծառուկյանը ոստիկանությունից դժգոհ էր: Սա ևս սկզբունքային քաղաքական տարբերությո՞ւն է: Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ասում է՝ «Հիմա», Գագիկ Ծառուկյանը նորից ասաց՝ «Հաջորդ դասին»: ՈՒ՝ ի՞նչ: Իրավատերն ու սեփականատերը իրար չհասկացա՞ն: Սխոդկա եղավ ու իրար չտեսա՞ն: Իրականությունը այլ հարթության մեջ է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ այնքան, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը, որքան Գագիկ Ծառուկյանը պարտավոր է նախ իրեն հավատացած (ու՝ բարևած) մարդկանց բացատրել, թե ինչո՞ւ խոստացավ ու չկատարեց, ո՞ւր մնաց սարերի քամին, գալիս էին-գալիս էին, ինչո՞ւ տեղ չհասան, հետո մտածի նոր խոստումների մասին, որոնք կատարելու ճիշտ այնքան հավանականություն կա, որքան՝ նախորդները: Ձևաչափով, անձևաչափ՝ ի՞նչ տարբերություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երբ մարդիկ չգիտեն՝ ինչով լցնեն պարապ ժամանակը, հետևանքը դառնում է դաշինքի, ձևաչափի ու որևէ այլ քաղաքական միավորման վարկաբեկումը, որի համար որևէ պատիժ չկա, բայց հետևանքը լինում է ընդհանրական պարտությունը, հասարակության ապատիան ու հիասթափությունը: Ընդդիմադիր ձևաչափ պետք է, կարող է ու պիտի լինի: Խորհրդարանական, թե արտախորհրդարանական: Բայց այդ ձևաչափը չի կարող ոչ կոնգրեսի, ոչ եռյակի, ոչ էլ յոթնյակի սկզբունքներով ձևավորվել: Իշխանության դեմ պայքարը այն աբսուրդն է, որի վրա սայթաքում են իրենց ընդդիմադիր համարող բոլոր ուժերը: Պետք չէ պայքարել իշխանության դեմ, պետք է պայքարել պետության համար: Պետության և իշխանության նույնացումն է ձևավորում իշխանություն-ընդդիմություն առճակատումը: Պետք չէ անվերջ բախվել պատին: Պետք է սեփական պատը կառուցել: Ավելի բարձր՝ քան իշխանությունը: ՈՒ դա է բևեռ դառնալու ճանապարհը: Իրական, ոչ թե երևութական: Արդյունավետ: