ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոմյունիկեից հետո՝ Հռչակագրից առաջ

Կոմյունիկեից հետո՝ Հռչակագրից առաջ
13.02.2015 | 00:43

Փետրվարի 11-ին հրապարակվեց ԲՀԿ-ի խորհրդաժողովում խոստացված կոմյունիկեն, բայց արդեն ուներ այլ անվանում՝ «Ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության ՏԵՂԵԿԱՆՔԸ» առ այն, որ փետրվարի 5 -ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած ոչիշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովին մասնակցում էին 15 կուսակցություն, 83 հասարակական, 39 երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական միություն, քաղաքացիական նախաձեռնություն, երկու տասնյակ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, համաժողովրդական շարժման գրասենյակների պատասխանատուներ: Խորհրդաժողովի մասնակիցները խոր մտահոգություն հայտնեցին երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակի կապակցությամբ, անթույլատրելի համարեցին Հայաստանում քաղաքական մենաշնորհի գոյությունը, արձանագրեցին, որ ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ, որը հարվածում է պետության անվտանգությանը, մտահոգվեցին ՀՀ և ԼՂՀ սահմաններին օրեցօր աճող լարվածության և Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշումների առնչությամբ, համարեցին, որ Հայաստանի տնտեսության աննախադեպ անկումը, ահագնացող արտագաղթը և բարոյահոգեբանական մթնոլորտն են Ադրբեջանին թույլատրել նման սանձարձակ պահվածք, համակարծիք էին, որ միայն տնտեսապես ուժեղ, առողջ հասարակական մթնոլորտում զարգացող Հայաստանը կարող է երաշխավորել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը, անթույլատրելի համարեցին կիսապատերազմական իրավիճակում, տնտեսական անկման պայմաններում երկրի կառավարման մոդելի փոփոխության թեմայով Սահմանադրական հանրաքվեի անցկացումը, փաստեցին, որ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ և վտանգավոր է: Առաջարկեցին, որ եթե իշխանությունները չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը և գնան հանրաքվեի, հանրաքվեի օրը հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով: Եվս չորս արձանագրումից հետո խորհրդաժողովը խոստացավ հրապարակել հռչակագիր (մոդայիկ հիվանդություն է դառնում հռչակագիրը): Բայց Նաիրա Զոհրաբյանը հավարտ խորհրդաժողովի՝ խոստացել էր կոմյունիկե, և կոմյունիկեն կայացավ՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը (իսկ ինչո՞ւ ոչ կուսակցական, երբ Գագիկ Ծառուկյանը ԱԺ աշխատանքները բոյկոտում է՝ նիստերից ու քվեարկություններից ամենաշատ բացակայող պատգամավորը լինելով) երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ հանդիպումների, որոնք, ըստ իրենց, անցել են բարձր մակարդակով ու մեծ հաջողությամբ: «Եդինայա Ռոսիա»-ի er.ru պաշտոնական կայքում, ինչպես և bhk.am կայքում, փետրվարի 9-ին, 10-ին, 11-ին այդ հանդիպումները որևէ լուսաբանում չունեին: «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպում ակնկալելը, թերևս, իրատեսական չէր, Պետդումայի խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևի հետ հանդիպումը՝ ևս, բայց «Եդինայա Ռոսիան» ունի խմբակցության ղեկավարի հինգ առաջին տեղակալ և հինգ տեղակալ, այս տասնյակից ո՞ւմ հետ է հանդիպել Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ խորհրդարանական պատվիրակությունը: Բացի միջկուսակցական «համագործակցության խորացման հեռանկարներից», որ շատ տարողունակ ու բովանդակային ոչինչ չասող ձևակերպում է, ի՞նչ կարող էր քննարկվել հանդիպումներում: Այդքան խոստումնալից, արդեն համարյա թե համաժողովրդական Հռչակագիր պատրաստող խորհրդաժողովից հետո ԲՀԿ նախագահը հավաստում է իր կուսակցության միջազգայի՞ն հեղինակությունը՝ «Մարգարեին իր հայրենիքում չեն հասկանում» սկզբունքով՝ փորձելով իր դրույթները դրսից ներս առաքել, եթե ներսում պատի են հանդիպում: ՀՀԿ-ի պատին, որ չինական չէ, բայց պակաս անթափանց չէ: Իսկ գուցե պատճառը շատ ավելի պարզունակ է՝ ԲՀԿ-ն իր 15+83+39 ձևաչափով իշխանափոխության պահանջ է դնում, բայց քաղաքական խնդիր չի բարձրացնում: Իշխանափոխության պահանջը պայքար է պետության դեմ, իսկ քաղաքական պայքարը կսկսվի, երբ ԲՀԿ-ն հայտարարի, որ դեմ է ՀՀԿ-ին:

Կոնկրետ ՀՀԿ-ին, ոչ թե մեկ կուսակցության մոնոպոլիային, և այլն, և այլն: Սա կարևոր պահ է, որ ԲՀԿ-ում ընկալվում, բայց շրջանցվում է և կոմյունիկեն՝ պաշտոնական տեղեկատվությունը միջազգային հարաբերություններում՝ պետական ու հասարակական գործիչների, պատվիրակությունների բանակցությունների ընթացքի ու հետևանքների մասին, ու այցը հենց նպատակ ուներ պարզել՝ կոնկրետացնե՞լ պայքարը, թե՞ թողնել համաժողովրդական հունում, այդպես էլ քաղաքական չդարձնելով: Փետրվարի 15-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից առաջ, դա կարևոր ճշտում է, որ տարտղնում կամ վերահաստատում է Գագիկ Ծառուկյանի առաջնորդական կարգավիճակը: Իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը իր փորձով կառարկի, որ հաղթանակը Մոսկվայից չեն բերում, բայց ամեն ոք սովորում է սեփական սխալների վրա: Ի տարբերություն նրա, Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ այդ հանդիպումը ԲՀԿ-ի պարագայում ավելի կարևոր է, քան Պետդումայում հանդիպումները, եթե նույնիսկ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությանն ընդուներ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը ու ՌԴ կենտրոնական հեռուստաալիքներով հանդիպման մանրամասները մեկնաբանվեին՝ իբրև միջպետական ու միջկուսակցական համագործակցության նոր ձեռքբերում:
Մի քիչ տարօրինակ է, որ ԲՀԿ նախագահը կարևորել է իր պատվիրակության խորհրդարանական ձևաչափը, երբ խորհրդարանական խմբակցությունը, որի նախագահը ինքն է, պատրաստվում է բոյկոտել ԱԺ առաջիկա քառօրյան ու բանակցում է մյուս խմբակցությունների հետ` բոյկոտին միանալու հարցով: Չքննարկենք հարցը, որ ԲՀԿ-ն հարվածի տակ է դնում ՀԱԿ-ին: «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը բացահայտ հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն չի հետաքրքրում, «Ազատ դեմոկրատները» չկա այս գործում, միայն Ռուբեն Հակոբյանն է մնում: Եթե ՀԱԿ-ը, որ նույնպես խմբակ-խմբակ է խաղում, ընդունում է ԲՀԿ-ի բոյկոտի առաջարկը, հրապարակավ ընդունում է նաև ԲՀԿ-ի լիդերությունը, ու արդեն ոչ մի պարզաբանող հայտարարություն ՀԱԿ-ին չի ձերբազատի հասարակական գիտակցության մեջ ամրագրվող ենթակայությունից: Եթե չընդունի, նույն հասարակական գիտակցության մեջ համարվելու է համաժողովրդական շարժման միասնությունը պառակտող: Բայց կա ավելի կարևոր հարց՝ իսկ ինչպե՞ս են բոյկոտից դուրս գալու: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է՝ հրաժարականներ չեն լինելու, ուրեմն և անիմաստ է պնդել հրաժարականների պահանջը, առավել ևս, որ հարուցված է քրեական գործ ու կատարվում է նախաքննություն: Միակ հույսը նորից մնում է իշխանությո՞ւնը, ավելի ճիշտ՝ իրավապահները, որ արագ կբացահայտեն Արտակ Խաչատրյանի առևանգման քրգործը, ու բանը բոյկոտին չի հասնի: Իսկ եթե ո՞չ: Մարզային ու մայրաքաղաքային խոստացված հանրահավաքները կանցկացվե՞ն, ու ԲՀԿ-ն կմնա խոր բոյկոտի կարգավիճակում՝ կորցնելով խորհրդարանական ամբիո՞նը: Այդ դեպքում ԲՀԿ նախագահը հարկադրված է լինելու հանրահավաքներով իսկապես հարց լուծել, ոչ թե մարդկանց հավաքել հրապարակներում՝ ասելու, որ նրանց հետ է և տուն ուղարկել: Կարո՞ղ է ու պատրա՞ստ է Գագիկ Ծառուկյանը կատարել ԲՀԿ խորհրդաժողովի պահանջները, պատրա՞ստ է քաղաքական խնդիր դնել ՀՀԿ-ի առաջ, պատրա՞ստ է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Սահմանադրական բարեփոխումնե՞րն են հարցի մեխը, ուրեմն հանգուցալուծումը վերստին ՀՀԿ-ի ձեռքում է: ԲՀԿ-ի համար հիմա ավելի նախընտրելի է, որ Սերժ Սարգսյանը չհետաձգի սահմանադրական բարեփոխումները, հակառակ պարագայում ինչի՞ դեմ է ԲՀԿ-ն պայքարելու: Հետաձգման պարագայում ԲՀԿ-ն մի կողմից` հաղթանակի դափնիների վրա ննջելու հնարավորություն է ստանում, մյուս կողմից` դառնում է ամենախոցելի քաղաքական ուժը: ՀՀԿ-ն, միևնույն է, ընտրություններում մնում է մրցակից, բայց արդեն՝ անհաշտ մրցակից, ում հետ քաղաքական պայմանավորվածության դռները շատ ավելի դժվար է լինելու բացել, ու ով՝ ով, բայց ԲՀԿ նախագահն իրավահաջորդ չի օծվի, նույնիսկ եթե կոմյունիկեն միջամտի: Իսկ մինչև ընտրություններ Սերժ Սարգսյանը կկարողանա թե՛ իրավական, թե՛ ոչիրավական միջոցներով նվազեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքական կապիտալն ու ամենակարևորը՝ ֆինանսական կապիտալը, ռեսուրսների արդեն սկսված վերաբաշխումը թույլ մրցակից կդարձնի թե՛ ԲՀԿ-ին, թե՛ ՀԱԿ-ին, թե՛ ԲՀԿ-ի պահեստային 15+ 83+39 ձևաչափը, որ իշխանություն դառնալու հույսեր ունի: Ճիշտ է, եթե ոչ ԲՀԿ-ի հետ, կա Ռոբերտ Քոչարյանը: Բայց կա՞, թե՞ չկա: Կա ևս մեկ տանդեմի հնարավորություն՝ հակառակ իր վերջին կոշտ ձևակերպումների, որով գործած ու չգործած մեղքերի պատասխանատվությունը Գագիկ Ծառուկյանի վրա էր դնում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարող է և նրա հետ միասին խաղը շարունակել: Այս տանդեմի ձևավորման պարագայում արդեն համարյա մեկ է՝ ինչ կորոշի Սերժ Սարգսյանը՝ պե՞տք են սահմանադրական բարեփոխումներ, պետք չե՞ն: Խորհրդարանի նախագահ դառնալ նա կարող է՝ հրապարակավ հրաժարվել է նախագահի ու վարչապետի հավակնություններից: ՈՒ եթե հանրաքվեով երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելի, խորհրդարանի նախագահ դառնալով ու պահպանելով ՀՀԿ-ական մեծամասնությունը ևս մեկ տասնամյակ պահպանում է իշխանությունը: Եթե, իհարկե, բավարարեն ներքին ռեսուրսները, եթե տնտեսական վիճակը թույլ տա, եթե Ռուսաստանը այդքան պահպանվի ներկա իշխանական ձևաչափով, եթե աշխարհաքաղաքական անկանխատեսելի ու սրընթաց փոփոխությունները շրջանցեն Հարավային Կովկասը, եթե Ադրբեջանը դանդաղ պատերազմից արագի չանցնի, եթե… «Եթե»-ներն այնքան շատ են ու այնքան անկառավարելի, որ որևէ կանխատեսում անիմաստ է: Բայց, անիմաստ լինելով հանդերձ, նաև անխուսափելի, որովհետև քաղաքականությունը երբեք դադարներ չի ունենում, իսկ քաղաքականության իրական շարժիչը, ոչ, անգամ շահերը չեն: Մի՛տքն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Այս ընթացքում մեզնից ոմանք հասցրին հայտարարել, որ իրենք Արտակ Խաչատրյան են: Հայտարարության շարժառիթները հասկանալի էին, բայց այդպես էլ չբացատրվեց, թե Թուրքիայից ու Ֆրանսիայից Հայաստան եկած կարգախոսն ինչո՞ւ է կիրառվում այն դեպքում, երբ, բարեբախտաբար, Արտակ Խաչատրյանը ողջ է և ինքը կարող է Արտակ Խաչատրյան ավելի լավ լինել, քան որևէ մեկը: Համենայն դեպս, ամենաանմիտ ընտրությունն էր Հրանտ Դինքի հետ համեմատվելը: Առավել ևս՝ «Շառլի Էբդոյի» գնդակահարված աշխատակիցների: Մոդան՝ մոդա, բայց կարգախոսներ ընտրելիս քաղաքական մոդան չպիտի թելադրի, այլ իրավիճակը` իր բուն բովանդակությամբ: Եվ հետո՝ ինչո՞ւ նույն եռանդով ու նույն հետևողականությամբ ԲՀԿ-ում ոչ ոք Արամ Մանուկյան չեղավ անցյալ տարի, կամ՝ Մանվել Եղիազարյան, կամ՝ Ռազմիկ Պետրոսյան, կամ՝ Ժիրայր Սէֆիլյան: Եթե խնդիրը ոչ այնքան կոնկրետ դեպքն է, որքան իշխանությանը կոնկրետ հարցով պատերազմ հայտարարելը, ինչպես արեց Վարդան Օսկանյանը, պատերազմում՝ ինչպես պատերազմում, կամ հաղթում ես, կամ՝ պարտվում, բայց ի՞նչ մեղք ունի ժողովուրդը, որին ԲՀԿ-ն պատրաստ էր մանրագնդակ դարձնել իշխանության վրա արձակվելիք կրակոցի համար՝ ըստ իր հայտարարության: Առավել ևս՝ անցյալ ամբողջ տարին դատարկ փամփուշտներով կրակելուց հետո, ու մինչև փետրվարի 15-ը, երբ ոչիշխանական ուժերի հրամանատարները քննարկելու են զորքերի դասավորությունն ու զորաշարժերի սխեմաները: Եթե իհարկե, պարզել են, թե ում դեմ են պատերազմում, ում հետ են դաշնակցում, երբ ՀՀԿ-ն իր խորհրդի նիստում կհայտարարի՝ սահմանադրական բարեփոխումներ լինելու են:

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ