ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թեհրանում խոսեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի և ԵԱՏՄ-ի մասին

Թեհրանում խոսեցին ահաբեկչության դեմ  համատեղ պայքարի և ԵԱՏՄ-ի մասին
28.10.2014 | 12:40

Տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարևոր այցը Իրան, որտեղ նա հանդիպումներ ունեցավ առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի և իրանցի այլ բարձրաստիճան պետական գործիչների հետ։ Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում մեր վարչապետը նշել է, որ իր այցը Իրան նպատակ ունի նպաստելու հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը։ Ռոհանին իր հերթին ընդգծել է, որ Աբրահամյանի այցը Իրան կնպաստի բարեկամ երկրների հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում։ Ռոհանիի խոսքերով, Իրանը պատրաստ է աջակցելու հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը։ Երկու երկրների պաշտոնական շրջանակներն ընդգծել են, որ Աբրահամյանն ու Ռոհանին շեշտել են էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի ասպարեզներում համագործակցությունն ընդլայնելու կարևորությունը։
Սակայն Թեհրանում կայացած բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները խորաքնին ուսումնասիրելիս միանգամայն պարզ է դառնում, որ Աբրահամյանն ու նրա իրանցի զրուցակիցները շոշափել են ոչ միայն երկկողմ հարաբերությունները։ Եվ դա հասկանալի է։ Երկու կողմերը, ինչպես նաև նրանց հարևան պետությունները, մեծ մասամբ մոտեցել են մի ինչ-որ «իքս» ճակատագրական կետի, որից այն կողմ մեկի համար գոնե նվազագույն որոշակիություն է, իսկ այլոց համար անորոշության ու նույնիսկ արյունահեղության մի լայն գոտի։ ՈՒշադրություն դարձնենք Հասան Ռոհանիի շոշափած հարցերից երկրորդին։ Իրանի առաջնորդը Աբրահամյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է նաև ահաբեկչության հարցին, այն անվանելով մարդկության դեմ ուղղված սպառնալիք, և կոչ արել համատեղ ջանքեր գործադրել այդ երևույթի դեմ պայքարի համար։ «Իրանն ու Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրների հետ պետք է միավորեն ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում»,- հայտարարել է Իրանի նախագահը։ Գաղտնիք չէ, Իրանում շատ լավ իրազեկ են ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին։ Իրանը նաև հիանալի գիտի Սիրիայի և Իրաքի հայերի ողբերգական վիճակի մասին։ Տարբեր տարածաշրջաններում, և հատկապես Սիրիայում ու Իրաքում, ահաբեկչությանն աջակցելու կապակցությամբ իրանական պաշտոնական անձանց մեղադրանքները հասցեագրված են ԱՄՆ-ին, Իսրայելին, Թուրքիային, Եվրամիությանը և արաբական աշխարհի նրանց խամաճիկ դաշնակիցներին` ի դեմս Սաուդյան Արաբիայի ու Կատարի։
Հարց է առաջանում. ինչո՞ւ Իրանի նախագահն այդ հարցը շոշափեց (ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելու մասին) հենց Հ. Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ, չսպասելով ո՛չ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թեհրան կատարելիք այցին, ո՛չ 2015 թ. իր հնարավոր այցին Երևան։ Չէ՞ որ, օրինակ, մեր վարչապետը Ռոհանիին փոխանցել էր 2015 թ. ապրիլին` Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների կապակցությամբ Երևան այցելելու Հայաստանի նախագահի հրավերը։ Ճիշտ է, առայժմ հայտնի չէ, կընդունվի՞ այդ հրավերը, թե՞ ոչ, և համապատասխանաբար, նախագահ Ռոհանին կգա՞ Հայաստան, թե՞ ոչ։ Այդուամենայնիվ, արևմտյան տերությունների և Թուրքիայի աջակցությունը վայելող ու խրախուսվող ահաբեկչության դեմ պայքարի հարցը, կարծես, մակարդակի առումով այնքան էլ հարմար չէ շոշափել երկրի կառավարության ղեկավարի հետ բանակցություններում, նկատի ունենալով, որ այն երբեմն խիստ կախված է ինչպես գերտերությունների, այնպես էլ տարածաշրջանային առաջատար պետությունների որոշումներից ու կարծիքներից։ Առավել ևս, որ Աբրահամյանն ինքը հայտարարել է, որ Թեհրան է եկել խոսելու հենց երկկողմ տնտեսական կապերի զարգացման և Իրանում նոր ներդրումների որոնման մասին։ Հավանաբար մեր վարչապետը նկատի է ունեցել, առաջին հերթին, հայ-իրանական համագործակցության այն համատեղ նախագծերի ֆինանսավորումը, որոնք նախորդ տարիներին չեն իրականացվել հենց բավարար ներդրումներ չլինելու պատճառով։
ՈՒրեմն, հիմա այդ ի՞նչն է այդքան մտահոգում Իրանին, որ նախագահ Ռոհանին որոշեց չսպասել նախագահ Սարգսյանի հետ անձնական հանդիպմանը և նախընտրեց Հովիկ Աբրահամյանի միջոցով հաղորդել իր ուղերձը։ Ասենք թե այն փաստը, որ ԱՄՆ-ը Վրաստանի վզին է փաթաթել «սիրիական ընդդիմության» դեմ պայքարելու համար Վրաստանում ռազմաբազայի տեղակայման հարցը։ Կամ այն «լուրը», թե մոտավորապես նույն բանը ամերիկացիներն ուզում են «քամել» նաև Հայաստանի իշխանությունների միջոցով։ Կամ, Սիրիայում և Իրաքում հենց քրդական դրամայի զարգացման ընթացքը, ինչը հղի է այն քուրդ փախստականների կողմից հարևան պետությունների սահմանների զանգվածային ճեղքմամբ, որոնք ջանում են փրկվել «Իսլամական պետություն» խմբավորման ավազակների հարձակումներից։ Հիշեցնենք, որ Իրանում ամռանից ԱՄՆ-ին և Իսրայելին բացահայտորեն մեղադրում են այդ ահաբեկչական խմբավորման ստեղծման, ամրապնդման և աջակցության մեջ։ ՈՒ տեղեկություններ կային, որ Իրաքի Քրդստանում` Սուլեյմանիայի շրջանում, մի ժամանակ գտնվել են Իրանի ընտիր հատուկ ստորաբաժանումները` այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիիի անձնական ներկայացուցիչ մի գեներալի գլխավորությամբ։ Բացի այդ, հիշեցնենք, որ դեռ ամռանը Իրանը հռչակել էր, որ իր նպատակն է թույլ չտալ Իրաքի մասնատում «Իսրայելի սցենարով»։ Պետք է համաձայնել, որ մերձկասպյան պետությունների աստրախանյան գագաթնաժողովից հետո Կասպից ծովում արևմտյան զորքերի հայտնվելու սպառնալիքի վերացման (որոշակի չափով) և, պայմանականորեն ասած, Ադրբեջանի չեզոքացման դեպքում այժմ Իրանը պարտավոր է հոգ տանել այն մասին, որ Վրաստանի ու Հայաստանի կողմից էլ, անգամ տեսականորեն, սպառնալիքներ չլինեն Իսլամական Հանրապետության անվտանգության շահերին։ Եվ քրդերի առնչությամբ էլ, օրինակ, եթե Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը փակ է ու պահպանվում է նույն ռուսական սահմանապահների կողմից (թող որ դա լինի մեր սահմանների անձեռնմխելիության զուտ անվանական երաշխիք), ապա Թուրքիայի հետ Վրաստանի սահմանը բաց է ու միանգամայն թափանցելի։
Ավարտելով տարածաշրջանի անվտանգության հարցը, նշենք, որ հայտնի է, որ կողմերն անդրադարձել են նաև Արցախի թեմային ու տարածաշրջանային հարցերին։ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության խաղաղ լուծման օգտին։ Կողմերը նշել են տարածաշրջանային մյուս հակամարտությունների խաղաղ լուծման կարևորությունն ու տարածաշրջանի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Պաշտոնական կցկտուր շարադրանքը, երևի, բավական լայն ծալքեր է թաքցնում։ Արցախը Իրանի համար պակաս ավանդական թեմա չէ, քան Հայաստանի ու հայերի համար։ Դրա առհավատչյան է ԼՂՀ-ի բավական երկար սահմանը Իրանի հետ։ Այս պարագայում երևակայությունն ու ենթադրությունները տեղին չեն։ Բայց դե Հովիկ Աբրահամյանի և Հասան Ռոհանիի կողմից Արցախի հարցի քննարկման իրական բովանդակության մասին էլ մենք, ըստ էության, կարող ենք միայն գուշակություններ անել։ Հուսանք, որ Հայաստանի վարչապետի զրուցակիցների արտահայտած մտքերը և գաղափարները առանձնապես չեն տարբերվում այն պատկերացումներից, որ Արցախի ապագայի վերաբերմամբ ունենք մենք` հայերս։
Բայց եղել է զուտ հայ-իրանական երկկողմ հարաբերություններից կարծես այնքան էլ չբխող զրույցի ևս մեկ թեմա։ Հայտնի է, որ Ռոհանիի հետ զրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունը նրան հնարավորություն է ընձեռում հանդես գալու իբրև կապող օղակ միության անդամ երկրների ու արտասահմանյան գործարար շրջանակների միջև։ Նա նկատել է, որ Հայաստանը նպաստավոր պայմաններ է ստեղծել ներդրումների համար։ Հասկանալի է, որ մեր կառավարության ղեկավարը, ասես, Իրանին հրավիրել է մասնակցելու հատկապես Հայաստանի տարածքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ինչ-ինչ գործերի, հասկանալի է նաև, որ ԵԱՏՄ-ի մասին պատահականորեն չի խոսք բացվել. Հայաստանի իշխանությունները, ըստ երևույթին, տեղեկություն ունեն, որ Թեհրանը ձգտում է ոչ միայն դառնալ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ, այլև ապագայում մտադիր է սերտորեն համագործակցելու, նույնիսկ միանալու ԵԱՏՄ-ին կամ Մաքսային միությանը։ Հարցն այն է միայն, թե ինչ կարգավիճակով։ Այսպես թե այնպես, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը քննարկվել է նաև Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Աբրահամյանի հանդիպման ընթացքում։ Կողմերը շոշափել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ընդգծել են միջազգային կառույցներում համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները, բնականաբար, նշել են նաև տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը պահպանելու, ինչպես նաև վեճերը խաղաղ միջոցներով հարթելու կարևորությունը։
Թեման շարունակվել է նաև Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի հետ Հ. Աբրահամյանի բանակցությունների ընթացքում։ Մեր վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև նոր հնարավորություններ կընձեռի օտարերկրյա ներդրումների ներգրավման համար։ Աբրահամյանի ու Ջահանգիրիի առանձնազրույցից անմիջապես հետո տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական մի շարք ծրագրերի իրականացման հեռանկարին։ Կողմերն ընդգծել են նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Աբրահամյանը Ջահանգիրիին հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան։ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների վերաբերյալ մամուլի ասուլիսում փոխնախագահ Ջահանգիրին ասել է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների համագործակցության զարգացման համատեղ հանձնաժողով ստեղծելու շուրջ։ Նա հիշեցրել է, որ Իրանի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը մոտ 300 մլն դոլար է, և այն ավելացնելու կոչ է արել։ Նա նաև նշել է, որ ներկայումս Իրանը գազ է արտահանում Հայաստան, փոխարենը ստանալով էլեկտրաէներգիա։ Իրանի առաջին փոխնախագահի խոսքով, կողմերը պայմանավորվել են Հայաստանում համատեղ կառուցել էլեկտրահաղորդման երրորդ գիծ ու հիդրոէլեկտրակայան։ Նա նաև նշել է, որ Իրանը շահագրգռված է Հայաստանի տարածքն օգտագործելու որպես տարանցիկ երթուղի` Ռուսաստան ապրանքներ արտահանելու համար։ Բայց թվում է, որ «հակառակ» տարբերակն էլ` Իրանի տարածքի օգտագործումը որպես ապրանքների ու արտադրանքի արտահանության տարանցիկ երթուղի, պետք է հետաքրքրի Հայաստանին։
Եվ այսպես, Իրանում Հովիկ Աբրահամյանի բանակցությունների օրակարգի երկու առավել կարևոր հարցերն են. տարածաշրջանային անվտանգությունն ու ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հեռանկարները` կապված Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման և Եվրասիական տարածությունում ինտեգրման գործընթացներին մասնակցելու Իրանի ծրագրերի հետ։ Հետաքրքրական է նաև այն, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ սրվում են տարաձայնությունները իրանական միջուկային հարցի շուրջ Իրանի հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ + Գերմանիա) բանակցություններում։ Տեղեկություններ կան, որ շուտով տեղի կունենա իրանական միջուկային ծրագրի շուրջ վճռորոշ բանակցությունների մի ամբողջ շարք, որոնք կանցկացվեն մինչև միջուկային խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնագրի մշակման ժամկետի (նոյեմբերի 24) ավարտը։ Այդ ամսաթիվը սահմանվել էր կողմերի միջև 2013 թ. նոյեմբերին կնքված միջանկյալ համաձայնագրի շրջանակում։ Տվյալ հանգամանքը կարելի է հասկանալ նաև այնպես, որ Հայաստանը կամ այլևս մտադիր չէ սպասելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու Արևմուտքի միջև առկա հակասությունների հարթմանը, կամ էլ ինչ-որ աղբյուրներից շատ թե քիչ հավաստի տեղեկություն է ստացել, թե հանգուցալուծումը մոտ է։ Թեև բացառված չէ , որ Հայաստանի ղեկավարության մտադրության վրա ազդել է այն լուրերի հրապարակումը, թե Իրանը Թուրքիայի տարածքով դեպի Արևմուտք գազ մատակարարելուց հրաժարման և դեպի Միջերկրական ծով գազամուղի անցկացման մասին Իրան-Սիրիա պայմանագրի ձախողման պատճառով այժմ դիմում է Ռուսաստանի հետ աննախադեպ մերձեցման։ Մինչև տարեվերջ քիչ ժամանակ է մնացել. շուտով բոլոր կամ համարյա բոլոր գաղտնիքները կբացվեն։

Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ