Գործընթացները ներքին և արտաքին քաղաքական բաղկացուցիչներում ձնագնդու թափ են հավաքում: Հետաքրքիր «զուգադիպությամբ» այն պահին, երբ Բաքվում էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը` համոզելու Ալիևին անդամակցել Եվրասիական միությանը, ԵՄ-ի հետ ասոցացվող Թբիլիսիում էր Սերժ Սարգսյանը:
Ընդ որում, Թբիլիսի մեկնելուց առաջ ՀՀ նախագահը հանդիպեց Հայաստան ժամանած «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վ. Յակունինին, ինչն էլ իր հերթին ակնարկ էր բոլոր «ծագերին», որ Սերժ Սարգսյանը փորձում է Թբիլիսիի և Ռուսաստանի, այն է` եվրասիական Հայաստանի ու ասոցացվող Վրաստանի միջև կամուրջ գցել ու անցնել դրա վրայով: Իհարկե, այդ կամուրջը կատարյալ կլիներ, եթե Յակունինի երկաթուղին անցներ Վրաստանով` գար Հայաստան. այն է` աբխազական «գիծը» գործարկվեր, ինչն էլ Սերժ Սարգսյանի այցի նպատակներից մեկը պետք է համարել` որպես հաճելիի համակցում օգտակարի հետ. Ալիևի հետ՝ Ռուսիո շահերը Ղարաբաղի հաշվին տարուբերել ցանկացող Լավրովի «ֆոնին»:
Ընդ որում, այս այցերի համապատկերում (վաղը Հայաստանում կլինի նույն Լավրովը), Սերժ Սարգսյանը հարկ համարեց հարցազրույցով հանդես գալ։
Առաջին հայացքից կարելի էր կարծել` հարցազրույցում հզոր ակնարկներ չկային: Այնուհանդերձ, խորհրդարանում հաջորդ օրը տեղի ունեցող «դավադրական գործընթացները» եկան ասելու, որ կար մեսիջ և բավականին էլ հզոր: Այնքան հզոր, որ խառնեց խորհրդարանի ստատուս քվոն: Քանզի ոչիշխանական քառյակին և նրա հետևում կանգնածներին հասկացրել էր, որ սահմանադրական բարեփոխումների, կուտակայինի մասով իշխանությունները կես միլիմետր իսկ չեն զիջելու:
Սակայն հարցազրույցի հիմնական մեխը դա չէր, անգամ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու փաստը չէր, այլ այն ակնարկը, որ ունենք երկրորդ հայկական հանրապետություն, և որ Հայաստանը բոլոր միջազգային կառույցներին անդամակցել է բացառապես առանց այդ երկրորդ հանրապետության, այնպես որ, Եվրասիականի մասով որևէ նորություն չկա Նազարբաևի ասած «տհաճ» մտքերի մեջ, և պետք չէ Ղարաբաղը պաշտպանել Սերժ Սարգսյանից:
Հասկանալի է` ում կամ «ումոնց» մասին է խոսքը, սակայն այս դրվագում կար ավելի կարևոր բան: Սերժ Սարգսյանի ակնարկը` միջազգային և ընդհանրապես բոլոր կառույցներին Հայաստանի` նույն սահմանով անդամակցելու մասով:
Այո, խնդիրն այս դեպքում և առաջին հերթին վերաբերում է ոչ այնքան Նազարբաևի նշած ՄԱԿ-ի անդամակցությանը, որքան ՀԱՊԿ-ին, որի անդամ է նաև Ղազախստանը: ՈՒստի հարց է առաջանում՝ ո՞ւմ ականջում էր քնած Նազարբաևն այն ժամանակ, երբ Հայաստանն անդամակցում էր ՀԱՊԿ սահմաններով. մանավանդ որ Ալիևը միշտ է հարբեցող եղել ու միշտ է ունեցել նավթ:
Հասկանալի է, Ռուսաստանին այս պահին դա է ձեռնտու, դա է «հնչում» Նազարբաևի շուրթերից, որպեսզի Լավրովը հարմար դիրքերում լինի Ադրբեջանում: Այն Նազարբաևի, ով շատ է ցանկանում Եվրասիական միությունը տեսնել թրքալեզու ազգերի հանգրվան, ուր, ճիշտ է, գերակա կլինի Ռուսաստանը, բայց թրքալեզուների «պապան» կլինի ինքը, ուստի փորձում է այնտեղ քարշ տալ ՈՒզբեկստանին, Թուրքիային, Ադրբեջանին… Մի խոսքով, ում պատահի, սակայն անարդյունք:
Փորձենք կանխատեսել. երբեք ու ոչ մի դեպքում Ադրբեջանը մաս չի կազմի այդ կառույցին:
Խաղե՞ր: Որքան ուզես. կտա-կառնի, «կբազարվի»-կհարբի։ Սակայն մաս կազմել այդ կառույցի՞ն:
Երբե՛ք։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ