Վարչապետին Վաթեռլոո խոստացող առևտրականները ստիպված են խոստովանել, որ Հովիկ Աբրահամյանն իրենց կարծած Նապոլեոնը չէ: Կայսրը բացճակատ էր կռվում, խարդավանքների համար նա ուներ Թալեյրան: Մեր օրերում հաղթելու համար Նապոլեոնին ու Թալեյրանին պիտի համատեղես ու հավելես երրորդին, որ գուցե հետո հենց Հովիկ Աբրահամյանի անունով էլ կոչվի: Ամենակարևորը՝ վարչապետը առավելագույնս օգտագործում է իրավիճակը լիցքաթափելու ու ժամանակ շահելու շանսը: Իսկ ժամանակի մեջ ինչ ասես կարող է փոխվել: Իր ժամանակը նա ոչ ոքի չի տա՝ արդեն երկրորդ դեպքն է, որ Հովիկ Աբրահամյանը զայրացած մարդկանց ուղարկում է տուն՝ առանց իր համար մեծ կորուստների: Շրջանառության հարկի դեմ ընդվզումն ավարտվե՞ց: Հիմնականում՝ այո: Սոցիալական բողոքի հարցը հիանալի ու արագ փակվեց՝ հոկտեմբերի 10-ին նրան բարի խոսքով Ազատության հրապարակում այս առիթով չեն հիշի: Իսկ եթե հիշեն, հիշելու են Սյունիքի մարզպետի առիթով, բայց Թալեյրանն իր գործն արել է՝ այս սլաքները հիանալի վերահասցեագրվեցին Բաղրամյան 26: Ինչո՞ւ ոչ: ՀՀԿ-ն է իշխող ուժը, ՀՀԿ նախագահն էլ Սերժ Սարգսյանն է, ի՞նչ մեղք ունի Հովիկ Աբրահամյանը, որ իբրև վարչապետ ինքն է ստիպված նշանակում անում: Վերջ: Այս թեման էլ փակվեց: Հոկտեմբերի 10-ին վարչապետին ներկայացվելիք պարտք-պահանջ չմնաց: Դե, արտագաղթ-մարտագաղթ, բյուջե-մյուջե, հարկեր հավաքել-մավաքելը ոչիշխանության հնարածն են, քաղաքական շահարկում: Սպիտակ ձին ո՞ւր մնաց: Նապոլեոնը սիրում էր գրավված մայրաքաղաքներ մուտք գործել սպիտակ ձիու վրա:
Իսկ շրջանառության հարկի հա՞րցը: Կապրենք մինչև փետրվար: Ի վերջո՝ ՀՀԿ-ն, որ բոյկոտում էր արտահերթ նիստը, ոչինչ չկորցրեց՝ օրենքը չի փոխվում, հետաձգվում է կիրառումը, որովհետև «շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Տնտեսավարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց»: Այսքանը: Կառավարությունն ընդունել է, որ տնտեսավարողներն ունեն գույքագրման ձևանմուշում պարտադիր լրացման մեծ ծավալի տեղեկատվություն, բայց՝ «ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակաս»: Վարչապետը հանձնարարել է ֆինանսների նախարարին` ԱԺ ներկայացնել օրինագիծ, համաձայն որի` գույքագրման պահանջը հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Մնացածը լիրիկա է: Իսկ մինչև փետրվար վարչապետը իրականում պիտի մտածի ոչ թե փոքր ու միջին ձեռներեցների մասին, այլ խոշոր: Չափազանց ակնհայտ էր, որ մի բաժակ ջրի այս փոթորիկի հեղինակը տոնավաճառների առևտրականները չէին, այլ հենց խոշոր բիզնեսը, որ Հայաստանում սակրալ ավանդույթ ունի ամեն ինչ անել ստվերում: Իրական Վաթեռլոոն նրանցն էր լինելու ու նրանք էին պաշտպանվում պետությունից՝ հնարավորինս երկար չփաստաթղթավորելու իրենց ապրանքաշրջանառությունը, ուրեմն և չվճարելու հարկերը համարժեք ծավալով: Այնպես որ, դեռ հարց է՝ ո՞վ ո՞ւմ հաղթեց, ինչպես հարց է՝ ո՞վ ո՞ւմ դեմ էր պայքարում: ՈՒ դա Հովիկ Աբրահամյանը փայլուն գիտի, նա ընդամենը զինադադար կնքեց յուրայինների հետ, երբ համոզվեց, որ զինվորիկները այս մարտում կռվող չեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Շրջանառության հարկի մասին օրինագծի հունիսյան քննարկման ժամանակ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը փայլուն թեզ էր զարգացնում, որ օրինագիծն ուղղված է արտագաղթը կանխելուն: Իրական կյանքը այլ հաշվարկ ներկայացրեց: Փաստորեն՝ վարչապետները սխալվում են: