(սկիզբը` այստեղ)
Ակնհայտ է Թուրքիայի տարբեր քաղաքներում ցանկացած պատրվակով հակակառավարական ելույթների կտրուկ ակտիվացումը, որ ընդգրկում է նույնիսկ Անկարան ու Ստամբուլը, քրդերի ու ալավիների կտրուկ ակտիվացումը Թուրքիայի հարավում ու հարավ-արևելքում: Ո՞վ է նրանց թիկունքում: Թերևս, ոչ միայն ԱՄՆ-ը` ինչ-որ ձգտումներով Թուրքիայի ու Կովկասի վերաբերյալ: Այս ենթադրությունը հիմնվում է այն պոստուլատին, որ Քրդական շարժումը (քրդաբնակ բոլոր երկրներում) երբեք միավորված չի եղել և չի ղեկավարվել մեկ կենտրոնից, երբեք մոնոլիտ ու միատեսակ չի եղել: Առավել ևս դժվար է ենթադրել, որ Թուրքիայի ալավիների համայնքները ներառված են Թուրքիայում արտասահմանյան հետախուզական ծառայությունների գործունեության մեջ (գուցե միայն` բացառելով Սիրիայի հատուկ ծառայությունները): ՈՒ այդ ընթացքում Էրդողանը, Նազարբաևն ու Ալիևը հանդիսավոր ու պաթետիկ Բոդրումում անցկացնում են «Թուրքական միության» չորրորդ հավաքը ու… ըստ էության, սպառնում են մյուս երկրներին: Նկատի ունեմ մի քանի հանգամանք, ի դեպ, չափազանց վնասակար Հայաստանի ու հայերի շահերի տեսակետից:
1. Ղազախստանի նախագահ Նազարբաևը հունիսի 5-ին արդեն պաշտոնապես հրավիրեց Թուրքիային անդամակցելու ԵՏՄ-ին: Հաշվի առնելով, որ հունիսի 15-ից հուլիսի 1-ի միջակայքում պետք է լուծվի այդ կառույցին Հայաստանի անդամակցության հարցը, մեր երկրի ղեկավարությունը, նվազագույնը, լրացուցիչ հարցեր ու հարցապնդումներ պետք է ուղղի Ռուսաստանի ղեկավարությանը նախ և առաջ: Որովհետև մենք հիանալի հիշում ենք` ինչ տարատեսակ նախապայմաններ է դնում Թուրքիան, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին ու Արցախին: Անթույլատրելի է, որ առանց հաշվի առնելու երկրի տեսակետը, որ արդեն համաձայնել է միանալ եվրասիական ինտեգրմանը, ինչ-որ մեկը այնտեղ է հրավիրում Թուրքիային, որ չի ցանկանում ոչ միայն ընդունել հայերի ցեղասպանությունը, այլև ընդունել իր նենգ ու ապակառուցողական դերը Արցախյան պատերազմում: Հայկական երկու պետությունների և՛ իշխանությունները, և՛ հանրությունը պետք է բարձրաձայն հիշեցնեն Ռուսաստանին ու մյուսներին, որ Թուրքիան հայ ազգի համար չի դադարում Թուրքիա լինելուց` հայերի ցեղասպանության կազմակերպիչ ու իրականացնող երկիր, Ադրբեջանի ռազմական դաշնակից, որը նույնքան պատասխանատու է պատերազմի պարտադրման համար, որքան Ադրբեջանը, այն պատճառով, որ մեզ Թուրքիան «առաջարկում են» ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից: Ագրեսորը և ագրեսորի աջակիցը չեն կարող մեզ հետ գտնվել միևնույն կառույցում: Դա վերաբերում է ոչ միայն ԵՏՄ-ին, այլև առանց բացառության բոլոր կառույցներին` ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին և այլն: Բացառություն կարող է լինել միայն ՄԱԿ-ը` իբրև պետությունների համաշխարհային կազմակերպություն: Ընդհանրապես, խելքից դուրս է` ինչպես են ապրիլից Հայաստանի ղեկավարությանը համառորեն «մշակում» ԱՄՆ-ն ու Շվեյցարիան` թե, ախ, ինչքան ուրախ կլինենք մենք, եթե Հայաստանը վերականգնի Թուրքիայի հետ հարաբերությունների «նորմալացման» գործընթացը: Թուրքերը «մեսիջներ» են օդ նետում: Հիմա էլ արդեն «Արևելքից» թուրքամետների փաղանգն է փաստացի իբրև «պարտադիր նվեր» մեզ նետում Թուրքիայի հնարավոր անդամությունը ԵՏՄ-ին: Բայց հանուն ինչի՞: Եվ Հայաստանի ղեկավարությունն ընդառաջ է գնում: Մոտավորապես 2-3 տարվա խոսակցություններից հետո, որ «գնդակը թուրքական դաշտում է», նախագահ Սերժ Սարգսյանը, տեսեք-տեսեք, հրապարակավ Երևան է հրավիրում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլին… մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Այսինքն ի՞նչ: Երևանում 2015-ի սգո արարողությունները հավասարեցված են «ֆուտբոլային դիվանագիտությա՞նը»: Բայց ֆուտբոլը վաղուց ավարտվել է, և մենք տանուլ ենք տվել: Դիվանագիտական հարթակի վրա պարտությունը չի արձանագրվել միայն այն պատճառով, որ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի կողմում «խաղում են» հիմնականում բոլորովին էլ ոչ թուրքերը և հայերը: Ճիշտ է, հիմնական «խաղացողները» կիսաստվերում են: Գուցե Հայաստանի ղեկավարությունը «հիմնական խաղացողներից» որևէ մեկից արդեն ստացել է «հրահանգ» պարտադիր համաձայնության և հայ ազգի պարտության Հայոց ցեղասպանության հարցում ևս: Դատելով ԱՄՆ-ի իշխանությունների քայլերից, որ գործնականում իրենց իսկ դատարանների «թթվածինը փակել են» ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների ապահովագրական գումարների վճարման հայցերով, «հրամանը» Հայաստանի իշխանություններին տրվելու է Վաշինգտոնից: Հիմա մեր ունեցածը ազգային ղեկավարությո՞ւն է, թե՞ ԱՄՆ-ի մարիոնետկա:
Սակայն տեսնելով ինչպես են կաշվից դուրս գալիս «նազարբաևներն» ու «իլհամալիևները» ու շարունակում են ստոյիկաբար լռել Ռուսաստանի իշխանությունները, պետք է ընդունել, որ Հայաստանը հարկադրված է նոր դաշնակիցներ որոնել` ոչ Արևելքում Հյուսիսի հետ, ոչ Արևմուտքում: Թուրքերի ու Թուրքիայի պարտադրումը մեզ` հայերիս, միատեսակ բացասական գործընթաց է, երբ փորձում են անել ամերիկացիները, ռուսները կամ ղազախները: Իսկ որտե՞ղ գտնենք նոր դաշնակիցներ` առանձին խոսակցություն է:
2. Հենց թուրքական պետությունների ղեկավարների Բոդրումի հանդիպման օրերին Թուրքիան մի կողմից` սկսեց ամրապնդել իր կայազորը Սիրիայի տարածքում, իսկ մյուս կողմից` ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում Վիլնյուսում (հունիսի 1-ին) արգելափակեց թուրքական ագրեսիայից հետո Քեսաբի իրավիճակի քննարկումը: Թուրքիային բավական էր ի պատասխան հայտարարել, որ «Անկարան առնչություն չունի Քեսաբի իրադարձությունների հետ» և աջակցություն ցույց չի տալիս Սիրիայի արմատականներին, որ ամերիկացիներն ու եվրոպացիները… մոռանան Հայաստանը: Թեպետ բոլորին վաղուց ու հիանալի հայտնի է, որ Սիրիա ահաբեկիչների ներխուժումների 90 %-ն իրականացվում է հենց Թուրքիայի տարածքից և հենց Թուրքիայում են բուժվում ու վերականգնման կուրս անցնում վիրավոր ահաբեկիչները: Այդպիսով, ՆԱՏՕ-ն իր օրհնությունը տվեց թուրքերին շարունակելու հայերի ցեղասպանությունը Կիլիկիայում ու Սիրիայում: Զարմանալի է, որ կատարվածի մասին Ազգային խորհրդարանում իր զեկույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նորմալ համարեց ՆԱՏՕ ԽՎ-ի անդամ երկրների պասիվությունը: «Դրսևորված պասիվության մեջ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք գործ ունենք ռազմաքաղաքական դաշինքի հետ` ի դեմս ՆԱՏՕ-ի, որտեղ դաշնակիցները հրապարակավ միմյանց չեն մեղադրում այդքան զգայուն հարցերում»,- ասաց պարոն Պողոսյանը: Գուցե Թուրքիայի խնամակալների ու տերերի` նրանց դաշնակից ամերիկացիների համար նորմալ է: Բայց ինչո՞ւ պիտի Հայաստանում նորմալ համարեն և «ըմբռնումով» վերաբերվեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական դաշինքին: Ասենք, ինչ սպասենք մեր խորհրդարանի ամերիկամետ խմբակցության պատգամավորից: Ակնհայտորեն «Ժառանգությունում» ոչ ոք սեփական կարծիքի իրավունք չունի:
3. Բոդրումում աշխարհին հայտարարվեց «հնի մասին նոր երգի» վերաբերյալ: Թուրքերը «մտադիր են հզոր միություն ստեղծել»: Ինչո՞ւ, հանուն ինչի՞ կամ ո՞ւմ դեմ` պարզ է, եթե «շուտով Բաքվում կգործի թուրքական մշակույթի ու ժառանգության հիմնադրամը» հայտարարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Եվ նույն օրը, հունիսի 6-ին, տարածվում է հաղորդագրություն, որ «առաջիկայում Ադրբեջանում կանցկացվեն համատեղ զորավարժություններ Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ: Ադրբեջանական կողմից գումարտակների մակարդակով, թուրքական` վաշտերի»: Զորավարժությունները կանցկացվեն դաշտային ու շտաբային պայմաններում: Կարծես թե զարմանալի ոչինչ չկա: Դաշնակիցներ են, վերջին համատեղ զորավարժությունները աշնանն են անցկացրել, ամեն ինչ տեղավորվում է երկու երկրների ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Բայց զուգադիպությո՞ւն է, որ հենց վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն տարածեցին, որ Հայաստանի բանակը «գրոհում է» ինչ-որ գյուղ Նախիջևանում: Հանրահայտ է, որ թուրքական ստորաբաժանումներ կան ամբողջ Ադրբեջանում, բայց նրանց առյուծի բաժինը տեղակայված է հենց Նախիջևանում: Եվ հիշենք, թե ինչ ասաց ամերիկացի փորձագետ ՈՒեյն Մերին: Որ Թուրքիան ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն է Անդրկովկասում: Համադրելով վերջին տվյալները, կամա-ակամա հիշում ես 2008-ի հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի իրադարձությունները: Այն ժամանակ էլ, մինչև Վրաստանը ագրեսիա կսկսեր Հարավային Օսիայի անկախ հանրապետության դեմ, «հաղորդագրություններ» էին ստացվում Ցխինվալիի շրջակա վրացական գյուղերի գնդակոծությունների մասին օսեթական կողմից: Իսկ հետագան ամբողջ աշխարհը գիտի` հնգօրյա «օգոստոսյան պատերազմը» և Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումը Ռուսաստանի կողմից:
Համաշխարհային քաղաքականության մեջ, ինչպես և պատերազմների խորացման տրամաբանության, պատահականություններ չեն լինում: Ավելի քիչ են լինում տարածաշրջանային իրավիճակներում: Թուրքիային թելադրող «խաղացողը» ԱՄՆ-ն է: Ադրբեջանին թելադրողը` Թուրքիան, թեպետ ամերիկացիները Ադրբեջանի վրա իրենց ներգործության բազում լծակներ ունեն: Եվ ահա մեր նշած տեղեկատվական իրականությունը: Նրանք ուրիշ բացատրություն չունեն, բացի նրանից, որ ԱՄՆ-ը և Թուրքիան նախապատրաստում են զինված սադրանք տարածաշրջանում` Նախիջևանը լինի, Հայաստանը կամ Արցախը: Մինչդեռ մայիսի 27-ին իրանական «Fars» գործակալությունը տագնապով հաղորդել էր, որ Իրանը հետևում է ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգերին, որ տեղակայված են Թուրքիայում, նկատվում է ուժեղացող ակտիվություն: «Թուրք պաշտոնական անձինք հավատացրին, որ երկրում տեղակայված ԱՄՆ-ի հրթիռային համակարգերը սպառնալիք չեն Իրանի համար, բայց մենք հետևում ենք նրանց»,- հայտարարեց Իսլամական հեղափոխության կորպուսի աերոտիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն «al-Alam» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նաև հայտարարեց, որ Իրանը լիակատար մոնիթորինգ է անում Պարսից ծոցի տարածաշրջանում` հավելելով, որ Իրանի անօդաչու ինքնաթիռներն այդ նպատակով օգտագործվող միջոցներից են: Իրանը չանհանգստանալու հիմքեր ունի, իսկ հիմքեր ունե՞ն Հայաստանն ու Արցախը: Բազմաքայլ ռազմավարական «խաղը» ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև մշտապես զարգանում է և հիմա հենց այն ժամանակն է, երբ երկու գերտերություններն էլ ի վիճակի են քայլեր ձեռնարկել, որ ուղիղ կամ անուղղակի սպառնալիք են պարունակում հայկական երկու պետությունների համար: Բայց ոչ միայն նրանք…
Որովհետև կա 4-րդ հանգամանքը` Իրանի նախագահ Հասան Ռուհանիի օրերս կայացած այցը Թուրքիա: Մի կողմ թողնենք Անկարայում գազային բանակցությունների, էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության տեղեկությունը: ՈՒշադրություն են պահանջում երկու փաստ. ա) Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ մամլո ասուլիսում (հունիսի 9) պարոն Ռուհանին ընդգծել է, որ «Իրանը և Թուրքիան միատեսակ հայացքներ ունեն տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների ու փաստերի վերաբերյալ», բ) նա իր թուրքական այցի արդյունքներով (հունիսի 11-ին) հայտարարեց, որ երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ փոխադարձ համաձայնությամբ ձևավորվել է ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ` նպատակ ունենալով ուժեղացնելու տարածաշրջանում փոխգործակցությունն ու քայլերի համակարգումը: Այս տեղեկատվության առանցքային բառը բնավ էլ «ռազմավարականը» չէ, այլ «առաջին անգամը»: Տարածաշրջանային իրավիճակը Թուրքիային մղել է դեպի… Իրան, վկայություններ կան, որ հենց Էրդողանն ու Գյուլը հիմա ավելի շատ Իրանի կարիքն ունեն, քան Թեհրանն Անկարայի: Սակայն Ռուհանին անում է այն, ինչ ցանկանում են թուրքերը: Իսկ դա մեզ չի կարող չանհանգստացնել. ստացվում է, որ հիմա «Թուրքիայի կողմից» են և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը, անգամ` Իրանը:
Հենց այս կետում պետք է վերադառնալ Մոսուլի գրավմանը ISIL-ի զինյալների կողմից: Նաև քրդական պրոբլեմին: Արդյո՞ք այս դեպքերը կողմնակի հետևանք են Բոդրումում ներթուրքական պայմանավորվածությունների և իրանաթուրքական բանակցությունների: Չի կարելի բացառել: Մի կողմից` Հյուսիսային Իրաքի քաղաքներում նախկինի պես սուր է էթնիկ փոքրամասնության` թուրքալեզու խմբերի խնդիրը: Հավելած թուրքերը վաղուց են երազում գրավել Մոսուլն ու Քիրկուկը` Իրաքի Քրդստանի երկու նավթով ու գազով հարուստ շրջանները: Մյուս կողմից` և Թուրքիան, և Իրանը առանձնապես ոգևորված չեն Իրաքի քրդական ինքնավարության «Մեծ Քրդստանի» վերաճումով` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի նորագույն ռազմավարական «խաղի» առանցքներից մեկով: Արդեն զարմանք չի հարուցում, որ Իրաքյան Քրդստանում պատերազմը սրվեց Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլա Օջալանի, որ ցմահ ազատազրկման է դատապարտված Իմրալ կղզում, և Թուրքիայի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության (ծԺկ) պատվիրակության անդամների հունիսի 1-ի հանդիպումից հետո: «Hurriyet Daily News»-ը գրեց, որ Օջալանը պատգամավորներին ասել է. «Ամենակարևորը` Թուրքիայի հետ խաղաղ գործընթացը նոր փուլ է մտել»: Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայտարարությամբ` նա երկու կողմերին կոչ է արել «խուսափել այն տեսակետներից, որ կարող են գործընթացին վնասել»: «Օջալանն ընդգծել է ԶԼՄ-ների կառուցողական դիրքորոշման կարևորությունը, հաշվի առնելով, որ մենք պատմական գործընթացում ենք», նշված է կուսակցության հայտարարության մեջ:
Թուրքիայի քրդերի ձգտումները վաղուց ու լավ հայտնի են: Անցյալ ամռանից նրանք իրենց պարտիզանական ջոկատներն այլևս հյուսիսային Իրաքի Կանդիլի լեռները չեն բարձրացնում: PKK-ի ուժերի գլխավոր հրամանատար Մուրատ Կարայըլանը այն ժամանակ մեղադրեց Անկարային խաղաղ պայմանավորվածությունները ձախողելու մեջ: Այս տարվա մայիսի 31-ին Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Ատալայը հերքեց խաղաղ գործընթացի ստագնացիան` հայտարարելով, որ կառավարությունը պատրաստվում է ինտենսիվ գործընթացի` համարձակ քայլերի միջոցով: «Ես չեմ խորանա նոր որոշումների բովանդակության մեջ, բայց կարող եմ ասել` որոշվել է աշխատել նոր «ճանապարհային քարտեզի» վրա և արդյունքների հասնելու արագ քայլեր ձեռնարկել»,- ասաց Ատալայը «Kanal 7» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մի՞թե այդ «արագ քայլերը» ISIL-ի ջոկատների ագրեսիան է իրաքյան քրդերի դեմ: Մայիսի 23-ին իրաքյան քրդերը Թուրքիայի տարածքով փոխադրեցին հյուսիս-իրաքյան նավթի առաջին խմբաքանակը: Հունիսի 4-ին Էրբիլում Իրաքյան Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարեց, որ Թուրքիան և Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը ստորագրել են քրդական շրջանից նավթի արտահանման 50 տարվա համաձայնագիր: Միևնույն ժամանակ Իրաքի փոխվարչապետ շիիթ Հուսեյն ալ Շահրիստանին սպառնաց դատական հայց հարուցել ընկերությունների դեմ, որ կգնեն քրդական ինքնավարությունից ստացված նավթը` անվանելով գործարքը «նավթի մաքսանենգություն»: Այսինքն` գործ ունենք թուրքերի պայմանավորվածության հետ Իրանի ու իրաքցի շիիթների հետ ընդդեմ քրդերի: Կամ տարածաշրջանային ուժերի դերը նվազագույնն է, իսկ նրանց թիկունքում, ինչպես ՈՒկրաինայում, թաքնվում են ԱՄՆ-ի ու Իսրայելի նավթային ու գազային շահերը: Բոլոր դեպքերում իրավիճակը սպառնալից է, այդ թվում` Հայաստանի և տարածաշրջանի հայկական համայնքների համար: Օրինակ, Մոսուլից պատերազմի պատճառով, մոտավոր տվյալներով, կես միլիոն բնակիչ է հեռացել: Նաև Մոսուլի հայկական համայնքը: Բոլոր դեպքերում, պատերազմի խորացումը, Նախիջևանի ապատեղեկատվական սադրանքների համապատկերում, լավ ոչինչ չի խոստանում: Քանի անգամ է տեղեկություն տարածվել, նույնիսկ Բաքվից, որ Թուրքիան և Ադրբեջանը խթանում են Թուրքիայի և Իրաքի քրդերի վերաբնակեցումը հենց Նախիջևանում ու հարթավայրային Արցախի հակամարտության գոտուն մերձակա շրջանում:
Իհարկե, Իրանն Իրան չէր լինի, եթե Թուրքիայի հետ Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի ստեղծմանը զուգահեռ տեղնուտեղը իրաքցի շիիթների հետ այլ համաձայնագիր չկնքեր` Թեհրանի պատրաստակամության մասին` «օգնել Իրաքին ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում»: Գործնականում դա նշանակում է, որ, ասենք, հենց թուրքական զորքերն անցնեն Իրաքի սահմանն ու շարժվեն դեպի Մոսուլ, Էրբիլ, Քիրկուկ, թուրքերին «ընդառաջ» ոչ պակաս արագությամբ կշարժվեն իրանյան զորքերը, որ, սկզբունքորեն, սահմանն անցնելու կարիք էլ չունեն` նրանք առանց այդ էլ տեղակայված են սահմանից բավականին հեռու իրաքյան տարածքում: (Դա, ի դեպ, պետք է հիշեցնել երևանցի ամերիկամետներին` ԱՄՆ-ի զորքերը առաջվա պես Իրաքյան Քրդստանում են, սակայն ոչ միայն երբեք ու ոչինչ չեն ձեռնարկել իրանցիների դեմ, երբ նրանք մտան Իրաք, այլև հիմա էլ ոչինչ չեն անում` դադարեցնելու համար Իրաքի սահմանամերձ շրջանների օկուպացիան Իրանի կողմից):
Արդեն տվյալներ կան, որ վարչապետ Էրդողանի նախագահ ընտրվելու դեպքում կստեղծվի խորհրդակցական խորհուրդ, որի անդամ կդառնան գործող կառավարությունում նրա մերձավորները, հաղորդել է Reuters գործակալությունը: Նոր կառույցը կարող է կոչվել «Իմաստունների խորհուրդ» կամ «ստվերային կաբինետ» և կվերահսկի կառավարության առանցքային խնդիրների կատարումը` էներգետիկ պրոբլեմներ, արտաքին քաղաքականության որոշ հարցեր և քրդական կարգավորումը, հաղորդել է իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության աղբյուրը: Արդյունքում` որոշ նախարարություններ կառավարության կազմում կունենան տեխնիկական դեր: Գործակալությունը գրում է, որ Էրդողանը դեռևս չի հաղորդել իր թեկնածության առաջադրման մասին 2014-ի օգստոսին նշանակված նախագահական ընտրություններում: Նրա մերձավոր շրջապատում համոզված են` որոշումն արդեն ընդունված է: 2014-ի մարտի 30-ի մունիցիպալ ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանը կարող է հաղթել նախագահական ընտրությունների առաջին փուլում, հատկապես, եթե ապահովի քրդական փոքրամասնության աջակցությունը: Իշխող կուսակցության աղբյուրը նշել է, որ կուսակցության ղեկավարությունը հաղթանակ է ակնկալում առաջին փուլում: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Էրդողանը չի կարող իր թեկնածությունը չորրորդ անգամ առաջադրել վարչապետի պաշտոնում համաձայն «Արդարություն և զարգացում» կուսակցության կանոնադրության, որն արգելում է կուսակցության անդամին երեք անգամից ավելի անընդմեջ պատգամավոր ընտրվել: Էրդողանի հետ 2015-ի խորհրդարանական ընտրություններին չեն կարող մասնակցել իշխող կուսակցության 73 պատգամավորներ, ինչը պատճառ կդառնա նախարարների կաբինետում և կուսակցության կառավարման մեջ նշանակալից վերադասավորումների:
Ըստ աղբյուրի` Էրդողանը ջանում է վարչապետ և իշխող կուսակցության նոր ղեկավար ընտրել այնպիսի մեկին, որ առանց պատգամավորական մանդատի չի մնալու և կարող է պաշտոնավարել երկու ժամկետ: Ֆավորիտների թվում են արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն և փոխվարչապետ Էմրուլա Իզլերը: Բարձրաստիճան պատգամավորները, որ կուսակցության կանոնադրության պատճառով չեն կարող ընտրվել, կանդամակցեն «ստվերային կաբինետին»: Խոսքը վերաբերում է արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին, էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին, փոխվարչապետներ Բյուլենտ Առինչին և Բեշիր Ատալային:
Թուրքիայում և Թուրքիայի շուրջ այսպիսի պատկեր է` 2014-ի օգոստոսի 10-ին նշանակված նախագահական ընտրություններին երկիրը մոտենում է «ներքին պարզաբանումների» գործընթացում, որտեղ ներգրավված են և՛ «Նուրչուլարը», և՛ տարատեսակ իսլամիստները, և՛ քրդերը, և՛ ալավիները: Բնականաբար, նաև արտաքին ուժերը: Պատահական չէր, որ Էրդողանը որոշեց հետաձգել Իսրայելի հետ վերջնական հաշտեցումը: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի յոթնամյա ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա անհրաժեշտ 51 % ձայները առաջին փուլում, երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 24-ին: Էրդողանը խաղում է` ոչ այն է վախեցածի դեր, ոչ այն է` լրջորեն վախենում է պետական հեղաշրջումից ու իր ֆիզիկական անվտանգությունից: Երկրի հարավի ու հարավ-արևելքի խմորումները շարունակվում են: Անկայուն Սիրիայի ու Իրաքի պարագայում այդ կողմից սպառնալիքը, նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, ռեալ և բազմաշերտ է: Արտաքին քաղաքական ճնշումները Ռուսաստանի ու Իրանի կողմից անխուսափելիորեն Թուրքիային հանգեցնում են Մոսկվայի ու Թեհրանի հետ «չվիճելու» անհրաժեշտությանը: Սակայն ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն (ստվերում` Իսրայելը), այնուհանդերձ, թուրքերին մղում են Ռուսաստանի ու Իրանի հետ առճակատման, եթե ոչ հիմա, ապա տեսանելի ապագայում:
Հայաստանի խնդիրը, որքան էլ տարօրինակ է, պարզունակ է: Առավել ուժեղ տերությունների այս բարդ ռազմավարական խաղերում պաշտպանել իր ազգային շահերը: Մեզ չի կարելի տուրք տալ ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին իր եվրասիական ինտեգրումով, ո՛չ Իրանին: Գերակայությունները նախկինն են` Արցախը և հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչումն ու դատապարտումը, «միությունները» կսպասեն: Իսկ եթե չեն սպասի, ծայրահեղ դեպքում, լիովին կարող են հետին պլան մղվել: Քանի որ կան որոշակի փոխշահավետ պարտավորություններ Ռուսաստանի ու Իրանի հետ, Հայաստանն իրավունք ունի այդ տերություններից պահանջելու իրենց քաղաքականության մեջ հաշվի առնել հայկական ազգային շահերը:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ