ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Համագործակցություն՝ շքանշանվա՞ծ, թե՞սպանված

Համագործակցություն՝ շքանշանվա՞ծ, թե՞սպանված
16.01.2015 | 03:53

Բարի վերադարձ de facto իրատեսության դաշտ: Տարեվերջյան-տարեսկզբյան արձակուրդի ամեն օրը այս հրապարակման նոր թեմա էր բերում: Հին հայկական ավանդույթով՝ պատմական անալոգիաներով, երեկ, այսօր, վաղը կտրվածքով, մեծ աշխարհի ու մեր աշխարհի համադրումներով, փաստերով ու հակափաստերով, փաստարկներով ու հակափաստարկներով: ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ՝ իրավական, համենայն դեպս՝ մեկ տարի հաստատ, հետոն հետո կերևա: ՄԻԵԴ-ում Հայաստանի չտարած-հետ բերած դատավորներով: Վարչապետի նոր-հին նշանակումներով: Անկայուն տնտեսությամբ ու վազվզող գներով, վերուվարող դոլար-դրամով, միավորվող-չմիավորվող բանկերով ու նրանց վարկային քաղաքականությամբ: ՀԱԿ-ԲՀԿ փոխադարձ չըմբռնումով, ՀՅԴ սահմանադրական խանդավառությամբ, Գագիկ Ծառուկյանի հայտարարած հունվարի 20-ին ընդառաջ քաղաքական-հասարակական-ֆինանսական դաշտի տարաբաժանումով՝ եռյակի հետ, թե ԲՀԿ-ի: Քաղաքական այլ խաղերով ու խաղիկներով: «Շառլի Էբդոյով» Մուհամեդ մարգարեի հին ու նոր ծաղրանկարներով ու համերաշխության երթին մասնակցելու համար Փարիզ մեկնած Էդուարդ Նալբանդյանով: Չմեկնած ու փոշմանած Բարաք Օբամայով: Մարսելում արաբների ձեռքով սպանված հայ աշակերտով: Իլհամ Ալիևով, որ զինադադար հասկանում է՝ ես կրակում եմ, ասում եմ՝ հայերն են ինձ խփում, ոչինչ՝ ըմբռնումով են վերաբերվում: Ցեղասպանության 100-րդ տարելիցով, որ բնավ էլ 1915-ով չի սկսվել ու ավարտվել: 100 տարին էլ խորհրդանիշ չէ, ու ապրիլի 25-ին ոչինչ չի ավարտվելու: Այդպես՝ հին տարի, նոր տարի, տարեցտարի: Թեմա՝ թեմայի վրա: Հակառակ նույնիսկ, որ տարեմուտին մայրաքաղաքում ձյուն չկար ու միայն Սուրբ Զատիկից հետո մի քիչ ձնեց ու ի սփոփանք քաղաքապետարանի՝ համը չհանեց: Ամեն ինչ գնաց գրողի ծոցը, երբ հունվարի 12-ին հայտնի դարձավ Գյումրիում կատարվածը: Առաջին ժամերին լրատվական կեսբերան հաղորդումներից ավելի շատ հարցեր էին ծնվում: Հետո հարցերը չպակասեցին, մեծ ցավի հետ մեծ զայրույթը ավելացավ ու մի մեծ, շատ մեծ վիրավորանք ծնվեց ու մեծացավ: Լրատվական գործակալությունները առաջին պահից անուն-ազգանուն էին տալիս, բայց սպանություններից քանի օր անց պարզ չէ՝ ո՞րն էր պատճառը, որ պարեկող զինվորը լքում է պարեկակետն ու զենքով դուրս գալիս քաղաք, բաց դուռ գտնում ու լուսադեմին ներս մտնում՝ բնակիչներին սպանելու: Ինչո՞ւ: Սովա՞ծ էր, գողությո՞ւն էր մտքինը, հարբա՞ծ էր, թմրանյութի ազդեցության տա՞կ, աղանդավո՞ր էր, հոգեկան հիվա՞նդ, սատանա՞ն էր նրան առաջնորդում: Որևէ պատճառ չի բացատրում վեց անպաշտպան ու քնած մարդկանց սպանությունը: Մինչ այս տասնյակ մեծ ու փոքր հրապարակումներ են եղել, բայց հայ-ռուսական բուն հարաբերություններին ամենաբնորոշը «Էքսպերտ օնլայն» կայքինն էր. «Փորձեր են արվում Գյումրու ողբերգությունը քրեական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն: Հայաստանցի մի շարք ակտիվիստներ այն շահարկում են երկրում հակառուսական տրամադրություններ սերմանելու համար»: «Ընդդիմության մի մասը, ինչպես նաև իրենց քաղաքագետներ համարող որոշ ակտիվիստներ, որոնք դրսի գումարների, հայրենասիրության ավելցուկի կամ խելքի պակասի պատճառով ակտիվորեն հանդես են գալիս Ռուսաստանի հետ միությունից Հայաստանին կտրելու համար, այս միջադեպում հակառուսական տրամադրությունները բարձրացնելու շանս տեսան: Ողբերգությունը նրանք համարում են ևս մեկ ապացույց հարաբերությունները խզելու և Գյումրուց ռուսական ռազմաբազան հանելու (որը ոչ միայն կերակրում է քաղաքի բնակչության զգալի մասին, այլև հայկական անկախությունը պաշտպանող առանցքային գործիքներից է)»:

Հասկացա՞ք: Այսինքն՝ վեց սպանությունները ոչինչ են, բայց եթե մարդիկ պահանջում են, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն Հայաստանի Հանրապետության օրենքները, նրանք վարձավճարված են ու հակառուսական տրամադրություններ են տարածում: Եթե արդարություն են պահանջում, ուրեմն ռազմաբազան դուրս բերելու հարց են բարձրացնում: Փաստորեն՝ ռուսներին հետաքրքրում է միայն մեկ հարց՝ իրենց ռազմաբազան, իսկ թե ովքեր են իրենց զինվորները, ինչ են հասկանում ծառայության անվան տակ ու ինչպես են ծառայում, կապ չունի, չի ունեցել նախկինում ու չի ունենալու հետագայում էլ: Դա փաստ է, որ նույնիսկ չի քննարկվում: Կա նաև շանտաժը՝ ռուսական ռազմաբազան կերակրում է քաղաքի զգալի մասին, ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Այս երգը, որ տարիներ շարունակ բազմաձայն երգում են ռուսները, դառնում է հակառուսական տրամադրությունների պատճառ: Պարզ, մարդկային ցավակցության, կարեկցանքի ոչ մի բառ, նրանք շարունակում են դաս տալ, թե ինչ կլինի մեզ հետ, եթե իրենք չլինեն: Սուտ է, բռնի ձևավորվող ու տարիների հետ մտածողության մեջ արմատավորվող կեղծ մտայնություն, որ ամեն քայլափոխի կյանքը հերքում է, բայց կաղապարված, աղավաղված մտածողությունը չի փոխվում: Ինչո՞ւ: Ի՞նչ տարբերություն ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ու ռուս Վալերի Պերմյակովի միջև՝ հարցրե՞լ եք ձեզ: Նա գաղափարակա՞ն էր ու ՆԱՏՕ-ի ռազմաբազայում, սա՝ ռուսական ու հասկանալի չէ՝ ինչ: Երկու տարեկան երեխային գնդակահարողն ու վեց ամսականին սվինահարողը ինչով է տարբերվում անցյալ դարասկզբի թուրք ասկյարից: Հակառուսական տրամադրություններ, որքան էլ տարօրինակ է, Հայաստանում տարածել են միշտ ռուսներն իրենք՝ սկսած ամենաբարձր պաշտոնյաներից, դեսպաններից, այս ու այն առիթով Երևան ժամանող գործիչներից մինչև Ռուսաստանում ապրող ու Հայաստանը միայն քարտեզի վրա տեսած, ինչպես իրենք են բնորոշում, «քաղաքային խելագարները», որ օրը մեկ տեսակետ են տիրաժավորում, թե Հայաստանը ինչ պիտի անի ու ինչ պիտի չանի, որ չվնասի ռուսական շահին: Նրանց բոլորի համար Հայաստանի Հանրապետությունն ընդամենը տարածք է, որ գտնվում է ռուսական շահի առանցքում: Որ այդ տարածքում դեռ ապրում են մարդիկ, թյուրիմացություն է, որ ոչ մի նշանակություն չի ունեցել ոչ ցարերի ժամանակ, ոչ սովետական իշխանության, ոչ հետխորհրդային իրականության մեջ: Անգամ ԵԱՏՄ տարածքում Հայաստանը կարևորվում է իբրև աշխատուժ արտահանող, ոչ թե քաղաքական միավոր, կամ տնտեսական գործընկեր: Ռուսաստանը տնտեսական ճգնաժամի մեջ է, բայց չթե խալաթների մեծ պաշարներ ունի դեռ:

Որ ռուսները Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ կապ չունեն, անցած ամառ համոզվելու բավարար ժամանակ կար: ՀԱՊԿ-ի հայտարարությունները դատարկ պարկուճներով կրակոցներ են, ի վերջո՝ ԵԱՏՄ-ն ռազմական կառույց չէ, անգամ քաղաքական չի համարվում, թեև հենց քաղաքական է և ունի նախ և առաջ քաղաքական, ապա նոր միայն տնտեսական նպատակներ, որքան էլ Ղազախստանի նախագահը հայտարարի, որ ԵԱՏՄ-ն չի կարող ու չի լինելու քաղաքական: Որքան էլ ռուսները հետխորհրդային տարածքը վերամիավորելու իրենց նպատակներին այլ անուններ տան, նրանք փայլուն ձախողեցին ԱՊՀ-ն, հիմա ԵԱՏՄ են խաղում: Իսկ ձախողումների բուն պատճառը մեկն է՝ Ռուսաստանում չկա ոչ սեփական, ոչ որևէ այլ պետության անկախության ընկալումը: Սեփական անկախության միակ գրավականը նավթն ու գազն են, որ քաղաքական գործոն են այլ պետությունների հետ հարաբերություններում: Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր է Ադրբեջանը, քան Հայաստանը: Կարևոր է Ադրբեջանի տարածքը, որտեղ նավթ ու գազ կա, ոչ Ադրբեջանի Հանրապետությունը, ոչ իշխանությունը, ոչ ադրբեջանցիները: Արդեն այս տարի էլ ռուս քաղաքական գործիչներն ու ռուս փորձագետները իրենց հարցազրույցներով «երջանկացրել են» հայերին՝ հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի լուծումը ազատագրված տարածքները հանձնելու մեջ է: Ինչո՞ւ են քրիստոնյա ռուսներն այդքան շահագրգռված մուսուլման ադրբեջանցիների շահերի պաշտպանությամբ՝ ընդդեմ քրիստոնյա հայերի: Որովհետև նրանց համար քաղաքակրթական արժեքներ չկան, կան ֆինանսական հաշվարկներ, ու կա Արևմուտքի հետ հավերժական պայքար: Ամերիկային հասնել ու անցնելու մտայնությունը, որ ժամանակակից քաղաքականության մեջ փոխել է ձևակերպումները, բայց ոչ բուն էությունը: Նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չկա, ռուսները պատրաստ են օգտագործել ձեռքի տակ եղած ամեն ինչ ու ամենքին: Ադրբեջանցինե՞րը կլինեն, թուրքե՞րը, հայե՞րը, վրացինե՞րը, ի՞նչ կարևոր է:

Ինչո՞ւ այս օրերին հայ քաղաքական ուժերից միայն «Ժառանգությունը» հայտարարություն արեց, մի կես բերան էլ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն ասելիք չունե՞ր, ԲՀԿ-ն քաղաքում չէ՞ր, ՀՅԴ-ն գերադասեց սահմանադրությա՞մբ զբաղվել, ՕԵԿ-ը կուսակցական ու ոչկուսակցական շինարարությա՞մբ է տարված: Ինչո՞ւ Հայաստանի դատախազությունը առաջին արձագանքով գերադասեց ապավինել ՌԴ Սահմանադրությանը, բայց ոչ ՀՀ օրենքներին, ինչպե՞ս և ինչո՞ւ մարդասպան զինվորին Հայաստանի տարածքում հայտնաբերեցին ռուսները, այլ ոչ հայերը: Ոստիկանությունը ո՞ւր էր, մունդիրնե՞րն էին արդուկում: Իրավապահ համակարգը ինչո՞ւ չի գործում ինքնուրույն, ինչպես պահանջում է անկախ պետության շահը, այլ նայում է՝ ով, երբ, ինչ ու ինչպես կասի Ռուսաստանից, գործելու ինչ ու ինչքան ազատություն կունենա, ու ինչ անի, որ չվնասի ռուսական շահը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ պաշտոնավարման առաջին օրից որդեգրել է բաց ու հրապարակային գործելաոճ, ոչի՞նչ չգտավ անելու կամ ասելու: Նախագահը սելեկտորային խորհրդակցություն հրավիրեց, բայց մի բառ չգտա՞վ մարդկանց ասելու: Գալուստ Սահակյանը կմասնակցի սպանվածների հուղարկավորությանը, իսկ երբ հերթական ռուսանպաստ օրինագիծը մտնի խորհրդարան, կողմ քվեարկելուց առաջ կհիշի՞՝ ինչ տեսավ Գյումրիում: Այո, ԵԱՏՄ-ն այստեղ կապ չունի, այդպես եղել է նաև առաջ: Ինչ-որ Վալերի Պերմյակով լակմուսի թուղթ է, որ ակնհայտ է դարձնում վաղուց հայտնին, որ ոչ ոք չի ուզում տեսնել: Հայաստանի Հանրապետությունը ամեն օր հանձնում է կայացման քննություն ու մեկը մյուսի հետևից տապալում է: Ինչո՞ւ: Ո՞վ է մեղավոր: Մինչև ե՞րբ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ես բնավ այն կարծիքին չեմ, որ մի Վալերի Պերմյակով ներկայացնում է Ռուսաստանն ու նրա ոճրագործությունը հայ-ռուսական հարաբերությունները որակելու հիմք է, բայց այդ ոճրագործությունը, նրա պատճառներն ու հետևանքները այլևս անհնար է շրջանցել: Սպանությունների հաջորդ օրը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ ՄԽՎ-ի գործունեությանն ակտիվ մասնակցության, ԱՊՀ պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ավանդի համար պարգևատրվեց «Համագործակցություն» շքանշանով: ԱՊՀ ՄԽՎ-ի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից շքանշանը Հովիկ Աբրահամյանին հանձնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ամենահարմա՞ր պահն էր շքանշան հանձնելու և ստանալու, թե՞ շքանշանելով վարչապետին՝ ՌԴ ՄԽՎ-ն ու ընդհանրապես ՌԴ իշխանությունները ասում են՝ իսկ ի՞նչ է եղել որ: Պարգևատրման արարողակարգային տհաճ նրբությունները մի կողմ՝ հարց է ԱԺ-ի ու կառավարության աշխատակազմերը այդքան ինքնուրույնություն չունե՞ն, որ իրենք որոշեն հրապարակել-չհրապարակելու նպատակահարմարությունն ու պահը: Թե՞ սա պարզապես հայ-ռուսական հարաբերությունների ախտորոշումն է՝ Հայաստանում ու Ռուսաստանում իշխանությունը կապ չունի ժողովրդի, իրականության ու ժամանակի հետ, կարևորը համագործակցելն է:

Դիտվել է՝ 1556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ