ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր Կերկապորտ երդիկը

Մեր Կերկապորտ երդիկը
05.09.2014 | 00:59

ՈՒշ էր։ Քրիստոնյա թագուհին արդեն բռնաբարվել էր սուրբ Սոֆյա տաճարում և, այո, աշխարհը փոխվել էր։ Հայտնի չէ` ով էր բաց թողել Կոստանդնուպոլսի բազմաթիվ դարպասներից ամենափոքրը` Կերկապորտ կոչված դուռը, որտեղից ներս խուժեցին թուրք սելջուկները, և ամեն ինչ ավարտվեց։


«Ճակատագրի Կերկապորտ դուռը», Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ՕԳՈՍՏՈՍ, ԹԵԺ ԱՄԻՍ

(նավարկություն)

Օգոստոսին տանիք էի բարձրանում։ Տեսարանը աննման էր, ձախից սրբազան հսկան էր` Արարատ լեռը, աջից` քառագագաթ Արագածը, որն ամռան տապին զովաշունչ զեփյուռներ է «գործուղում» դեպի քաղաքամայր։ Համայնապատկերի կենտրոնում դղյակաշարն է, ազգային-պետական տնտեսության գերագույն բոսերից մեկի հերթական «պետականաշեն» քմահաճույքը։ Այն, ի դեպ, տուֆակերտ է և անսպասելիորեն հոյաշեն։ Այս բերկրալից հովվերգության արդյունքում, հասկանալի է, որ արևայրուքս միջերկրածովային է, մտորումներս էլ` լեռնաղբյուրի ջրի պես կենարար։ Այո, անցած օգոստոսին ուշագրավ եղելություններ ի պահ հանձնվեցին 3-րդ հանրապետության պատմագրքին, հիշենք դրանք, քանի դեռ պատմության փոշին չի խառնել սուտն ու ճշմարիտը։

«Հաղթանակ» զբոսայգուն դիմահայաց գերշքեղ դղյակների, պալատների և այլ բաբելոնական հրաշապատումների թաղամասը պարսպապատվեց, հուսալիորեն կորավ բազմատանջ մեր հանրության աչքից։ Ոմանք պնդում են, թե պարիսպը հակահեղաշրջումային տրամադրությունների փոշիացման նպատակով ծնվեց, զի հրաշապատում-թաղամասը անզոր ցասման բացիլներ էր սերմանում ժողովրդի հոգիներում։ Սակայն այնտեղ, ըստ իս, պետականակերտ մի խնդիր է լուծվում, պարսպից այն կողմ դղյակներն ու պալատները անաղմուկ կազմաքանդվում են և վերստին կառուցվում։ Այսինքն` գալիք գարնանը պարիսպը կվերանա և մեր աչքերը կշոյեն մեկհարկանի առանձնատներն ու դրանց կից պարտեզները, Բողար շունն էլ ոմանց բակում կապված։ Այս ամենը, անկասկած, իրապատում-հեքիաթի ժանրից է։ Զուգահեռ պարսպի կառուցմանը երկու լրջագույն այրեր հիմնավորեցին հայոց նորագույն շրջանի արտագաղթի հենքային կարևորությունը հանրապետության վերջնական կայացման և հայության անվերապահ զարթոնքի գործում։ Այս ամենը հուսադրող է, և հասկանալի է, որ հոգեկան մեծագույն մակընթացություն ապրեցի, երբ Համալիրը ի պահ հանձնվեց ՊՆ-ին, «Միկա» խաղադաշտն էլ` ՀՀ ֆիննախին։ Ցնծա, երկիր Նաիրի, վերջապես մեր պետական սեփականության հաշվեկշռում պետական կառույցներ ծլարձակեցին և հակակշռեցին ՀՀ վարչաբյուրոկրատական աշխարհազորին։ Սպասելի է, անկասկած, մարկետմոլերի ցանցի և խաղատնային համացանցի նվիրաբերումը ազգային մշակույթին, մանկատներին և ծերանոցներին, թատրոններին, թերևս նաև Երևանի կենդանաբանական այգուն։ Չէ՞ որ մինչ օրս ազգային մշակույթին և հոգեշահ մյուս կառույցներին բյուջեից սովորաբար հատկացվել է միայն այն, ինչը զարմանալիորեն մնացել է կառավարության կարիքներն ու օրենսդիրի պետքերը լիուլի բավարարելուց հետո։ Այսինքն` ֆինանսական թափոնը։ Մի խոսքով, արտագաղթը այսօր երկրի համար փրկօղակ է, պարիսպն էլ մեր անկախ հայրենիքի փրկագինն է։ Հավանաբար այսպես է իսկապես։

Ո՞Վ Է ԶՈՀԸ, ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՆՈՑԸ ՄՆԱՑ ՄԱՅԹԻՆ

(նավաբեկություն)

Անկեղծ ասած, օր օրի համոզվում եմ, որ մի բան է ՀՀ-ում գլխաշրջվել, և այն անհապաղ պիտի ուղղել։ Իշխանությո՞ւնն է գայլը (դահիճը), հանրությունն էլ գառը (զոհը), թե՞ ճիշտ հակառակը։ Ըստ իս, զոհը իշխանախավն է, դահիճը` մենք։ Նման բարձրադղորդ հայտարարությունը, այն էլ ձեր խոնարհ խոսափող երդվյալ ընդդիմադիրի կողմից, վստահաբար պիտի որ լուսաբանվի և ամրապնդվի փաստերով։

27 օգոստոսի, 2014 թ., ժամը 18.30 րոպե։ Բաղրամյան և Պռոշյան փողոցների հատման բաղրամյանական հատվածում, զորավարի փառահեղ ձիարձանին հանդիպակաց շարժական մի գրախանութ էր տեղակայված։ Աջից միջին տարիքի մի տղամարդ էր, հագուկապը տեղը տեղին, այսինքն` ոչ սեկընդհենդային։ Ձախ թևում գրախանութ-վահանակը հսկում էր երիտասարդ կինը, ակնհայտորեն ոչ անապահով խավի։ Հոգիս մի այնպիսի վերելք ապրեց, որպիսին (լավ եմ հիշում այդ օրը) ապրեց 24 տարի և 4 օր առաջ, երբ հնչում էր Անկախության հռչակագիրը։ Ամռան տապին մարդիկ լողափը թողած հայ գիրն ու միտքն են նվիրաբերում։ «Դիտարան», սա էր գրախանութ-վահանակի հսկիչ գրքույկը, ասել է թե` «Եհովայի վկա» կեղեքիչ աղանդն էր ամոքիչ արշավ նախաձեռնել։ Եվ այսպես էր մայրաքաղաքի այլ բանուկ հատվածներում ևս։ Երբ վրդովված այպանեցի ստահակին (ենթատեքստում նաև ստահակուհուն), ստացա հաղթական պատասխանը. նախ, որ «լիքը մարդ է իրենց թույլատրել սույն հոգեորսությունը» (ստահակի խոստովանանքն էր), այնուհետև` «Դուք առաջինն եք, ով վիրավորում է մեզ» (ստահակուհու «դատավճիռը»)։ Բայց քանի ոչաղանդավոր ՀՀ քաղաքացի էր այդ օրը անցել այս բացօթյա որջի կողքով։ Անցել էր լռիկ ու անտարբեր։ Իշխանությունների և կառավարության դերն այստեղ չեմ էլ տեսնում, քանզի նրանք ի սկզբանե (Հռչակագրի ընթերցման հաջորդ օրվա առավոտից) որդեգրել են «գաղութ-հանրապետություն» պետական կառավարման ձևաչափը, ձեռքներն էլ լվացել են պիղատոսաբար (ինչպես ամենուր, ցանկացած լավի ու վատի, բարու և չարի դրսևորույթում հայ պիղատոսականությունն էլ յուրովի է մարտաշունչ) և վայելում են պտուղները։ Այստեղ ամեն բան ավարտված է, զի ոչ հույսեր կան, ոչ էլ լույս է առկայծում մթնդած թունելի վերջում։ Այսինքն` իշխանությունը մեզ ձեռնոց է նետել, մենք այն թողել ենք մայթին։

ԻՆՉՊԵՍ ԱՇՈՏՅԱՆԸ ԻՆՁ «ԴԵՄ ՏՎԵՑ ՊԱՏԻՆ»

2006-ին «Կիզակետ» գրական-մշակութային և հասարակական-քաղաքական անկախ շաբաթաթերթում զրույցի հրավիրեցի քաղաքական նոր գործչի տիպար տիար Արմեն Աշոտյանին։ Հետաքրքիր հանդիպում էր, նրա կերպարում տեսա նոր քաղաքական դպրոցի ձևավորման մունետիկին։ Շոշափված խնդիրներից մեկով փորձեցի «պատին դեմ տալ» զրուցակցիս, այն է` ինչու է նժդեհյան ցեղակրոնության ջատագով իշխող կուսակցությունը հանդուրժում Նժդեհի անվան հրապարակում Սուրեն Սպանդարյանի արձանը։ Աշոտյանի պատասխանը այն ժամանակ թվաց սեթևեթանքի դասական նմուշ, զի նա պնդեց, որ դա իշխանությունների խնդիրը չէ, և հասարակությունը պիտի պահանջատեր լինի նման խնդրում։ Հարցս սրեցի, այսինքն` այդ ինչպե՞ս, դուրս գա հանրահավաքի՞։ Այո՛, եղավ պատասխանը։ Ժամանակը ցույց տվեց, որ տիար Աշոտյանն էր ճշմարիտը։ Այսինքն` նա էր ինձ «դեմ տվել պատին»։ Այսպիսով մենք լռեցինք, ազգային ռահվիրայի անունը կրող հրապարակում մինչ օրս բոլշևիկի հաղթարձանն է։ Մեկ այլ վայրում շուտով կտեղակայվի Նժդեհի ձիարձանը։ Այո՜։ Հրավառությունների թեմայով խոստացա այլևս չգրել, զի այն միայն «Իրատեսի» և նվաստիս «մենաշնորհը» չէ։ Խոստումս բնավ չեմ մոռացել, պարզապես օրինակը խստագույնս է բնութագրական։ 2014-ի օգոստոսի 13-ին (միջազգայնորեն ընդունված Ձախլիկների օրը) 23.05-ին մի դիվային հրավառություն սկսվեց բնակատեղիիս հարևանությամբ տեղակայված պանդոկներից մեկի բակից։ Դեռ առավոտից այնտեղ եռուզեռ էր, բազմաթիվ մանուկների ներկայությունը հուշում էր, որ գեղեցիկ մի արարողություն է կատարվելու. պարզվեց, որ կնունքի արարողություն էր։ Ահազանգեցի ոստիկանություն մեն մի նպատակով, պարզելու, թե ինչպիսին էր մի քանի տասնյակ բազմահարկերի բնակչության արձագանքը։ Հետաքննությունը վարող բավականին համակրելի ավագ լեյտենանտը ապշեցրեց ինձ. պարզվում է, որ որևէ բնակիչ (բախել էր 50-60 բնակարանի դուռ) որևէ հրավառության մասին տեղյակ չէ։ Այնինչ անգամ բազմահարկերի բակերում կայանված տասնյակ ավտոմեքենաների շչակներ էին «արթնացել» դիվային դղրդյունից։ Այսպիսով, հանրային մեր գիտակցությունը խոր ուծացման մեջ է, արժանապատվությունն էլ լրջորեն ամորձատված է։ Ակնհայտ էր, որ կնունքի արարողության մասնակիցները գերհարուստ-ամենաթող հանրային խավը չէին ներկայացնում, պարզ ու համակրելի ՀՀ քաղաքացիներ էին։ Սակայն յուրյանց տոնը փաթաթեցին տասնյակ հազարավոր մարդկանց պարանոցին նման ահարկու եղանակով։ Իսկ ինչո՞ւ լռեցին 50-60 ընտանիքները, որոնք կրակի առաջին գծում էին, ըստ իս, նրանց մեծամասնությունը կվարվեր նույն կերպ, այսինքն` կհրավառեր երկիր ու երկինք։ Ի դեպ, նշյալ գերխնդրի հետագա քննությունը այլ կերպ եմ շարունակելու։ Հինգ նամակ եմ «գործուղել» պատկան կառույցներին, զի «Վարչական իրավախախտումների մասին» օրինագծում (նախաձեռնությունը ՀՀ ոստիկանությանն է, այն շրջանառության մեջ է դրել ՀՀԿ-ական նազելի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը) շուտով փոփոխություններ են կատարվելու։ Պատկան կառույցներից (ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԺ, ՄԻՊ, Հանրային խորհուրդ և ԱՄՆ-ի դեսպան) բանական և բարոյական պատասխան եմ ստացել միայն ՀՀ առողջապահության նախարարությունից և ՀՀ ոստիկանությունից, և՛ պատվարժան նախկին նախարար Դերենիկ Դումանյանը, և՛ արժանապատիվ գործող նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնապես իրազեկել են հարգարժան կառավարությանը, որ հրավառություններն ու պայթուցիկները աղետալի ազդեցություն են գործում մարդկանց առողջության վրա։ Արգո ոստիկանությունն էլ հերթական անգամ հավաստում է յուր անմնացորդ պատրաստակամությունը` կենաց-մահու պայքար մղել հրավառողների դեմ։ Բայց չէ՞ որ մեր աննկուն իրավապահները սահմանափակված են օրենսդրական սարդոստայնով, որը շոշափում է զանազան չափորոշիչներ, շոյում է հրավառողների եռանդն ու նվաստիս գլխի տակ հերթական բմբլահանված բարձն է դնում։ Բայց գուցե պատգամավորները` դիմադիր-ընդդիմադիր-հլու և մարտաշունչ, գիտակցեն, որ յուրաքանչյուր երեկո անարգում, հաճախ էլ լուրջ առողջական վնասներ են պատճառում սեփական ընտրողներին` լռելյայն խրախուսելով դիվային զվարճանքը։ Կեցցեք։ Եվ ամեն բան դառնում է ի շրջանս յուր, հանրությունը ցնցվում է հրավառության աղմուկից, բայց փողոց դուրս գալու փոխարեն գրպանում բռունցք է ցույց տալիս։ ՈՒրեմն դիվադադար պիտի լինենք, հանդուրժենք պիտի աղանդավորների աքացիները և վերջապես գիտակցենք, որ իշխանությունը մեր իսկ ծնունդն է, և նրան մենք ինքներս ենք խրախուսել մեր ուծացված արժեհամակարգով։ Եվ պահանջելու ոչինչ այլևս չունենք։

ԵՐԴԻԿԸ ԱՆԱՐԱՏ ՊԱՀԵՆՔ

(նավահանգստում)

Երբ և որ դարպասից մեր մեջ խուժեց Կերկապորտը, այնքան էլ էական չէ։ Պարզ է մեկ բան. անհրաժեշտ է անհապաղ ախտահանել մեր հոգու երդիկները։ ՈՒ փակել Կերկապորտ բոլոր դռներն ու դարպասները։

ՎրեժԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2365

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ