ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չինաստանն իջեցնում է շեմը և վերացնում խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար

Չինաստանն իջեցնում է շեմը և վերացնում  խոչընդոտները փոքր ձեռնարկությունների համար
07.10.2014 | 00:23

Վերջերս իմ չինացի բարեկամները, որոնք մի ոչ մեծ, բայց շատ սիրված ռեստորանի տեր են, ուրախության լավ առիթ ունեցան. նրանց ընտանեկան ձեռնարկությունը, ուր կարելի է չինական հյուսիսային խոհանոցի ընտիր խորտիկներ վայելել (իմ կարծիքով՝ այն շահեկանորեն տարբերվում է հարավային և շանհայյան խոհանոցներից), 2014 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2015 թ. վերջը հարկային արտոնություններ է ստացել։ Եվ ոչ միայն նրանք. ամսական 30 հազար յուանից (4886 ԱՄՆ դոլար) պակաս եկամուտ ունեցող բոլոր ընկերություններն այդ նույն ժամկետով ազատված են ավելացված արժեքի և շրջանառության հարկերից։ Ի դեպ, դա արվել է (հասկանալի է, ոչ պատահականորեն) այն օրերին, երբ երկիրը տոնում է Անկախության օրը, և այդ նորամուծությունը բնակչության կողմից ընդունվում է միանգամայն համարժեքորեն։
Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, ՉԺՀ պետխորհրդի մշտական կոմիտեի հերթական նիստի արդյունքների վերաբերմամբ ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ «Չինաստանի ավելի ու ավելի շատ փոքր ձեռնարկություններ են օգտվում կառավարության այն միջոցառումների շրջանակներում տրվող հարկային արտոնություններից, որոնք նպատակամղված են դրանց զարգացմանը նպաստելուն և տնտեսական աճի վրա ճնշումը կրճատելուն»։ Նիստում փոքր և առավել փոքր ձեռնարկությունները համարվեցին զարգացման «գլխավոր ուժ», աշխատատեղերի ստեղծման «գլխավոր ուղի», և «ինովացիաների կարևոր աղբյուր»։ Չինաստանի կառավարությունը քննարկում է նաև փոքր բիզնեսին աջակցելու այլ միջոցառումներ։ Այդ թվում որոշում է ընդունվել արագացնել հրաժարումն ընթացակարգերի անհարկի արտոնագրումից ու դասակարգումից, նպատակ ունենալով «իջեցնել շեմը և վերացնել խոչընդոտները» փոքր ձեռնարկությունների համար։ Կառավարությունը միաժամանակ հավաստիացրել է, որ կօգտագործվեն «սուբսիդիաներն ու խթանները»՝ խրախուսելու, որ ֆինանսական հիմնարկները մեծացնեն փոքր ձեռնարկություններին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը։ ՉԺՀ պետխորհուրդը տարբեր շրջանների ու ծառայությունների կոչ է արել ապահովել այդ կուրսի շուտափույթ կենսագործումը։
Մինչդեռ միջին և փոքր ձեռնարկությունները Չինաստանի ձեռնարկությունների գերակշիռ մեծամասնությունն են կազմում և ներկայումս նշանակալի դեր են խաղում երկրի տնտեսության մեջ։ Դեռ 2002 թ. Չինաստանում ընդունվել էր «Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանման մասին» օրենքը, որը կոչված է այդ ձեռնարկությունների իրավունքներն առավելագույնս հավասարեցնել խոշոր ընկերությունների հետ՝ արդիական տեխնիկայի ձեռքբերման, շուկայական տեղեկության տիրապետման և ֆինանսավորման ասպարեզում։ Եվ հենց այդ ժամանակներից էլ երկրում տեղի ունեցավ փոքր ձեռնարկատիրության սրընթաց զարգացումը։
Կուզեի տնտեսության այդ հատվածը բնութագրող վիճակագրական տվյալներ բերել՝ ներողամտություն հայցելով թվերի առատության համար, սակայն դրանք չափազանց տպավորիչ են։ Համաձայն գլխավոր պետական հարկային վարչության տվյալների, 2013-ի վերջերին Չինաստանում կար մոտ 11,7 մլն փոքր և առավել փոքր ձեռնարկություն։ Երկրում գործում է ավելի քան 8 մլն միջին ձեռնարկություն և 27,9 մլն անհատ ձեռներեց, որոնք աշխատանք էին ապահովում զբաղված քաղաքային բնակչության ավելի քան 75 %-ի համար։ Այսինքն, դա կազմում է երկրում գրանցված այն ձեռնարկությունների 99,6 %-ը, որոնց բաժին էր ընկնում ՀՆԱ-ի գրեթե 60 %-ը և արդյունաբերական արտադրանքի ավելացված արժեքի 74,7 %-ը։ Ընդ որում, մինչև 100 աշխատող ունեցող փոքր ձեռնարկությունների կարգին են պատկանում ձեռնարկությունների գրեթե 99 %-ը, և միայն 0,6 %-ն է պատկանում 101-999 աշխատող ունեցող միջին ձեռնարկությունների կարգին։ Փոքր և միջին բիզնեսի հատվածին է պատկանում արտոնագրերի 65 %-ը, տեխնիկական նորույթների 75 %-ը և նոր արտադրանքի ավելի քան 80 %-ը։ Այդ հատվածին բաժին է ընկնում ամբողջ երկրի հարկային մուտքերի 46,2 %-ը և Չինաստանի արտահանության ընդհանուր ծավալի 62,3 %-ը։
Սակայն, չնայած հերթական հաջողություններին, համարվում է, որ Չինաստանում փոքր ձեռնարկատիրությանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է պետության լրացուցիչ աջակցությունը, հատկապես ներդրումներ ներգրավելու համար։ Հասկանալով սա, իշխանությունները ձգտում են տարբեր եղանակներով նպաստել փոքր ձեռնարկատիրության տնտեսական աճին, կատարելագործելով, օրինակի համար, փոքր ձեռնարկատիրության հարկմանն ու տնտեսության կարգավորմանը միտված օրենսդրական ակտերը։
ՉԺՀ-ում փոքր ձեռնարկատիրությանն աջակցելու հարցերով զբաղվում է բիզնեսի կոորդինացման և կոոպերացիայի չինական կենտրոնը, որի հիմնական խնդիրն է հատուկ պայմաններ ստեղծել փոքր բիզնեսին աջակցության չինական և արտասահմանյան կազմակերպությունների համագործակցության համար։ Չինաստանի տնտեսության զարգացմանը նպաստող մյուս կարևոր մարմինը CSMEO պետական տեղեկատվական ծառայությունն է։ Այդ ծառայությունն զբաղվում է իր Ինտերնետ կայքի միջոցով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության հարցերում բնակչությունը և ձեռնարկատերերին տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։ CSMEO ցանցն ընդգրկում է Չինաստանի բոլոր տարածաշրջանները, ինչը հնարավորություն է տալիս բնակչությանը ժամանակին տեղեկություն տալ աշխատաշուկայի վիճակի, գործող օրենսդրության փոփոխությունների, գիտության վերջին նվաճումների և տեխնոլոգիական հայտնագործությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների զարգացման և վիճակի մասին, Չինաստանում ակտիվորեն գործում են փոքր և միջին ձեռնարկատիրության գործունեության աջակցության և զարգացման պետական հիմնադրամները։ Դրանց հիմնական խնդիրն է փոքր ձեռնարկություններն ապահովել երաշխիքային պարտավորությունների և գրավադրման հնարավորություններով, որպեսզի կարողանան բիզնեսի զարգացման համար բանկերից վարկային միջոցներ ստանալ։ Այդ նպատակով մշակվել է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական հիմնադրամի» ծրագիր, որը ֆինանսավորվել էր երկրի բյուջեի միջոցներից։ Այդ հիմնադրամը նպաստում է խոշոր բիզնեսի սուբյեկտների ճնշումից փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների շահերի պաշտպանությանը և փոքր ձեռնարկատիրության համար ապահովում որոշակի հարկային արտոնություններ ու լրացուցիչ ֆինանսավորում։
Այնպես որ, փոքր բիզնեսի բազմամիլիոնանոց բանակի համար ներկա հերթական «նվերը» և՛ տրամաբանական էր, և՛ սպասելի։ Եվ այն, իհարկե, երկրի զարմանալի աշխատասեր բնակիչների համար (օրինակ, աշխատանքն այդ ոչ մեծ ռեստորանում, որից ես սկսեցի, սկսվում է առավոտյան 5.00-ին և ավարտվում է երեկոյան 10.00-ին) շատ արդյունավետ կլինի։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում
մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 4005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ