ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արձաններ, պատվանդաններ ու մակագրություններ

Արձաններ, պատվանդաններ ու մակագրություններ
10.06.2014 | 01:52

Հայաստանում իրարամերժ գործընթացների փառահեղ շրջան է սկսվել: Իշխանությունը, համարելով, որ վարչապետի փոփոխությամբ լուծված են ներքին հարցերը, իսկ արտաքին տհաճություններն անցողիկ են, և կարևորն արագորեն նվիրական փաստաթուղթը ստորագրելն է ու դափնիների վրա ամառային նիրհի անցնելը: Պատճառը նաև խորին ու անդարձ համոզվածությունն է, որ որոշելիքը որոշված է, անելիքը արված է, այլևս իրադարձություններն իրենք իրենց կզարգանան: Ի վերջո, ի՞նչ է կախված Հայաստանի իշխանություններից: Նույնքան և ավելի խոր քնի, համենայն դեպս, մինչև աշուն, պաշտոնական մտադրության մասին հայտարարեց ոչիշխանական քառյակը: Արդեն այսօր նրանք կհրապարակեն իրենց 12 կետերը, որտեղ կլինեն քաղաքական և տնտեսական շեշտադրումներ, ավելացրել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերում են Արցախի հիմնախնդրին: Իսկ հետո կանցնեն վաստակած հանգստի: Հասարակական ու քաղաքական քունը խանգարողներ էլ կան: Նրանք, որ անպատեհ պահի արթնանում են քնից և ուզում են, որ շրջապատի քունն էլ փախչի, երբ իրենք արթուն են: Ի լուր հանրության` Լևոն Տեր-Պետրոսյանը գծագրեց Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը` ընդամենը յոթ էջով: Արտաշես Գեղամյանը վերջերս ուղղակի զիջել է մամլո տեսաբանի իր դիրքերը, գեղամյանական դայջեստների հույժ անհրաժեշտ ավանդույթը շարունակելով, առաջին նախագահը վերլուծեց գործող նախագահի ծրագրային ելույթները` 10.04.2014, 13.04.2014, 24.05.2014, 27.05.2014, 29.05.2014, 31.05.2014 շրջագծում, և առանձնացրեց չորս հիմնական թեմաներ` նորանշանակ կառավարության խնդիրները, Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը: Իսկ հետո մաս-մաս քողազերծեց իրականությունը ու մեկնաբանեց: Մանրամասների մեջ խորանալու անհրաժեշտություն չկա` ասված է, ինչ ասված է: Բայց առաջանում են հարցեր` ոչ պակաս քան յոթ էջ, իսկ ամենագլխավոր հարցը` երբ մարդը խեղդվում է` ճիշտ ժամանա՞կն է նրան բացատրել հորդահոս գետի վտանգավորությունը լողալ չիմացողի համար, թե՞ պետք է նրան ջրից հանելուց հետո քաղպարապմունք անցկացնել: Ո՞րն է Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայաստանի չկործանման ճանապարհային քարտեզը: Արդյո՞ք ՀԱԿ-ը, իբրև կուսակցություն, քաղաքական ուժ ունի կասեցնելու կործանումն ու տանելու չկործանման, և ինչո՞ւ չի անում: Թե՞ առաջին նախագահը նոր քաղտեխնոլոգիա է յուրացնում` հակագովազդի և թաքնված գովազդի: 2007-2014` տևական ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղված է ախտորոշմամբ, բայց բուժման գործնական քայլ չի նախաձեռնում: Հիվանդի համար նշանակություն չունի` ինչով է հիվանդ, նա ուզում է առողջ լինել: Նրան պետք է լիարժեք կյանք, և իրականում բացարձակապես մեկ է` ով է բժիշկը ու ինչպես է բժշկում: Նրան պետք է առողջանալ: Իսկ բժիշկը նրա սնարի մոտ կանգնած ծանրակշիռ ու լուրջ մեկնաբանում է հիվանդության ընթացքն ու անվերջ ախտորոշում, ստեպ-ստեպ կրկնելով, թե որքան կարևոր է առողջ լինելը: Հոդաբաշխ ոչ մի խոսք` բուժման ու բուժվելու մասին: Ո՞Ւմ է դա պետք: Բժշկից բացի, որ այդ գործի համար վճարվում է: Եթե հիվանդը չի փոխում բժշկին, նրա ապաքինումը խստիվ կասկածելի է: Ո՞Ւմ համար են գաղտնիք Հովիկ Աբրահամյանի անցյալն ու ներկան, առավել ևս այն քաղաքականությունը, որ նա իբրև վարչապետ կարող է վարել ու վարում է: Լևոն Տեր-Պետրոսյանը ո՞ւմ աչքերն է բացում և ո՞ւր է ուղղում բացված աչքերի հայացքը: Գործնականում ոչ մի տեղ: Իսկ ի՞նչ արեց «հրաշալիագույն քառյակը», որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ չդառնա ու «դարակազմիկ բարեփոխումներ» չանի` «իդիոտիզմին» սահմանակցող:

Հարցը գուցե պատասխան ունի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը, բացի քաղաքական գովազդի ու հակագովազդի տեխնոլոգիայից, շարունակում է զարգացնել կուռքերի հաստատման ու կռապաշտության քանիցս իրեն վարկաբեկած ավանդույթը: Պարզվում է` «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով»: Այսինքն, այս երկրում ընդամենը մեկ խնդիր կա լուծելու` Գագիկ Ծառուկյանը դառնում է նախագահ, ու սկսվում է համահայկական դրախտը: Վերջ: Ի՞նչ տարբերություն Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև: Առաջին նախագահը Գագիկ Ծառուկյանին է տեսնում դափնեպսակով, երրորդ նախագահը, ընթացիկ խնդիրների լուծման համար, դափնեպսակն առժամանակ Հովիկ Աբրահամյանին է նվիրում: Աննկուն Ծառուկյանը հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորելուց, թեև ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7-8 նախարարի և 4-5 մարզպետի պաշտոն, իսկ աննկուն Աբրահամյանը դարձավ վարչապետ: Ո՞ր փուլում է Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտելու, որ տարբերություն երկու աննկունների միջև չկա: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանը չհավատաց առաջին նախագահի նոր լեքսիկոնին, իսկ երբ հավատաց` հակադարձեց. «Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, մի՞թե կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը: Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար: Այսքանը»: Ճիշտ է, ամբողջ պատասխանից միայն վերջին բառն է բովանդակալից, մնացածը ճարտասանություն է, որի այբուբենը Հովիկ Աբրահամյանի համար պարտադիր է, բայց ոչ պարտադրված: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն ճարտասանության, այլև սոփեստության լիակատար դասընթաց է անցել, այլապես Մաքսային միությանն անդամակցության անշրջելիության մասին «ավետելուց» հետո այլևս երբեք չպիտի ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի վերաբերյալ տեսակետ հայտներ: Անվայել է պարզապես: Նույնքան անվայել է Գագիկ Ծառուկյանի պայծառ կերպարից երկրի ապագա կերտելը: Հայաստանն ապագա կարող է ունենալ, երբ անցյալում թողնի նախորդ երեք նախագահներին ու նրանց սպասարկու անձնակազմին: Ամբողջապես: Բայց այդ ժամանակը թվում է անհասանելի ապագա, քանի դեռ գործող անձինք իրենց տեղը միայն պատվանդանի վրա են տեսնում: Լևոն Տեր-Պետրոսյանի բացահայտ ու համապարփակ, իրավակարգված ու անպարագիծ հիացումը վայելող Գագիկ Ծառուկյանը շարունակեց իր գիտնական դաշնակցի գործը և անցյալ շաբաթ իր պատվանդանից պատգամներ հղեց երիտասարդներին` հույժ իմաստուն, Լևոն Տեր-Պետրոսյանին հաստատելով` ԲՀԿ-ն չի ցանկանում այլևս կրտսեր գործընկերոջ կամ «պուճուր ախպոր» կարգավիճակում մնալ: Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ախտորոշեց. «Պահի հրամայականն է օր առաջ ազատվել այս ազգակործան իշխանությունից: Իսկ եթե դա մոտակա ժամանակներս չհաջողվի, և բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, ապա այդ հանրաքվեն, համազգային անվստահության ցույցի վերածելով, պետք է դարձնել իշխանափոխության վերջին, վճռական հանգրվանը»: Այսինքն, եթե մինչև նոր վարչապետի նշանակումը ՀԱԿ-ն ու «քառյակը» ապրիլի 28-ն էին վերջնաժամկետ նշել, ՀԱԿ-ն այսուհետ սպասելու է մինչև հանրաքվե: Արժե՞ր յոթ էջ դատափետել Սերժ Սարգսյանին իր սատելիտներով ու փառաբանել Գագիկ Ծառուկյանին իբրև սատելիտ, եթե հավարտ պիտի պարզվեր, որ իրապես Հովիկ Աբրահամյանը բոլորի կողմից ընդունված վարչապետ է: Գոնե մինչև հանրաքվե: Եվ, իհարկե, հետո: Ի վերջո, մի օր էլ կպարզվի, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ազգափրկիչ գործունեության առանցքում տեսնում է արտաքուստ Գագիկ Ծառուկյանին, իրականում` Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2008-ի մարտի 1-ը և հաջորդող իրադարձությունները եղել են ոչ Հայաստանում, ոչ իրականում, հնարված են` սեպ խրելու «ավազակախմբի» և նրա կառքին լծվածների դեպի հաղթակամար ընթացքի մեջ: Այսպես:
Մինչդեռ հայկական ճահճում լոտոսների վերադասավորում է, որը երբեք չի ստանալու ավարտուն տեսք, Հայաստանից դուրս Հայաստանին վերաբերող իրադարձություններ են դասդասվում, շատ ավելի կարևոր, քան ներհայաստանյան պատվանդանների շինարարությունն ու նոր արձանների տեղադրումը: Եվրասիական տնտեսական տարածքը սկսում է թուրքանալ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հավարտ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ ԵՏՄ ասոցացված անդամ: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևն էլ Բաքվում ասել է. «Ադրբեջանն արդեն օգտվում է ԱՊՀ ազատ առևտրի ռեժիմից, ու տրամաբանական կլիներ, որ այդ երկիրը միանար Եվրասիական տնտեսական միությանը, որը եվրասիական տարածքում Եվրոպական միության տիպի միավորում պետք է լինի»: Իհարկե, Բաքվում պարոն ՈՒլյուկաևին չեն ասել, որ Եվրամիության առկայությամբ առնվազն անհեթեթ է մտնել «Եվրոպական միության տիպի միավորում»: «Այո» չեն ասել, չեն ասել «ոչ»: Ո՛չ Անկարայից, ո՛չ Բաքվից «այո» կամ «ոչ» չի էլ ակնկալվում: Ո՛չ այսօր, ո՛չ վաղը: Կարևորը գործընթացն է, որ ԵՏՄ-ի նկատմամբ ուշադրություն ու խնամք է ապահովում: Ճիշտ է, թե՛ Անկարան, թե՛ Բաքուն հայտարարում են, որ առայժմ նման մտադրություններ չունեն, բայց նրանք գիտեն ճոպանը ձեռքից բաց չթողնելու ու հնարավորինս ձիգ պահելու քաղաքական կարևորությունը: Նուրսուլթան Նազարբաևը, փաստորեն, Իլհամ Ալիևի մամլո քարտուղարի գործը կատարեց` նրա մեջ ԵՏՄ ապագա գործընկերոջ տեսնելու հեռանկարով: Հայաստանն էլ ԵՏՄ հիմնադիր անդամ չդարձավ, որովհետև Հարավային Կովկասը դիտարկվում է իբրև մեկ միավոր, և հետխորհրդային տարածքի անկախ պետությունների գոյությունը ավելորդ շքեղություն է: Պատահաբար չի Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում օրերս հիշեցրել, որ ԵՏՄ-ն միայն տնտեսական կառույց չէ, զուգահեռվելու են քաղաքական ու ռազմական միավորման գործընթացները: Հիմա հասկացա՞ք ինչպես է բերել ԼՂՀ-ի բախտը, որ մնում է միակ անկախ տարածք: Իսկ ընդհանրապես ԵՏՄ-ում ոչ մեկին էլ չի հետաքրքրում` Հայաստան-Ղարաբաղ սահմանին կլինի՞ մաքսակետ, թե՞ չի լինի: Հետաքրքրում են բուն սահմանները, բայց բոլորովին այլ պատճառով: Ռուս-թուրքական տանդեմը միշտ Հայաստանի հաշվին է եղել` սկսած առաջին հանրապետությունից: Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս հարցում միայն մեկ տարբերություն կա` Ադրբեջանը մշտապես թիկունքում ունի Թուրքիային, որն ավելի անդավաճան է փոքր եղբոր, քան իր շահերին, Հայաստանը ոչ մեկի եղբայրը չէ և իր որբության մեջ կորցնում է նաև Հարավային Կովկասում ՌԴ-ի միակ դաշնակցի կարգավիճակը` ՌԴ արտգործնախարարության մակարդակով հայտարարվել է նախարար Սերգեյ Լավրովի այցը ռազմավարական դաշնակից Ադրբեջան: Դիվանագիտությունն ու քաղաքականությունը եվրասիական տարածքում երկվորյակներ են, նրանցից մեկը միշտ սպանում է մյուսին, որ չսպանվի ինքը: Երբ երկուսն էլ ողջ են, պատերազմում են երրորդ կողմի հետ: Այդպես էլ ապրում են:
Հայաստանում իրարամերժ գործընթացների փառահեղ շրջան է սկսվել և շարունակվելու է, այդպես ամեն ինչ շատ ավելի նման է ներքին ու արտաքին քաղաքականության ու դիվանագիտության առկայության: Այդպես նույնիսկ եվրաինտեգրումն է հնարավոր ինչ-որ սահմաններում ու ինչ-որ նպատակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Անաստաս Միկոյանի արձանի փոխարեն Երևանում և բոլոր մարզերում պետք է բրոնզաձույլ պատվանդանի վրա կանգնեցնել Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի համատեղ արձանը` իբրև մտքի և գործի փառաբանում, իսկ պատվանդանին պետք է գրել` «Ռոբերտ Քոչարյանին սպասելիս»: Ազգանվեր այդ գործը, սակայն, պետք է անել մեկ ու միակ պայմանով` Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանում է դայջեստների խմբագրի պաշտոնից, Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է համայն հայության բարերար հայր-կուսակցապետի կարգավիճակից: Եթե Ռոբերտ Քոչարյանն էլ հրաժարվի վերադարձից, համատեղ արձանը կունենա երրորդ կարևոր մասը ու պատվանդանի մակագրությունը հարկ կլինի փոխել` «Սերժ Սարգսյանին սպասելիս»: Երախտագետ հայ ժողովուրդը արձանախումբը կպահպանի նույնիսկ Նարեկ Սարգսյանի` ավելի բարեկարգ Հայաստան ունենալու անդուլ նկրտումներից։

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ