Դուք ասում եք` ձեզ վիրավորել են, ձեր իսկ խորհրդարանում, ինչ-որ լրագրող, որ Պուտինի «մարդու» համարում ունի, համենայն դեպս, իրականացնում է նրա կացնային, ոմանց գնահատականով` գեբելսյան քարոզչությունը, եկել, ձեզնից ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ է պահանջել, հակառակ դեպքում անվտանգության խնդիրներով, Ղարաբաղի կորստով սպառնալով: Իսկ այդ ամենը ձեզ չի՞ թվացել: Օրինակ` «РИА Новости»-ն գրել է. «Երևան, 11 մայիսի, Համլետ Մաթևոսյան. Եվրասիական միությունը ավելի հաջող կլինի, քան նոր աշխարհի ամերիկյան մոդելը, հայտարարեց «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստում Երևանում: «Եվրասիական մոդելը բազմանիստ աշխարհի մոդել է, որի դեպքում Հայաստանը կմնա հայկական, Չինաստանը` չինական, որի դեպքում ոչ ոք ոչ մեկին չի պարտադրի որևէ սոցիալական մոդել, ինչպես ամերիկացիները պարտադրում են իրենց համակարգը»,- ասաց Կիսելյովը` գոհունակություն հայտնելով այն փաստից, որ Հայաստանն ընտրել է եվրասիական ինտեգրման ճանապարհը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը չի ամաչում ագրեսիվ գերակայության մոդելի հաստատումից: «21-րդ դարի սկզբից ամերիկացիները սկսեցին կառուցել իրենց մոդելը, օգտվելով սեպտեմբերի 11-ից` աներկբա ագրեսիվ գերակայության մոդելը: Ռուսերեն դա կոչվում է «համաշխարհային տիրապետություն»: Մենք դա լսում ենք Օբամայի համարյա ամեն մի ելույթում` և Վեստ Փոյնթում, և Նորմանդիայում»,- ասաց Կիսելյովը: «Ամերիկան փորձում է ստեղծել աշխարհի նոր մոդել, ի հակակշիռ այդ մոդելի ստեղծվել է Եվրասիական միությունը, որ շատ ավելի հաջող է լինելու», հավելեց «Россия сегодня»-ի գլխավոր տնօրենը: Միաժամանակ նա կոչ արեց ուշադրություն դարձնել երկրում գործող արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպություններին: «Ոչ կառավարական կազմակերպությունները կարևոր լծակ են դառնում Արևմուտքի ձեռքում այս կամ այն պետության դեմ»,- ասաց Կիսելյովը: Այսքանը: Մի քիչ ռուսական քարոզչություն, պարտադիր հակաամերիկյան քարոզչություն, ու վերջ: Ի՞նչ է ասել ու ի՞նչ է արել Կիսելյովը Հայաստանում, Ռուսաստանին պետք է հենց այսքանը: Չշտապեք մեղադրել Համլետ Մաթևոսյանին: Նա գրել է այն, ինչ իրենից ցանկացել են, գրեր-չգրեր, ավելին չէր հրապարակվելու: Իսկ հիմա համեմատեք Կիսելյովի իրական և ներկայացված ելույթը և գնահատեք տարբերությունները: Համենայն դեպս, Ռուսաստանի համար կարևորը, որ Հայաստանը չլինի ու չդառնա ամերիկյան, չդարձավ` մոռանում է, որ կա նման երկիր, դարձավ` պայքարում է այդ երկրի համար: Ի հակակշիռ ստեղծված Եվրասիական միության անդամությունը պատվավոր աշխատանք է` պայքար աշխարհի ամերիկյան մոդելի դեմ, որը բնավ էլ տնտեսական մրցակցություն չէ: Աշխարհաքաղաքական հակամարտության հարթակ է, որտեղ գերտերությունները հավաքում են իրենց բանակները` մի կողմից Արևմուտքը, մի կողմից Ռուսաստանը, որպեսզի հաստատեն միմյանց նկատմամբ իրենց գերազանցությունը:
Ընդամենը: Միամտություն է կարծել, որ այդ համակարգերը երբևէ, համենայն դեպս, տեսանելի ապագայում, համագործակցելու են: Ոչ: Անգամ տնտեսական շահերը չեն կարողանում բուֆեր դառնալ. քաղաքակրթական ու արժեհամակարգային ներհակությունը շատ ավելի ուժեղ է: Ոչ թե տարբերությունը, այլ ներհակությունը: Սա հասկանալու համար մեզ պետք էր Կիսելյովը: Գետնաքարշ մեր գոյության թելադրանքով անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից մենք ազգովին հաշվապահությամբ ենք զբաղված` ո՞ր ապրանքը ինչքա՞ն կթանկանա: Կառավարության հավաստիացումով` նաև կէժանանա: Բայց ոչ մի էժանացում չի լինելու: Հաստատ: Լինելու է կյանքի որակի անկում, բարձր մաքսատուրքի պատճառով բարձրանալու են ոչ միայն պերճանքի առարկաներ թվացող արտասահմանյան ավտոմեքենաների գները, այլև կենցաղային տեխնիկայի` սառնարանների, լվացքի մեքենաների, հեռուստացույցների… Եթե, իհարկե, չեք ուզում տանն ունենալ բելառուսական հեռուստացույց ու սառնարան ¥դեռ սովետական մակնիշի¤, ղազախական տրիկոտաժ ու հագուստ, առավելագույնը` ռուսական: Նաև` առաջին անհրաժեշտության կարգավիճակ ունեցող սննդի: Բայց բոլոր թանկացումները չարյաց նվազագույնն են: Եվրասիական տարածքում գործելու է ռուս-բելառուս-ղազախական ժողովրդավարությունը` ցմահ նախագահների սահմանադրական համակարգով: Որևէ ընտրություն չունենալով` դուք գնալու եք ընտրության և նվազագույնը 88-99 տոկոսով «ընտրելու եք» ձեր իշխանությունը: Ինչպես և արել եք: Բայց հիմա այլևս դա լինելու է անբեկանելի ու ցմահ: Եվրասիական արժեհամակարգով աստիճանաբար ձեր առողջապահությունը հավասարվելու է շամանահեքիմական բուժակության, ձեր զավակները սովորելու են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի պատմությունը շաբաթական յոթ դասաժամով, հայ ժողովրդի պատմությունը` մեկ, ուսուցման լեզուն էլ` արդեն չասեմ… Քաղաքացիական ակտիվության վերջին նշույլներն էլ կխեղդվեն ձեր Բոլոտնայա հրապարակում: Չե՞ք հավատում: Դմիտրի Կիսելյովը պատրաստվում է Հայաստանում մամուլի միջոցների հետ համագործակցության ծրագիր իրականացնել: Հաշվեք` քանի՞սը կհրաժարվեն այդ «համագործակցության» էժան, իսկ իրականում ամենաթանկ փողերից հանուն հայրենասիրության: Չմոռանամ զգուշացնել` հանկարծ չսխալվեք ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիա-Մրազիլիա, Իսպանիա-Միսպանիա, Գերմանիա-Մերմանիա չեմպիոն դառնալու մասին չխոսեք հրապարակավ, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելու են ռուսները, եթե նույնիսկ դուրս չգան կիսաեզրափակիչ: ՈՒրիշ հաղթող ձեզ համար չի լինելու, եղա՞վ` «Գազպրոմը» գազի սակագինը կբարձրացնի: Երկրորդ սխալը ևս չանեք. Պուշկինի, Դոստոևսկու, Չեխովի, Պաստեռնակի, Ախմատովայի, Ցվետաևայի, Մայակովսկու ու Եսենինի Ռուսաստանը չորոնեք: Նրանք սպանել են այդ մշակույթը, եթե երբեմն հիշում ու փորձում են իրենց գաղափարաքաղաքական զենք դարձնել, սպանում են նորից: Ռուսական փառահեղ մշակույթը վերստին քաղաքականության սպասուհու կարգավիճակում է, ու չսպասեք, որ հետայսու ձեր մշակույթն այլ գին է ունենալու: Ձեր Չարենցների կոկորդը կտրելու են ձեր Զարյանների ձեռքով, իսկ իրենց ձեռքերը չեն աղտոտելու: Ավելին` իրենք են իրենց ասելու, որ սխալ են: Չե՞ք հավատում: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, ИА REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի օրերս ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթին: Կոլերովը գրել է. «Ես պարտավոր եմ համարում իմ կարծիքը հստակ ներկայացնել. Կիսելյովը Հայաստանի և Ղարաբաղի թեմաներով Երևանում արած իր անիմաստ ու անիրազեկ մեկնաբանություններով ոչ միայն բազմիցս տապալվել է, այլև ցուցադրել իր հիմարությունն ու անտարբերությունը ռուսերենի շուրջ հայտարարություններ անելիս: Կցանկանայի ավելի կոպիտ արտահայտվել, բայց չեմ փոխի իմ ոճը` հանուն այս խայտառակ միջադեպի: Ռուսաստանը հերթական անգամ արտասահմանում ինտելեկտի և ուժի փոխարեն բաց հետույքն է ցուցադրել», հրապարակել է Regnum ռուսական լրատվական գործակալությունը: Հետո ի՞նչ: Ոչինչ: Առավելագույնը բանաստեղծություն եք գրելու, մոտավորապես այսպես.
Պնակալեզ, պատեհապաշտ, բ-ի տղերք,
Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց,
Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք,
Ձեր արածը հիմա պիտի գա ձեր դիմաց:
Գալու է Ձեր զավակների պատկերն առած,
Որ քշվելով ձեր ավերից խեղված ու բութ
Անեծքով են օրհնելու ձեր սաղմը սառած,
ՈՒ դռնեդուռ մուրալու են ներում ու գութ:
Մուրալու են, չեն գտնելու լույսի մի շերտ
(Դուք չեք թողել, իսկ նա ինքնին չի բազմանում),
Եվ ձեր որդիք ամեն անգամ երբ ձեզ հիշեն,
Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում:
ՈՒ հերոս-հերոս գնալու եք տուն, որովհետև ձեր բանաստեղծ կեսը լրիվ հակառակն է ձեր քաղաքական գործիչ կեսին: Ձեր քաղաքական գործիչները առավելագույնը պատրաստ են լինել տերակոտե բանակի զինվոր: Չինական տերակոտե բանակը գոնե իր կայսրությունը պաշտպանելու համար էր կավից ծեփվել, ձերը` օտարի կայսրության համար է: Եվ երրորդ. վերջ տվեք անհեթեթ հոխորտանքներին. անկախ պետություն ենք, մենք ենք որոշում` ում հետ բարեկամություն անել, ում հետ թշնամություն, բանակ ունենք, մշակույթ ունենք, արժանապատվություն ունենք, ազգային գիտակցություն ու ինքնագիտակցություն: Ռուսական կիսելյովների փաղանգը պարբերաբար գալու է ձեր երկիր, «Համերով» պտտվելու է ու երբ ոտքը գետին դրեց` պարտադիր ձեզ ասելու է` ինչո՞ւ ձեր տաքսիստները ռուսերեն չգիտեն: Դա հին ռուսական ավանդույթ է` Մեդինսկուց Կիսելյով: ՈՒ դուք արդարանալու եք, որովհետև բարեկիրթ եք, շրջահայաց ու Մաքսային միության անդամ` Եվրասիականի հեռանկարով: Այդ դուք եք ձեր երկրում persona non grata, նրանք գալիս են իրենց ծայրագավառը ու թեկուզ բոմժ լինեն` ձեզնից Մոնոմախի գլխարկն են ուզելու: ՈՒ ստանալու են: Համաձայն կովկասյան հյուրընկալության կանոնների: Ռուսները գոնե ազնիվ են այնքան, որ երբեք չեն թաքցրել իրենց հավակնությունները, բիզնեսը ու ձեր հեռանկարները: Ազնիվ են այնքան, որ երբեք չեն ասել` դուք ընտրություն ունեք, ընտրեք, նրանք միշտ են ասել` մենք ընտրել ենք ձեր տարածքը մեր ռազմաբազայի համար, իսկ թե ձեր ժողովուրդը որտե՞ղ կապրի, մեզ համար մեկ է: Չե՞ք ուզում, Եվրոպա գնացեք, ԱՄՆ, մենք էլ կօգտագործենք ձեր սփյուռքը: Մի օգուտ պիտի՞ լինի ձեզնից, թե՞ կրակն ենք ընկել ձեր ձեռքը:
Ռուսերեն սովորեք, ռուսերեն: Քանի դեռ «Լեզվի մասին» օրենքը չեք փոխել, ժամանակ ունեք, ռուսերեն սովորեք` նոր քաղաքակրթության, բիզնեսի ու ռազմատեխնիկական համագործակցության լեզուն: Թագավորը միշտ գիտի` ինչ արդարացի որոշման է հանգելու ժողովուրդն իր խելքով: Կիսելյովները, որ գալիս ու գնում են, թեթևակի տարտղնում են ձեր ազգային դիմադրունակության անդամալույծ նյարդը, խտղտում ու վերադառնում իրենց ափերը: Դուք մի քիչ ալիք եք տալիս ու նույնպես վերադառնում եք նույն ափը: Պանդորան` ամենաօժտվածը, Պրոմեթևսի կրտսեր եղբոր` Էպիմեթեոսի կինն էր: Ամուսինն ասել էր, որ կիպարիսի փայտից դրվագազարդ սնդուկը հանկարծ չբացի, ոչ մի դեպքում չբացի: Բայց երբ ամենաօժտված կնոջն ասում են` չանես, նույնն է, թե` արա: Էպիմեթեոսն ասել էր` եթե բացես, ոչ միայն քեզ, ինձ, մեր զավակներին, ամբողջ աշխարհին սպասում են անթիվ դժբախտություններ: Ասել էր ու գնացել ծովափնյա զբոսանքի: Պանդորան երկար դիմադրեց գայթակղությանը, շատ երկար` համարյա մեկ ժամ ու համոզված, որ կիպարիսե սնդուկում ամուսինը թաքցրել է իր ծննդյան նվերը ու չի ուզում, որ ինքը ամբողջ երեք օր առաջ բացի, գնաց ու սնդուկը բացեց: Զևսի կամքով սնդուկի մեջ մնաց միայն հույսը, իսկ աղետները, ախտերն ու ձախորդությունները քամու արագությամբ սփռվեցին աշխարհով մեկ: Պանդորայի ձեր կիպարիսե սնդուկը դուք դեռ կիսաբացել եք, կբացեք հուլիսի սկզբին ու այս անգամ արդեն Զևսն էլ չի օգնի, հույսն էլ քամու արագությամբ կհեռանա ցանկալի ափեր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- ՈՒզո՞ւմ եք հակառակն ապացուցել: Թեհրանը մեկ ամսում երեք առաջարկ է արել` դեպի Եվրոպա գազամուղը կառուցել Հայաստանի տարածքով, Հայաստան-Նախիջևան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծել, Իրան-Հայաստան երկաթուղին վերագործարկել: Կիսելյովի մորը բարի խոսքով հիշելու փոխարեն արդեն Անկարա գնացած, բայց դեռ Երևանից հայացքը չկտրած Հասան Ռուհանիին «այո» ասեք: Գոնե մեկ անգամ: ՈՒ դադարեք վախենալ ձեր ստվերից: Ռուսաստանը հիմա ձեր դեմ չի պատերազմի, թեկուզ մի տասն անգամ Գյումրու ռազմաբազայում զորքի ռոտացիա անի: ՈՒկրաինան լրիվ հերիք է Կրեմլին: Ժամանակ դեռ կա, եվրասիական տարածքում մի զույգ կոշիկ մուժիկին տալու է միայն Իլյիչը: Իսկ նա, հանգստություն ոսկորներին, վախճանվել է 1924 թվականին:
Լեզվի մասին օրենքը վերնագրով խախտելու դիմաց պատրաստ եմ յուրաքանչյուր ընթերցողի համար անձնական թարգմանիչ դառնալ, բայց թարգմանությունը չի փրկի ճակատագրի մոյրաներից, եթե ի սկզբանե հանձնվել եք նրանց: