ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մենք կամ սուվերեն կլինենք, կամ կձուլվենք, կանհետանանք աշխարհից»

«Մենք կամ սուվերեն կլինենք,  կամ կձուլվենք, կանհետանանք աշխարհից»
05.12.2014 | 00:06

Կրեմլի Գեորգիևյան դահլիճում դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1100 հրավիրյալների՝ Դաշնային ժողովի և Պետդումայի պատգամավորների, կառավարության, Սահմանադրական ու Գերագույն դատարանի անդամների, նահանգապետերի, դաշնության սուբյեկտների օրենսդիր ղեկավարների, հոգևորականների, հանրային խորհուրդների ու հասարակական գործիչների, ներկայությամբ Դաշնային ժողովին ուղղեց իր ամենամյա զեկույցը: Խորհրդարանին ուղերձով դիմելու ավանդույթն արդեն 20 տարվա պատմություն ունի՝ առաջին ուղերձը հնչեցրել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինը 1994-ի փետրվարի 24-ին: 2013-ին Պուտինը Դաշնային ժողովին դիմել էր դեկտեմբերի 12-ին, այս տարի նա հանդես էր գալիս նոր պայմաններում ու նոր իրավիճակում՝ ռուբլու դիրքերի թուլացում, նավթի գնանկում, մակրոտնտեսական ցուցանիշների հոռետեսական կանխատեսումներ՝ արևմտյան պատժամիջոցների և ՌԴ տնտեսության վերջին տարիների ոչ բարձր տնտեսական աճի պատճառով: ՌԴ նախագահի ելույթից ակնկալվում էր ՌԴ արտաքին քաղաքական ու տնտեսական կուրսի հստակեցում՝ ոչ միայն հաջորդ տարվա, այլև առաջիկա տարիների քաղաքականության ուղենշում: 2014-ը փետրվարից սկսած բոլորովին այլ ընթացք ունեցավ Ռուսաստանի համար, քան որևէ մեկը կարող էր կանխատեսել, ուստի 2015-ը նոր որոշումների ու նոր լուծումների տարի պիտի լինի: Տրամաբանորեն:
«ՈՒղերձը, հասկանալի է, պիտի համապատասխանի և ժամանակին, և պայմաններին, որոնցում ապրում ենք, խնդիրներին, որոնք պիտի լուծենք»՝ խոստումնալից սկսեց Վլադիմիր Պուտինը ու անցավ փորձություններին, որոնց, իր գնահատմամբ, կարող էր դիմակայել միայն հասուն, համախմբված, սուվերեն ու ուժեղ պետությունը, որ կարող է պաշտպանել իր հայրենակիցներին, արդարությունն ու ճշմարտությունը: «Մենք գիտակցեցինք մեր Հայրենիքի հազարամյա ճանապարհի ամբողջականությունը և մենք հավատում ենք մեզ, հավատում ենք, որ ամեն ինչի կհասնենք»՝ լավատեսական նախաբանից հետո Պուտինն անմիջապես անցավ Ղրիմի պատմական վերամիավորմանը և հայտարարեց. «Մեր երկրի, մեր ժողովրդի համար այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի, որովհետև Ղրիմում ապրում են մեր մարդիկ, և բուն տարածքը ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի՝ հենց այստեղ է գտնվում ռուսական միասնական ազգի ու կենտրոնաձիգ պետության ձևավորման հոգևոր ակունքը: Հենց այստեղ՝ Ղրիմում, հինավուրց Խերսոնեսում, կամ ինչպես ռուս ժամանակագիրներն էին անվանում, Կորսունում է մկրտություն ընդունել իշխան Վլադիմիրը, ապա նաև ամբողջ Ռուսաստանը»: «Ռուսաստանի համար Ղրիմը, հինավուրց Կորսունը, Խերսոնեսը, Սևաստոպոլը նույն քաղաքակրթական ու սակրալ նշանակությունն ունեն, ինչ Տաճարի լեռը Երուսաղեմում նրանց համար, ովքեր դավանում են իսլամ կամ հուդաիզմ: Հենց այդպես ենք մենք այս իրադարձությանը վերաբերվում այսօրվանից հավերժ»՝ երկարատև ելույթի բարձրակետը սա էր, որ թարգմանաբար նշանակում է՝ Ղրիմն այսօրվանից հավերժ մերն է, ու՝ վերջ:
ՌԴ նախագահի ուղերձի շարունակությունն արդեն նվազ պաթետիկ էր և խիստ կանխատեսելի: Նա ծավալուն անդրադարձավ ուկրաինական իրադարձություններին ու որևէ նոր տեսակետ չհնչեցրեց վարվող քաղաքականությունից դուրս: Արևմուտքին ուղղված մեսիջ էր Ռուսաստանի սուվերենության աներերության հավաստումը. «Եթե եվրոպական մի շարք երկրների համար ազգային հպարտությունը վաղուց մոռացված հասկացություն է, իսկ սուվերենությունը չափազանց մեծ ճոխություն, Ռուսաստանի համար պետական անկախությունը գոյության բացարձակ անհրաժեշտություն է: Ընդգծում եմ՝ մենք կամ սուվերեն կլինենք, կամ կձուլվենք, կանհետանանք աշխարհից: Դա պետք է հասկանանք նախ մենք և, իհարկե, մյուս տերությունները»՝ սա նախագահի ուղերձի գաղափարական գլխավոր շեշտադրումն էր:
Պատժամիջոցներին նրա անդրադարձը ևս կանխատեսելիության շրջանակներում էր՝ Պուտինը համարում է, որ պատժամիջոցները ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սոսկ նյարդային արձագանքը չեն ՈՒկրաինայի պետական հեղաշրջմանը ՌԴ-ի վերաբերմունքին կամ «Ղրիմյան գարնանը», այլ՝ «եթե այդ ամենը չլիներ, որևէ պատրվակ կհնարվեր, որպեսզի կասեցվի Ռուսաստանի առաջընթացը, ներգործեն Ռուսաստանի վրա ու օգտագործեն իրենց շահերի համար»: Զսպման քաղաքականությունը նոր չի հնարվել և տասնամյակներով, գուցե հարյուրամյակներով գործել է Ռուսաստանի նկատմամբ՝ մխիթարեց հայրենակիցներին նախագահը, որ վստահ է՝ հենց Ռուսաստանը ինչ-որ մեկի կարծիքով դառնում է չափազանց հզոր, ինքնուրույն, զսպման մեխանիզմները միանում են: «Անիմաստ է Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից»՝ վստահեցրեց Պուտինը: Եվ սա ևս մեկ մեսիջ էր Արևմուտքին՝ նահանջ չի լինելու հայտնի դիրքերից: Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնել ևս անհնար է. «Մեր բանակը ժամանակակից է, մարտունակ, քաղաքավարի, բայց՝ ահեղ: Մեր ազատության պաշտպանության համար և ուժը կհերիքի, և կամքը, և քաջությունը»: Հանուն հավասարակշռության՝ Պուտինը նաև հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք չի գնա ինքնամեկուսացման, քսենոֆոբիայի, կասկածամտության ու թշնամիների որոնման ճանապարհով՝ դա թուլության դրսևորում է, իսկ իրենք ուժեղ են ու վստահ: «Մեր նպատակն է՝ հնարավորինս շատ իրավահավասար գործընկերներ գտնել թե Արևմուտքում, թե Արևելքում: Մենք որևէ պարագայում չենք պատրաստվում կասեցնել մեր հարաբերությունները ոչ Եվրոպայի, ոչ Ամերիկայի հետ: Կվերականգնենք ու կընդլայնենք ավանդական կապերը ամերիկյան մայր ցամաքի հարավի հետ, Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի»՝ սա էլ ասվեց իբրև միջազգային ասպարեզում գերտերության դերի վերահաստատում: Նվազագույնը տարօրինակ, բայց վերջին զարգացումներին լիովին համարժեք էր, որ ԵԱՏՄ-ին այս տարվա ուղերձում, ի տարբերություն անցյալ տարվա, ՌԴ նախագահն անդրադարձավ հպանցիկ՝ մի քանի տողով ընդամենը. «2015-ի հունվարի 1-ից ամբողջ ծավալով կաշխատի ԵԱՏՄ-ն: Որո՞նք են բազային սկզբունքները: Նախ և առաջ՝ իրավահավասարություն, պրագմատիզմ ու փոխադարձ հարգանք: Ազգային ինքնատիպության և պետական անկախության պահպանում: Վստահ եմ, որ սերտ համագործակցությունը կդառնա զարգացման հզոր աղբյուր ԵԱՏՄ-ի բոլոր անդամների համար»: Ընդունեք, որ Եվրամիությանը մրցակցության ձեռնոց նետելու հավակնող կառույցի համար նախագահի գնահատականը չափազանց համեստ է:
ՈՒղերձի տնտեսական հատվածը կառուցված էր մի կողմից՝ գնահատական, մյուս կողմից՝ հույս տալու սկզբունքի վրա: Բացի մշտապես ասվող աշխարհի առաջ բաց ու թափանցիկ լինելու, արտասահմանյան ներդրումների համար գրավիչ դառնալու ու համատեղ ձեռնարկությունների ստեղծման պատրաստակամությունից՝ Պուտինն ընդգծեց գլխավորը. «Մենք պետք է հասկանանք, որ մեր զարգացումը նախ և առաջ կախված է մեզնից»: Պատժամիջոցների տնտեսական գնահատականը նա համարեց առավել արդյունավետ, արագ զարգացման խթան և կոչ արեց նոր տեխնոլոգիաների ու մրցունակ արտադրանքի անցնել: Նա այն կարծիքին է, որ տարողունակ ներքին շուկան, բնական պաշարները, կապիտալն ու գիտական ներուժը բավարար են: Իբրև կոնկրետ միջոցներ նա կոչ արեց առավելագույնս ձերբազատվել բիզնեսի սահմանափակումներից, ստուգումներից ու վերահսկողությունից: Յուրաքանչյուր ստուգում պետք է հրապարակային լինի, երեք տարի էական դիտողություններ չստացած և հուսալի ձեռնարկություն համարվողները երեք տարի այլևս չեն ստուգվի:
Պուտինը ուղերձում վերջապես բարձրաձայնեց այն թեման, ինչի շուրջ մի քանի ամիս խոսվում էր՝ կապիտալի լիակատար համաներումը։ «Եթե մարդը լեգալացնում է իր միջոցներն ու ունեցվածքը Ռուսաստանում, ամուր երաշխիքներ կստանա, որ իրեն տարբեր օրգաններ քարշ չեն տա ու տարբեր իրավապահներ այս ու այնտեղից տանջամահ չեն անի, թե որտեղից քեզ այդքան փող, որ մարդը չի բախվի քրեական ու վարչական հետապնդման, նրան հարկային ու իրավապահ մարմինները հանգիստ կթողնեն: Դա պետք է անել հիմա և մեկ անգամ»՝ ասաց ՌԴ նախագահը` կոչ անելով մեկընդմիշտ փակել օֆշորային էջը: Սա ուղերձի տնտեսական հատվածի բարձրակետն էր, օֆշորային վիթխարի գումարների վերադարձի հետ մեծ հույսեր են կապվում տնտեսության զարգացման ու ընդհանրապես կենսապահովման համար:
Բնականաբար՝ ինչպես ուղերձի ժանրն է պահանջում՝ եղան հանձնարարականներ պետական կառավարման տարբեր մարմինների, գործնական խնդիրների ձևակերպումներ ու հեռանկարների գնահատականներ, որ ներառում էին և ռուբլու անկման պատճառները, և կուրսի կարգավորման խոստումներ, 2018-ին նախատեսվեց ներդրումների տարեկան մակարդակը հասցնել ՀՆԱ-ի 25 տոկոսի, որ նշանակում է՝ ինչ կխնայենք, այն էլ կծախսենք: Տնտեսության կառուցվածքը հօգուտ դիվերսիֆիկացիայի փոխելու ու ներքին ռեսուրսները առավելագույնս օգտագործելու անհաժեշտությունը արձանագրելով՝ ՌԴ նախագահը անդրադարձավ և ժողովրդագրական տվյալներին՝ 2014-ի հունվարի 1-ին ՌԴ բնակչությունը 144 միլիոն է եղել, ժողովրդագրական ծրագրերը արդյունավետ են աշխատել և առաջին անգամ կյանքի միջին տևողությունը հասել է 71 տարվա:
«ՈՒղերձը կավարտեմ նրանով, ինչից սկսել եմ՝ այս տարի, ինչպես քանիցս եղել է մեր պատմության ճակատագրական պահերին, մեր ժողովուրդը բացահայտ ցուցադրեց իր ազգային վերելքը և կենսական ամրությունը, հայրենասիրությունը: Իսկ բարդությունները, որոնց մենք բախվում ենք, մեզ համար նոր հնարավորություններ են ստեղծում: Մենք պատրաստ ենք ժամանակի ցանկացած մարտահրավեր ընդունել ու հաղթել»՝ ՌԴ նախագահի ուղերձի պաթետիկ ավարտը, բնականաբար, խլացավ ծափերի տարափի տակ:
Գործնականում հաստատվեց.
1. ՌԴ-ն չի պատրաստվում քաղաքական կուրսից ոչ մի քայլ նահանջի կամ փոխզիջման:
2. Պատժամիջոցները գնահատվում են իբրև հետագա զարգացման խթան:
3. Օֆշորային կապիտալի համաներումը համարվում է տնտեսության փրկօղակ:
4. Ստուգումների ու վերահսկողության պրկօղակը հանելով փոքր ու միջին ձեռներեցներից՝ նախատեսվում է տնտեսության որոշակի ազատականացում ու հնարավոր վերելք:
5. ՌԴ նախագահը միայն հպանցիկ անդրադարձավ ինտեգրումային լայնամասշտաբ ծրագրերին, ոչ մի անգամ չհնչեց Չինաստանի անունը իբրև խոշորագույն գործընկեր, տնտեսական համագործակցությունը ուղենշվում էր միայն տարածաշրջաններով, բայց ոչ կոնկրետ երկրների հետ, թեպետ հանգամանալից խոսվեց ներդրումների կարևորության ու մեխանիզմների մասին:
6. ՌԴ նախագահը մտադիր է իր պաշտոնավարման տարիներին նոր սերնդի մտածողություն հաստատել Ռուսաստանում, որի համար հայրենիքը սուվերենության ու ազատության խորհրդանիշ է:
7. Ամեն ինչ հրաշալի է Ռուսաստանում, ինչպես միշտ, բայց կյանքը, չգիտես ինչու, չի ստացվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ամենաերջանիկը դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում պիտի լիներ Դմիտրի Մեդվեդևը. Պուտինը շարունակում է նրան վերաբերվել հոգատար ու նվիրված՝ վարչապետի անվերջ շրջանառվող հրաժարականի հարցը այս անգամ էլ հանվեց օրակարգից:

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ