Եվ՝ այսպես, կատարվեց: Հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ արձանագրվեց նույն այդ պատմության ամենամեծ (ամենափոքր) ու ամենազարմանալի (ի՞նչն էր զարմանալի) իրադարձությունը: Կատարվեց իշխանափոխություն: Բայց սկսենք հերթով: Հոկտեմբերի 24-ին ոչիշխանական եռյակը (քառյակը) հրավիրեց հանրահավաք, որին ներկայացան եռյակի (քառյակի) երկու (երեք) ուժերը, «Ժառանգությունը» եկավ ուշացումով, պատճառաբանությունն արդեն չլսվեց: Ելույթ ունեցան ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի նախագահները: ՀԱԿ-ի նախագահը խոսեց կարճ, խիստ կարճ, ասաց. «Ես ասում էի, չէ՞, որ ԲՀԿ-ն իշխանության մեջ մեր ներկայացուցիչն է, ապացույցը ահա՝ ԲՀԿ-ն իր ողջ կազմով (ՀԱԿ նախագահը, իհարկե, չափազանցեց, որովհետև ԲՀԿ-ի ողջ կազմը չգիտի անգամ Գագիկ Ծառուկյանը) այստեղ է, մեր կողքին: Ես ասում էի, չէ՞, որ ավազակապետությունը փլուզվելու է: Սպասել է պետք: Ես սպասեցի, ու դուք տեսնում եք, որ ես ճիշտ սպասեցի: Ես ասում էի, չէ՞, որ պետք չէ իշխանությանը առաջարկ, ուլտիմատում և այլն ներկայացնել, իշխանությունը ամեն ինչ իր մասին գիտի ու հասկանում է մեր հուժկու հարվածի հետևանքները: Մնացածը կասի պարոն Գագիկ Ծառուկյանը»: ԲՀԿ նախագահը լայն ժպտաց, շուրջը նայեց ու ասաց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ ասեց ես ձեր կողքին եմ որ դուք ուզում եք ես ձեր կողքին լինեմ ես ձեր կողքին եմ: Մենք հավաքվել ենք որ իրար կողքի լինենք: Ես ձեր կողքին եմ»: Նրա ձայնը կորավ «Հիմա, հիմա» բացականչությունների մեջ:
Ճիշտ այդ ժամանակ Բաղրամյան 26-ում դրված հսկա էկրանի վրա նայելով ինչ է կատարվում Ազատության հրապարակում, Սերժ Սարգսյանն ասաց. «Գաղջ մթնոլորտ է»: Նա սկսեց բջջայինով ինչ-որ համարներ հավաքել, բայց բոլոր բաժանորդներն անհասանելի էին: Սերժ Սարգսյանը ժպտաց ու ասաց. «Կապն ապահով չէ Հայաստանում»:
Բաղրամյան 19-ում էկրան չկար, բայց լուրերն ավելի արագ էին հասնում: Լրագրողներից մեկի սադրիչ հարցին՝ «Հիմա ի՞նչ եք անելու», ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ժպտալով պատասխանեց. «Մեզ ընտրել է ժողովուրդը, մենք ոչինչ չունենք անելու, մենք պատգամավոր ենք»: Իբրև պատմաբան՝ Շարմազանովը բազում օրինակներ բերեց այլ պետությունների պատմությունից, որ իշխանափոխության դեպքում հիմնականում իշխանությունը դառնում է ընդդիմություն, բայց ոչ միշտ է ընդդիմությունը դառնում իշխանություն: Իր ռեբուսը նա չբացատրեց, միայն ասաց՝ կապրենք, կտեսնեք, ու գնաց ԱԺ ինքնապաշտպանության հարցերով զբաղվելու: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս խորհրդարանի շենքում էին, տարբեր լրագրողների տարբեր հարցերի տված նրանց պատասխանները զարմանալիորեն համընկնում էին. «Հոկտեմբերի 27-ից հետո հոկտեմբերի 24-ից ի՞նչ վախենալ»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանն ավելի անկեղծ էր. «Մարդ իրա խնամուց կվախենա՞: Էդ ի՞նչ եք ասում»: Վարչապետի աներեր հավատը, սակայն, կառավարության ոչ բոլոր անդամներին էր վարակել: Նրանք վախեցած էին, ոմանք շտապեցին անցնել նոր իշխանության շարքերը՝ ապահովության համար, ոմանք երկրից հեռացան, մնացին երեք նախարարներ:
Հ1-ը, Հ2-ը, Հ3-ը, «Արմենիան», «Կենտրոնը», «Շանթը», «Արմնյուզը», «Երկիր-մեդիան» դադարեցրել էին լուրերի հեռարձակումը, հետագա երեք օրերին հեռուստադիտողներին ցուցադրվում էր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի հայկական բեմադրությունը, որտեղ Սպարտակը հաղթում էր Կրասոսին, Լիգիան՝ Սպարտակին, Լիգիան շատ նման էր Կլեոպատրային: Մյուս հեռուստաընկերությունները համերգ էին հեռարձակում՝ առանց ընդմիջումների: «Երկիր մեդիան» երկրորդ օրվանից սկսեց ցուցադրել Հենրիկ Մալյանի բոլոր ֆիլմերը, «Նահապետը»՝ օրը մի քանի անգամ: Թերթերը չէին տպագրվում՝ անորոշ ժամանակով արգելված էր: Կայքերը անդրադառնում էին պատմամշակութային իրադարձություններին, որ այդ օրերին հատկապես բուռն զարգացում էին ապրում, և թարգմանություններին այլ կայքերից: Հայաստանի Հանրապետությունը աշխարհի տեղեկատվական քարտեզի վրա չկար: Այնուհանդերձ, բոլորը գիտեին, որ Ռոբերտ Քոչարյանն արագ ընդհատել է որսորդությունը X երկրում, մեկնել է Մոսկվա ու ոտքով վերադառնում է Հայաստան: SAS-երը, City-ները, Moll-երը անխափան աշխատում էին, խնդիրներ եղան հասարակական տրանսպորտի հետ, երթուղայինները որոշել էին գործադուլ անել, բայց նախ ոչ բոլորն էին գործադուլի մեջ, հետո մեքենա ունեցող անհատ քաղաքացիները սիրով ու ձրի մարդկանց տեղափոխում էին: Տրանսպորտային կոմունիզմ էր, որն այդպես էլ չկառուցվեց անցյալ դարում:
Իսկ ի՞նչ էր անում եռյակը (քառյակը): Խորհրդակցում էր: Ստեպ-ստեպ հավաստի (անհավաստի) լուրեր էին պտտվում, որ սահմանադրական փոփոխություններ, այնուամենայնիվ, լինելու են, Հայաստանում հաստատվելու է եռանախագահություն: Ասում էին նաև, որ ամեն նախագահ ունենալու է իր կառավարությունը՝ իր վարչապետով: Թեպետ նաև սպասվում էին կառավարության կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես բոլոր երեք կառավարությունների համար ստեղծվելու էր մեկ ընդհանուր տեղեկատվության նախարարություն՝ հասարակությանը օբյեկտիվ ու հրատապ, ճշմարիտ ու կառուցողական տեղեկատվությամբ ապահովելու նպատակով: Այնուհանդերձ՝ չէր բացառվում, որ այդ նախարարությունն էլ ունենալու է երեք նախարար, ասում էին նաև, որ եռանախագահները կարող են համատեղել նախարարի պաշտոնը ևս, որպեսզի առաջինից երկրորդ ձեռք անցնելիս լուրերը չխեղաթյուրվեն: Նրանք, թեպետ, այնքան էլ համաձայն չէին, Րաֆֆի Հովհաննիսյանը, օրինակ, ասել էր, որ դա իրավատերությանը դեմ է, Լևոն Տեր-Պետրոսյանը համարել էր իրավակարգ, Գագիկ Ծառուկյանն ասել էր՝ ես փողը կտամ, ինչ անում եք՝ արեք, ես ձեր կողքին եմ:
Ծանր, դիրքային բանավեճեր էին ծավալվում վարչապետի պաշտոնի համար՝ Գագիկ Ծառուկյանը դեմ չէր, որ նախագահը նաև վարչապետ լինի, որ վարչապետ լինի Հովիկ Աբրահամյանը, ինչու ոչ, նաև Ռոբերտ Քոչարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր՝ ով ուզում է՝ լինի, բայց առաջին օրինագիծը, որ եղած-չեղած երեք կառավարությունները համատեղ պիտի ներկայացնեն դեռ գործող խորհրդարանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրինագիծը պիտի լինի, ու երկար-երկար հիմնավորում էր՝ ինչու: Գագիկ Ծառուկյանը տեղ-տեղ համաձայն էր, տեղ-տեղ համաձայն չէր, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ ես եմ հաղթանակի նախագահը, ես կասեմ՝ երբ: Լևոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես իշխանափոխությունից հետո նորից ընկել էր ապատիայի մեջ ու բոլոր խնդիրներին նայում էր փիլիսոփայաբար: Միակ հարցը, որ նրա համար խիստ սկզբունքային նշանակություն ուներ ու բուռն ջղաձգություն էր առաջացնում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարֆը վզին, սկսում էր խոսել Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության դեռ չվավերացրած պայմանագրից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Այդ ժամանակ առաջին նախագահը դուրս էր գալիս էյֆորիկ ապատիայից ու Րաֆֆուն ուղարկում էր այնտեղ, որտեղից եկել է, ճանապարհին էլ, մասնավորաբար, հարցախեղդ էր անում, թե ի՞նչ արեց Եվրամիությունը ամբողջ Արևմուտքի ձեռքը բռնած, երբ 2008-ին կրակում էին ժողովրդի վրա (Գագիկ Ծառուկյանը այդ պահերին միշտ դուրս էր գալիս նախագահական խորհրդակցությունից՝ զանգելու մամա ջանին), 2013-ին, երբ ինքը բարևեց ու աղոթեց: Երբ փաստարկները չէին հերիքում, Լևոն Տեր-Պետրոսյանը նախ սպառնում էր, որ խաչակիրների ժամանակներից տվյալներ ունի ու անհրաժեշտության դեպքում կհրապարակի, իսկ շատ հեռուն չգնալու համար կանգ էր առնում 1915-ի վրա: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն այդ կետում ընդհատում էր նրան ու կարդում հատվածներ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի գրքերից: Կոնսենսուս չկար: Ոմանք արդեն սկսել էին կասկածել, որ նոր իշխանության կազմավորման, խորհրդարանը ցրելու, արտահերթ խորհրդարանական, ապա արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու գործընթացները սկսելու փոխարեն ոչիշխանական, ներեցեք՝ իշխանական, ուժերի հապաղումը (ի՞նչ հապաղում՝ անգործությունը) կապված է շատ կարևոր զանգի հետ, որը պիտի հնչեր, բայց չէր հնչում: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն էլ Հայաստանի կապը ապահով չէր համարել:
Հայտնի իրադարձությունների երրորդ օրը միայն իրավիճակը սկսեց քիչ-քիչ պարզվել՝ ելույթ ունեցավ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկին: Նա խոսքը սկսեց՝ «Կեցցե հեղափոխությունը», և ավարտեց «Կորչի հեղափոխությունը» կոչերով, արանքում ինչ էր ասում՝ չհասկացվեց: Ճամպրուկները որոշել էր հավաքել Իլհամ Ալիևը: Լուրերը ներհակ էին, և ասում էին՝ վախենում է հեղափոխությունը Բաքու հասնի ու հեռանում է, և ասում էին՝ Հեյդարովիչը որոշել է Շուշի գնալ: Համենայն դեպս՝ ոչինչ էլ չարեց:
Չորրորդ օրը անակնկալ պարզվեց, որ Անվտանգության խորհուրդը ընդհատակյա նիստ է գումարել: Արթուր Բաղդասարյանը միանձնյա որոշել է վերադառնալ իր պաշտոնին ու հրավիրել նիստ՝ հայրենիքի փրկության ճանապարհները բացելու համար: Ասում էին՝ Գագիկ Ծառուկյանն էլ է նիստին մասնակցել: Արթուր Բաղդասարյանն ասել էր, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, չի կարելի ձիուն տանել ջրվեժի մոտ ու ծարավ հետ բերել, ինքը պատրաստ է փոխզիջման գնալ եռանախագահների հետ, համաձայն է սահմանադրական փոփոխությունների, բայց առաջադրել էր պայման՝ ստեղծվում է նոր ինստիտուտ՝ վերանախագահ: Ի՞նչ պիտի աներ վերանախագահը, Արթուր Բաղդասարյանը չէր ասել, պահանջել էր կոնսենսուսով ընդունել առաջարկը ու մշակել վերանախագահի պարտականություններն ու իրավունքները: Նա մի տրցակ փաստաթղթեր էր ցուցադրել ԱԽ նիստի մասնակիցներին, որտեղ այլ երկրների համանման կառույցների միջազգային փորձն էր ուսումնասիրված: Իր առաջարկը նա հիմնավորել էր պարզ տրամաբանությամբ՝ Եվրոպան չի մերժի, Ռուսաստանին ձեռնտու է, ԱՄՆ-ը փող կտա: Հետո մի պահ լռել էր ու ասել էր, որ ինքը կապեր ունի, ու այդ կապերը աշխատում են: Մի քիչ էլ անկեղծացել էր ու ասել էր՝ սպասեք Սարկոզին դառնա նախագահ, տեսեք, Ղարաբաղի հարցն էլ կլուծեմ: Ներկաները, սակայն, նրան թերահավատ էին վերաբերվել:
Ամենապրագմատիկը «Ազատություն» կուսակցությունն էր. Հրանտ Բագրատյանը գրել էր ապագա բոլոր երեք վարչապետերի կառավարությունների ծրագրերը, կազմել էր պետական երեք բյուջեների նախագծերը ու պատրաստ էր ներկայացնելու թե հին, թե ընտրվելիք խորհրդարաններին:
Չնայած արգելքին՝ թերթերը սկսեցին տպվել, հեռուստաէկրաններին «Սպարտակը» տեղը զիջեց հեռուստաընկերությունների մի մասում ռուսական, մի մասում ամերիկյան ֆիլմերին: Նույնիսկ «Երկիր մեդիան» արդեն ցուցադրում էր բացառապես ռուսական ֆիլմեր: Դպրոցները, ինստիտուտները, համալսարանները աշխատում էին համարյա միանվագ՝ մեկ-երկու օրվա դասադուլից հետո ուսուցիչներն ու դասախոսները վերադարձել էին կրթելու և դաստիարակելու իրենց առաքելությանը, քաղաքականությունը թողնելով անտեր: Բաղրամյան պողոտան, որ ծայրից ծայր փակ էր՝ հույժ կարևոր պետական անհրաժեշտությունից դրդված, արդեն երթևեկելի էր: Քաղաքը վերջնականապես տակնուվրա եղավ, երբ լուր տարածվեց, որ նոր իշխանությունները վերջապես մի հարցում համաձայնության են եկել. նրանք որոշել են քանդել Ազատության հրապարակը և հիմա քննարկում են՝ տեղում ինչ կառուցել: Քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանը նստեց նստացույցի ու հացադուլի և պաստառին գրեց. «Այս շենքը կառուցել է Ալեքսանդր Թամանյանը»: Ժողովուրդը մի ժամում լցվեց հրապարակ և պահանջեց իշխանափոխություն: Նարեկ Սարգսյանը պատրաստ չէր, բայց ստիպված էր ստանձնել իշխանությունը: Հետո հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոցի» կողմերից քայլում է դեպի հրապարակ: Բայց Պարոնյան փողոցից նրան ընդառաջ դուրս եկավ Սերժ Սարգսյանը, որ, պարզվեց, ոչ մի տեղ չի գնացել և նոր (արդեն նախորդ) իշխանություններից անձեռնմխելիության երաշխիք էր ստացել ու անգամ կառավարական նստավայրից չէր հեռացել: Արգավանդի մոտակայքում նրանք հանդիպեցին, կարճ քննարկումից հետո Ռոբերտ Քոչարյանը հրացանը ձեռքին վերադարձավ որսի, Սերժ Սարգսյանը՝ Բաղրամյան 26: Բայց լուրջ փոփոխություններ են լինելու: Համբերության նրա բաժակը, ասում են, լցվել է, ճիշտ է, նախագահ ու վարչապետ չի ուզում դառնալ, բայց հո չի թողնի, որ երկիրը ձեռքից գնա: ՈՒ նորից բոլորը սպասում էին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. -Թող ինձ ներեն նրանք, ում անձնվեր գործունեությանը չհասցրի անդրադառնալ՝ ամեն ձևաչափ իր սահմաններն ունի: Հետոն հետո կերևա: