ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բլիցկրիգ մեր կրկեսում

Բլիցկրիգ մեր կրկեսում
24.02.2015 | 00:52

Փետրվարի 24-ին՝ փետրվարի 12-ից 12 օր անց արձանագրենք, որ ունեցանք փետրվարի 13, բայց ոչ՝ 20: ԲՀԿ-ի հետ կատարվողի պատճառների մեջ եթե ավելի խորանանք, պիտի սկսենք փետրվարի 5-ից, շատ ավելի խորանալու դեպքում՝ 2012-ի խորհրդարանական ու 2013-ի նախագահական ընտրություններից ու ի վերջո հասնենք կուսակցության ստեղծմանը, բայց դա չի անում անգամ ԲՀԿ-ի փաստաբան Լևոն Տեր-Պետրոսյանը, ուրեմն հետդարձով հասկանանք՝ ի՞նչ կատարվեց վերջին տասնօրյակում:
1. ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց իր խոսքը, և՝ ոչինչ ավելին: Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները՝ ով, ում, երբ, ինչու, ում հետ, ինչպես ու ինչ արեց, նախագահը ոչ հաստատում է, ոչ հերքում: ՈՒ այդ համապատկերում մնում է հասկանալ, որ՝ ով, ինչ, երբ, ում հետ, ինչպես ու ինչ կանի՝ չի անի, Սերժ Սարգսյանն ասելիքը ասել է, անելիքը անելու է: ՈՒ հիմա հարցը ոչ թե այն է՝ ինչ կանի նա, այլ՝ ինչ չի անի: Կամ՝ ասել է, բայց չի անի՝ հանուն հանդուրժողականության ու վասն վեհանձնության:
2. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ որսի չի գնացել, բայց մի թեթևակի հարցազրույցով, ներկայությունը զգացնելուց զատ, ոչինչ չարեց, սպասում է, որ կատարվեն իր ցանկությունները և չի պատրաստվում կատարել ուրիշների ցանկությունները: Ռոբերտ Քոչարյանը սպասում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճակատագրի պարզաբանմանը: Ըստ այդմ՝ կամ կշարունակի անտարբեր մնալ (եթե Գագիկ Ծառուկյանը մնա ԲՀԿ նախագահ), կամ կփորձի ձեռքը հավաքել ԲՀԿ-ն (եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա բիզնեսին կամ այն ամենին, ինչ կմնա իրենց բիզնեսից), կամ արագ ու հատու կստեղծի նոր կուսակցություն (եթե ՀՀԿ-ին հաջողվի ոչ միայն Գագիկ Ծառուկյանին ուղարկել բիզնես դաշտ, այլև Ռոբերտ Քոչարյանի կուսակցական բիզնես-նախագիծը քաղաքական դաշտից դուրս մղել): Չորրորդ տարբերակը՝ կգնա որսի: Եթե որսը ոչ միայն անտառներում, լեռներում, անապատներում, այլև քաղաքական դաշտում լինի, կվերադառնա բերքահավաքի:
3. Լևոն Տեր-Պետրոսյանը բախվեց ինքն իրեն ու մնաց մենակ: Նրա քաղաքագիտական վերլուծությունը մտավ փակուղի: Եթե փետրվարի 12 չլիներ էլ, տեսությունը չէր աշխատում՝ հայոց «բուրժուաները» չտոգորվեցին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն անելու հայրենասիրական ցանկությամբ: Օլիգարխից հեղափոխական ձուլելու ջանքերը արդյունք չտվեցին՝ համակարգի ինքնապաշտպանական ռեֆլեքսը շատ ավելի հզոր է, քան համակարգի մասերի անորոշ ու ցիրուցան ցանկությունները: Կորցնելով հենման կետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը գերարագ կողմնորոշումով փորձեց կանխել իրադարձությունների իր համար անցանկալի զարգացումը, այդպես Համահայկական հռչակագրի մասին նրա քննադատական խոսքից հետո ի հայտ եկավ երկրորդ մասը, որի համար էլ գրվել էր առաջինը: Սերժ Սարգսյանին ուղղված հրապարակային նամակի նպատակը ազգային թեմատիկան էր, հարկավ, բայց ոչ պակաս արդիական էր քաղաքական թեմատիկան: Նրան «այո» ասելով՝ «ոչ» ասացին: Իսկ նա հրապարակ էր նետել իր սրտի պարտքը՝ դարձյալ կանխելով իրադարձությունների իր համար անցանկալի զարգացումները՝ փորձելով Գագիկ Ծառուկյանին «ապակողմնորոշելու» իրեն վերագրվող մեղքը հեռացնել և գտնել «խառնակիչների խմբակ» ԲՀԿ-ի ներսում: Կա՞, թե՞ չկա նման «խմբակ», ցույց կտան ԲՀԿ-ի որոշումները, որ արդեն մի շաբաթ խոստանում է ԲՀԿ մամլո խոսնակը: Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքը վերադարձրին «ավազակապետությունը» կազմաքանդելու իր պարզած դրոշը, որը ճոճելու տարածք չի մնացել՝ ինքը ևս մասն է համակարգի, որն ուզում է քանդել: Նրան մնում է պնդել քաղաքագիտական վերլուծությունը, կամ՝ վերաձևակերպել, ասելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել, ինքն ասում էր…

Մի սպասեք, որ մարտի 1-ին հրավիրված հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը կասի, թե ինքն ինչ էր ասում: Ոչ, նա կասի՝ ինչ են ասում ուրիշները և ինչ սխալներ են ուրիշները գործում, սեփական սխալներն ընդունելու համար նա կորցրել է քաղաքագիտական ճկունությունն ու կողմնորոշումը:
4. Րաֆֆի Հովհաննիսյանը ևս առաջ ընկավ իրադարձություններից ու հայտարարեց՝ եռյակ այլևս չկա: Հայտնություն հայտարարության մեջ չկար, գուցե այդ պատճառով ոչ ՀԱԿ-ը, ոչ ԲՀԿ-ն չարձագանքեցին: Ասեին՝ «այո», իրենք էին դառնում տրոհման կողմ, ասեին՝ «ոչ», պիտի ձևաչափի շրջանակներում գոնե մի քայլ անեին: Բայց քայլ դեպի ո՞ւր: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ շարունակում է պայքարը, ու քանի որ նոր ոչինչ ասելու չկա, ասում է՝ ինչ ասել է իր արդեն մոռացված 21 կետերից սկսած՝ թեթև վերախմբագրումով, արդիականացումով, բայց նույն հմայիչ հուզականությամբ, որը, չգիտես ինչու, հայրենակիցները հասկանալով՝ չեն հասկանում ու ընդունելով՝ չեն ընդունում նրան իբրև յուրային ու մեկն իրենցից:
5. Գագիկ Ծառուկյանը, ում ՀՀԿ-ն առանց նահանջի միջանցքի նետել էր ընդդիմադիր դաշտ՝ հաջորդ օրը իշխանափոխության կոչեց «չարիքի» իշխանության դեմ: Բայց նրա բլիցկրիգը չկայացավ, նույնքան սրընթաց վերադարձավ ելման կետ ու տեսավ, որ ելման կետն այլևս չկա: ՈՒ հիմա Գագիկ Ծառուկյանը պիտի սպասի անձնական ու քաղաքական հարցերի լուծմանը, որոնց ինքն այլևս չի մասնակցելու: Նա ունի գործողությունների ազատություն, բայց չունի գործողությունների նպատակ: Որքան էլ քաղաքական փորձառության կամ մեկից ավելի քայլեր հաշվարկելու նրա ունակությունը հրապարակավ հերքեն կամ կասկածեն, Գագիկ Ծառուկյանը ունի հիշողություն, պայծառ հիշողություն, որտեղ տարիների վաղեմության պատճառով չեն կարող խամրած լինել 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների նախօրեն, օրն ու հաջորդող օրերը: Հետո ինչ, որ այն ժամանակ իր ձեռքին շամպայնի գավաթ էր՝ իշխանությանը մարտահրավեր նետող ու իշխանափոխություն պահանջող ամեն ոք պետք է պատրաստ լինի իշխանության ոչ միայն դիմադրությանը, այլև հակահարձակմանը:
6. Պարզվեց՝ Հայաստանում կա ևս մեկ քաղաքական ուժ՝ հանրահավաքը: Փետրվարի 20-ի հանրահավաքից ԲՀԿ-ն հրաժարվեց ու դա որակվեց նահանջ, պարտություն, համարյա թե քաղաքական ողջակեզ: Եթե հանրահավաքը քաղաքական գործոն է, Հայաստանում իշխանափոխություն վաղուց եղած կլիներ: Քաղաքական գործոն դառնալու համար հանրահավաքը պիտի լինի ոչ թե ընթացք, այլ եզրափակում: Դա բազմիցս ապացուցել են թե ՀԱԿ-ը, թե ԲՀԿ-ն, որ հանրահավաքներն օգտագործում էին ոչ թե համակարգը քանդելու, այլ համակարգի հետ առևտուր անելու համար: Գինը իշխանությունն էր:
7. Պարզվեց՝ Հայաստանում կանխվել է Մայդանը: Ռուսները պարզեցին, բայց «կանխելով» Մայդանը, որի ուրվականը տեսնում են ամենուր, չկարողացան կանխել Եվրամիության հայտարարությունը՝ ԵՄ-ն եղել է, կա ու լինելու է Հայաստանում: ԵՄ-ն շարունակելու է Արևելյան գործընկերության ծրագիրը՝ թե քաղաքական, թե տնտեսական բաղադրիչով: Նրանք չկարողացան կանխել Արևմուտքի՝ Հարավային Կովկասում իր ներգործությունը մեծացնելու քայլերը և Վիկտորյա Նուլանդի այցը տարածաշրջան: Ճիշտ է, Հայաստանում նկատվեց միայն ադրբեջանցի դիվերսանտներին Բաքվին վերադարձնելու նրա հորդորը, բայց նրա հետ հանդիպելով` ՀՀ նախագահը խոսեց առևտրատնտեսական կապերի խորացումից, ինչը հակասում է ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին, խոսեց Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրներից, որ նշանակում է ՀԱՊԿ-ը կա, բայց չկա: ՈՒ թե էլի ինչ քննարկվեց, պարտադիր չէր, որ հրապարակվեր: Արդյունքը՝ Որոտանի ՀԷԿ-ի գործարքին կառավարությունը հավանություն տվեց, ու դա սկիզբն է:
ՈՒ ի՞նչ: Մի քանի օրում հայոց քաղաքական դաշտի բերմուդյան եռանկյունին բացվեց ու փակվեց այլ կոնֆիգուրացիայով: Սերժ Սարգսյանը վերահաստատեց իր և ՀՀԿ-ի իշխող դիրքը, նաև Սահմանադրությունը փոխելու մտադրությունը: Նա քաղաքական դաշտում դիմադրության կհանդիպի, բայց «դիմադրությունը» խորհրդարանական քաղաքական ուժեր-նախագահ կոմպրոմիսի դաշտում կլինի, որ նշանակում է պարզապես առևտուր՝ ինչ կտաս դու, ինչի եմ համաձայն ես: Ռոբերտ Քոչարյանը որսորդի բնազդին ապավինած՝ որոնելու է քաղաքական հենարան՝ հերթական նախագահական ընտրություններով վերադառնալու համար, թեպետ ինքն էր հրապարակավ խոստացել, որ ղարաբաղցին ղարաբաղցու դեմ չի գնա: Նա բացատրություն ունի՝ շատ մեծ հարց է՝ ով է ում ճանապարհը փակում: Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ ապացուցեց, որ իր նետած «ժամանակը ցույց կտա» բումերանգը վերադարձավ իրեն, և ժամանակը ցույց տվեց, որ ճիշտը ոչ թե ինքն էր, այլ «Հանրապետություն» կուսակցությունը և նրանք, ովքեր քաղաքագիտական վերլուծությունից հետո դուրս եկան ՀԱԿ-ից: Հիմա իր սակրալ «Պայքար, պայքար մինչև վերջը» առաջին նախագահը մղելու է մարգինալացման դեմ: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ 2013-ին խոստացել էր առաջին ու վերջին անգամ առաջադրվել նախագահի թեկնածու, ոչինչ չկորցրեց ու չգտավ՝ «Ժառանգությունը» մնաց մենակ՝ ինչպես և եղել էր միշտ: Գագիկ Ծառուկյանը՝ իբրև «քաղաքական դաշտի չարիք» հայտնվեց շատ ավելի մենակ վիճակում: Որևէ երաշխիք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը նրան ապահովագրել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարված քայլերից, չի հնչել: Հարցերի հարցը չէ «Կհեռանա՞ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտից»: Կհեռանա, չի հեռանա, Գագիկ Ծառուկյանն այլևս նախագահի թեկնածու չէ, ու դա էր Սերժ Սարգսյանի բլիցկրիգի արդյունքը: Քաղաքական դաշտի «չարիքի» ու «չարիքի իշխանության» տետատետը հաշտության բանակցությո՞ւն էր կոմյունիկեի հողի վրա, թե՞ նոր ստատուս քվոյի հաստատում՝ կերևա: Եթե իսկապես ՀՀԿ նախագահը շարունակի «մաքրել» քաղաքական դաշտը, նա հանգելու է ոչ միայն ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի, այլև մյուս քաղաքական կուսակցությունների տանիքի տակ ապրող օլիգոպոլիայի դիմադրությանը: «ՈՒզո՞ւմ ես ապրել, ընդունիր սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը» պայմանը Սերժ Սարգսյանը հանգիստ կարող է առաջադրել քաղաքական դաշտին, որ իրենից էլ առաջ սերտաճած էր բիզնեսի հետ: Դա շատ ավելի երկարատև գործընթաց է, որի հաղթական ավարտը կարելի էր կանխատեսել, եթե չլիներ արտաքին քաղաքական ներգործության փաստարկը: Համենայն դեպս՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի դեմ պայքարի նոր կառույց է ստեղծել, որտեղ, ի տարբերություն նախորդի, սկզբունքները փոխվել են: «Ապացուցիր, որ ստանաս» կարգախոսն է այսուհետ գործելու միջազգային ֆինանսական կառույցներից հատկացվող վարկերի, դրամաշնորհների ու ծրագրերի հիմքում: Արևմուտքը չի պարտադրում ոչինչ, համաձայնում ու մերժում է ժպիտով, ու դա հույսը Ռուսաստանի ֆինանսներից կտրած Հայաստանում արդեն փորձով գիտեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Կրկեսը կամաց դատարկվում է: Ներկայացումն ավարտված է, գործող անձինք վարագույրի հետևում են: Հիմա բոլորս գիտենք, որ իրարից պիտի ներողություն խնդրենք՝ ոմանք խաբելու, ոմանք՝ խաբվելու համար, իսկ ընդհանրության մեջ ավարտվեց «հերոսների» ժամանակը, ու սկսվում է հերոսների ժամանակը: Իրական ժամանակում այլևս չի կարող փաստարկ լինել նոր Մարտի մեկից խուսափելը, չի կարող փաստարկ լինել քաղաքագիտական որևէ վերլուծություն ու ներիշխանական կամ միջկուսակցական հաշվարկ: Կա համակարգ, որի մասն են իշխանական և ոչիշխանական քաղաքական ուժերը, և կա ժողովուրդ, որ դեռ չունի իր ցանկությունները, ձգտումները, հոգսերն ու խնդիրները ձևակերպող քաղաքական ուժ, ու այդ պատճառով պատեհ-անպատեհ նետվում է հրապարակ՝ յուրաքանչյուր անցորդի մեջ տեսնելով յուրայինի: Համակարգի դեմ պայքարի համար համարժեք հզորության համակարգ է պետք, իսկ գուցե համակարգի դեմ պայքարի համար պետք է գաղափա՞ր:

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ