ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանը Իրանից շատ բան ունի սովորելու ազգային շահերի պաշտպանության հարցում

Հայաստանը Իրանից շատ բան ունի սովորելու  ազգային շահերի պաշտպանության հարցում
13.02.2015 | 00:05

Գյումրիի ողբերգությունը, ինչպես նաև Երևանի ռազմական ինստիտուտի կուրսանտ Բարսեղյանի սպանությունն ու Բերձորի հիմար միջադեպը հունվարի վերջերին մի տեսակ տասներորդ պլան մղեցին Հայաստանի կարևոր աշխարհագրական հարևան Իրանի հետ կապված իրադարձություններն ու փաստերը։ Ամենակարևորը, մենք գրեթե ոչ մի մեկնաբանություն չենք տեսնում և չենք լսում ո՛չ Ազգային ժողովի պատգամավորներից, ո՛չ քաղաքական և հասարակական գործիչներից (իշխանամետ կամ ընդդիմադիր), կարծես «ինչ-որ մեկը վերևից» հինգ րոպեում կարող է փոխել քաղաքական իրողությունը և Հայաստանն ու Հարավային Կովկասը մեկուսացնել Իրանից։ Ինչի՞ են այդպես կուրորեն հավատում մեր որոշ հայրենակիցներ. մի՞թե այն բանին, թե «Ռուսաստանի հետ դաշինքը» կամ «ԱՄՆ-ի հետ եղբայրությունը» մեր փոխարեն ամեն ինչ կլուծեն Իրանի հետ մեր հարաբերություններում։
Կարող եմ հիասթափեցնել։ Ի տարբերություն հայ քաղգործիչների և քաղգործիչ խաղացողների, Իրանը արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունները չի կառուցում մեկ երկրի նկատառումով։ Իհարկե, Իրանի խելքն առանձնապես չի էլ գնում մի ինչ-որ մեկի հետ «բարեկամություն անելու» համար։ Մեր հարավային հարևանը վաղուց արդեն դուրս է եկել լոկ տարածաշրջանային պետության «մանկական հասակից» և բացահայտորեն նոր դերի է հավակնում համամոլորակային աշխարհաքաղաքականության մեջ։ ՈՒշադրություն դարձրեք. Հայաստանի գլխադաս քաղաքական ուժերը շարունակում են անտեսել իրանական գործոնը, թեև նրա առկայությունը և, նույնիսկ, «սուսուփուս» գերգերիշխող դիրքը տարածաշրջանում նրանք (մտերիմ խոսակցություններում) չեն համարձակվում հերքել։ Ի՞նչն է այդ ուժերին կամ նրանց առաջնորդներին խանգարում այդ բանը հրապարակավ խոստովանելու իրենց ազգի առջև։ Հավակնություննե՞րը։ Սնապարծությո՞ւնը։ Վա՞խը։ Կախո՞ւմը։ Հարցերի պատասխանները թողնենք նրանց խղճին։
Ի դեպ, երկիրը ցնցած ողբերգությունների մասին էլ մի երկու խոսք` քաղաքական ուժերի վերոհիշյալ առաջնորդների համար, ում արտքաղաքական նախագիծն էլ որ նրանք ներկայացնելիս լինեն։ Երբ տեղի ունեցավ Գյումրիի ողբերգությունը, որոշ «ըստ հետաքրքրությունների խմբակներ» այստեղ-այնտեղ մի ամբողջ շարք կիսահրապարակային կամպանիա ծավալեցին, որի լեյտմոտիվը հետևյալ բանաձևն էր. իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը միանալու անհրաժեշտությունը բացատրում են «անվտանգության շահերով»։ Բայց ահա 102-րդ բազայի ռուս ստահակն ապացուցեց, որ ոչ մի անվտանգություն էլ չկա, եկեք ստորագրություններ հավաքենք այդ բազայի դուրսբերման օգտին, «մեր զավակները վտանգի մեջ են»։ Իսկ ահա իր իսկ հասակակից կուրսանտների ձեռքով ապագա հայ սպայի սպանությունից հետո ինչո՞ւ են լռում այդ «ըստ հետաքրքրությունների խմբակները»։ Այնտեղ կան նաև մեր հանրությանը հայտնի անուններ, դիտավորյալ անունները չեմ տալիս, որ հայտնիներից յուրաքանչյուրը հիանալի գիտի, որ հենց իր մասին եմ ասում։ Չէ՞ որ դարձյալ, պարզվում է, մեր զավակները վտանգի մեջ են։ Օրը ցերեկով բռնել կախել երիտասարդի՞ն։ Եվ ինչո՞ւ։ Միգուցե հիմա էլ մեր արևմտամետ հայրենակիցները սկսեն ստորագրություններ հավաքել Հայաստանից ռազմական ինստիտուտը հանելո՞ւ օգտին։
Ինձ համար մեր բանակի, մեր հատուկ ծառայությունների կադրերի ազգային դարբնոցի առկայությունը միշտ եղել է անանց արժեք և Հայաստանի ազգային անվտանգության բոլոր կառույցների կարևոր բաղկացուցիչ։ Եվ հոդվածի թեմայից իմ շեղումը կապված չէ այն բանի հետ, թե ես ուզում եմ մի բանով խայթել պաշտպանության նախարարության ռազմական ինստիտուտին։ Նախարարությունում ես շատ ծանոթներ ունեմ, գիտեք նաև, որ միշտ հանդես եմ եկել աղմկարարների դեմ, ովքեր վերջին մի քանի տարիներին բարեհունչ կարգախոսներով ձգտել են խարխլել կարգապահությունն ու մարտական ոգին երկրի զինված ուժերի շարքերում։ Ոչ, ես միտումնավոր եմ որոշել հարց տալ հենց Հայաստանի արևմտամետ ուժերին. ի՞նչ տարբերություն կուրսանտ Բարսեղյանին սպանածների և սիբիրցի ստահակի միջև։ Երկու դեպքում էլ մեր զավակների անվտանգությունը սառնարյուն կերպով կասկածի է ենթարկվել։ Եվ կուրսանտ Բարսեղյանի դժբախտ ծնողների համար միևնույն է` իրենց որդուն սպանել են (խաղաղ պայմաններում) իր իսկ հայ զինակիցնե՞րը, թե՞ մի ինչ-որ Պերմյակով։ Սակայն «մարդու իրավունքների» արևմտամետ ջատագովները և կեղծ հայրենասերների խավը ինչ-որ լռում են։ Բայց չէ՞ որ մեր բանակի մի խումբ ապագա սպաներ դատաստան են տեսել մեր իսկ բանակի ապագա սպայի, իրենց իսկ ծառայակցի նկատմամբ։ Իսկ նրանք իրենց ինչպե՞ս կդրսևորեն ռազմադաշտային պայմաններում, ասենք, Թուրքիայի կամ Ադրբեջանի ագրեսիան հետ մղելիս։ Անձնական վիրավորանքների ու «ռազբիրատների» պատճառով կսկսեն դավաճանել մեկմեկու։ Իսկ ո՞վ է ասել և ապացուցել, որ ոչ։ Առաջին հանրապետության օրոք Կարսի ամրոցի հանձնման պատմությունը, ավաղ, ասում է` ամեն ինչ հնարավոր է։ Այնպես որ, այս հարցում արևմտամետ հասարակության և կեղծ հայրենասերների հետ հույսեր կապել չի լինի, բարեբախտաբար մենք ունենք պաշտպանության նախարարություն, որն օպերատիվ կարգով քննություն է կատարում և ջանում է արմատախիլ անել ռազմական ինստիտուտի պատերի ներսի նողկալին։
Դառնանք Իրանին։ Այդ երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնց մի մասը նախաձեռնում է Իրանը, Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը ակնբախորեն հուշում են, որ շատ կտրուկ փոփոխությունների ժամանակներ են գալու։ Տեսեք` հունվարի վերջին «ահաբեկիչների դեմ պայքարի» անվան տակ Իսրայելը հուժկու ավիահարված հասցրեց Սիրիայի Գոլանի բարձունքների Էլ-Կունեյտրայի շրջանին։ Զոհվեցին լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության շատ անդամներ, վիրավորվեց ու մահացավ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ալի Ալլահդադին։ Թեհրանը հայտարարեց, որ իրանական գեներալի մահվան պատճառ դարձած իսրայելական ավիահարվածը դարձավ «վերջին կաթիլը»։ Ինչպես հաղորդել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահյանը, «Իսրայելը պետք է սպասի ագրեսիայի այդ ակտի հետևանքներին»։ «Ամերիկացիներին հասցեագրված մեր ուղերձում մենք հայտարարել ենք, որ սիոնիստներն անցել են կարմիր գիծը»,- ընդգծել է նա։ Հանդես գալով Թեհրանում կայացած շաբաթական բրիֆինգում, Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարզիե Աֆհամը Գոլանի բարձունքներում Իսրայելի ՌՕՈՒ գործողությունն անվանել է «պետական ահաբեկչության ակտ»։ «Մենք վկայություններ ունենք, որ սիոնիստները համագործակցում են ահաբեկչական խմբավորումների հետ։ Նրանք չեն կարող պնդել, թե կապ չունեն սիրիական հակամարտության հետ։ Սիոնիստներն ակտիվորեն գործում են կուլիսներում»,- գեներալ Ալլահդադիի հուղարկավորության արարողության ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին։
Եկեք Հայաստանի արևմտամետ ուժերի նման միամիտ չձևանանք և չհարցնենք` իսկ ինչո՞ւ ամերիկացիներին։ Կամ` իսկ այդ ի՞նչ ահաբեկիչների հետ է կապված Իսրայելը։ Բավական է ուղղակի գոնե ամիսը մեկ աչքի անցկացնել իրանական լրատվամիջոցները, և պարզ կդառնա, որ Իրանը պնդում է, որ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում տեղի ունեցող բոլոր արտակարգ դեպքերը ԱՄՆ-Իսրայել տանդեմի ձեռքի գործն են, իսկ մնացածները պարզապես խամաճիկներ են այս երկուսի ձեռքին։ Եվ որ Իրանն անհերքելի ապացույցներ ունի և՛ «Ալ Քաիդա», և՛ «Իսլամական պետություն» և այլ խմբավորումների ստեղծմանը ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության վերաբերյալ։ Ամենահետաքրքիրն այն է, որ Արևմուտքն ու Իսրայելը, ի տարբերություն Հայաստանի (թերևս նաև Ռուսաստանի) «փորձագետների», շատ լրջորեն են վերաբերվում Իրանի նախազգուշացումներին։ Եվ ահա փետրվարի 3-ին Իսրայելը Իրանին պաշտոնապես խնդրում է «Հըզբոլլահի» վեց անդամների և գեներալ Ալլահդադիի սպանությունից հետո «տարածաշրջանում լարվածություն չբորբոքել»։ Սակայն, ինչպես «Ալ-Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի պաշտպանության և արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ալլաեդդին Բորուջերդին, Սիրիայում ԻՀՊԿ-ի հրամանատարներից մեկի մահը չի կարող անպատասխան մնալ, և Իրանի պատասխան միջոցառումների հարցը մնում է բաց։ «Սիոնիստները հասկանում են միայն ուժի լեզուն։ 36 տարի առաջ Թեհրանում սիոնիստների դեսպանությունը փակվեց։ Շենքը տրամադրվեց մեր թանկագին ընկեր պաղեստինցիներին։ Այդ ժամանակից ի վեր Իրանի նկատմամբ սիոնիստների հետաքրքրությունը վերացել է, և նրանք պատերազմ են հայտարարել Իսլամական Հանրապետությանը»,- նշել է Բորուջերդին։ Մեկ օր առաջ էլ լիբանանյան «Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան էր հայտարարել, որ «պատերազմի կանոնները փոխվել են և այսուհետև «Հըզբոլլահը» չի համարում, թե իր գործողությունները սահմանափակված են Լիբանանի տարածքի շրջանակներում, և ինքն արդեն կարող է գրոհել նաև Սիրիայից»։ «Ես ուզում եմ, որ բոլորի համար միանգամայն պարզ լինի` դիմադրությունն այլևս պատրաստ չէ ճանաչելու խաղի ու առճակատման որևէ կանոն։ Մեր իրավունքն է թշնամու վրա գրոհել ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ և այն պահին, երբ մենք անհրաժեշտ կհամարենք»,- ասել է շեյխ Նասրալլան։
Ինչպե՞ս է պատասխանել Իրանը` կարող է հարցնել ընթերցողը։ Չէ՞ որ Իսրայելին իրանական ավիահարվածներ, Սիրիայում և Լիբանանում «Հըզբոլլահի» վրիժառության ակտեր չեն եղել։ Այո, բացահայտ «պատասխաններ» առայժմ չկան։ Բայց ի՞նչ կա։ Օրինակ, փետրվարի 2-ին Իրանը հաջողությամբ արձակեց իր նոր «Ֆաջր» ազգային տիեզերական արբանյակը` հատուկ առաքելությամբ։ Նույն օրը, այն բանից երեք տարի անց, երբ ագրեսիա սկսվեց Սիրիայի դեմ, և համապատասխանաբար ձախողվեց դեպի Միջերկրականի ափ իրանա-սիրիական գազամուղի կառուցումը, Իրանը ձեռնամուխ եղավ դեպի իրաքյան Բասրա քաղաք երկրորդ գազամուղի շինարարությանը։ Թե Բասրայից ո՞ւր կգնա գազի խողովակը, առայժմ չեն հաղորդում ո՛չ Թեհրանը, ո՛չ Բաղդադը։ Բայց դա նշանակալի իրադարձություն է։ Ընդ որում, ծրագրված էր փետրվարի 11-ին արձակել ևս մեկ` «Շարիֆ» տիեզերական արբանյակը։ Իսկ ահա արդեն 2-3 օր շարունակ աշխարհի բոլոր լրատվամիջոցները տարփողում են Եմենում ամերիկամետ իշխանության տապալումը և այն, որ շիական ապստամբների զինված կազմավորումները հաղթական մուտք են գործել Սանա։ Իսրայելի և ԱՄՆ-ի սանձարձակություններին Իրանի անհամաչափ պատասխանների հետաքրքիր «շարք» չէ՞, արդյոք, սա։
Ասենք ուղղակի, իհարկե, ԱՄՆ-ն ու Իսրայելն էլ «պատասխանեցին» Իրանին։ Այնպես, ինչպես ենթադրում են իրանական շատ փորձագետներ, հենց իրադրության բարդացմամբ, և «իրանական պատասխաններով» է պայմանավորված այն, որ Իրանի արևելյան սահմաններում (Աֆղանստան-Պակիստան) «հայտնվել է» մի նոր ահաբեկչական կազմակերպություն, որն իրեն համարում է «Իսլամական պետության» մաս։ Իրանի ներքին գործերի փոխնախարար Հոսեյն Զոլֆաղարին հայտարարել է. «Իրեն «Իսլամական պետություն» անվանող մի խմբավորում է հայտարարել մեր արևելյան սահմանների երկայնքով իր գոյության մասին։ Եվ մենք հիմա ուսումնասիրում ենք, թե իրո՞ք այն առնչություն ունի ԻՊ-ին»։ ՈՒզում եմ հիշեցնել, որ մինչև 2010 թ. ԱՄՆ-ը և Իսրայելը տեռորի էին ենթարկում Իրանին արևելքից, բելուջների իրենց խամաճիկային «Ջունդուլլահ» խմբավորման ձեռքով, սակայն ավազակապետ Աբդուլ-Մելիք Ռիղայի մահապատժից հետո այդ խմբավորումը, ըստ էության, «ցրիվ եկավ»։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը զրկվեցին Աֆղանստանում և Պակիստանում ունեցած իրենց «ծառաներից», որոնք նախատեսված էին Իրանում ահաբեկչական ակտեր իրականացնելու համար։
Ի հավելում դրա, «հարվածների» և «առաջարկությունների» «փոխանակություններ» են տեղի ունենում ուղղակիորեն ԱՄՆ-ի և Իրանի միջև` արդեն պետքարտուղար Ջոն Քերիի և ԻԻՀ արտգործնախարար Ջավադ Զարիֆի բանակցությունների շրջանակներում։ Այսպես, միայն փետրվարի առաջին տասնօրյակում նրանք հասցրել են իրար հետ բանակցել Մյունխենում` անվտանգության հարցերին նվիրված մյունխենյան 51-րդ խորհրդաժողովի «դաշտում»։ Հունվարի վերջին լրատվամիջոցներում տեղեկություն երևաց այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համաձայնել է միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություններում Իրանի առաջադրած պահանջների 80 %-ին, թեև տեղնուտեղն էլ պետդեպարտամենտի ներկայացուցիչն այդ լուրն անվանեց «լիակատար անհեթեթություն»։ Ի հաստատում, Սպիտակ տան դրդմամբ Կոնգրեսում սկսեցին խոսել Իրանի դեմ նոր «պատժամիջոցների շարքի» մասին։ Ինչո՞ւ։ Իսկ հիմա Թեհրանի միջուկային ծրագիրը չէ՛ «գլխավորը» ԱՄՆ-ի համար։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյն Փսակին փետրվարի 6-ին փաստորեն խոստովանեց, որ Վաշինգտոնը նոր պատրվակներ է որոնում, որպեսզի ձախողի բանակցություններն Իրանի հետ և հենց Թեհրանին մեղադրի կառուցողական չլինելու մեջ։ Ահա Փսակիի խոսքերը, որը կարողանում է «Ռոստովում լեռներ գտնել», իսկ «Բելառուսում` ծով». «Միջուկային ծրագրին նվիրված բանակցություններում ի հայտ են եկել նոր բարդություններ, ամերիկյան կողմն անհանգստացած է փետրվարի 2-ին Իրանի կողմից սեփական արտադրության արբանյակի արձակման առիթով, ուստի անհրաժեշտ է համարում հրթիռային ծրագրի հարցը ներառել բանակցությունների օրակարգ»։
Մեկնաբանելով սա, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ հրթիռների ստեղծման ծրագիրը պաշտպանական է, և այդ հարցը Թեհրանը մտադիր չէ քննարկել այլ պետությունների հետ, առավել ևս ներառել «վեցյակի» հետ բանակցությունների օրակարգ։ Ինչպես տեսնում ենք, Իրանն անզիջում է ցանկացած պետության հետ, երբ խոսքը վերաբերում է իր ազգային շահերին ու երկրի պաշտպանությանը։ Իհարկե, ամերիկացիները հանդես եկան «փոխզիջումային առաջարկությամբ», թե, իբր, «ԱՄՆ-ը կհամաձայնի, որ Թեհրանն օգտագործի 6,5 հազար ցենտրիֆուգ, ինչպես նաև կհանի պատժամիջոցները, որոնք վերջին տասնամյակում վնաս են հասցրել երկրի տնտեսությանը»։ Իրանի ԱԳՆ-ի քաղաքականության և միջազգային անվտանգության դեպարտամենտի գլխավոր տնօրեն, «վեցյակի» հետ բանակցություններում փորձագետների խմբի ղեկավար Համիդ Բայեդինեժադը, ի պատասխան դրա, ընդգծել է, որ եթե «վեցյակի» հետ բանակցություններում առաջընթաց ձեռք չբերվի, ապա կողմերը կարող են վերադառնալ իրենց սկզբնական դիրքերին, և Թեհրանը կշարունակի իր միջուկային ծրագրի զարգացումը այն հունով, որը համապատասխանում է իրանական ազգային շահերին. «Մենք ավելի շատ ցենտրիֆուգ կտեղակայենք»։ Իսկ Իրանի արտգործնախարար Զարիֆը ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիին նախազգուշացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ տեղի ունեցող բանակցությունների ձախողումը զգալիորեն կթուլացնի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի դիրքերը և կարող է հանգեցնել նրա պաշտոնաթողությանը` հաղորդում է «Ռոյթըր» գործակալությունը։ Իրանական պաշտոնատար անձինք հավաստում են, որ Զարիֆը նույնպիսի զրույցներ ունեցել է նաև արևմտյան այլ դիվանագետների հետ և տրտնջացել, որ Ռոհանիի տեղը կարող է զբաղեցնել պահպանողական շրջանակների ներկայացուցիչ։ Շանտա՞ժ է։ Դե, ինչ ցանել, այն էլ հնձում են։
Հուսով եմ, որ Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև մեր վերլուծական կենտրոնները, տեղյակ են վերը շարադրվածին և իշխանությունների համար անաչառ հաշվետվություններ կպատրաստեն։ Իսկ ահա Իրանի առնչությամբ առանձնահատուկ թեմա են նրա հարաբերությունները Հայաստանի, Ռուսաստանի հետ և հրաժարումը դոլարով առևտուր անելուց։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ