ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մինսկ+» բանակցություններ. խաղաղությո՞ւն, թե՞ գրոհների արանքում ժամանակավոր դադար

«Մինսկ+» բանակցություններ.  խաղաղությո՞ւն, թե՞ գրոհների  արանքում ժամանակավոր դադար
17.02.2015 | 00:14

Մինչ մեր երկրում աշխուժորեն քննարկում են, թե ինչ կարող է նշանակել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը, իրականում շահերի բախո՞ւմ է դա, թե՞ հերթական «խաղ», աշխարհում ծավալվում է միանգամայն այլ «ռեժիսուրա», որի առաջին արարը մոլորակը տեսավ փետրվարի 9-13-ին։
Խոսքը ՈՒկրաինայի և Նովոռուսիայի հարցով, այսպես կոչված, «Նորմանդական քառյակի» անցկացրած «անքուն գիշերվա» մասին է։ Բայց իրականում մոտավորապես նույն «խաղն» է, ինչ մեզ մոտ. երկու կողմերը խոսում են «չարիքի» և, իհարկե, «հակընդդեմ չարիքի» մասին։
Խոսվում է նաև այս կամ այն «պատերազմի» մասին, որտեղ ոչ մեկը չի ուզում զիջել։ Զուգադիպությունն անգամ նրանում է երևում, որ թե՛ Հայաստանում «կրակին յուղ ավելացնելու», թե՛ Արևմուտքի կողմից Նովոռուսիայում միանգամայն իրական պատերազմի մշտական բորբոքման դեպքում հստակորեն երևում են գործընթացները կարգավորող և իրադարձությունների զարգացմանը հետևող ուժերի «ականջները»։ Բայց մեր խնդիրը մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների քննարկումը չէ հիմա, ավելի դժվար է ի հայտ բերել այն «խաղի» թելերն ու մեխանիզմները, ինչը համաշխարհային ռազմավարություն և աշխարհաքաղաքականություն է հորջորջվում։ Իսկ հենց դա է հիմա սահմանափակ ձևով ծավալվել թե՛ ՈՒկրաինայում, թե՛ Նովոռուսիայում։
Եվ այսպես, փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՈՒկրաինայի ղեկավարները Մինսկում սկսեցին քննարկել ուկրաինական հակամարտության լիակատար կարգավորման ծրագիրը։ «Նորմանդյան քառյակը» բանակցություններ վարեց ավելի քան 16 ժամ։ Դրանք ավարտվեցին համաձայնության կայացմամբ, որով նախատեսվում է կրակի դադարեցում փետրվարի 15-ի 00 ժամից։ Ահա այսքանը. միակ իրական ձեռքբերումը։ Ստորագրվեց երկու առանձին փաստաթուղթ, բայց դրանք կդառնա՞ն վճռորոշ քայլեր Նովոռուսիայում խաղաղության վերականգնման ճանապարհին, թե՞ ոչ, կորոշի հենց ԱՄՆ-ը, իհարկե, Կիևի իր խամաճիկների ձեռքով։ Չէ՞ որ Պյոտր Պորոշենկոն ձախողեց սեպտեմբերյան զինադադարը, և ո՞վ ասաց, թե ԱՄՆ-ը չի ծրագրում ոչ ևս անել Գերմանիայի ու Ֆրանսիայի ջանքերը, չէ՞ որ եթե այս անգամ էլ Պորոշենկոն խախտի զինադադարը, ապա Անգելա Մերկելի ու Ֆրանսուա Օլանդի հեղինակությունը ոչ միայն կխարխլվի, այլև պարզապես անհուսալիորեն փուլ կգա։
Առհասարակ Մինսկում, առանց չափազանցության, որոշվում էր ոչ միայն ՈՒկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի խաղաղության ճակատագիրը։ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՈՒկրաինայի առաջնորդներն ասես ուխտել էին` «ոչ մի քայլ հետ», մինչև գոնե որևէ արդյունք ձեռք չբերվի։ ՈՒկրաինայի խաղաղության համար ամեն ինչ էր արվում։ Մինսկն ընկալվում էր որպես, դրան հասնելու «վերջին բնագիծ»։ Առավոտյան կողմ թվաց, թե ուր որ է կհայտարարվի արդյունքը, բայց ինչ-որ բան նորից չստացվեց, և «մեծ քառյակն» առանձնացավ ևս մի քանի ժամով։ Բանակցությունների սրահ միայն սպասք, սուրճ և ուտելիք էին տանում, բայց ոչ մի համաձայնեցված հուշագիր այնտեղից դուրս չէին բերում։ Առհասարակ, բանակցությունների ձևաչափը գիշերվա ընթացքում փոխվեց մի քանի անգամ` օգնականներով, դիվանագետներով, արտգործնախարարներով, միայն չորս առաջնորդներն էին անփոփոխ։ Զուգահեռաբար ընթանում էր եռակողմ կոնտակտային խմբի հանդիպումը` ԵԱՀԿ-ի, ՈՒկրաինայի նախկին նախագահ Կուչմայի, Կիևում Ռուսաստանի դեսպան Զուրաբովի և ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ խոստովանեց, որ եղել են պահեր, երբ քիչ է մնացել բանակցությունները ձախողվեն. «Բանակցությունները շատ լարված էին։ Քննարկվում էր հսկայական քանակությամբ հակասություններ պարունակող շատ բարդ մի հարց, ուստի իրենք` պետությունների ղեկավարները, ստիպված էին հղկել փաստաթղթի ամեն մի նախադասություն»։ Իսկ ավելի ուշ ավելացվեց՝ բանակցությունները նաև կոշտ էին։
Պարզ է մի բան. ոչ ոք (թերևս, բացի Պորոշենկոյից) միայն կրակի դադարեցմամբ չի համաձայնի բավարարվել։ Ահա Մինսկի համաձայնագրերի կատարման միջոցառումների 2-րդ կետը. «Երկու կողմերի բոլոր ծանր սպառազինությունների հավասարաչափ հետքաշում, նպատակ ունենալով ստեղծել 100 մմ և ավելի տրամաչափի հրետանային համակարգերի միջև առնվազն 50 կմ լայնությամբ անվտանգության գոտի, ՀԿՀՀ (համազարկային կրակի հրթիռային համակարգ) միջև 70 կմ լայնությամբ և «Տոռնադո-Ս», «ՈՒրագան», «Սմերչ» ՀԿՀՀ և «Տոչկա» («Տոչկա-ՈՒ») տակտիկական հրթիռային համակարգերի միջև 140 կմ լայնությամբ անվտանգության գոտի.
- ՈՒկրաինական զորքերի համար՝ շփման փաստական գծից,
- ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների զորամիավորումների համար՝ 2014 թ. սեպտեմբերի 19-ի Մինսկի հուշագրի համաձայն գրանցված շփման գծից։
Վերը թվարկված ծանր սպառազինությունների հետքաշումը պետք է սկսվի կրակի դադարեցման երկրորդ օրվանից ոչ ուշ և ավարտվի 14 օրում։ Այդ գործին կաջակցի ԵԱՀԿ-ն` եռակողմ կոնտակտային խմբի օժանդակությամբ»։ Սակայն արդեն փետրվարի 13-ին շատ փորձագետներ բացահայտ անվստահություն հայտնեցին հենց այդ կարևոր կետի առնչությամբ և կարծիք հայտնեցին, թե հենց այդ դիրքից ելնելով ՈՒկրաինայի իշխանությունները կդիմեն «Նորմանդական քառյակի» հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողմանը։ Բայց կասկածներ կան նաև այն առնչությամբ, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բանակները չեն համաձայնի դուրս գալ Դոնեցկից և Լուգանսկից։ Համադրելով այդ պայմանավորվածությունները, ակամա հիշում եմ Արցախում «կրակի դադարեցման անհետաձգելի միջոցառումների» անհաշիվ շարքը. որքան դժվար էր, այսպես կոչված, «միջազգային միջնորդներին» բացատրել, որ նույնիսկ հակամարտ բանակների շփման գծից զորքերի փոխադարձ հետքաշումը պլանավորելիս պետք է առաջնորդվել ասիմետրիկության (անզուգաչափության) սկզբունքով։ Ո՞Ւր պիտի «քաշեիր զորքերը» Ասկերանից, Մարտակերտից, Ստեփանավանից։ Այստեղ, փառք Աստծո, անզուգաչափության սկզբունքը, կարծես, հաշվի է առնված։ Սակայն Ադրբեջանը մի գլուխ ձախողում էր այդ բոլոր «անհետաձգելի միջոցառումները»։ Նույն բնույթով է աչքի ընկնում նաև Կիևի իշխանությունը, առավել ևս, որ Պորոշենկոն չի վերահսկում ամեն կարգի «աջ հատվածների» և այլ խմբավորումների՝ քառասունի հասնող զինված կազմավորումների գործողությունները։
Արդեն սակարկություններ ու վեճեր են գնում՝ ո՞վ է շահել և ո՞վ է տանուլ տվել, այսպես կոչված, «Մինսկ-2»-ի կամ «Մինսկ +»-ի արդյունքում։ Բոլորը կաշխատեն իրենց վրա քաշել վերմակը. բարեբախտաբար Մինսկից հետո Մերկելն ու Օլանդը անմիջապես թռան Բրյուսել` մասնակցելու Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին և ամենևին չէին թաքցնում իրենց լավ տրամադրությունը, աջուձախ ժպիտներ էին շռայլում։ Ի դեպ, Մինսկում նրանց գլխում հանպատրաստից որոշում ծնվեց իրենց հետ վերցնելու նաև Պորոշենկոյին։ Հեշտ չէ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների համար. «Մինսկի պլյուսի» մթնոլորտում ըմբոստացած Հունաստանի հետ հարաբերություններն էլ մի տեսակ երկրորդ պլան էին մղվել։ Մերկելն անգամ սիրալիր ու ջերմ էր Հունաստանի նոր վարչապետ Ալքսիս Ցիպրասի հետ։ Հլա որ... Վերջապես Հունաստանը համարձակվել է գերմանացիներից պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված տուգանքները (ռեպարացիա) և վերադարձնել... Հունաստանը օկուպացնելու համար Հունաստանի կենտրոնական բանկի կողմից գերմանական Վերմախտին տրամադրված վարկը։ Իսկ դրանք այսօր հսկայական փողեր են նույնիսկ տնտեսապես հաջողակ Գերմանիայի համար։ Ասենք, Պորոշենկոն էլ է արդեն իրեն աջուձախ երևակայում` իբր, հաշտությունը բացառապես իր վաստակն է, և ինքը դույզն-ինչ չի զիջել Մինսկի բանակցություններում։ Սակայն բոլորն արդեն գիտեն, որ ԴԺՀ-ի առաջնորդ Զախարչենկոյի և ԼԺՀ-ի առաջնորդ Պլոտնիցկու կոշտ և անզիջում պահանջները «զսպում էր» անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այսպես է հայտարարել գոնե Մերկելը. տվյալ պարագայում ավելի լավ է հավատալ գերմանուհուն, քան Պորոշենկոյին։
Այդուամենայնիվ, միարժեքորեն շահած կողմ կա, և դա ԱՄՆ-ն է։ Ամերիկացիների բոլոր սպառնալիքները, չնայած «Մինսկ+»-ում ստորագրվածին, ուժի մեջ են։ Նրանք քաղաքավարական նկատառումներով փետրվարի 13-ին ողջունեցին «Նորմանդական քառյակի» ձեռքբերումները, սակայն սլաքը նորից ուղղեցին Ռուսաստանի վրա. ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի ասելով (փետրվարի 13-ին), «Վաշինգտոնը մտադիր է չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը», և «մենք Ռուսաստանի ու անջատականների նվիրվածության մասին կդատենք ըստ նրանց գործողությունների, ոչ թե խոսքերի»։ ՈՒզում ես ասել՝ ա՛յ տղա, Ջոն, բա ինչո՞ւ դուք նույն խոսքերով չդիմեցիք ձեր խամաճիկ Պորոշենկոյին։ Չէ՞ որ նրա «արտգործնախարար» Կլիմկինը, ու դարձյալ փետրվարի 13-ին, արդեն հրապարակայնորեն խոստովանել է, որ Կիևն ըստ էության մտադիր չէ հետևելու Մինսկում ստորագրված փաստաթղթերին։ Մենք հասկանում ենք, որ Կիևի իշխանություններն այսօր Ամերիկայի «շանորդիք» են, բայց, ի վերջո, ողջամտություն էլ պիտի լինի, չէ՞։ ՈՒ հազիվ թե պարոն Քերին ի վիճակի լինի ինչ-որ բան առարկելու անձամբ Վ. Պուտինին, երբ նա կոշտ պնդում է՝ խաղաղության պլանը կրակի դադարեցում և զորքերի հետքաշում չէ միայն, դա նաև ունի քաղաքական բաղադրիչ, մարտերի մասնակիցների համաներում, հումանիտար իրավիճակի ու սոցիալական արդարության վերականգնում է, և Կիևը չի կարող «մեկն անել, մյուսից հրաժարվել»։ Ահա և Զախարչենկոն ու Պլոտնիցկին նախազգուշացրին, և հենց Մինսկում, որ դա Պորոշենկոյի և ՈՒկրաինայի վերջին հնարավորությունն է, նրանց հետ այլևս ոչ մի հուշագիր չի կնքվի։
Իսկ ի՞նչ է շահել ԱՄՆ-ը։ Այն, որ «Մինսկ+»-ի թե՛ ձախողումից, թե՛ «Մինսկ+»-ի հաղթարշավից հետո թուլացած ու վարկաբեկված կլինի հենց Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ը։ Եվ տանուլ տված հիմնական կողմն էլ կլինի Եվրոպան և ոչ թե Ռուսաստանը կամ Նովոռուսիան։ Նույնիսկ վրացի անկախ փորձագետ Զահալ Անջափարիձեն է պնդում. «Մինսկի հանդիպման ժամանակ Ռուսաստանը ոչ մի էական դիրքից չի նահանջել և տարել է թեկուզ փոքր, բայց հաղթանակներ, իսկ Արևմուտքը ստիպված է եղել զիջումների գնալ»։ Այսպես, Ղրիմով «ոչ ոք չհետաքրքրվեց», կամ թե` ընդունվեց զորքերի հետքաշման ասիմետրիկ սկզբունքը։ Բայց ոչ ամբողջ Արևմուտքը ընկրկեց, այլ միայն ԵՄ-ը։ ԱՄՆ-ը մնացել է իր նախկին` «գոտեմարտի մրցավարի» շահեկան պայմաններում։ Ի դեպ, եթե հաշտությունն իրոք սկսի գործել, ապա շահած դուրս կգա նաև Նովոռուսիայի ժողովուրդը։ ՈՒղղակի, «կիրառական» իմաստով, մարդկանց այլևս չեն սպանի։ Այն պահին, երբ «Նորմանդական քառյակը» Մինսկում «քամում» էր Պորոշենկոյին, ուկրաինական հրետանին Գոռլովկա քաղաքում երեք երեխա սպանեց։ Գուցե երեխաները գոնե փետրվարի 15-ից հետո այլևս չեն զոհվի ռումբերի ու հրթիռների պայթյուններից։
Այնուամենայնիվ, Նովոռուսիայում պատերազմը դեռ ավարտված չէ. դա «դադար» է, միգուցե, իրականում ինչ-որ փոխհամաձայնություն։ Բայց արդեն բոլորի միջև, այդ թվում` «ստվերում» մնալու ձգտող ԱՄՆ-ի։ Զուր չէ, որ «Մինսկի+»-ի խոշոր սկանդալներից մեկը եղավ այն վեճը, թե կա՞, արդյոք, «կաթսա» Դեբալցևոյում, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Նովոռուսիայից ստացված տեղեկության համաձայն, «Դեբալցևոյի «կաթսայում» են գտնվում ՆԱՏՕ-ի շուրջ 1500 զինծառայող, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Գերմանիայի բարձրաստիճան զինվորական համակարգողներ։ Միջազգային աղմուկը կանխելու համար Մերկելն ու Օլանդը թռել են Մոսկվա` բանակցելու»։ Պորոշենկոն, եթե կողմնորոշվելու լինենք Կիևից եղած արտահոսքով, նույնիսկ մի քանի անգամ դուրս է վազել բանակցությունների դահլիճից և զանգահարել իր Գլխավոր շտաբ, իսկ այնտեղից կտրականապես հերքել են լիակատար շրջապատման փաստը։ Այնպես որ, չի կարելի բացառել, որ պատերազմը կարող է վերսկսվել, հենց որ արևմտյան զինվորականները և «համակարգողները» էվակուացվեն Դեբալցևոյից։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ