ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեռյալ կե՞տ, թե՞ տեղապտույտ շարժումից առաջ

Մեռյալ կե՞տ, թե՞ տեղապտույտ շարժումից առաջ
19.09.2014 | 01:55

Մեռյալ կետի և տեղապտույտի տարբերությունը հասկանալու համար բնության օրենքներն ակնհայտորեն չեն բավարարում, հասարակության կյանքում որոշիչ են քաղաքական օրենքները, իսկ քաղաքականությունը, ցավոք, առաջնորդվում է խիստ անհատական, հակասական, նպատակահարմարության օրընթաց օրենքներով: Եվ փոփոխում է օրենքները, երբ հարմար է համարում իր ընթացքին:

Առաջին հայացքից Հայաստանը մեռյալ կետում չէ. մեկ Եվրոպա է վերադառնում, մեկ՝ Ասիա, մեկ՝ միաժամանակ Եվրոպա ու Ասիա: Դա հենց տեղապտույտի դասական դեպքն է: Արդյո՞ք դա նաև մեռյալ կետ է: Քաղաքականությունը ամենաշարժուն գործընթացն է, որ երբևէ չի կարող դադարի մեջ լինել՝ անգամ կապիտուլյացիայից հետո. յուրաքանչյուր գործընթացի ավարտ նոր գործընթացի սկիզբ է: Շարժումը դադարներ չունի, փոխվում են դերակատարները, սկսվում ու ավարտվում են արարները, գործողությունը շարունակվում է:
Հայաստանում ի սկզբանե Սահմանադրությանն առնչվող գործընթացները քաղաքականացան: Օրենքների օրենքը կամ Հիմնական օրենքը դիտարկվեց ավելի շուտ ու ավելի շատ քաղաքական խնդիրների լուծման, քան օրենսդրական կարգավորման միջոց: Ավելին, որքան իշխանությունը, նույնքան ընդդիմությունն է Սահմանադրությունն օգտագործել այդ նպատակով: 1995-ին (1994-ին կնքված զինադադարից մեկ տարի հետո) Սահմանադրության վարկաբեկման առաջին քարը դրեց ԱԺՄ-ն, կուսակցություն, որ հազարամյակից հազարամյակ տևած համագումարում գործնականում լուծարվեց: Ընդդիմությունը իշխանությունից իր ամբողջ դժգոհությունն արտահայտում էր Սահմանադրության քարկոծմամբ՝ սահմանափակվելով քաղաքական բառապաշարով և իրավական առարկություններ ու հակասություններ չգտնելով: Փաստարկների փաստարկը հանրաքվեի արդյունքների կեղծումն էր: Գուցե իշխանության սխալն էր, որ 1995-ին համատեղվեցին Ազգային ժողովի ընտրությունները և Սահմանադրության ընդունման հանրաքվեն: Հուլիսի 5-ին՝ մեկ օրում ֆինանսական պահանջված միջոցները չունեցող երկիրը համատեղեց ծախսերը, հետևանքը դարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկմանը զուգահեռ Սահմանադրության օրինականության վիճարկումը: Սա քաղաքական խաղ էր, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը չընդունողները իրենց սրբազան պարտքն էին համարում չընդունել նրա իշխանության օրոք ընդունված Սահմանադրությունը: Թեպետ սահմանադրական հանձնաժողովի գործունեությունն առավել քան բաց էր, նպատակներն առավել քան պարզ, քննարկումներն առավել քան շահագրգիռ, և այդ քննարկումների մասնակիցներն էլ գործող բոլոր քաղաքական ուժերն էին: 2005-ին՝ 10 տարի անց, արդեն Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց առաջին սահմանադրական փոփոխությունները, պաշտոնապես հայտարարվում էր, որ փոփոխությունները ԵԽԽՎ-ի անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունների շրջանակում են, բայց դա չէր գլխավորը: Նոր նախագահը նոր խաղի համար խաղի նոր կանոնների կարիք ուներ: Երկար-բարակ քարոզվում էին նախագահի իրավասությունները հօգուտ խորհրդարանի ու կառավարության կրճատման, իշխանության թևերի հավասարակշռման, զսպման մեխանիզմների ստեղծման կարևորությունն ու առավելությունները: Իրականում, սակայն, փոփոխություններն անիրական էին, որովհետև թե նրա իշխանության օրոք, թե հետո Հայաստանում գործում է հարաբերությունների կանոնակարգման շատ ավելի ազդեցիկ մեխանիզմ. անկախ օրենսդրությունից, ամեն ինչ որոշում է քաղաքական կամքը, մեկ մարդու կամքը՝ ՀՀ նախագահի: 10 տարի անց վերստին Սահմանադրության փոփոխության խնդիր է դրված, այս անգամ՝ արմատական. փոխել կառավարման համակարգ, նախագահականից կամ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնել, որտեղ պետության առաջին դեմքը դառնում է վարչապետը: Փաստորեն, յուրաքանչյուր նախագահ իր Սահմանադրությունն է ուզում ունենալ՝ հիմքեր ապահովելու իր իշխանությունը շարունակելու համար: Առանցքը վերստին մնում է իշխանությունը, ոչ պետականությունը, Սահմանադրությունը ծառայում է ոչ թե պետության կենսագործունեությանը, այլ իշխանության գործունեությանը: Հենց դա խոցելի է դարձնում սահմանադրական փոփոխության որևէ գործընթաց: Նախագծից մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, գործընթացն ի սկզբանե վստահություն չի ներշնչում, երաշխիքներ չի տալիս, որ Սահմանադրության հերթական փոփոխությամբ երկրում որևէ փոփոխություն կլինի:

1995-ից առայսօր Հայաստանում Սահմանադրության պատճառով որևէ քաղաքական ճգնաժամ չի եղել, ավելին՝ ամենաճգնաժամային իրավիճակներում Սահմանադրությունն ապացուցել է գործունակությունը: Հակասահմանադրական գործողություններ ձեռնարկել ու կատարել է իշխանությունը՝ միաժամանակ հայտարարելով, թե Սահմանադրության երաշխավորն է: Սա իրավական կազո՞ւս է, թե՞ քաղաքական աբսուրդ: Նախ՝ պետք է պատասխանել այս հարցին: Ի՞նչ տարբերություն ՀՀ շարքային քաղաքացու համար՝ նախագա՞հն է կառավարում երկիրը, վարչապե՞տը, թե՞ խորհրդարանի նախագահը, եթե բոլոր որոշումներն ընդունում է մեկ մարդ և հակառակ իշխանության թևերի հավասարակշռության, գործադիր իշխանությունից դատական համակարգի անկախության (խիստ երևութական), բազմակուսակցական քաղաքական համակարգի առկայության (շատ մեծ չափազանցություն) հավաստիացումների, և այլնի, և այլնի, այդ մեկ մարդն ունի անսահմանափակ իշխանություն, որը սահմանադրությամբ տրված չէ, բայց կա: Ամեն ինչ սկսվում ու ավարտվում է ընտրություններով, որոնք իշխանությունը, շրջանցելով Սահմանադրությունը, վերածում է ինքն իր ու ընդդիմության նշանակման: Ի՞նչ է փոխվելու խորհրդարանական կառավարման պարագայում: Նույնիսկ եթե ընդունվի 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Փոխվելո՞ւ են կուսակցական ընտրացուցակները կազմելու սկզբունքները: Անկախ Հայաստանի խորհրդարանական պրակտիկան ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ խորհրդարան նախորդին զիջում է գաղափարական ու քաղաքական պայքարի տեսակետից: Օրենսդրական ընդհանրական ինտելեկտի մասին ավելորդ է խոսել, բոլոր գումարման Ազգային ժողովներում առավելագույնը 20-30 պատգամավոր է օրենսդրական գործունեության ի վիճակի եղել, մյուսներն ունեցել են քվեարկողի կարգավիճակ, որ ավելի բարձր է դասվել: Այսինքն՝ կուսակցական խնդրից՝ մեծամասնություն ունենալուց, դուրս այլ խնդիր խորհրդարանը չի ունեցել: Հարկավ, ժողովրդավարության իմիջը ապահովվել է 5-6 կուսակցությունների ներկայացվածությամբ, բայց ի՞նչ համամասնությամբ: Իշխանության որակյալ ու բացարձակ մեծամասնություն լինելու փաստն ընդդիմությանը զրկել է որոշումների վրա ներգործելու հնարավորությունից: Նրանց մնացել է ձևական ֆունկցիա՝ կամ ընդդիմանալ՝ առանց հետևանքի, կամ՝ հարմարվել՝ կորցնելով դեմքն ու նպատակը: Հենց դա է խորհրդարանի քաղաքական կշռի, դերի ու նշանակության, պետական կառավարման համակարգում իրական գործոն լինելու հնարավորության զրոյացման պատճառը: Ի՞նչ նշանակություն ունի, թե գործող խորհրդարանի ոչիշխանական ուժերը քանի հարցի շուրջ են համաձայն, քանի հարցի շուրջ միմյանց ու իշխանության հետ տարաձայնություններ ունեն, որևէ որոշման ընդունման ժամանակ քաղաքական մեծամասնությունը քվեարկելու է իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով էլ բոյկոտելու է նիստը ու չի քվեարկելու, եթե կանոնակարգը թույլ է տալիս ընդդիմությանը, իսկ իշխանությունը նպատակահարմար չի համարում ընդդիմության առաջադրած օրակարգով արտահերթ նիստ հրավիրել: Եղել է, չէ՞: ՈՒ ի՞նչ: Համաժողովրդական ընդվզումը իշխանական պատգամավորներին վերադարձրե՞լ է դահլիճ ու պարտադրել քննարկել, որպես կանոն, կարևոր ու անհետաձգելի օրակարգերը: Ոչ: Քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները շատ կամ քիչ աղմկել են Բաղրամյան պողոտայում ու Դեմիրճյան փողոցում, հետո գնացել են տուն, որովհետև իրենց քանակով շատ քիչ են եղել որակ փոխելու համար: Այդպես ընդդիմությունը դարձել է ոչիշխանություն: Ոչիշխանությունն այսօր քաղաքական դաշտում անհասկանալի կերպարանք ունի: Նրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր աստղային ժամն ու այդ պահին միայն պարզել, որ դատարկ փամփուշտներով է կրակում: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հինգ տարվա տարբերությամբ ցույց տվեցին, որ հաղթել կարող են, հետո կրակն են ընկնում իրենց հաղթանակի ձեռքը: ԲՀԿ-ն երկու անգամ իշխանության մեջ լինելով՝ խորհրդարանական մեծամասնություն չդարձավ ու գերադասեց մնալ այլընտրանք՝ ֆորսմաժորային իրավիճակների պատրաստ լինելու, բայց չստեղծելու հանձնառությամբ: ՀՅԴ-ն մնաց միակ կուսակցությունը, որ հրաժարվել է նախագահական ու քաղաքական մեծամասնության հավակնություններից, գուցե այդ պատճառով է կողմ Սահմանադրություն փոխելուն: ՕԵԿ-ը երկրորդ անգամ որոշեց հեռանալ իշխանությունից, բայց ոչ թե ընդդիմություն դարձավ, այլ այլընտրանքի այլընտրանք: Խաղը բացահայտ չի ստացվում՝ արդյունքի տեսակետից: Կոալիցիայի կազմում էլ ՕԵԿ-ի օրենսդրական նախաձեռնությունները չէին անցնում, գործադիր պաշտոնների քվոտաները փաստացի ՀՀԿ-ն էր լրացնում, կոալիցիայից դուրս գալով՝ ՕԵԿ-ը իր քաղաքական կուրսը չփոխեց: Ընդամենը հընթացս պարզվեց, որ Հայաստանին Անվտանգության խորհուրդ պետք չէ, այլապես մայիսից թափուր չէր մնա ԱԽ քարտուղարի պաշտոնը:
Ինչո՞ւ է ոչիշխանությունը դեմ սահմանադրական փոփոխություններին: Բացառյալ ՀՅԴ-ն, որ նույնպես կարող է դեմ լինել, եթե իր առաջարկները չընդունվեն: Գուցե աբսուրդ հնչի, բայց նույն պատճառով, ինչ իշխանությունը նախաձեռնել է փոփոխությունները: Երկուսն էլ ամբողջ գործընթացը՝ սկզբից մինչև վերջ, տեսնում են քաղաքական հարթության մեջ: Միմիայն քաղաքական ու դարձյալ քաղաքական: Քաղաքական նպատակահարմարության սանդղակով են հաշվարկում «կողմ» ու «դեմ»-ի իրենց քայլերը: Բովանդակային քննարկում չի լինի, վստահ եղեք, նաև հայեցակարգի ու բուն փոփոխությունների տեքստի ներկայացումից հետո, որովհետև, կրկնում եմ, ի՞նչ տարբերություն՝ երկիրը նախագա՞հն է կառավարում, թե՞ վարչապետը, երբ օրենքը ստորադասված է իշխանական նպատակահարմարությանն ու կուսակցական շահին: Թղթի վրա կատարված փոփոխություններով կուրվագծվի պետական կառավարման նոր կառույց, որտեղ դարձյալ կգործեն նույն նպատակահարմարությունն ու նույն շահը: Բազմակուսակցական համակարգը չի կայանում, որովհետև կուսակցությունները ստեղծվում, լուծարվում, վերաստեղծվում, միանում, բաժանվում, միավորվում կամ առանձնանում են` չունենալով քաղաքական գործընթացներին մասնակցելու ռեալ հնարավորություն: Նրանց գործը դարձել է կամ իշխանության փառաբանումը (ինքնափառաբանումը), կամ իշխանության դատափետումը (զրոյական հետևանքով): Գործնականում քաղաքական կուսակցությունները դադարեցրել են գաղափարական պայքարը, նրանք չունեն նոր գաղափարներ, չունեն ծրագրեր ու իրենց ծրագրերը կենսագործելու մեխանիզմներ: Ինչ կա, կար 20, 10, 5 տարի առաջ: Նախընտրական քարոզարշավը նույնպես կորցրել է բովանդակությունը. իշխանությունը փառաբանում է ինքն իրեն ու նորանոր խոստումներ տալիս, ընդդիմությունը քարկոծում է իշխանությանը ու նույնպես խոստումներ է տալիս: Նրանց ծրագրերը տարբերվում են ձևակերպումների գրագիտության տեսակետից, ու նույնանում արտաքին քաղաքականության մեջ: Ինչո՞ւ, ուրեմն, քաղաքական տարրի բացակայությամբ ընտրողը ֆինանսական շահը չընտրի: Որքան էլ դա իր դեմ է գործում: Ընտրակաշառքը միշտ էլ ընտրողի գրպանից է դուրս գալիս՝ այդ մեխանիզմները տարբեր օրենքների տեսքով լավ մշակում է կառավարությունը, ավելի լավ վերամշակում խորհրդարանը, արագ վավերացնում է նախագահը: Համակարգը ինքն իրեն կվերարտադրի անվերջ՝ մեռյալ կետն ու տեղապտույտի կետը կհաջորդեն միմյանց: Շարժումը նպատակ, բովանդակություն, իմաստ ու ծրագիր ունեցող մարդկանց ու քաղաքական ուժերի մենաշնորհն է: Կգտնվե՞ն նրանք մինչև 2017-2018 թթ. համապետական ընտրությունները, թե՞ 2015-2016-ին արդեն ի հայտ կգան: Կարևորը այս հարցն է, ոչ թե սահմանադրական փոփոխությունները, որոնք ոչինչ չեն փոխում պետության ու քաղաքացու կյանքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՀՀ ոստիկանապետը քաղաքական գործի՞չ է, թե՞ պետական պաշտոնյա: Ոստիկանության խնդիրը իշխանության անդորրն ապահովե՞լն է, թե՞ հասարակական կարգը պահպանելը: Եթե գործում է Սահմանադրությունը, այս հարցերը պատասխան ունեն: Եթե Սահմանադրությունը չի գործում, ի՞նչ տարբերություն՝ հի՞նն է, թե՞ նորը:

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ