ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան երկու համանախագահների, ինչպես նաև հենց ԵԱՀԿ-ի սպասելի ակտիվացումը տխրահռչակ «ՈՒոռլիքի սկզբունքներից» հետո ընթանում է արցախ-ադրբեջանական հակամարտության գոտում ադրբեջանցիների չդադարող զինված սադրանքների մթնոլորտում։ Ահա հունիսի 5-ին էլ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Եղոյանը (ծնվ. 1988 թ.) և Բորիս Գասպարյանը (1992 թ.) ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով զոհվել են սահմանի հարավարևելյան (նախիջևանյան) ուղղությունում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքերում։ «Հակառակորդի այդ սադրանքը շփման գծում Ադրբեջանի ԶՈՒ վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է։ Դա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ հարևան երկրի իշխանությունները անտեսում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած նախաձեռնություն, խուսափում են խնդրի խաղաղ լուծումից, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանին և սպառնալիքի տակ դնելով բանակցային գործընթացը»։
2014 թ. հունիսի առաջին կեսն է։ Ինչպես երևում է, մենք նորից ստիպված ենք սրել մեր ուշադրությունը այն բանի հանդեպ, որ թշնամական կողմը 1994-ից ի վեր ամեն տարի ձգտում է հունիսը վերածել, դե, ասենք, 1992-ի հունիսի, երբ միջազգային «վարձկան ինտերնացիոնալի» աջակցությամբ Ադրբեջանը կարողացավ ժամանակավոր հաջողությունների հասնել արցախյան ռազմաճակատներում։ ՈՒստի և, երբ հունիսի 5-ին մեր պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին իրազեկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով երկու հայ զինծառայող զոհվեց, լեհ ներկայացուցչին առհասարակ կանչեցին պաշտպանական գերատեսչություն։ Երկաթը տաք-տաք են ծեծում. չէ՞ որ այցով Հայաստանում էր գտնվում ԵԱՀԿ գործող նախագահ շվեյցարացի Դիդիե Բուրկհալտերը։ ՈՒ ոչ ոք Հայաստանում և Արցախում չի մոռացել, որ ադրբեջանցիները շարունակ զինված սադրանքների և դիվերսիոն գործողությունների են դիմում հենց այս կամ այն իրադարձության, այցի, բանակցության ժամանակ։ Իսկ այստեղ, առհասարակ, օ՜ հրաշք, Բաքվում հավատում են իրենց «ծագող աստղի» զորությանը։ Բա ո՞նց։ Նույնիսկ Երևանում կան «քաղգործիչներ» ու «փորձագետներ», որոնք ասես բառացի կրկնում են պատերազմի անխուսափելիության մասին ադրբեջանական պետքարոզչության բարբաջանքները։ Տիկնայք և պարոնայք հայեր, դե, լավ, Բաքվում, ասենք, և այս մասին բազմիցս վկայել են հարևան հանրապետությունում ներկայումս ձերբակալված փորձագետներն ու քաղաքագետները, որոնք առաջ մեկ-մեկ Երևան էլ էին գալիս, ամբողջ պետքարոզչությունը և, փաստորեն, բոլոր լրատվամիջոցները, այդ թվում նաև «ընդդիմադիր», գտնվում են Ադրբեջանի անվտանգության նախարարության կոշտ ու սևեռուն վերահսկողության ներքո։ Իսկ Երևանում օրը ցերեկով ո՞ւմ «սազն են չալում» նրանք, ովքեր ձայն ձայնի կրկնում են ադրբեջանական պետքարոզչության հիմնական կետերը։ Ժամանակը չէ՞, արդյոք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հետաքրքրվի, թե ով է երևանցի, պայմանականորեն ասած, ադրբեջանամետներին հրապարակման «նյութեր» ու «հրամաններ» հրամցնում։
Ասենք, մեր, ավաղ, արդեն ոչ համերկրացիներին (քանի որ նրանք, ովքեր կամա թե ակամա կրկնում են թշնամու քարոզչությունը, արդեն հաստատ է, որ մեր երկրի քաղաքացիներ չեն) խստորեն դատել չենք կարող։ Ըստ էության, դրանք կամազուրկ մարդիկ են, որ հանկարծ «ախտահարվել են» Արևմուտքի հանդեպ սիրով։ Արևմուտքի և, իհարկե, նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ սիրո հարցում նրանք կույր են և կորցնում են դատելու ունակությունը, այնքան, որ «ՈՒոռլիքի սկզբունքները» ի վիճակի են մեր հանրությանը ներկայացնելու որպես «ռուսական հակահայ գործողության ձախողում»։ Մեկ անգամ ևս ուզում եմ մեր հասարակությանը հիշեցնել. Արցախի առնչությամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ ադրբեջանամետության առաջին դրսևորումները իրենց զգալ տվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբում ոչ անհայտ Մեթյու Բրայզայի համանախագահության օրոք։ ՈՒ մեկ անգամ ևս հիշեցնենք մեկ բաղկացուցիչ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը Երևան չի վերադառնա ընդհուպ մինչև հունիսի 12-ը, սակայն Վաշինգտոն մեկնելուց առաջ նա բարձրաձայն հավաստել էր, որ «ՈՒոռլիքի սկզբունքների» տեսքով Հայաստանի և Արցախի կապիտուլյացիայի պլանը իրականում «շատ ճշգրիտ արտացոլում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Ղարաբաղի հանդեպ»։ Դե, ինչպե՞ս կարող են Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի հայ երկրպագուները հանկարծ սկսել հասկանալ և մերժել ամերիկացիների կողմից իրենց պարտադրվող կապիտուլյանտական օրակարգը։ Ինչպես ասում են` ով վճարում է, նա էլ «պատվիրում է երաժշտությունը»։ Արդեն Հայաստանի ոչ քաղաքացի մեր այդ հայրենակիցների ամբողջ մեղքը թուլակամությունն ու ծախվածությունն է։
Մենք դեռ մայիսի 27-ին էինք Հայաստանի հասարակայնության ուշադրությունը հրավիրել տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հակահայ գործունեության խնդրի վրա։ Եվ ի՞նչ տարբերություն, որ մսյո Բուրկհալտերը հունիսի 4-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք հայտնեց, որ «հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի քննության մեխանիզմներ չկան»։ Մեխանիզմներ չկա՞ն։ «Ոստիկանական ուժերի միջազգային զորախումբ» չկա՞ Արցախում։ Եվ ոչ էլ կլինի։ Ցանկացած հայ երիցս ապուշ կլինի, եթե տեղի տա հակամարտության գոտին, հատկապես Իրանի հետ սահմանակից հողերն օկուպացնելու` Արևմուտքի դեռ 1993-ից շարունակվող փորձերին։ Միգուցե ԵԱՀԿ գործող նախագահը, ու հետն էլ նրա անձնական ներկայացուցիչ Կասպրչիկը, բարի կլինե՞ն բացատրելու, թե ինչպես եղավ, որ վերոհիշյալ միտքը և Նախիջևանի սահմանագլխին երկու հայ երիտասարդների սպանությունը այդքան «հետաքրքիր» զուգադիպեցին ժամանակի առումով։ Ինքը մսյո Բուրկհալտերը չէ՞ր, արդյոք, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համաձայնեցված, Ադրբեջանին գրգռում վերսկսելու զինված սադրանքները Հայաստանի սահմանագլխին։
Եվ ահա «կիսաարևմտամետ» փորձագետ քաղաքագետները, է՜, Ռուսաստանից սկսեցին «կռկռալ», թե, իբր, «Երևանում մայդանանման սցենարի հավանականությունը նույնքան է, որքան Կիևում էր»։ Ահա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ է շտապում մեզ «հանգստացնել», միաժամանակ «ինքզինքն էլ հանգստացնելով». «Հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը կապված չէ բարձրաստիճան հյուրերի Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կամ Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ»։ Ի՜նչ եք ասում։ Ասենք թե մեր վարչապետը ճիշտ է։ Բայց նա ինքն էլ չի կարող ժխտել, որ Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանցիների ակտիվության աճը սկսվել է «ՈՒոռլիքի սկզբունքների» հրապարակումից ոչ շատ առաջ, ուժեղացել Հեֆեռնի Երևանից ԱՄՆ մեկնելուց և վերջապես, հետևյալ երեք հայտարարություններից հետո. 1) միստր Հեֆեռնի «Ամերիկայի ձայնին» մայիսի 31-ին տված հարցազրույցում արած հայտարարությունում, թե, իբր, կարգավորման գործընթացը «պատային վիճակում է», 2) Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` նույն օրը ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում ունեցած ելույթում արած այն հայտարարությունում, թե, իբր, Անկարան «դեռևս հույս ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման», 3) Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի` դարձյալ մայիսի 31-ին արած այն հայտարարությունում, թե, պարզվում է, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը «առաջադրել է կարգավորման կոնկրետ առաջարկություններ, որոնք Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են քննարկել Ֆրանսիայում»։
Բայց հիմա Ֆրանսիայում իշխանության ղեկին Ժակ Շիրակը չէ, որ Հայաստանի ու Արցախի հասարակայնությունը հանգիստ լինի և Ֆրանսիայից չսպասի տիպիկ ստորաքարշություն ամերիկացիների հանդեպ։ Իսկ թե ինչ է ուզում ԱՄՆ-ը, մենք արդեն ասացինք, երբ արտահայտում էինք այս տեսակետը. «ՈՒոռլիքի սկզբունքները» Հայաստանի ու ԼՂՀ-ի կապիտուլյացիայի պայմաններն են և ուղիղ ճանապարհ դեպի պատերազմի վերսկսում։ Ընդ որում, ամերիկացիներն ամեն կերպ ջանում են, որ Ադրբեջանը թեկուզ փոքրիկ, թեկուզ տեղային, բայց հաղթանակ տանի հայ ժողովրդի նկատմամբ։
Մեծ հույս ունեմ, որ ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մեր հասարակայնության լայն շրջանակները չեն մոռանա. թուրքերը «հույս ունեն» բարելավելու հարաբերությունները Հայաստանի հետ միայն մեկ պայմանով, այն է` հայ ազգի կապիտուլյացիայի, այս անգամ կոնկրետ արցախյան հարցում։ Դա է եղել և մնում Անկարայի նախապայմանը։ Թող ընթերցողները համադրեն փաստերն ու իրենք փորձեն հետևություն անել` կապվա՞ծ է, արդյոք, Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի ակտիվացումը այն հայատյաց գործունեության հետ, որ Անդրկովկասում համատեղ ծավալում են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, թե՞ ոչ։ Կապվա՞ծ են, արդյոք, էֆենդի Գյուլի «կարգավորման դեռևս պահպանվող հույսերը» ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործողությունների հետ, թե՞ ոչ։ Անձամբ ինձ համար միանգամայն պարզ է` իհարկե կապված են։ Եվս մեկ գործոն հիշեցնեմ. հիմա, ի տարբերություն 2009 թ. հոկտեմբերի Ցյուրիխի, Թուրքիայի կողքին կանգնած են միայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, Ռուսաստանը նրանց կողքին չէ, Արևմուտքն ու Ռուսաստանը «չզուգադիպող» տեսակետներ ունեն Ղրիմի և ՈՒկրաինայի հարցում։ Պարզապես այս հոդվածի թեման ու ծավալը թույլ չեն տալիս ընթերցողին ծանոթացնելու Ղրիմի օկուպացման և թերակղզում թուրք զինվորականների տեղակայման Արևմուտքի ծրագրերին։
Այնպես որ, կարելի է որքան ասես քարոզ կարդալ հասարակության գլխին, թե «Արևմուտքը մեզ կօգնի», դրանից ոչինչ չի փոխվի` փաստերը կմնան փաստեր։ Իսկ դավաճանները կմնան դավաճաններ։ Տվյալ պարագայում, բոլոր նրանք, ովքեր թերամտորեն կամ գիտակցաբար ձգտում են աջակցել արցախյան հարցում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի քաղաքականությանը և հայ-թուրքական հարաբերությունների տխրահռչակ «կարգավորմանը», մեր ժողովրդի դավաճաններն են։ Հարցը նույնիսկ բնավ էլ այն չէ` Հայաստանը կանդամագրվի՞ Մաքսային միությանը կամ ԵԱՏՄ-ին, թե՞ ոչ։ «ՈՒոռլիքի սկզբունքներից» և «Օլանդի կոնկրետ առաջարկություններից» հետո հարցի շրջանակները հայ ազգի համար սեղմվել են. Արևմուտքը ձգտում է տարածաշրջանում հայ ազգի կապիտուլյացիայի ձևակերպումը սկսել հենց Արցախից։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ