Երեկ թուրքական ընդդիմադիր Today’s Zaman-ի կիրակնօրյա թողարկումը սենսացիոն հրապարակում էր արել՝ Թուրքիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Գալիպոլիի ճակատամարտում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարած հաղթանակի 100-րդ տարեդարձի ապրիլի 24-ին նշանակված տոնական միջոցառումները` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ համընկնող միջոցառմանը մասնակցելու հարցում ցուցաբերված դժկամության պատճառով:
«Գալիպոլիի տոնակատարությունները չեղյալ են հայտարարվել: Բոլոր նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, քանի որ ուղարկված հրավերներին տրված պատասխանների քանակը դրական չէ: Հրավերն ընդամենը հինգ երկիր է ընդունել, և անգամ այդ երկրներն էլ ներկայացված չեն լինի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով»՝ անունը չհրապարակելու պայմանով թերթին ասել էր Թուրքիայի կառավարությունից մի պաշտոնյա: Օրավարտին թուրքական Daily Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին նախագահի և վարչապետի աշխատակազմերում, հերքեց Today's Zaman-ին:
Daily Sabah-ի հետ զրույցում հերքելով տեղեկատվությունը՝ նախագահականում և վարչապետի աշխատակազմում հրաժարվել են մանրամասներ հրապարակել, թե որ երկրների ներկայացուցիչներն են համաձայնել մասնակցել միջոցառմանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու վարչապետ Ահմետ Դավութօղլուն հրավերներ են ուղարկել 102 պետությունների ղեկավարների, առայժմ միայն Ադրբեջանի նախագահն է հաստատել, որ այդ օրը կմեկնի Ստամբուլ:
Ինչո՞վ էր պայմանավորված նույն օրը երկու հակասական տեղեկությունների հրապարակումը: Եթե ընդդիմադիր Today's Zaman-ը համարվում է գյուլենական, նշանակո՞ւմ է, որ ներհակ տեղեկատվության հրապարակումը ներիշխանական պայքարի նոր դրսևորում էր՝ Թուրքիայի նախագահի և իր թիվ մեկ ընդդիմադիրի հակասությունների արտահայտություն մի հարցում, որ թե ներքին, թե արտաքին քաղաքական խնդիրներ է ներառում:
Ճշմարտությունը, ինչպես միշտ, միջակայքում կարող է լինել: Այո, Թուրքիան, իր կարծիքով, փայլուն պարտիա խաղաց հայերի հետ իր շախմատային մրցամարտում՝ ապրիլի 24 տեղափոխելով մարտի 18-ին տեղի ունեցած ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունը՝ դրանով կասեցնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մասնակցելու համար Երևան ուղղվող բարձրաստիճան պատվիրակությունների ընթացքը: Համենայն դեպս՝ պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին կանգնեցրեց ընտրության փաստի առաջ, վստահ, որ մի քանի աստիճանով կիջեցնի Հայաստան ժամանող պատվիրակությունների պաշտոնական մակարդակը և ապրիլի 24-ը Երևանում կվերածի համարյա թե ընտանեկան միջոցառման, երբ սգո ու հիշատակի օրերին հարազատներով հավաքվում են: Քայլը, իհարկե, ռիսկային էր, որովհետև փակելով դեպի Երևան ճանապարհը, նույնքան փակվում էր դեպի Անկարա ճանապարհը, չէր բացառվում, որ կընտրվի ոչ Երևանում, ոչ Ստամբուլում առաջին դեմքերով ներկայացված չլինելու տարբերակը: Դա, իհարկե, նախընտրելի էր Թուրքիայի համար՝ համենայն դեպս իրենց խնդիրը լուծում էին, Գալիպոլիի ճակատամարտը համաշխարհային նշանակության իրադարձություն չէր ու չի ոչ Թուրքիայի, ոչ որևէ երկրի համար, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման ու ժխտողականության դատապարտման շարժումը կասեցնելը Թուրքիայի համար շատ ավելի արդիական ու կենսական հարց է, քան ինչ-որ ճակատամարտում հաղթանակի տարելիցը տոնելը: ՈՒ եթե առայժմ հայտնի է, որ Հայաստան կգան միայն Հռոմի պապը և Ֆրանսիայի նախագահը, իսկ Թուրքիա կգնա միայն Ադրբեջանի նախագահը, Անկարան կարող է համարել, որ իր խնդիրը լուծել է: Բայց իրավիճակը կարող է մինչև ապրիլ փոխվել և Թուրքիայի խնդիրն է՝ կանխել իրադարձությունների իր համար անցանկալի զարգացումը: Եթե տեղեկատվությունը հրապարակում է գյուլենական Today's Zaman-ը, չի բացառվում, որ դա ԱՄՆ-ի նախազգուշացումն է Անկարային, որին կարող է հետևել ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ուղերձում ցեղասպանություն եզրույթի բարձրաձայնումը: Իսկ դա թուրքական ամբողջ դիվանագիտական կորպուսի, թուրքական ու թուրքամետ լոբիի բոլոր ջանքերի ֆիասկո կդառնա ու խնդիր թուրք-ամերիկյան հարաբերություններում, որտեղ առանց Հայոց ցեղասպանության էլ տարակարծությունները շատ են՝ հատկապես թուրք-ռուսական ռազմավարական համագործակցության նորօրյա զարգացումների պատճառով: Դա, իհարկե, չի նշանակում, որ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կխոնարհվի ցեղասպանության զոհերի հիշատակին վառվող անմար կրակի առաջ: Բայց դա նշանակում է, որ Անկարան խնդիրներ ունի իր հայկական քաղաքականության հետ, ավելի ճիշտ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը՝ Ադրբեջանի հետ կապելու իր քաղաքականության մեջ:
Today's Zaman-ի տեղեկատվությունը և ճիշտ է, և սխալ: Ճիշտ է՝ առաջին մասով, որ համաշխարհային քաղաքական դեմքերը հևիհև ճամպրուկները չեն հավաքում ապրիլին Ստամբուլ մեկնելու համար, և սխալ է, որ Անկարան կհրաժարվի իր Գալիպոլին Ծիծեռնակաբերդին հակադրելուց: Բոլոր դեպքերում՝ Today's Zaman- Daily Sabah տետատետում թուրքական դիվանագիտության պատկերն է՝ երկու թերթերն էլ կամա-ակամա աշխատել են հօգուտ իրենց երկրի: Առաջինը՝ զոնդաժի, երկրորդը՝ հերքումով խնդրի կարևորությունը վերահաստատելու նպատակով:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ կգա Երևան և ո՞վ չի գա, ո՞վ կգնա Ստամբուլ և ո՞վ չի գնա՝ ի վերջո խնդրի ցուցափեղկն է, որտեղ արտացոլվելու է ուժերի հարաբերակցության մակերեսային կողմը: Ապրիլի 25-ին ցեղասպանության ճանաչման և ժխտողականության դատապարտման հարցը չի փակվելու, ու դա բոլորը գիտեն: